Ծննդոց 31։1-55
31 Որոշ ժամանակ անց Հակոբը լսեց, որ Լաբանի որդիներն ասում են. «Հակոբը վերցրել է ամեն ինչ, որ մեր հորն էր պատկանում, և մեր հոր ունեցվածքի հաշվին է կուտակել իր ողջ հարստությունը»:+
2 Լաբանի դեմքին նայելիս էլ Հակոբը տեսնում էր, որ իր հանդեպ նրա վերաբերմունքը առաջվանը չէ:+
3 Ի վերջո Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիր, քո ազգականների մոտ,+ և ես քեզ հետ կլինեմ»:
4 Ուստի Հակոբը լուր ուղարկեց Ռաքելին ու Լիային և նրանց կանչեց դաշտ, որտեղ իր հոտն էր:
5 Նա ասաց նրանց.
«Ես տեսնում եմ, որ ձեր հոր վերաբերմունքն իմ հանդեպ փոխվել է,+ բայց իմ հոր Աստվածն ինձ հետ է:+
6 Դուք լավ գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայել եմ ձեր հորը:+
7 Մինչդեռ ձեր հայրը անընդհատ փորձել է խաբել ինձ ու իմ վարձը տասը անգամ փոխել է: Բայց Աստված թույլ չի տվել, որ նա ինձ վնաս տա:
8 Երբ նա ասում էր՝ «Քո վարձը պուտավորները կլինեն», ամբողջ հոտը պուտավորներ էր ծնում, իսկ երբ ասում էր՝ «Քո վարձը գծավորները կլինեն», ամբողջ հոտը գծավորներ էր ծնում:+
9 Այդպես Աստված ձեր հոր հոտը վերցնում ու ինձ էր տալիս:
10 Մի անգամ, երբ հոտի զուգավորվելու ժամանակն էր, ես երազում տեսա, որ էգերի հետ զուգավորվող արու այծերը գծավոր, պուտավոր ու խայտաբղետ էին:+
11 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը երազում ասաց ինձ. «Հակո՛բ»: Ես պատասխանեցի. «Այո՛, լսում եմ»:
12 Նա շարունակեց. «Նայիր, խնդրեմ, ու տես, որ էգերի հետ զուգավորվող բոլոր արու այծերը գծավոր, պուտավոր ու խայտաբղետ են, որովհետև ես տեսնում եմ այն բոլոր վատ բաները, որ Լաբանն անում է քեզ:+
13 Ես ճշմարիտ Աստվածն եմ, ով հայտնվեց քեզ Բեթելում՝+ այն վայրում, որտեղ դու օծեցիր հուշասյունը և որտեղ երդում տվեցիր ինձ: Հիմա վեր կաց, դուրս եկ այս երկրից ու վերադարձիր քո ծննդավայր»»:+
14 Ռաքելն ու Լիան պատասխանեցին Հակոբին. «Մի՞թե հույս կա, որ մեր հոր ունեցվածքից մեզ որևէ ժառանգություն կհասնի:
15 Չէ՞ որ նա մեզ օտար է համարում. նա վաճառել է մեզ և ապրում է մեզ համար տրված վճարի հաշվին:+
16 Այն ողջ հարստությունը, որ Աստված վերցրել է մեր հորից, մերն է ու մեր երեխաներինը:+ Ուրեմն, ինչ որ Աստված ասել է քեզ,+ արա»:
17 Ուստի Հակոբը պատրաստություն տեսավ, իր երեխաներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա+
18 և վերցրեց իր կուտակած ողջ ունեցվածքը, իր ամբողջ հոտը,+ Փադան-Արամում ձեռք բերած բոլոր անասունները, որ վերադառնա Քանանի երկիր՝ իր հոր՝ Իսահակի մոտ:+
19 Այդ ժամանակ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու: Եվ Ռաքելը, քանի դեռ հայրը չէր եկել, գողացավ նրան պատկանող+ թերափները:*+
20 Հակոբը խորամանկեց և առանց արամեացի Լաբանին որևէ բան ասելու՝ հեռացավ:
21 Նա իր ողջ ընտանիքով և ունեցվածքով փախավ ու անցավ Եփրատ գետը:*+ Այնուհետև ուղևորվեց դեպի Գաղաադի+ լեռնային շրջանը:
22 Երրորդ օրը Լաբանին ասացին, որ Հակոբը փախել է:
23 Դա լսելուն պես նա վերցրեց իր մարդկանց* և ընկավ Հակոբի հետևից: Յոթ օր ճանապարհ գնալով՝ Գաղաադի լեռնային շրջանում հասավ նրան:
24 Գիշերը Աստված երազում+ հայտնվեց արամեացի+ Լաբանին ու ասաց. «Զգույշ եղիր քո բոլոր խոսքերի մեջ, որ պատրաստվում ես ասել Հակոբին»:*+
25 Հակոբը իր վրանը կանգնեցրել էր Գաղաադի լեռնային շրջանում: Լաբանն իր մարդկանց հետ նույնպես ճամբար դրեց այդ շրջանում, ապա գնաց Հակոբի մոտ:
26 Լաբանն ասաց Հակոբին. «Այս ի՞նչ արեցիր: Ինչո՞ւ ինձ խաբեցիր և աղջիկներիս տարար, ինչպես սրով վերցված գերիների:
27 Ինչո՞ւ գաղտնաբար փախար, ինչո՞ւ խաբեցիր ինձ ու գնացիր առանց ինձ ասելու: Եթե ասեիր, ես ուրախությամբ, երգերով, դափով ու քնարով կուղարկեի քեզ:
28 Բայց դու հնարավորություն չտվեցիր, որ թոռներիս* ու աղջիկներիս համբուրեմ և հրաժեշտ տամ: Դու անմտորեն վարվեցիր:
29 Ես իշխանություն ունեմ ձեզ վնաս հասցնելու, բայց անցած գիշեր քո հոր Աստվածը խոսեց ինձ հետ՝ ասելով. «Զգույշ եղիր քո բոլոր խոսքերի մեջ, որ պատրաստվում ես ասել Հակոբին»:*+
30 Լա՛վ, ասենք՝ շատ ես ցանկանում վերադառնալ քո հոր տուն, դրա համար էլ հիմա ճանապարհ ես ընկել, բայց իմ աստվածների՞ն ինչու ես գողացել»:+
31 Հակոբը պատասխանեց Լաբանին. «Ես գաղտնի հեռացա, քանի որ վախեցա, թե միգուցե քո աղջիկներին խլես ինձանից:
32 Իսկ ինչ վերաբերում է քո աստվածներին, դրանք ում մոտ որ գտնես, նա ողջ չի մնա: Մեր մարդկանց առաջ ստուգիր իմ ունեցածը և վերցրու, ինչը որ քոնն է»: Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր Լաբանի աստվածները:
33 Ուստի Լաբանը մտավ Հակոբի, Լիայի և երկու աղախինների+ վրանները, բայց չգտավ դրանք: Լիայի վրանից դուրս գալով՝ նա մտավ Ռաքելի վրանը:
34 Ռաքելը վերցրել էր թերափները, դրել էր ուղտի թամբի* մեջ ու նստել էր դրանց վրա: Լաբանը փնտրեց ամբողջ վրանում, բայց ոչինչ չգտավ:
35 Ռաքելն ասաց իր հորը. «Տե՛ր իմ, չբարկանաս, որ չեմ կարողանում վեր կենալ քո առաջ, որովհետև այնպիսի վիճակում եմ, որում կանայք լինում են որոշ օրերի»:+ Լաբանը շարունակեց մանրակրկիտ փնտրել, բայց այդպես էլ չգտավ թերափները:+
36 Այդ ժամանակ Հակոբը բարկացավ ու սկսեց կշտամբել Լաբանին՝ ասելով. «Ո՞րն է իմ հանցանքը, ի՞նչ մեղք եմ գործել, որ դու այդպես համառորեն հետապնդում ես ինձ:
37 Ահա իմ ողջ ունեցվածքը խուզարկեցիր, և ի՞նչ... գտա՞ր մի բան, որ քեզ ու քո տնեցիներին է պատկանում: Գտածդ դիր իմ ու քո մարդկանց առաջ, և թող նրանք դատեն մեզ:
38 Այս 20 տարվա մեջ, որ ես քեզ հետ եմ եղել, քո ոչխարներն ու այծերը չեն վիժել:+ Քո հոտից մի գառ անգամ չեմ կերել:
39 Հոշոտված կենդանի քեզ չեմ բերել.+ ես եմ հատուցել դրա կորուստը: Երբ կենդանին գողանում էին, անկախ նրանից՝ դա ցերեկն էր լինում, թե գիշերը, դու ինձանից հատուցում էիր պահանջում:
40 Ցերեկը շոգից էի տանջվում, գիշերը՝ ցրտից, և քունս փախչում էր աչքերիցս:+
41 Ես 20 տարի ապրել եմ քո տանը. 14 տարի ծառայել եմ քո երկու աղջիկների համար ու 6 տարի՝ այս հոտի դիմաց, որ տվել ես ինձ: Եվ դու տասը անգամ փոխել ես իմ վարձը:+
42 Եթե ինձ հետ չլիներ Աբրահամի Աստվածը՝ իմ հայր Իսահակի Աստվածը՝+ Նա, ում հանդեպ Իսահակը հարգալից վախ ունի,*+ դու հիմա ինձ դատարկաձեռն ճամփու կդնեիր: Աստված տեսել է իմ տառապանքն ու ծանր աշխատանքը, դրա համար էլ անցած գիշեր նախատել է քեզ»:+
43 Այդ ժամանակ Լաբանը պատասխանեց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, երեխաները իմ երեխաներն են, հոտն էլ իմ հոտն է. ամեն բան, ինչ տեսնում ես, իմն է ու իմ աղջիկներինը: Ինչպե՞ս կարող եմ աղջիկներիս ու նրանց երեխաների դեմ որևէ բան անել:
44 Եկ հիմա ես ու դու ուխտ կապենք, որը պետք է միշտ հիշենք»:*
45 Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշասյուն:+
46 Ապա տղամարդկանց* ասաց. «Քարե՛ր հավաքեք»: Քարերը հավաքեցին ու մի քարակույտ սարքեցին: Ապա դրա վրա հաց կերան:
47 Լաբանը այն կոչեց Եգար-Սահադութա,* իսկ Հակոբը կոչեց Գաղաադ:*
48 Լաբանն ասաց. «Այս քարակույտը վկա է այսօր իմ ու քո միջև»: Ահա թե ինչու Հակոբը այն կոչեց Գաղաադ:+
49 Նա այն կոչեց նաև Դիտարան, քանի որ Լաբանն ասաց. «Թող Եհովան դիտի ինձ ու քեզ, երբ հեռու լինենք իրարից ու չտեսնենք իրար:
50 Եթե դու վատ վերաբերվես իմ աղջիկներին ու նրանցից բացի ուրիշ կանայք առնես, ապա հիշիր, որ եթե անգամ մարդ չտեսնի, Աստված վկա կլինի իմ ու քո միջև»:
51 Լաբանը շարունակեց. «Ահա այն քարակույտը և ահա այն հուշասյունը, որ մենք* կանգնեցրել ենք ի նշան մեր միջև կապված ուխտի:
52 Վկա է այս քարակույտը, և վկա է այս հուշասյունը,+ որ ես այս քարակույտից չեմ անցնի քեզ որևէ վնաս պատճառելու համար, և որ դու էլ դրանցից չես անցնի ինձ վնասելու համար:
53 Թող Աբրահամի Աստվածը+ և Նաքորի Աստվածը՝ նրանց հոր Աստվածը, դատավոր լինի մեր միջև»: Եվ Հակոբը երդվեց Նրանով, ում հանդեպ իր հայր Իսահակը հարգալից վախ ունի:*+
54 Դրանից հետո Հակոբը լեռան վրա զոհ մատուցեց ու տղամարդկանց* հրավիրեց հաց ուտելու: Նրանք կերան ու գիշերը լեռան վրա անցկացրին:
55 Վաղ առավոտյան Լաբանը վեր կացավ, համբուրեց իր թոռներին*+ ու աղջիկներին և օրհնեց նրանց:+ Այնուհետև ճանապարհ ընկավ ու վերադարձավ իր տուն:+
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «ընտանեկան աստվածները», «կուռքերը»:
^ Բռց.՝ «անցավ Գետը»:
^ Կամ՝ «ազգականներին»: Բռց.՝ «եղբայրներին»:
^ Բռց.՝ «Զգուշացի՛ր, որ Հակոբին չասես ո՛չ լավը, ո՛չ վատը»:
^ Բռց.՝ «որդիներիս»:
^ Բռց.՝ «Զգուշացի՛ր, որ Հակոբին չասես ո՛չ լավը, ո՛չ վատը»:
^ Սա կանացի թամբի մի տեսակ էր, որը զանազան իրեր պահելու տեղ ուներ:
^ Բռց.՝ «Իսահակի երկյուղը»:
^ Բռց.՝ «և այն վկա կլինի իմ ու քո միջև»:
^ Կամ՝ «իր ազգականներին»: Բռց.՝ «իր եղբայրներին»:
^ Արամ. արտահայտություն, որը նշանակում է «վկա քարակույտ»:
^ Եբր. արտահայտություն, որը նշանակում է «վկա քարակույտ»:
^ Բռց.՝ «ես»:
^ Բռց.՝ «իր հայր Իսահակի երկյուղով»:
^ Կամ՝ «իր ազգականներին»: Բռց.՝ «իր եղբայրներին»:
^ Բռց.՝ «որդիներին»: