Եզեկիել 39։1-29
39 «Մարդո՛ւ որդի, մարգարեացիր Գոգի դեմ+ և ասա. «Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ահա ես քո դեմ եմ, ո՛վ Գոգ՝ Մեսեքի+ ու Թոբելի+ գլխավոր իշխան։
2 Ես հետ կդարձնեմ քեզ ու կտանեմ+, կհանեմ քեզ հյուսիսի ամենահեռավոր վայրերից+ ու կբերեմ Իսրայելի լեռների վրա։
3 Կզարկեմ ու ձախ ձեռքիցդ կգցեմ քո աղեղը և աջ ձեռքիցդ՝ քո նետերը։
4 Իսրայելի լեռների վրա կընկնես դու+, ինչպես նաև քո բոլոր զորախմբերը և այն ժողովուրդները, որոնք քեզ հետ կլինեն։ Քեզ որպես կերակուր կտամ գիշատիչ թռչուններին, ամեն տեսակ թռչուններին ու դաշտի գազաններին»»+։
5 «Դու դաշտում կընկնես+, քանի որ ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
6 «Ես կրակ կուղարկեմ Մագոգի+ ու կղզիներում ապահով բնակվողների վրա+։ Եվ մարդիկ պիտի իմանան, որ ես Եհովան եմ։
7 Իսրայել ժողովրդիս մեջ իմ սուրբ անունը հայտնի կդարձնեմ ու այլևս թույլ չեմ տա, որ սուրբ անունս պղծվի+։ Եվ ազգերը պիտի իմանան, որ ես Եհովան եմ+՝ Իսրայելի մեջ եղող Սուրբը»+։
8 «Ահա այն գալու է և կատարվելու է+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։– Սա այն օրն է, որի մասին ես ասում էի+։
9 Իսրայելի քաղաքների բնակիչները դուրս կգան, կրակ կվառեն ու կայրեն զենքերը, ասպարները, մեծ վահանները, աղեղները, նետերը, մահակներն ու նիզակները։ Յոթ տարի կայրեն+ դրանք։
10 Նրանք ցախ չեն տանի դաշտից, ոչ էլ վառելափայտ կհավաքեն անտառներից, քանի որ կրակի մեջ զենք կայրեն»։
«Նրանք ավար կվերցնեն իրենցից ավար վերցնողներից+ և կթալանեն իրենց թալանողներին»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
11 «Այդ օրը ես այնտեղ Գոգին+ տեղ կտամ՝ թաղվելու տեղ Իսրայելում՝ անցնողների հովիտը՝ ծովից դեպի արևելք, և այն կկանգնեցնի անցնողներին։ Այնտեղ նրանք կթաղեն Գոգին ու նրա ողջ ամբոխին և այն կկոչեն Գոգի ամբոխի հովիտ*+։
12 Իսրայելի տան մարդիկ յոթ ամիս կթաղեն նրանց, որպեսզի մաքրեն երկիրը+։
13 Կթաղի երկրի ողջ ժողովուրդը, և դա նրանց համբավ կբերի այն օրը, երբ ես փառավորեմ ինձ»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան։
14 «Կառանձնացնեն մարդկանց, որոնք շարունակ կանցնեն երկրով մեկ և մյուս անցնողների հետ կթաղեն երկրի երեսի վրա մնացածներին, որպեսզի մաքրեն այն։ Կփնտրեն, մինչև որ յոթ ամիսը լրանա։
15 Անցնողները կգնան երկրով մեկ, ու եթե ինչ-որ մեկը մարդու ոսկոր տեսնի, կողքին նշան կդնի, մինչև որ թաղողները այն թաղեն Գոգի ամբոխի հովտում+։
16 Այդ քաղաքի անունը նաև Համոնա* կլինի։ Նրանք կմաքրեն երկիրը»+։
17 Իսկ քեզ, ո՛վ մարդու որդի, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ասա ամեն տեսակ թռչուններին ու դաշտի բոլոր գազաններին+. «Հավաքվե՛ք ու եկե՛ք։ Հավաքվե՛ք իմ զոհի շուրջբոլորը, որը ես զոհում եմ ձեզ համար։ Դա մեծ զոհ է Իսրայելի լեռների վրա+։ Դուք միս կուտեք և արյուն կխմեք+։
18 Զորավորների միսը կուտեք+ ու երկրի իշխանների արյունը կխմեք։ Նրանք խոյեր են, մատղաշ խոյեր+, նոխազներ ու մատղաշ ցլեր+, բոլորն էլ Բասանի պարարտ անասուններն են+։
19 Իմ զոհից, որ կզոհեմ ձեզ համար, դուք այնքան ճարպ կուտեք, մինչև որ կշտանաք+, և այնքան արյուն կխմեք, մինչև որ հարբեք»»։
20 «Իմ սեղանի շուրջ դուք կկշտանաք ձիերով ու կառապաններով, զորավորներով ու տարբեր ռազմիկներով»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան+։
21 «Ես ազգերի մեջ ի հայտ կբերեմ իմ փառքը. բոլոր ազգերը կտեսնեն իմ գործադրած դատաստանները+ և իմ ձեռքը, որը դրել եմ նրանց վրա+։
22 Եվ Իսրայելի տան մարդիկ պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, այդ օրվանից ի վեր+։
23 Ազգերը կիմանան, որ նրանք՝ Իսրայելի տունը, իրենց հանցանքի պատճառով աքսորվեցին+, քանի որ անհավատարմությամբ վարվեցին իմ հանդեպ։ Դրա համար էլ երեսս ծածկեցի նրանցից+ ու իրենց հակառակորդների ձեռքը մատնեցի, և բոլորն անխտիր սրով ընկան+։
24 Նրանց հետ վարվեցի իրենց անմաքրության ու անօրենությունների համեմատ+ ու երեսս ծածկեցի նրանցից»։
25 Ուստի այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Հիմա ես կվերադարձնեմ Հակոբի գերիներին+, կողորմեմ Իսրայելի ողջ տունը+ և բացարձակ նվիրվածություն կդրսևորեմ իմ սուրբ անվան նկատմամբ+։
26 Երբ նրանք ապահով բնակվեն իրենց երկրում+, ու ոչ ոք նրանց չվախեցնի+, նրանք արդեն կրած կլինեն իրենց նվաստացումը+ և իմ հանդեպ իրենց անհավատարմության բոլոր հետևանքները+։
27 Երբ նրանց վերադարձնեմ ժողովուրդների մոտից, հավաքեմ իրենց թշնամիների երկրներից+, ես ինձ կսրբացնեմ նրանց մեջ շատ ազգերի աչքի առաջ»+։
28 «Եվ նրանք պիտի իմանան, որ ես Եհովան եմ՝ նրանց Աստվածը, երբ նրանց աքսոր ուղարկեմ ազգերի մոտ ու հետո հավաքեմ իրենց երկրում+. նրանցից ոչ մեկին այնտեղ չեմ թողնի+։
29 Իմ երեսն այլևս չեմ ծածկի նրանցից+, որովհետև ոգիս կթափեմ Իսրայելի տան վրա»+,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։