1 Սամուել 24։1-22
24 Երբ Սավուղը փղշտացիներին հետապնդելուց վերադարձավ+, նրան տեղեկացրին. «Ահա Դավիթը Ենգադի+ անապատում է»։
2 Սավուղը ամբողջ Իսրայելից երեք հազար ընտրված մարդ+ վերցրեց և գնաց Դավթին ու նրա մարդկանց այծյամների*+ ժայռերի վրա փնտրելու+։
3 Ի վերջո, նա եկավ ճանապարհի վրա եղող ոչխարների քարե փարախների մոտ, որտեղ մի քարայր կար։ Սավուղը ներս մտավ իր բնական կարիքների համար+, իսկ Դավիթն իր մարդկանց հետ նստած էր քարայրի+ խորքում։
4 Դավթի մարդիկ ասացին նրան. «Ահա սա այն օրն է, որի համար Եհովան ասում է քեզ. «Քո թշնամուն ես քո ձեռքն եմ մատնում+։ Նրան արա այնպես, ինչպես որ հաճելի է քո աչքին»»+։ Դավիթը վեր կացավ և Սավուղի վերնահագուստի* ծայրը թաքուն կտրեց։
5 Բայց հետո Դավթի սիրտը սկսեց իրեն հանդիմանել+, որ նա Սավուղի վերնահագուստի ծայրը կտրել էր։
6 Այդ պատճառով էլ ասաց իր մարդկանց. «Եհովան թույլ չի տա, որ իմ տիրոջը՝ Եհովայի օծյալին+, ես այդպիսի բան անեմ, որ նրա վրա ձեռք բարձրացնեմ, որովհետև նա Եհովայի օծյալն է»+։
7 Այս խոսքերով Դավիթը զսպեց իր մարդկանց և թույլ չտվեց, որ վեր կենան Սավուղի դեմ+։ Իսկ Սավուղը դուրս եկավ քարայրից ու շարունակեց իր ճանապարհը։
8 Դավիթը վեր կացավ և քարայրից դուրս գալով՝ կանչեց Սավուղի հետևից. «Տե՛ր իմ+ թագավոր»։ Սավուղը հետ նայեց, և Դավիթը իր երեսը մինչև գետին խոնարհեց+ նրա առաջ։
9 Դավիթն ասաց Սավուղին. «Ինչո՞ւ ես մարդկանց խոսքին լսում+, որ ասում են, թե՝ Դավիթը ուզում է քեզ վնասել։
10 Ահա քո աչքերը տեսան, թե ինչպես Եհովան քեզ այսօր իմ ձեռքը մատնեց քարայրում։ Ինձ ասացին, որ սպանեմ+ քեզ, բայց ես քեզ խնայեցի ու ասացի. «Ձեռքս չեմ բարձրացնի իմ տիրոջ վրա, որովհետև նա Եհովայի օծյալն է»+։
11 Հա՛յր իմ+, տե՛ս, ահա քո վերնահագուստի ծայրը իմ ձեռքին է։ Ես կտրեցի քո վերնահագուստի ծայրը, բայց չսպանեցի քեզ։ Իմացի՛ր ու տե՛ս, որ իմ ձեռքում չկա չարիք+ կամ հանցանք, և ես քո դեմ մեղք չեմ գործել, բայց դու դավ ես նյութել իմ հոգու դեմ, որ վերցնես այն+։
12 Թող Եհովան դատաստան անի իմ ու քո միջև+։ Իմ վրեժը+ Եհովան կառնի քեզանից, բայց իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա+։
13 Ինչպես որ հին առակն է ասում՝ «ամբարիշտներից է ամբարշտություն դուրս գալիս»+, ուստի իմ ձեռքը չի բարձրանա քեզ վրա։
14 Ո՞ւմ հետևից է ընկել Իսրայելի թագավորը։ Ո՞ւմ ես դու հետապնդում. մի սատկած շա՞ն+, կամ մի լո՞ւ+ ես հետապնդում։
15 Եհովան դատավոր կլինի, նա կդատի իմ ու քո միջև, նա կտեսնի ու կպաշտպանի իմ դատը+, որպեսզի ազատի ինձ քո ձեռքից»։
16 Երբ Դավիթը վերջացրեց Սավուղին ուղղված այս խոսքերը, Սավուղն ասաց նրան. «Սա քո՞ ձայնն է, որդյա՛կ իմ Դավիթ»+։ Եվ իր ձայնը բարձրացնելով՝ լաց եղավ+։
17 Ապա ասաց Դավթին. «Դու ավելի արդար ես, քան ես+, որովհետև դու ինձ բարիք արեցիր+, իսկ ես քեզ չարիքով հատուցեցի։
18 Այսօր ինձ պատմեցիր, թե ինչ բարիք ես ինձ արել. Եհովան ինձ քո ձեռքը մատնեց+, բայց դու ինձ չսպանեցիր։
19 Երբ մի մարդ գտնի իր թշնամուն, մի՞թե թույլ կտա, որ նա խաղաղությամբ գնա+։ Եհովան բարիքով կհատուցի քեզ+ այն բանի դիմաց, որ դու արեցիր ինձ այսօր։
20 Ես գիտեմ, որ դու անպայման թագավոր պիտի դառնաս+, և քո ձեռքում պիտի հաստատվի Իսրայելի թագավորությունը։
21 Եվ հիմա երդվի՛ր Եհովայով+, որ ինձանից հետո իմ սերունդը չես վերացնի և իմ հոր տնից իմ անունը բնաջինջ չես անի»+։
22 Եվ Դավիթը երդվեց Սավուղին։ Դրանից հետո Սավուղը գնաց իր տուն+, իսկ Դավիթն իր մարդկանց հետ բարձրացավ անառիկ տեղերը+։