Ծննդոց 37։1-36
37 Հակոբը շարունակեց ապրել Քանանում, որտեղ իր հայրը ապրել էր որպես պանդուխտ:+
2 Սա է Հակոբի ընտանիքի պատմությունը:*
Երբ Հովսեփը+ 17 տարեկան պատանի էր, ոչխարներ էր արածեցնում+ իր եղբայրների հետ՝ իր հոր կանանց՝ Բալլայի ու Զելփայի որդիների հետ:+ Եվ մի օր նրանց վատ արարքների մասին պատմեց հորը:
3 Իսրայելը Հովսեփին իր մյուս որդիներից+ ավելի շատ էր սիրում, քանի որ նրան ծեր տարիքում էր ունեցել: Հովսեփի համար նա մի առանձնահատուկ վերնազգեստ* կարել տվեց:
4 Երբ եղբայրները տեսան, որ հայրը նրան ավելի շատ է սիրում, քան իրենց, սկսեցին ատել նրան և չէին կարողանում բարյացակամորեն* խոսել նրա հետ:
5 Մի օր Հովսեփը երազ տեսավ ու պատմեց իր եղբայրներին, և այդ երազի համար նրանք ավելի շատ ատեցին նրան:+
6 Նա ասաց. «Խնդրում եմ, լսեք, թե ինչ երազ եմ տեսել:
7 Մենք դաշտում խուրձ էինք կապում, մեկ էլ իմ խուրձը վեր կացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը շրջապատեցին իմ խրձին ու խոնարհվեցին դրա առաջ»:+
8 Եղբայրներն էլ ասացին. «Չլինի՞ ինքդ քեզ թագավոր ես կարգելու մեզ վրա ու տիրելու ես մեզ»:+ Այդպես՝ նրա պատմած երազի համար ավելի ատեցին նրան:
9 Դրանից հետո նա մեկ ուրիշ երազ տեսավ ու պատմեց իր եղբայրներին: Նա ասաց. «Նորից եմ երազ տեսել. այս անգամ իմ առաջ խոնարհվում էին արևը, լուսինը և 11 աստղեր»:+
10 Ապա նրանց ներկայությամբ նաև հորը պատմեց այդ երազը, և հայրը կշտամբեց նրան ու ասաց. «Ի՞նչ է նշանակում քո այդ երազը: Մի՞թե ես, մայրդ ու եղբայրներդ գալու ենք և մինչև գետին խոնարհվելու ենք քո առաջ»:
11 Եղբայրները նրա հանդեպ նախանձով լցվեցին,+ իսկ հայրը նրա ասածները իր մտքում պահեց:
12 Մի անգամ Հովսեփի եղբայրները գնացին, որ Սյուքեմի+ մոտակայքում արածեցնեն իրենց հոր հոտը:
13 Որոշ ժամանակ անց Իսրայելն ասաց Հովսեփին. «Եղբայրներդ Սյուքեմի մոտակայքում են արածեցնում հոտերը: Եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ»: Նա պատասխանեց. «Այո՛, հա՛յր»:
14 Իսրայելն էլ ասաց. «Դե ուրեմն գնա, խնդրում եմ, և իմացիր՝ ինչպես են եղբայրներդ, նաև տես՝ ինչ վիճակում է հոտը, և ինձ լուր բեր»: Հովսեփը Քեբրոնի+ հովտից* ճանապարհ ընկավ դեպի Սյուքեմ:
15 Երբ նա քայլում էր դաշտով, նրան մի մարդ հանդիպեց ու հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»:
16 Նա էլ պատասխանեց. «Եղբայրներիս եմ փնտրում: Խնդրում եմ, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»:
17 Այդ մարդն ասաց. «Նրանք հեռացել են այստեղից. ես լսեցի, որ ասում էին՝ եկեք Դոթայիմ գնանք»: Հովսեփն էլ գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դոթայիմում:
18 Նրանք հեռվից տեսան Հովսեփին և, մինչ նա կհասներ իրենց, ծրագրեցին սպանել նրան:
19 Նրանք իրար ասացին. «Նայե՛ք, երազատեսն է գալիս:+
20 Եկեք սպանենք նրան ու գցենք հորերից* մեկի մեջ: Հետո կասենք, թե գիշատիչ գազան է կերել նրան: Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի նրա երազների վերջը»:
21 Դա լսելով՝ Ռուբենը+ փորձեց նրանց ձեռքից փրկել Հովսեփին: Նա ասաց. «Պետք չէ՛ սպանել նրան»:*+
22 Եվ ավելացրեց. «Արյուն մի՛ թափեք:+ Նրան հորը գցեք այս ամայի վայրում և նրա վրա ձեռք մի՛ բարձրացրեք»:+ Ռուբենը մտադիր էր փրկել նրան, որ վերադարձնի իրենց հորը:
23 Հենց որ Հովսեփը մոտեցավ եղբայրներին, նրանք քաշելով հանեցին նրա վերնազգեստը՝ այն գեղեցիկ հագուստը,+ որ նա կրում էր:
24 Ապա նրան գցեցին հորը: Այդ ժամանակ հորը դատարկ էր՝ մեջը ջուր չկար:
25 Հետո նստեցին հաց ուտելու: Երբ վեր նայեցին, տեսան իսմայելացիների+ մի քարավան, որը գալիս էր Գաղաադից: Նրանց ուղտերը բեռնված էին բուրումնավետ խեժով, բալասանով և խեժավոր կեղևով.+ նրանք Եգիպտոս էին գնում:
26 Այդ ժամանակ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, որ սպանենք մեր եղբորը և ծածկենք նրա սպանությունը:*+
27 Եկեք նրան վաճառենք+ իսմայելացիներին և մեր ձեռքով նրան չվնասենք: Ի վերջո, նա մեր եղբայրն է, մեր միսն ու արյունը»: Նրանք էլ լսեցին իրենց եղբորը:
28 Եվ երբ մադիանացի+ վաճառականները՝ իսմայելացիները, անցնում էին այդտեղով, եղբայրները Հովսեփին քաշեցին հանեցին հորից ու 20 կտոր արծաթով վաճառեցին+ իսմայելացիներին: Եվ այդ մարդիկ Հովսեփին տարան Եգիպտոս:
29 Ավելի ուշ Ռուբենը վերադարձավ հորի մոտ ու երբ տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէ, վշտից գլուխը կորցրած՝ պատռեց իր հագուստները:
30 Հետ գալով իր եղբայրների մոտ՝ նա բացականչեց. «Տղան անհետացե՜լ է: Հիմա ի՞նչ եմ անելու»:
31 Նրանք մի արու այծ մորթեցին և վերցնելով Հովսեփի վերնազգեստը՝ այն թաթախեցին արյան մեջ:
32 Ապա ուղարկեցին իրենց հորը՝ ասելով. «Ահա թե ինչ ենք գտել: Խնդրում ենք, տես՝ սա որդուդ վերնազգեստը չէ՞»:+
33 Այն զննելով՝ նա բացականչեց. «Որդուս վերնազգե՜ստն է... Հաստատ գիշատիչ գազան է հարձակվել Հովսեփի վրա ու հոշոտել նրան»:
34 Դա ասելով՝ Հակոբը պատռեց իր թիկնոցը, ապա մեջքին քուրձ* կապեց և շատ օրեր սգաց իր որդու համար:
35 Նրա բոլոր որդիներն ու աղջիկները շարունակ փորձում էին մխիթարել նրան, բայց նա չէր ուզում մխիթարվել և ասում էր. «Մինչև գերեզման*+ իջնելս կսգամ որդուս համար»: Եվ հայրը չդադարեց ողբալ իր որդու կորուստը:
36 Իսկ մադիանացիները Հովսեփին տարան Եգիպտոս ու վաճառեցին Պետափրեսին, որը փարավոնի պալատականն էր և թիկնապահների պետը:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «Սա է Հակոբի պատմությունը»:
^ Կամ՝ «գեղեցիկ երկար հագուստ»:
^ Բռց.՝ «խաղաղությամբ»:
^ Կամ՝ «հարթավայրից»:
^ Դրանք, ըստ ամենայնի, մարդու կողմից փորված հորեր էին ջուր հավաքելու համար:
^ Կամ՝ «նրա հոգին»:
^ Բռց.՝ «նրա արյունը»:
^ Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»: