Մատթեոս 8։1-34
8 Երբ նա իջավ լեռան վրայից, մի մեծ բազմություն նրա հետևից գնաց։
2 Այդ ժամանակ մի բորոտ+ եկավ ու խոնարհվելով նրա առաջ՝ ասաց. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»։
3 Նա էլ, մեկնելով իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»+։ Եվ հենց այդ պահին նրա բորոտությունը մաքրվեց+։
4 Այնուհետև Հիսուսն ասաց նրան. «Տե՛ս, ոչ ոքի չպատմես+, այլ գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մատուցիր Մովսեսի պատվիրած ընծան+, որպեսզի վկայություն լինի նրանց համար»։
5 Երբ Հիսուսը մտավ Կափառնայում+, մի հարյուրապետ մոտեցավ նրան ու աղաչելով
6 ասաց. «Տե՛ր, իմ ծառան տանը անդամալույծ պառկած է և սաստիկ տանջվում է»։
7 Նա ասաց նրան. «Կգամ և կբուժեմ նրան»։
8 Իսկ հարյուրապետն ասաց. «Տե՛ր, ես արժանի չեմ, որ դու իմ հարկի տակ մտնես։ Միայն մի խոսք ասա, և իմ ծառան կբուժվի։
9 Ես էլ իշխանության տակ եղող մարդ եմ և ինձ ենթակա զինվորներ ունեմ. մեկին ասում եմ՝ գնա՛+, և նա գնում է, մյուսին՝ արի՛, և նա գալիս է, իմ ծառային ասում եմ՝ այս բա՛նն արա, և նա անում է»։
10 Սա լսելով՝ Հիսուսը զարմացավ և իր հետևից եկողներին ասաց. «Ճշմարտությունն եմ ասում ձեզ. Իսրայելում ոչ մեկի մեջ այսքան մեծ հավատ չգտա+։
11 Ասում եմ ձեզ, որ շատերը արևելքից ու արևմուտքից+ կգան և Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ սեղան կնստեն երկնքի+ թագավորության մեջ+,
12 իսկ թագավորության որդիները+ կգցվեն դրսի խավարը, որտեղ նրանք լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները»+։
13 Այնուհետև Հիսուսն ասաց հարյուրապետին. «Գնա՛, ինչպես որ հավատացիր, այդպես թող լինի քեզ»+։ Եվ այդ պահին նրա ծառան առողջացավ։
14 Ապա Հիսուսը եկավ Պետրոսի տուն և տեսավ նրա զոքանչին+՝ ջերմության+ մեջ պառկած։
15 Նա դիպավ նրա ձեռքին+, և ջերմությունը թողեց նրան։ Նա էլ վեր կացավ ու սկսեց ծառայել նրան+։
16 Իսկ երբ երեկո եղավ, մարդիկ շատ դիվահարների բերեցին նրա մոտ, և նա խոսքով դուրս հանեց ոգիներին ու բուժեց բոլոր հիվանդներին,
17 որպեսզի կատարվի Եսայիա մարգարեի միջոցով ասվածը. «Նա վերցրեց մեր հիվանդությունները և մեր տկարությունները կրեց»+։
18 Հիսուսը, իր շուրջը մարդկանց բազմություն տեսնելով, պատվիրեց իր աշակերտներին նավով ծովի մյուս կողմն անցնել+։
19 Մի դպիր մոտեցավ նրան ու ասաց. «Ուսուցի՛չ, ուր էլ որ գնալու լինես, քո հետևից կգամ»+։
20 Սակայն Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, և երկնքի թռչունները՝ բներ, բայց մարդու Որդին մի տեղ չունի, որ գլուխը դնի»+։
21 Ապա աշակերտներից մեկ ուրիշն ասաց նրան. «Տե՛ր, թույլ տուր, որ գնամ և առաջ իմ հորը թաղեմ»։
22 Հիսուսն էլ ասաց. «Շարունակիր իմ հետևից գալ. թող մեռելները թաղեն իրենց մեռելներին»+։
23 Ապա նա նավ+ մտավ, և նրա աշակերտները հետևեցին նրան։
24 Հանկարծ մեծ ալեկոծություն բարձրացավ ծովի վրա, այն աստիճան, որ ալիքները ծածկում էին նավը, իսկ Հիսուսը քնած էր+։
25 Նրանք մոտեցան ու արթնացրին+ նրան՝ ասելով. «Տե՛ր, փրկի՛ր մեզ, կործանվո՛ւմ ենք»։
26 Բայց նա ասաց. «Ինչո՞ւ եք վախեցած, թերահավատնե՛ր»+։ Ապա վեր կենալով սաստեց քամիներին ու ծովին, և կատարյալ հանդարտություն տիրեց+։
27 Մարդիկ զարմացած ասում էին. «Այս մարդն ո՞վ է+, որ նույնիսկ քամիներն ու ծովն են հնազանդվում նրան»։
28 Երբ նա հասավ ծովի մյուս կողմը՝ գադարացիների+ երկիրը, գերեզմաններից եկող երկու դիվահար+ նրան հանդիպեցին՝ չափազանց կատաղած, այն աստիճան, որ ոչ մեկը չէր համարձակվում անցնել այդ ճանապարհով։
29 Նրանք բղավեցին. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Աստծո՛ւ Որդի+։ Եկել ես մեզ չարչարելո՞ւ+ նախքան նշանակված ժամանակը»+։
30 Իսկ հեռվում խոզերի մի մեծ երամակ էր արածում։
31 Եվ դևերը սկսեցին աղաչել նրան. «Եթե մեզ դուրս ես հանելու, խոզերի+ երամակի մեջ ուղարկիր»։
32 Ուստի նա ասաց նրանց. «Գնացե՛ք»։ Նրանք էլ դուրս եկան ու գնացին խոզերի մեջ մտան։ Ամբողջ երամակը գահավեժ տեղից ցած նետվեց ծովը ու խեղդվեց ջրերի մեջ+։
33 Իսկ խոզարածները փախան և քաղաք մտնելով՝ պատմեցին ամեն ինչ, նաև դիվահարներին պատահածը։
34 Եվ ամբողջ քաղաքը դուրս եկավ Հիսուսին ընդառաջ։ Տեսնելով նրան՝ նրանք աղաչեցին, որ իրենց սահմաններից հեռանա+։