Մարկոս 1։1-45
1 Հիսուս Քրիստոսի մասին բարի լուրի սկիզբը։
2 Եսայիա մարգարեի գրքում գրված է. «(Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին քո երեսի առաջ, նա կպատրաստի քո ճանապարհը)*+։
3 Լսեցե՛ք, մեկը բարձրաձայն կանչում է անապատում. «Պատրաստե՛ք ճանապարհը Եհովայի համար, ուղղե՛ք նրա շավիղները»»+։
4 Հովհաննես Մկրտիչը եկավ անապատ և մկրտություն էր քարոզում՝ որպես զղջման խորհրդանիշ մեղքերի ներման համար+։
5 Ուստի Հրեաստանի ողջ երկիրը և Երուսաղեմի բոլոր բնակիչները գնում էին նրա մոտ և Հորդանան գետում մկրտվում նրա կողմից՝ բացահայտորեն խոստովանելով իրենց մեղքերը+։
6 Հովհաննեսը ուղտի մազից պատրաստված հագուստ էր հագնում և մեջքին կաշվե գոտի+ ուներ։ Նա մորեխ+ ու վայրի մեղր+ էր ուտում։
7 Հովհաննեսը քարոզում էր՝ ասելով. «Ինձանից հետո գալիս է մեկը, որն ինձանից ավելի զորավոր է, և ես արժանի չեմ կռանալու և նրա սանդալների կապերն արձակելու+։
8 Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա սուրբ ոգով կմկրտի»+։
9 Այդ օրերին Հիսուսը եկավ Գալիլեայի Նազարեթից և Հովհաննեսի կողմից մկրտվեց Հորդանանում+։
10 Ջրից դուրս գալուց անմիջապես հետո նա տեսավ երկինքը բացվելիս և ոգին աղավնու նման իր վրա իջնելիս+։
11 Եվ մի ձայն լսվեց երկնքից. «Դո՛ւ ես իմ սիրելի Որդին, ես քեզ հավանել եմ»+։
12 Ոգին անմիջապես մղեց Հիսուսին գնալու անապատ+։
13 Նա քառասուն օր+ մնաց անապատում և Սատանայի կողմից փորձության ենթարկվեց+։ Այնտեղ նա գազանների հետ էր, իսկ հրեշտակները ծառայում էին նրան+։
14 Հովհաննեսի ձերբակալությունից հետո Հիսուսը գնաց Գալիլեա+։ Այնտեղ նա քարոզում էր Աստծու բարի լուրը+
15 և ասում. «Նշանակված ժամանակը լրացել է+, և մոտեցել է Աստծու թագավորությունը։ Զղջացե՛ք+ ու հավատացե՛ք բարի լուրին»։
16 Գալիլեայի ծովի* եզերքով քայլելիս նա տեսավ Սիմոնին+ և Սիմոնի եղբայր Անդրեասին, որոնք իրենց ցանցերը ծովն էին նետում, քանի որ ձկնորսներ էին+։
17 Հիսուսն ասաց նրանց. «Իմ հետևի՛ց եկեք, և ես ձեզ մարդկանց որսորդներ* կդարձնեմ»+։
18 Նրանք էլ իսկույն թողեցին իրենց ցանցերն ու գնացին նրա հետևից+։
19 Մի փոքր առաջ գնալով՝ նա տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք նավակի մեջ իրենց ցանցերն էին նորոգում+,
20 և առանց հապաղելու՝ կանչեց նրանց։ Նրանք էլ իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավակի մեջ թողնելով, գնացին նրա հետևից։
21 Եվ նրանք եկան Կափառնայում+։
Հենց որ շաբաթ եղավ, նա մտավ ժողովարան ու սկսեց սովորեցնել։
22 Մարդիկ զարմանում էին նրա սովորեցնելու կերպի վրա+, որովհետև նրանց սովորեցնում էր ինչպես իշխանություն ունեցող մեկը և ոչ թե ինչպես դպիրները+։
23 Հենց այդ ժամանակ մի մարդ կար նրանց ժողովարանում, որ անմաքուր ոգու ազդեցության տակ էր։ Նա բղավեց+.
24 «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս նազովրեցի+։ Եկել ես կործանելո՞ւ մեզ։ Գիտեմ+, թե դու ով ես՝ Աստծու Սուրբը»+։
25 Բայց Հիսուսը սաստեց նրան. «Պապանձվի՛ր և դո՛ւրս եկ նրա միջից»+։
26 Եվ անմաքուր ոգին, ցնցելով նրան ու իր ողջ ձայնով գոռալով, դուրս եկավ նրա միջից+։
27 Բոլորն այնքան ապշեցին, որ սկսեցին իրար մեջ քննարկել ու ասել. «Սա ի՞նչ է։ Մի նոր ուսմո՛ւնք է։ Նա նույնիսկ անմաքուր ոգիներին է իշխանությամբ հրամայում, և հնազանդվում են նրան»+։
28 Եվ նրա համբավը իսկույն տարածվեց բոլոր ուղղություններով՝ Գալիլեայի բոլոր կողմերը+։
29 Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի և Հովհաննեսի հետ նրանք գնացին Սիմոնի+ և Անդրեասի տուն։
30 Սիմոնի զոքանչը+ ջերմության մեջ պառկած էր+, և այդ մասին իսկույն հայտնեցին նրան։
31 Նա էլ մոտեցավ նրան, ձեռքից բռնելով՝ վեր կացրեց, և ջերմությունը թողեց նրան+, ու նա սկսեց ծառայել նրանց+։
32 Երեկոյան, երբ արևն արդեն մայր էր մտել, մարդիկ Հիսուսի մոտ բերեցին բոլոր հիվանդներին+ ու դիվահարներին+։
33 Ամբողջ քաղաքը հավաքվել էր դռան առաջ։
34 Նա տարբեր հիվանդություններով+ տառապող բազում մարդկանց բուժեց, և շատ դևեր հանեց, բայց թույլ չէր տալիս դևերին խոսել, որովհետև գիտեին, որ նա Քրիստոսն է+։
35 Վաղ առավոտյան, երբ դեռ մութ էր, նա վեր կացավ և դուրս գալով՝ գնաց ամայի մի տեղ+ ու սկսեց աղոթել+։
36 Սիմոնը և նրա հետ եղողները գնացին նրան փնտրելու
37 և երբ գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։
38 Բայց նա ասաց. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ+, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»+։
39 Եվ գնաց ու ողջ Գալիլեայով մեկ քարոզում էր նրանց ժողովարաններում և դևեր էր հանում+։
40 Նրա մոտ մի բորոտ եկավ ու ծնկի եկած աղաչում էր նրան. «Եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»+։
41 Նա էլ խղճահարվեց+ և ձեռքը մեկնելով՝ դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր+»։
42 Եվ հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից, և նա մաքրվեց+։
43 Նա էլ անմիջապես ուղարկեց նրան և խստորեն պատվիրեց.
44 «Տե՛ս, ոչ մեկի չպատմես, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մաքրվելուդ համար մատուցիր Մովսեսի պատվիրած բաները+՝ նրանց վկայություն լինելու համար»+։
45 Բայց այդ մարդը հեռանալով սկսեց պատահածի մասին բոլորին հայտարարել և այդ լուրը ամենուրեք տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ որևէ քաղաք մտնել, այլ դրսում՝ ամայի տեղերում էր մնում։ Սակայն բոլոր կողմերից նրա մոտ էին գալիս+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս Մաղաքիա 3։1-ը, որտեղից վերցված է փակագծերի միջի հատվածը։
^ Բռց.՝ «ձկնորսներ»։