Եզեկիել 5։1-17

  • Երուսաղեմի կործանման բեմականացումը (1-17)

    • Մարգարեն իր սափրած մազերը երեք մասի է բաժանում (1-4)

    • Երուսաղեմի բնակիչները մյուս ազգերից ավելի վատ են վարվում (7-9)

    • Պատժի երեք տեսակ (12)

5  «Մարդո՛ւ որդի, մի սրած թուր վերցրու և դրանով սափրիր գլուխդ ու մորուքդ, ինչպես ածելիով կանեիր: Հետո մի կշեռք վերցրու, կշռիր մազերդ և դրանք մասերի բաժանիր:  Հենց որ պաշարման օրերը լրանան,+ մազերիդ մեկ երրորդ մասը քաղաքում այրիր: Ապա վերցրու մյուս մեկ երրորդ մասը և քաղաքի շուրջբոլորը թրով կտրատիր այն,+ իսկ մնացած մեկ երրորդ մասը քամուն տուր, ու ես կմերկացնեմ սուրը, որ հետապնդի այն:+  Վերջին մասից մի քիչ մազ վերցրու և այն թաքցրու հագուստիդ ծալքերի մեջ:  Մի մաս էլ վերցրու, կրակի մեջ գցիր ու այրիր: Այդ կրակը կտարածվի ողջ Իսրայելի ժողովրդի վրա:+  Ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Սա Երուսաղեմն է: Ես նրան դրել եմ ազգերի մեջ. նա շրջապատված է այլ երկրներով:  Բայց նա ըմբոստացավ իմ օրենքների* ու կանոնների դեմ՝ շրջակա երկրներում ապրող ազգերից ավելի վատ վարվելով:+ Նրա բնակիչները մերժեցին իմ օրենքները ու չհնազանդվեցին իմ կանոններին»:  Սա է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Քանի որ դուք ձեր շուրջը եղող ազգերից ավելի վատ վարվեցիք, չհնազանդվեցիք իմ կանոններին և չպահեցիք իմ օրենքները, այլ հարևան ազգերի օրենքները պահեցիք,+  ահա թե ինչ է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ եմ, ո՛վ քաղաք,+ ու քո հանդեպ դատաստան կտեսնեմ ազգերի աչքի առաջ:+  Քո արած բոլոր գարշելի բաների պատճառով ես քեզ հետ կանեմ այն, ինչը երբեք չեմ արել, և դրա նման բան այլևս չեմ անի:+ 10  Քո մեջ հայրերը կուտեն իրենց որդիներին,+ և որդիները՝ իրենց հայրերին: Ես քո հանդեպ դատաստան կտեսնեմ ու ողջ մնացածներին կցրեմ բոլոր ուղղություններով»»:*+ 11  Երդվում եմ իմ գոյությամբ,– ասում է Գերիշխան Տեր Եհովան,– քանի որ քո բոլոր գարշելի կուռքերով ու նողկալի գործերով պղծեցիր իմ սրբարանը,+ ես երես կթեքեմ քեզանից, չեմ խնայի* ու չեմ կարեկցի քեզ:+ 12  Քո բնակիչների մեկ երրորդը համաճարակից* կմեռնի ու սովից բնաջինջ կլինի քո մեջ: Մյուս մեկ երրորդը սրից կընկնի շուրջբոլորդ:+ Իսկ մնացած մեկ երրորդ մասը կցրեմ բոլոր ուղղություններով և կմերկացնեմ սուրը, որ հետապնդի նրանց:+ 13  Այդ ժամանակ իմ բարկությունը կդադարի, իմ ցասումը կհանդարտվի, ու ես բավարարված կլինեմ:+ Երբ նրանց վրա իսպառ թափեմ իմ ցասումը, նրանք կիմանան, որ ես՝ Եհովաս, ասել եմ դա, քանի որ բացարձակ նվիրվածություն եմ պահանջում:+ 14  Քեզ ամայի վայր կդարձնեմ ու ամոթահար կանեմ շրջակա ազգերի մեջ, ամեն անցորդի աչքի առաջ:+ 15  Երբ դատաստան տեսնեմ քո հանդեպ և բարկությամբ ու ցասումով լցված՝ պատժեմ, այդ ժամանակ քեզ կանարգեն, կծաղրեն,+ և դու նախազգուշական օրինակ կդառնաս, որը կսարսափեցնի հարևան ազգերին: Ես՝ Եհովաս եմ ասել դա: 16  Ես կարձակեմ սովի մահացու նետերը, որ կործանեմ քեզ, և դրանք կբնաջնջեն քեզ:+ Ես կզրկեմ քեզ սննդի պաշարից,* և սովն ավելի սաստիկ կլինի:+ 17  Քեզ վրա սով ու գիշատիչ գազաններ կուղարկեմ,+ և դրանք քեզ կզրկեն երեխաներից: Համաճարակի ու արյունահեղության պատճառով ամայի կդառնաս, ու ես սուր կուղղեմ քո դեմ:+ Ես՝ Եհովաս եմ ասել դա»:

Ծանոթագրություններ

Բռց.՝ «դատավճիռների»:
Բռց.՝ «քամիներով»:
Կամ՝ «կնվազեցնեմ քո բնակիչների թիվը»:
Կամ՝ «հիվանդությունից»:
Բռց.՝ «Ես կկոտրեմ քո հացի ձողերը»: Հավանաբար, խոսքը այն ձողերի մասին է, որոնցից օղակաձև հացեր էին կախում դրանք պահեստավորելու համար: