Եսթեր 1։1-22
1 Ասուերոսի* իշխանության օրերն էին (այն Ասուերոսի, որի տերությունը ձգվում էր Հնդկաստանից մինչև Եթովպիա* և ընդգրկում էր 127 մարզ):+
2 Երբ նա գտնվում էր իր արքայական նստավայրում՝ Շուշանի*+ ամրոցում,*
3 խնջույք կազմակերպեց իր բոլոր իշխանների և ծառաների համար: Դա իր իշխանության երրորդ տարում էր: Հավաքվեցին Պարսկաստանի+ ու Մարաստանի+ զորահրամանատարները, ազնվականներն ու մարզերի իշխանները,
4 և Ասուերոսը նրանց ցույց տվեց իր փառահեղ թագավորության հարստությունը, ճոխությունը և իր մեծափառությունը: Այդ ամենը նա ցույց տվեց օրեր շարունակ՝ 180 օր:
5 Այնուհետև թագավորական պալատի բակ-պարտեզում յոթնօրյա խնջույք արեց Շուշանի ամրոցում գտնվող բոլոր մարդկանց համար՝ թե՛ մեծամեծների, թե՛ հասարակ մարդկանց:
6 Բակ-պարտեզը զարդարված էր կտավից, բարձրորակ բամբակից ու կապույտ մանվածքից պատրաստված վարագույրներով, որոնք նրբահյուս ժապավեններով և մանուշակագույն բրդյա պարաններով կապված էին մարմարե սյուների վրա ամրացված արծաթե օղակներին: Ծիրանաքարով, սադափով, սպիտակ մարմարով ու սև մարմարով սալահատակված գետնին դրված էին ոսկե և արծաթե թախտեր:
7 Արքայական գինին մատուցվում էր ոսկե գավաթներով, որոնցից յուրաքանչյուրն անկրկնելի էր: Գինին մատուցվում էր թագավորին վայել առատությամբ:
8 Խմելու վերաբերյալ թագավորը կանոն էր սահմանել, որ ոչ ոքի ոչինչ չպետք է պարտադրվի,* և իր պալատականներին կարգադրել էր, որ բոլորին թույլ տան վարվել իրենց ուզածի պես:
9 Վաշթի+ թագուհին էլ Ասուերոս թագավորի պալատական շինության մեջ կանանց համար էր խնջույք կազմակերպել:
10 Յոթերորդ օրը, երբ գինի խմելուց հետո թագավորը զվարթ տրամադրության մեջ էր, նա անձամբ իրեն սպասարկող յոթ պալատականներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային,+ Բիգթային, Աբագթային, Զեթարին ու Քարքասին, պատվիրեց,
11 որ Վաշթի թագուհուն՝ արքայական գլխադիրը* գլխին, բերեն թագավորի առաջ, որպեսզի տարբեր ազգերի մարդկանց ու իշխաններին ցույց տա նրա գեղեցկությունը, քանի որ նա շատ գեղեցիկ էր:
12 Բայց Վաշթի թագուհին համառորեն հրաժարվում էր ներկայանալ՝ դեմ գնալով պալատականների միջոցով հաղորդված թագավորական հրամանին: Ուստի թագավորը խիստ բարկացավ ու ցասումով լցվեց:
13 Թագավորը խոսեց իր իմաստունների հետ, ովքեր քաջածանոթ էին անցյալում եղած նման նախադեպերին* (թագավորը ամեն հարցում խորհրդակցում էր օրենքից ու իրավական հարցերից լավատեղյակ մարդկանց հետ,
14 ու նրա ամենամտերիմ խորհրդականներն էին Կարսենան, Սեթարը, Ադմաթան, Թարսիսը, Մերեսը, Մարսենան և Մեմուքանը՝ Պարսկաստանի ու Մարաստանի յոթ իշխանները,+ որոնք ելումուտ ունեին թագավորի մոտ և տերության մեջ ամենաբարձր պաշտոններն էին զբաղեցնում):
15 Թագավորը հարցրեց. «Ըստ օրենքի՝ ինչպե՞ս է հարկավոր վարվել Վաշթի թագուհու հետ, ով չի հնազանդվել այն հրամանին, որը ես՝ Ասուերոս թագավորս, հաղորդել եմ պալատականներիս միջոցով»:
16 Մեմուքանը թագավորի և իշխանների առաջ ասաց. «Վաշթի թագուհին ոչ միայն Ասուերոս թագավորի դեմ է հանցանք գործել,+ այլև նրա տերության բոլոր մարզերի իշխանների ու ժողովուրդների դեմ:
17 Բոլոր կանայք կիմանան թագուհու արարքի մասին, ու իրենք էլ կսկսեն արհամարհել իրենց ամուսիններին՝ ասելով. «Ասուերոս թագավորը հրամայեց, որ Վաշթի թագուհուն բերեն իր մոտ, բայց նա չգնաց»:
18 Եվ այսօրվանից Պարսկաստանի ու Մարաստանի իշխանների կանայք էլ, լսելով թագուհու արարքի մասին, նույն ձևով կպատասխանեն իրենց ամուսիններին, և ամենուրեք անհարգալից վերաբերմունք ու զայրույթի պոռթկումներ կլինեն:
19 Ուստի եթե թագավորին հաճելի է, թող նրա կողմից հրաման արձակվի և ամրագրվի Պարսկաստանի ու Մարաստանի անբեկանելի օրենքներում,+ որ Վաշթին այլևս երբեք չի կարող ներկայանալ Ասուերոս թագավորին, և թող թագավորը նրա փոխարեն թագուհի դարձնի նրանից ավելի լավ մեկին:
20 Երբ թագավորի այդ հրամանը հայտնի դառնա նրա լայնածավալ տերության ամեն անկյունում, բոլորի կանայք՝ թե՛ մեծամեծների, թե՛ հասարակ մարդկանց, կպատվեն իրենց ամուսիններին»:
21 Մեմուքանի առաջարկը դուր եկավ թագավորին ու իշխաններին, և թագավորը հենց այդպես էլ արեց:
22 Նա նամակներ ուղարկեց բոլոր մարզեր,+ ամեն մարզին ու ժողովրդին՝ իր լեզվով ու գրով, որոնցում ասվում էր, որ տան գլուխը* ամուսինը պետք է լինի, և տնեցիները պետք է խոսեն նրա մայրենի լեզվով:
Ծանոթագրություններ
^ Համարվում է, որ Քսերքսես I-ն է՝ Դարեհ Մեծի (Դարեհ Վշտասպի) որդին:
^ Կամ՝ «Քուշ»:
^ Կամ՝ «Շոշի», «Սուզայի»:
^ Կամ՝ «պալատական համալիրում», «բերդում»:
^ Այսինքն՝ կարող էին խմել, ինչքան իրենք էին ուզում՝ շատ կամ քիչ:
^ Կամ՝ «գլխափաթթոցը»:
^ Կամ՝ «ընթացակարգերին»: Բռց.՝ «ժամանակներին»:
^ Կամ՝ «տերը»: