Եզեկիել 7։1-27
7 Եհովայի խոսքը եղավ ինձ.
2 «Ո՛վ մարդու որդի, Գերիշխան Տեր Եհովան այսպես է ասում Իսրայելի երկրին. «Եկել է վերջը, երկրի չորս ծայրերի վերջը+։
3 Հիմա եկել է քո վերջը+։ Քո դեմ կուղարկեմ իմ բարկությունը և կդատեմ քեզ ճանապարհներիդ համեմատ+ ու քո բոլոր գարշելի բաները քեզ վրա կբերեմ։
4 Իմ աչքը չի խնայի քեզ+, ես չեմ կարեկցի, այլ քո ճանապարհները քեզ վրա կբերեմ. դու կտեսնես քո մեջ եղած գարշելի բաների հետևանքները+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ»+։
5 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Աղետ, մի չլսված աղետ է գալիս+։
6 Վերջը կգա+, վերջը կգա, հանկարծակի կհասնի քեզ վրա։ Ահա՛, այն գալիս է+։
7 Աղետի ծաղկեպսակը քեզ մոտ կգա, ո՛վ երկրի բնակիչ, ժամանակը կգա, օրը մոտ է+։ Խառնաշփոթ է, ուրախության բացականչություն չի լսվում լեռների վրա։
8 Շուտով իմ ցասումը կբերեմ+ և իմ բարկությունն իսպառ կթափեմ քեզ վրա+։ Ես կդատեմ քեզ ճանապարհներիդ համեմատ+ ու քո բոլոր գարշելի բաները քեզ վրա կբերեմ։
9 Իմ աչքը չի խնայի քեզ+, ես չեմ կարեկցի+։ Քո ճանապարհների համեմատ կհատուցեմ քեզ, դու կտեսնես քո մեջ եղած գարշելի բաների հետևանքները+։ Եվ դուք պիտի իմանաք, որ ես Եհովան եմ, որը հարված է հասցնում+։
10 Ահա՛ այդ օրը, այն գալիս է+։ Աղետի ծաղկեպսակը ճանապարհին է+, գավազանը ծաղկել է+, հանդգնությունը շիվեր է տվել+։
11 Բռնությունը վերածվել է գավազանի, որն ընդդիմանում է ամբարշտությանը+։ Դա ո՛չ նրանցից է, ո՛չ նրանց հարստությունից, ո՛չ էլ անձամբ նրանցից, և նրանց մեջ ոչ մի վեհություն չկա։
12 Ժամանակը կգա, օրը կհասնի։ Գնորդը թող չուրախանա+, վաճառողը թող սուգ չանի, որովհետև բարկությունը բորբոքվել է այս ողջ բազմության դեմ։
13 Վաճառողը չի վերադառնա վաճառվածին, թեև ողջ մնա, որովհետև տեսիլքը այս ողջ բազմությանն է վերաբերում։ Ոչ ոք չի վերադառնա, ու ոչ ոք իր հանցանքով չի պահպանի իր կյանքը։
14 Փող են փչել+, և բոլորը պատրաստվել են, բայց ոչ ոք չի գնում պատերազմի, որովհետև իմ բարկությունը բորբոքվել է այս ողջ բազմության դեմ+։
15 Դրսում սուր է+, ներսում՝ համաճարակ ու սով+։ Դաշտում գտնվողը սրով կմեռնի, իսկ քաղաքի մեջ գտնվողին սովն ու համաճարակը կխժռեն+։
16 Նրանց ազատվածները կփախչեն+ ու լեռների վրա հովիտների աղավնիների պես կլինեն+։ Ամեն մեկը կհեծեծա իր հանցանքի պատճառով։
17 Բոլորը թևաթափ են լինում+, բոլորի ծնկներով ջուր է հոսում*+։
18 Նրանք քուրձ են հագել+, և սարսուռը համակել է նրանց+։ Բոլորի դեմքերին ամոթ է+, ու բոլորի գլուխները ճաղատացել են+։
19 Իրենց արծաթը փողոց կշպրտեն, և իրենց ոսկին զզվելի կդառնա։ Ո՛չ իրենց արծաթը, ո՛չ էլ իրենց ոսկին չեն կարողանա նրանց ազատել Եհովայի ցասման օրը+։ Նրանք չեն կշտացնի իրենց հոգին ու չեն լցնի իրենց որովայնը, որովհետև այն գայթակղության քար է դարձել նրանց համար, որը հանցանքի մեջ է գցում+։
20 Նրանց զարդերի փառքը հպարտություն է դարձել նրանց համար։ Նրանք արծաթից ու ոսկուց գարշելի պատկերներ են շինել+՝ իրենց նողկալի բաները+։ Ահա թե ինչու այն զզվելի բան կդարձնեմ նրանց համար+։
21 Այն կտամ օտարների ձեռքը, որ թալանեն, ու որպես ավար՝ երկրի ամբարիշտների ձեռքը+, և նրանք կպղծեն այն։
22 Ես երես կդարձնեմ նրանցից+, և նրանք կպղծեն իմ ծածուկ տեղը։ Կողոպտիչները կգան այնտեղ ու կպղծեն այն+։
23 Շղթա պատրաստիր+, քանի որ երկիրն արյունոտ դատաստաններով է լցվել+, և քաղաքը լի է բռնությամբ+։
24 Ես կբերեմ ազգերի միջի ամենաչարերին+, որ տիրանան նրանց տներին+, վերջ կդնեմ զորավորների հպարտությանը+, և նրանց սրբարանները կպղծվեն+։
25 Տառապանք կգա։ Նրանք խաղաղություն կփնտրեն, բայց այն չի լինի+։
26 Դժբախտության վրա դժբախտություն կգա+, լուրի վրա՝ լուր։ Մարդիկ մարգարեից տեսիլք կփնտրեն+, քահանայի մոտ այլևս օրենք չի լինի, և երեցների մոտ՝ խորհուրդ+։
27 Թագավորը սուգ կանի+, իշխանը հուսահատություն կհագնի+, անհանգստությունից կդողան երկրի ժողովրդի ձեռքերը։ Նրանց ճանապարհների համեմատ կվարվեմ նրանց հետ+ ու նրանց դատաստաններով կդատեմ նրանց+, և նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ»»+։
Ծանոթագրություններ
^ Այսինքն՝ վախից միզում են։