Մատթեոս 11։1-30
11 Իր 12 աշակերտներին հրահանգներ տալուց հետո Հիսուսն այնտեղից ճանապարհ ընկավ քարոզելու և ուսուցանելու այլ քաղաքներում:+
2 Հովհաննեսը, բանտում+ լսելով Քրիստոսի գործերի մասին, իր աշակերտներին ուղարկեց,+ որ
3 հարցնեն նրան. «Դո՞ւ ես նա, որ պետք է գար, թե՞ մեկ ուրիշին սպասենք»:+
4 Հիսուսը պատասխանեց նրանց. «Գնացեք և պատմեք Հովհաննեսին, ինչ որ լսում ու տեսնում եք.+
5 կույրերը տեսնում են,+ կաղերը քայլում են, բորոտները առողջանում* են,+ խուլերը լսում են, մահացածները հարություն են առնում, և աղքատներին բարի լուրն է հռչակվում:+
6 Երջանիկ է նա, ով ինձ հետ կապված կասկածներ չունի»:*+
7 Երբ նրանք ճանապարհ ընկան, Հիսուսը սկսեց խոսել Հովհաննեսի մասին՝ ժողովրդին ասելով. «Անապատ էիք գնում, որ ի՞նչ տեսնեք:+ Չէ՞ որ չէիք գնում տեսնելու քամուց տատանվող մի եղեգ:+
8 Ուրեմն ի՞նչ տեսնելու էիք գնում: Փափուկ* հագուստ հագած մարդո՞ւ: Չէ՞ որ փափուկ հագուստ հագնողները թագավորական տներում են:
9 Ուրեմն ինչո՞ւ էիք գնում: Մարգարե՞ տեսնելու: Այո՛, ասում եմ ձեզ, նա մարգարեից էլ ավելին է:+
10 Նրա մասին է գրված. «Ահա ես կուղարկեմ իմ պատգամաբերին քեզնից առաջ, և նա կհարթի քո ճանապարհը»:+
11 Հաստատ ասում եմ ձեզ. երկրի վրա ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից մեծը դեռ չի եղել, թեև երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է:+
12 Այն ժամանակվանից, ինչ Հովհաննես Մկրտիչը սկսեց իր գործունեությունը, մարդիկ ձգտում են մտնել երկնքի թագավորություն, և ովքեր ջանք չեն խնայում, կհասնեն այդ նպատակին:+
13 Մինչև Հովհաննեսի գալը մարգարեների գրվածքներում և Օրենքում մարգարեացվել էր՝ ինչ է լինելու,+
14 և ընդունեք, թե ոչ, նա է «Եղիան, որ պետք է գար»:+
15 Ով ականջ ունի, թող ուշադիր լսի:
16 Ի՞նչ համեմատություն անեմ այս սերնդի վերաբերյալ:+ Իրավիճակը նման է նրան, որ երեխաները, շուկայում նստած, իրենց խաղընկերներին ասում են.
17 «Մենք ձեզ համար սրինգ էինք նվագում, բայց դուք չէիք պարում, լացուկոծ էինք անում, բայց դուք կուրծք չէիք ծեծում»:
18 Հովհաննեսը ուրիշների պես չէր ուտում ու խմում, ասում էին՝ դիվահար է:
19 Իսկ մարդու Որդին բոլորի պես ուտում է ու խմում,+ ասում են. «Որկրամոլ է ու գինեմոլ՝ հարկահավաքների և մեղսագործների ընկեր»:+ Ինչևէ, իմաստությունը փաստվում է գործերով»:*+
20 Ապա Հիսուսը սկսեց դատապարտել այն քաղաքները, որտեղ արել էր իր հրաշքների մեծ մասը, բայց մարդիկ չէին զղջացել:
21 Նա ասաց. «Վա՜յ քեզ, Քորազի՛ն: Վա՜յ քեզ, Բեթսայի՛դա, որովհետև եթե ձեր մեջ արված հրաշքները Տյուրոսում և Սիդոնում արվեին, նրանք վաղուց արդեն քրձի* ու մոխրի մեջ զղջացած կլինեին:+
22 Ասում եմ ձեզ. Տյուրոսի և Սիդոնի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան ձեզ համար:+
23 Եվ դու, Կափառնայո՛ւմ,+ կարծում ես երկի՞նք ես հասնելու: Դու գերեզմա՛ն* ես իջնելու,+ քանի որ եթե քո մեջ արված զորավոր գործերը Սոդոմում արված լինեին, այն կանգուն կմնար մինչ օրս:
24 Ուստի ասում եմ. Սոդոմի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան քեզ համար»:+
25 Հետո Հիսուսն ասաց. «Հա՛յր, երկնքի և երկրի Տե՛ր, բոլորի առաջ գովաբանում եմ քեզ, որովհետև այս բաները իմաստուններից ու գիտուններից թաքցրիր և հայտնեցիր նրանց, ովքեր երեխաների պես խոնարհ են:+
26 Այո՛, Հա՛յր, դա էր քեզ հաճելի:
27 Իմ Հայրը ամեն ինչ հանձնել է ինձ.+ ոչ ոք լիովին չի ճանաչում Որդուն՝ բացի Հորից,+ և ոչ ոք լիովին չի ճանաչում Հորը՝ բացի Որդուց, ինչպես նաև նրանցից, ում Որդին կամենա հայտնել Հոր մասին ճշմարտությունը:+
28 Ինձ մոտ եկեք բոլորդ, որ հոգնած ու բեռնավորված եք, և ես կթարմացնեմ ձեզ:
29 Մտեք իմ լծի տակ և սովորեք ինձնից, որ հեզ* եմ ու սրտով խոնարհ,+ և դուք կթարմանաք.
30 իմ լուծը հարմար է,* և իմ բեռը՝ թեթև»:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «մաքրվում»:
^ Բռց.՝ «ով չի ընկնում իմ պատճառով»:
^ Կամ՝ «Ճոխ»:
^ Կամ՝ «արդյունքներով»:
^ Հուն.՝ հադես: Բառարանում տես «Գերեզման»:
^ Կամ՝ «մեղմ»:
^ Կամ՝ «հեշտ է կրել»: