Հովհաննես 4։1-54
4 Երբ Տերն իմացավ՝ փարիսեցիները լսել են, որ ինքը* ավելի շատ աշակերտներ է պատրաստում ու մկրտում,+ քան Հովհաննեսը
2 (թեև Հիսուսն անձամբ չէր մկրտում, այլ նրա աշակերտներն էին մկրտում),
3 Հրեաստանից կրկին գնաց Գալիլեա:
4 Բայց անհրաժեշտ էր, որ նա Սամարիայի միջով անցներ:
5 Հիսուսը եկավ Սամարիայում գտնվող Սյուքար քաղաք, որն այն դաշտի մոտ էր, որը Հակոբը տվել էր Հովսեփին:+
6 Այնտեղ էր գտնվում Հակոբի ջրհորը:*+ Հիսուսը, ճամփորդությունից հոգնած, նստեց ջրհորի մոտ: Ցերեկվա մոտ ժամը 12-ն էր:*
7 Սամարացի մի կին եկավ ջուր հանելու: Հիսուսը նրան ասաց. «Ջուր տուր՝ խմեմ»:
8 (Նրա աշակերտները գնացել էին քաղաք՝ ուտելիք գնելու):
9 Սամարուհին հարցրեց նրան. «Դու, հրեա լինելով, ինչպե՞ս ես ինձնից՝ սամարացի կնոջից, ջուր խնդրում»: (Բանն այն է, որ հրեաները չեն շփվում սամարացիների հետ):+
10 Հիսուսը պատասխանեց նրան. «Եթե իմանայիր, թե որն է Աստծու պարգևը,+ և թե ով է քեզ ասում՝ «Ջուր տուր՝ խմեմ», դու կխնդրեիր նրան, և նա քեզ կենդանի ջուր կտար»:+
11 Կինն ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, որ ջուր հանես, իսկ ջրհորը խորն է: Ուրեմն որտեղի՞ց քեզ այդ կենդանի ջուրը:
12 Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր նախահայր Հակոբը, որը տվել է մեզ այս ջրհորը, որի ջրից խմում էին ինքը, իր որդիներն ու անասունները»:
13 Հիսուսը պատասխանեց նրան. «Բոլոր նրանք, ովքեր խմեն այս ջրից, նորից կծարավեն:
14 Իսկ ով խմի այն ջրից, որը ես կտամ նրան, էլ երբեք չի ծարավի:+ Իմ տված ջուրը աղբյուր կդառնա նրա մեջ, որը կբխի հավիտենական կյանք տալու համար»:+
15 Կինն էլ ասաց. «Տե՛ր, տուր ինձ այդ ջուրը, որ այլևս չծարավեմ ու չգամ այստեղ՝ ջուր հանելու»:
16 Հիսուսն ասաց նրան. «Գնա կանչիր ամուսնուդ, և եկեք այստեղ»:
17 Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»: Հիսուսն էլ ասաց. «Ճիշտ ես ասում, որ ամուսին չունես,
18 որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, իսկ այն մարդը, որի հետ հիմա ապրում ես, քո ամուսինը չէ: Դու ճիշտ ասացիր»:
19 Կինն ասաց նրան. «Տե՛ր, տեսնում եմ, որ մարգարե ես:+
20 Մեր նախահայրերը այս սարի վրա էին երկրպագություն անում, բայց դուք ասում եք, թե մարդիկ միայն Երուսաղեմում պետք է երկրպագություն անեն»:+
21 Հիսուսն էլ ասաց. «Հավատա՛ ինձ, ո՛վ կին. կգա ժամանակ, երբ ո՛չ այս սարի վրա կերկրպագեք Հորը, ո՛չ էլ Երուսաղեմում:
22 Դուք առանց գիտելիքի եք երկրպագում,+ իսկ մենք երկրպագում ենք գիտելիքի հիման վրա, որովհետև փրկությունը սկսվում է հրեաներից:*+
23 Սակայն գալիս է ժամանակը և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները Հորը կերկրպագեն ոգով և ճշմարտությամբ, որովհետև Հայրը հենց այդպիսի երկրպագողներ է փնտրում:+
24 Աստված Ոգի է,+ և նրան երկրպագողները պետք է ոգով ու ճշմարտությամբ երկրպագեն նրան»:+
25 Կինն ասաց. «Ես գիտեմ, որ Մեսիան, որը Քրիստոս է կոչվում, գալու է: Եվ երբ նա գա, մեզ ամեն ինչ կբացատրի»:
26 Հիսուսն էլ ասաց նրան. «Ես՝ քեզ հետ խոսողը, հենց նա եմ»:+
27 Այդ պահին նրա աշակերտները եկան: Նրանք զարմացան, որ նա կնոջ հետ է խոսում, սակայն նրանցից ոչ մեկը չհարցրեց, թե՝ «Ի՞նչ ես անում» կամ «Ինչո՞ւ ես նրա հետ խոսում»:
28 Կինը թողեց իր ջրի սափորը ու գնալով քաղաք՝ մարդկանց ասաց.
29 «Եկե՛ք ու տեսե՛ք այն մարդուն, որն ինձ ասաց այն բոլոր բաները, որ արել եմ: Գուցե նա՞ է Քրիստոսը»:
30 Նրանք էլ դուրս եկան քաղաքից ու գնացին Հիսուսի մոտ:
31 Այդ ժամանակ աշակերտները խնդրում էին նրան. «Ռաբբի՛,+ հաց կեր»:
32 Սակայն նա ասաց. «Ես կերակուր ունեմ, որի մասին դուք չգիտեք»:
33 Աշակերտներն իրար ասացին. «Բայց ոչ ոք նրան ուտելու բան չի բերել, չէ՞»:
34 Հիսուսն ասաց նրանց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ+ և նրա հանձնարարած գործն ավարտեմ:+
35 Չէ՞ որ դուք ասում եք՝ դեռ չորս ամիս կա հնձին: Բայց ես ասում եմ ձեզ, բարձրացրեք ձեր աչքերը և նայեք արտերին. դրանք սպիտակել են ու պատրաստ են հնձի:+
36 Հնձվորն էլ արդեն ստանում է իր վարձը և բերք է հավաքում հավիտենական կյանքի համար, որպեսզի թե՛ ցանողը և թե՛ հնձողը իրար հետ ուրախանան:+
37 Ճիշտ է այս խոսքը. «Մեկը ցանում է, իսկ մյուսը՝ հնձում»:
38 Ես ձեզ ուղարկեցի՝ հնձելու այն, ինչի համար ջանք չեք թափել: Ուրիշները աշխատեցին, իսկ դուք օգտվեցիք նրանց աշխատանքից»:
39 Եվ այդ քաղաքից շատ սամարացիներ հավատացին նրան՝ լսելով սամարուհու այս վկայությունը. «Նա ինձ ասաց այն բոլոր բաները, որ արել եմ»:+
40 Ուստի երբ սամարացիները եկան Հիսուսի մոտ, խնդրեցին, որ իրենց հետ մնա, և նա երկու օր այնտեղ մնաց:
41 Արդյունքում ուրիշ շատ մարդիկ էլ հավատացին նրան՝ լսելով նրա խոսքերը:
42 Նրանք ասացին այդ կնոջը. «Հիմա մենք միայն քո խոսքով չէ, որ հավատում ենք, քանի որ ինքներս լսեցինք նրան և այժմ գիտենք, որ իսկապես այս մարդն է աշխարհի փրկիչը»:+
43 Երկու օր անց Հիսուսը հեռացավ այդտեղից ու գնաց Գալիլեա,
44 չնայած, ինչպես որ ինքն էր ասում, մարգարեն պատիվ չունի իր հայրենիքում:+
45 Երբ հասավ Գալիլեա, գալիլեացիներն ընդունեցին նրան, քանի որ իրենք էլ էին տոնի առթիվ գնացել Երուսաղեմ+ և տեսել այն բոլոր բաները, որ նա արել էր տոնի ժամանակ:+
46 Նա դարձյալ եկավ Գալիլեայի Կանա քաղաք, որտեղ ջուրը գինի էր դարձրել:+ Կափառնայումում արքունական մի պաշտոնյա կար, որի որդին հիվանդ էր:
47 Երբ այդ մարդը լսեց, որ Հիսուսը Հրեաստանից եկել է Գալիլեա, գնաց նրա մոտ և խնդրեց, որ իր հետ գնա ու բուժի իր որդուն, քանի որ նա մահամերձ էր:
48 Բայց Հիսուսն ասաց նրան. «Մինչև որ նշաններ ու հրաշքներ չտեսնեք, չեք հավատա»:+
49 Պաշտոնյան ասաց. «Տե՛ր, արի, քանի դեռ երեխաս չի մահացել»:
50 Հիսուսն էլ ասաց. «Գնա՛, քո որդին առողջ է»:+ Այդ մարդը հավատաց Հիսուսի խոսքին ու գնաց:
51 Երբ նա դեռ ճանապարհին էր, նրա ծառաներն ընդառաջ գնացին նրան, որպեսզի հայտնեն, որ տղան ապաքինվում* է:
52 Նա հարցրեց նրանց, թե որ ժամին է սկսել լավ զգալ իրեն: Նրանք էլ պատասխանեցին. «Երեկ՝ մոտավորապես ժամը մեկին,* ջերմությունն իջավ»:
53 Եվ հայրը հասկացավ, որ դա հենց այն ժամն էր, երբ Հիսուսն իրեն ասել էր՝ «Քո որդին առողջ է»:+ Նա ու իր ամբողջ ընտանիքը հավատացին Հիսուսին:
54 Սա երկրորդ հրաշքն էր,+ որ Հիսուսն արեց, երբ Հրեաստանից եկավ Գալիլեա:
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «Հիսուսը»:
^ Կամ՝ «աղբյուրը»:
^ Բռց.՝ «Մոտավորապես վեցերորդ ժամն էր [արևածագից հաշված]»:
^ Կամ՝ «հրեաների միջոցով է»:
^ Բռց.՝ «ողջ»:
^ Բռց.՝ «յոթերորդ ժամին [արևածագից հաշված]»: