Հովհաննես 5։1-47
5 Դրանից հետո՝ հրեական մի տոնի ժամանակ,+ Հիսուսը գնաց Երուսաղեմ:
2 Երուսաղեմում՝ Ոչխարների դարպասի+ մոտ, հինգ սյունաշար ունեցող ավազան կա, որը եբրայերեն Բեթզաթա է կոչվում:
3 Այնտեղ բազմաթիվ հիվանդ, կույր, կաղ ու կռկված* վերջույթներով մարդիկ էին պառկում:
4 ....*
5 Մի մարդ կար, որը 38 տարի էր, ինչ հիվանդ էր:
6 Տեսնելով այդ մարդուն այնտեղ պառկած և իմանալով, որ նա արդեն երկար ժամանակ հիվանդ է՝ Հիսուսը հարցրեց նրան. «Ուզո՞ւմ ես առողջանալ»:+
7 Հիվանդը պատասխանեց. «Տե՛ր, ես ոչ ոք չունեմ, որ ջրի շարժվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի: Իսկ ես մինչև մոտենում եմ, մեկ ուրիշն է ինձնից առաջ իջնում»:
8 Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ պատգարակդ* ու քայլի՛ր»:+
9 Եվ այդ մարդն իսկույն առողջացավ. նա վերցրեց իր պատգարակն ու սկսեց քայլել:
Այդ օրը Շաբաթ էր:
10 Ուստի հրեաներն ասացին բուժված մարդուն. «Այսօր Շաբաթ է, և օրենքով չի թույլատրվում, որ պատգարակդ տանես»:+
11 Բայց նա պատասխանեց. «Նա, ով առողջացրեց ինձ, ինքն ասաց՝ վերցրու պատգարակդ ու քայլիր»:
12 Նրանք էլ հարցրին. «Ո՞վ է այդ մարդը, որ քեզ ասաց՝ վերցրու այն ու քայլիր»:
13 Բայց բուժված մարդը չգիտեր, թե ով է նա, որովհետև Հիսուսը խառնվել էր ամբոխին:
14 Դրանից հետո Հիսուսը հանդիպեց նրան տաճարում և ասաց. «Հիմա առողջ ես: Այլևս մեղք մի՛ գործիր, որ քեզ ավելի վատ բան չպատահի»:
15 Այդ մարդը գնաց ու պատմեց հրեաներին, որ իրեն առողջացնողը Հիսուսն էր:
16 Հրեաները սկսեցին հալածել Հիսուսին, քանի որ Շաբաթ օրով նա այդպիսի գործեր էր անում:
17 Բայց նա ի պատասխան ասում էր նրանց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, և ես նույնպես գործում եմ»:+
18 Այդ պատճառով հրեաները ավելի շատ էին ուզում նրան սպանել, որովհետև, ըստ իրենց, նա ոչ միայն Շաբաթն էր խախտում, այլև իրեն հավասարեցնում էր Աստծուն՝+ նրան իր Հայրը կոչելով:+
19 Ուստի Հիսուսն ասաց նրանց. «Հաստատ ասում եմ ձեզ. Որդին իր նախաձեռնությամբ մի բան անգամ չի կարող անել. նա անում է միայն այն, ինչ տեսնում է Հորն անելիս:+ Ինչ որ Հայրն է անում, նույնը Որդին է անում նրա նման:
20 Հայրը սիրում* է Որդուն,+ ուստի նրան ցույց է տալիս այն ամենը, ինչ անում է, և նա սրանցից ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որպեսզի դուք զարմանաք:+
21 Ինչպես որ Հայրն է հարություն տալիս մահացածներին՝ կյանքի բերում նրանց,+ այնպես էլ Որդին է կյանքի բերում նրանց, ում ցանկանում է:+
22 Հայրը ոչ մեկի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել,+
23 որպեսզի բոլորը պատվեն Որդուն, ինչպես որ Հորն են պատվում: Նա, ով չի պատվում Որդուն, չի պատվում նաև Հորը, որն ուղարկեց նրան:+
24 Հաստատ ասում եմ ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի,+ և չի դատապարտվի.* նա մահից անցել է դեպի կյանք:+
25 Հաստատ ասում եմ ձեզ. գալիս է ժամը և արդեն եկել է, երբ մահացածները կլսեն Աստծու Որդու ձայնը, և ովքեր ականջ կդնեն, կապրեն,
26 որովհետև Հայրը կյանք ունի իր մեջ*+ և այնպես է արել, որ Որդին էլ կյանք ունենա իր մեջ:+
27 Նա նրան իշխանություն է տվել դատելու,+ քանի որ նա մարդու Որդին է:+
28 Սրա վրա մի՛ զարմացեք, որովհետև գալիս է ժամը, երբ բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում* են, նրա ձայնը կլսեն+
29 և դուրս կգան. ովքեր բարի գործեր են արել, կյանքի հարություն կստանան, իսկ ովքեր չար գործեր են արել՝ դատաստանի* հարություն:+
30 Ես իմ նախաձեռնությամբ մի բան անգամ չեմ կարող անել. ինչ որ լսում եմ Հորից, դրա հիման վրա եմ դատում, և իմ դատն արդար է,+ որովհետև ես ոչ թե իմ կամքն եմ ցանկանում կատարել, այլ ինձ ուղարկողի կամքը:+
31 Եթե միայն ես վկայեմ իմ մասին, իմ վկայությունը վստահարժան չի լինի:+
32 Կա մեկ ուրիշը, ով վկայում է իմ մասին, և ես գիտեմ, որ նրա վկայությունը վստահարժան է:+
33 Դուք մարդիկ ուղարկեցիք Հովհաննեսի մոտ, և նա ճշմարտության մասին վկայեց:+
34 Սակայն ես մարդկանցից վկայություն ստանալու կարիք չունեմ, այլ այս ամենը ձեր փրկության համար եմ ասում:
35 Հովհաննեսը վառվող ու պայծառ ճրագ էր, բայց նրա լույսով ցնծալու ձեր ցանկությունը երկար չտևեց:+
36 Սակայն իմ տված վկայությունը Հովհաննեսի վկայությունից ավելի ծանրակշիռ է, որովհետև այն գործերը, որ Հայրս հանձնարարեց ինձ անել, և որոնք ես անում եմ, հենց դրանք են վկայում, որ Հայրն է ուղարկել ինձ:+
37 Նաև Հայրը, ով ուղարկել է ինձ, ինքն է վկայել իմ մասին:+ Բայց դուք ո՛չ նրա ձայնն եք երբևէ լսել, ո՛չ էլ նրա կերպարանքն եք տեսել,+
38 և ձեր սրտում չկա նրա խոսքը, որովհետև դուք չեք հավատում նրան, ում նա ուղարկել է:
39 Դուք քննում եք սուրբ գրքերը,+ քանի որ կարծում եք, թե դրանց միջոցով հավիտենական կյանք կունենաք, բայց չէ՞ որ հենց այդ գրքերն են վկայում իմ մասին:+
40 Մինչդեռ դուք չեք ցանկանում ինձ մոտ գալ,+ որպեսզի կյանք ունենաք:
41 Ես մարդկանցից փառաբանություն չեմ ընդունում,
42 բայց ձեզ լավ գիտեմ. ձեր սրտում Աստծու հանդեպ սեր չկա:
43 Ես եկել եմ իմ Հոր անունից, սակայն դուք չեք ընդունում ինձ: Իսկ եթե ինչ-որ մեկը ինքն իր անունից գար, դուք կընդունեիք նրան:
44 Ինչպե՞ս կարող եք հավատալ, երբ դուք իրարից եք փառք ընդունում և չեք ձգտում արժանանալ միակ Աստծու հավանությանը:+
45 Մի՛ կարծեք, թե ես կմեղադրեմ ձեզ Հոր առաջ. ձեզ մեղադրողը Մովսեսն է,+ որի վրա էլ դրել եք ձեր հույսը:
46 Իրականում, եթե դուք Մովսեսին հավատայիք, ինձ էլ կհավատայիք, քանի որ նա գրել է իմ մասին:+
47 Բայց եթե նրա գրածներին չեք հավատում, էլ ինչպե՞ս կհավատաք իմ ասածներին»:
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «կաթվածահար»:
^ Տես հավելված Ա3:
^ Կամ՝ «մահիճդ»:
^ Հուն.՝ ֆիլեո:
^ Բռց.՝ «դատաստան չի մտնի»:
^ Կամ՝ «Հայրը զորություն ունի կյանք տալու և Որդուն էլ է կյանք տալու զորությամբ օժտել»:
^ Կամ՝ «հիշատակի դամբաններում»: Բառարանում տես «Հիշատակի դամբան»:
^ Խոսքը վարքի գնահատման գործընթացի մասին է: