Եբրայեցիներ 6։1-20

  • Ջանադրաբար ձգտեք հասունության (1-3)

  • Հավատը ուրացողները նորից սյանն են գամում Աստծու Որդուն (4-8)

  • Հույսի իրականացման մեջ համոզված մնացեք (9-12)

  • Աստծու խոստումն անխախտ է (13-20)

    • Աստծու խոստումը և երդումը անփոփոխ են (17, 18)

6  Ուստի քանի որ արդեն սովորել-վերջացրել ենք Քրիստոսի մասին տարրական ուսմունքները,+ եկեք ջանադրաբար հասունության ձգտենք,+ ոչ թե նորից գցենք հիմքը՝ դարձյալ սովորելով հիմունքները՝ փուչ* գործերի համար զղջալը, Աստծուն հավատալը,  մկրտությունները, ձեռքերը դնելը,+ մահացածների հարությունը+ և վերջնական դատաստանը:  Աստծու կամքով մենք հենց այդպես էլ կվարվենք:  Ինչ վերաբերում է նրանց, ովքեր թեև լուսավորվել են,+ օրհնվել երկնային ձրի պարգևով, ստացել սուրբ ոգին,  ինչպես նաև ճաշակել են Աստծու հիասքանչ խոսքն ու գալիք աշխարհին* առնչվող օրհնությունները,*  բայց հետո ուրացել են հավատը,+ այդպիսի մարդիկ անհնար է, որ կրկին զղջման բերվեն, որովհետև նրանք էլ իրենց հերթին են սյանը գամում Աստծու Որդուն և հրապարակորեն խայտառակում են նրան:+  Հողը օրհնվում է Աստծուց, եթե կլանում է իր վրա հաճախակի թափվող անձրևները և հետո իրեն մշակողին պիտանի բերք է տալիս:  Բայց եթե փուշ ու տատասկ է տալիս, անպետք է, ենթակա է անեծքի և ի վերջո այրվելու է:  Ինչ վերաբերում է ձեզ, սիրելինե՛ր, չնայած մեր ասածներին՝ համոզված ենք, որ դուք ավելի լավ վիճակում եք և փրկության տանող գործեր եք անում: 10  Իսկ Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և իր անվան հանդեպ ձեր սերը,+ որը ցուցաբերել եք՝ ծառայելով սրբերին* ու շարունակելով ծառայել մինչև հիմա: 11  Բայց ուզում ենք, որ բոլորդ այսուհետ էլ նույն ջանասիրությունը դրսևորեք, որպեսզի ձեր հույսի+ իրականացման մեջ համոզված մնաք մինչև վերջ:+ 12  Նաև ուզում ենք, որ չծուլանաք,+ այլ ընդօրինակեք նրանց, ովքեր հավատով ու համբերությամբ ստացան* խոստումները: 13  Երբ Աստված խոստում տվեց Աբրահամին, նա ինքն իրենով երդվեց, քանի որ չկար ավելի հեղինակավոր մեկը, որով կարող էր երդվել:+ 14  Նա ասաց. «Քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը.... կշատացնեմ»:+ 15  Եվ այսպես՝ Աբրահամը համբերությամբ սպասեց ու ստացավ այդ խոստումը:* 16  Մարդիկ երդվում են իրենցից ավելի հեղինակավոր ինչ-որ մեկով, և դրանով վերջ է դրվում ամեն վիճաբանության, քանի որ դա ասվածի ճշմարտացիության երաշխիք է նրանց համար:+ 17  Նույն ձևով էլ, երբ Աստված որոշեց խոստումը ստացողներին+ ավելի հստակ ցույց տալ, որ իր նպատակն անփոփոխ է, որպես երաշխիք երդում տվեց:* 18  Այդ երկու բաները* անփոփոխ են, հետևաբար փաստում են, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի,+ և մենք՝ Աստծու մոտ ապաստան գտածներս, դրանց շնորհիվ մեծապես քաջալերվում ենք, որ ամուր պահենք մեր առջև դրված հույսը: 19  Այս հույսը+ մեր հոգու* համար ասես խարիսխ լինի, որը թե՛ հուսալի է, թե՛ անխախտ: Այն մեզ առաջնորդում է վարագույրից այն կողմ,+ 20  որտեղ արդեն մտել է մեր առջևից գնացողը՝ Հիսուսը,+ որպեսզի ճանապարհ բացի մեզ համար: Նա դարձել է Մելքիսեդեկի նման քահանայապետ և քահանայապետ կլինի հավիտյան:+

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մեռած»:
Կամ՝ «գալիք համակարգին»: Բառարանում տես «Աշխարհ»:
Բռց.՝ «զորությունները»:
Բառարանում տես «Սրբեր»:
Բռց.՝ «ժառանգեցին»:
Կամ՝ «ստացավ խոստացվածը»:
Կամ՝ «երդում ավելացրեց [իր խոսքին]»: Բռց.՝ «միջնորդեց երդումով»:
Այսինքն՝ Եհովայի խոստումը և երդումը:
Կամ՝ «մեր կյանքի»: