Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Քարոզում են Խուլոյում՝ ճոպանուղու մոտ

ՎՐԱՍՏԱՆ

«Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը» (Ես. 54։17)։

«Սա է Եհովայի ծառաների ժառանգությունը» (Ես. 54։17)։

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ Եհովայի ծառաները երկար տարիներ է՝ եռանդորեն քարոզում են բարի լուրը, ու Եհովան օրհնել է նրանց տքնաջան աշխատանքը։ Արդյունքում՝ բարի լուրը հասել է այդ երկրի գրեթե յուրաքանչյուր անկյուն։

Քարոզիչները պատրաստվում են քարոզելու Ուշգուլիում, որը գտնվում է ծովի մակարդակից մոտ 2 200 մետր (7 200 ֆուտ) բարձրության վրա

Վերջին տարիներին, սակայն, նախանձախնդիր քարոզիչներն ու ռահվիրաները ավելի շատ ուշադրություն են դարձնում հազվադեպ մշակվող տարածքներում ապրող մարդկանց կարիքներին։ Լեռնային շրջաններում որոշ հեռավոր գյուղեր հնարավոր է հասնել միայն լիաքարշակ մեքենայով կամ ճոպանուղով։

Քարոզիչները վկայություն են տալիս Սվանեթի շրջանում

2009 թ.-ից սկսած՝ ամեն տարի Վրաստանի մասնաճյուղը բոլոր ժողովներին ուղարկում է չնշանակված տարածքների ցուցակ և քարոզիչներին հորդորում քարոզել այդ վայրերում։ Այս գործում մասնակցություն ունենալու համար շատերը պետք է զգալի զոհողություններ անեն։

Անա և Թեմուրի Բլիաձեները

Նորապսակներ Թեմուրի ու Անա Բլիաձեները հողատարածք էին գնել, որպեսզի տուն կառուցեին, սակայն իմացան, որ Աջարիայի լեռնային շրջանում քարոզիչների մեծ կարիք կա։ Նրանց առաջ ծառայությունն ընդլայնելու դուռ էր բացվել։

Թեմուրին հիշում է այն տպավորությունը, որ նրանք ունեցան Աջարիայում մեկ շաբաթ անցկացնելուց հետո։ Նա պատմում է. «Տեղի քարոզիչները ոտքով երկար ճանապարհ էին անցնում, որ հասնեին փոքր գյուղեր։ Մենք լիաքարշակ մեծ մեքենա ունեինք, ու ես անմիջապես մտածեցի, որ դրանով շատ հարմար կլինի գնալ այդ գյուղեր»։

Անան ավելացնում է. «Ուրիշ վայր տեղափոխվելը հեշտ չէր, որովհետև մենք կապված էինք մեր ժողովի և ընտանիքի հետ։ Բայց մենք զգացինք Եհովայի օրհնությունը»։ Ավելի քան երեք տարի է՝ Թեմուրին ու Անան աջակցում են Քեդա քաղաքում (Աջարիա) գտնվող խմբին։

Հնարամիտ ռահվիրաները

Հեռավոր տարածքներում քարոզելու հարցում անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին ժամանակավոր հատուկ ռահվիրաները։ Երբ նրանց հատուկ ծառայությունն ավարտվեց, շատերը որոշեցին մնալ այդ տարածքներում, որպեսզի հոգ տանեն այն մարդկանց մասին, ում հետ սկսել էին Աստվածաշունչ ուսումնասիրել։

Երկու ռահվիրա քույրեր, որոնց երկուսի անունը Խաթունա է, նշանակվել էին ծառայելու գեղատեսիլ Մանգլիս քաղաքում, որտեղ Վկաներ չէին ապրում։ Այս երկու քույրերի ծառայությունը շատ արդյունավետ եղավ այնտեղ։ Առաջին ամսում նրանք արդեն անցկացնում էին Աստվածաշնչի 9 ուսումնասիրություն, հաջորդ ամսին ուսումնասիրությունների թիվը դարձավ 12, մյուսին՝ 15, հետո՝ 18։ Այդ քույրերը որոշեցին մնալ Մանգլիսում, որպեսզի հոգ տանեն այն անհատներին, ում հետ Աստվածաշունչ էին ուսումնասիրում։

Իրենց նյութական կարիքները հոգալու համար նրանք պետք է հնարամտություն դրսևորեին։ Մանգլիս այցելողներից շատերը սիրում են այնտեղ հայտնի սոճու կոնից պատրաստված մուրաբան, որը շատ առողջարար է։ Ուստի քույրերը սկսեցին հավաքել կանաչ կոները, որպեսզի պահածոներ պատրաստեն և վաճառեն շուկայում։ Բայց հետո նրանք անսպասելիորեն եկամտի այլ աղբյուր ունեցան։

Մի անգամ մի Աստվածաշունչ ուսումնասիրող նրանց համար հավի մի քանի ճուտ բերեց։ Նա ասաց, որ իր հավերից մեկը աչքից հեռու մի տեղ ձու էր ածել և տուն էր բերել ձվից դուրս եկած ճուտիկներին։ Այդ կինն ուզում էր իր անսպասելի ավելցուկը նվիրել իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրողներին։ Քույրերից մեկը հավեր բուծելու հարցում փորձ ուներ, ուստի նրանք որոշեցին թռչնաբուծական փոքրիկ ֆերմա բացել իրենց ապրուստը վաստակելու համար։

Նրանցից մեկը պատմում է. «Եհովայի, եղբայրների և Աստվածաշունչ ուսումնասիրողների օգնությամբ մենք կարողացանք հինգ տարի մնալ Մանգլիսում»։ Այժմ այնտեղ մեկ խումբ կա, և մեր եղբայրներն ու քույրերը ակտիվորեն ծառայում են։

Խաթունա Խարեբաշվիլին և Խաթունա Ցուլաիան՝ Մանգլիսում

Ռահվիրայական ծառայություն՝ օտարախոս դաշտում

Վերջին տարիներին մեծ թվով օտարազգիներ են գալիս Վրաստան։ Շատ ռահվիրաներ հասկացել են, որ ծառայության նոր դաշտ է բացվում։ Ուստի նրանք սկսել են տարբեր լեզուներ սովորել, օրինակ՝ արաբերեն, ադրբեջաներեն, չինարեն, անգլերեն, պարսկերեն և թուրքերեն։

Շատ ռահվիրաներ սկսել են ծառայել օտարախոս խմբերում և ժողովներում, ոմանք էլ տեղափոխվել են արտերկիր, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա։ Գիորգի և Գելա անունով քարոզիչները 20-ն անց էին, երբ տեղափոխվեցին հարևան երկիր։ «Մենք ուզում էինք մեր լավագույնը տալ Եհովային և այնտեղ տեղափոխվելը հրաշալի հնարավորություն էր դա անելու համար»,— ասում է Գիորգին։

Մտորելով այդ երկրում անցկացրած ժամանակի մասին՝ Գելան ասում է. «Այդպիսի տարածքում երեց ծառայելը ինձ շատ բան սովորեցրեց։ Հաճելի է զգալ, որ Եհովան քո միջոցով օգնում է իր «գառնուկներին»» (Հովհ. 21։17

Գիորգին ավելացնում է. «Դժվարություններ եղել են, բայց մենք կենտրոնանում էինք մեր ծառայության վրա և այլ բաների մասին չէինք մտածում։ Մենք հասկանում էինք, որ պարզապես անում էինք այն, ինչ պետք է անեինք»։

Գելա անունով մեկ ուրիշ եղբայր մի քանի տարի ծառայել է Թուրքիայում։ Նա պատմում է. «Սկզբում ես դժվարանում էի սովորել տեղի լեզուն և ինձ համար հեշտ չէր պահպանել ուրախությունս։ Բայց երբ ի վերջո կարողացա հաղորդակցվել իմ եղբայրների և քույրերի, ինչպես նաև այդ տարածքում ապրող մարդկանց հետ, ուրախությանս չափ ու սահման չկար»։

Նինոն, որը ավելի քան տասը տարի ռահվիրա է ծառայում Ստամբուլում, այսպես է նկարագրում իր զգացումները. «Տեղափոխվելու առաջին իսկ օրից զգացի Եհովայի աջակցությունը։ Օտարախոս դաշտում ռահվիրա ծառայելիս գրեթե ամեն օր ականատես ես լինում այնպիսի դեպքերի, որոնց մասին սովորաբար կարդում ես «Տարեգրքում»»։