Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Եղբայրները՝ Թբիլիսիում անցկացված հանդիպման ժամանակ (1992 թ.)

ՎՐԱՍՏԱՆ | 1991–1997 թթ.

«Աստված է, որ աճեցրեց» (1 Կորնթ. 3։6)։

«Աստված է, որ աճեցրեց» (1 Կորնթ. 3։6)։

Գենադի Գուդաձեն 1990-ականների սկզբին շրջանային վերակացու էր ծառայում

1991 ԹՎԱԿԱՆԻՆ՝ այն տարի, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Վրաստանը անկախացավ։ Սակայն քաղաքական փոփոխությունների և քաղաքացիական անկարգությունների պատճառով մարդկանց կենսապայմանները շատ արագ վատացան։ Գենադի Գուդաձեն, որն այդ տարիներին շրջանային վերակացու էր ծառայում, հիշում է, որ մարդիկ գրեթե ողջ օրը հացի համար հերթ էին կանգնում։

Այդ ժամանակներում սովորական բան էր տեսնել Վկաների, որոնք աստվածաշնչյան լուրը հայտնում էին հերթում սպասող մարդկանց։ «Այդ դժվար տարիներին,— ասում է Գենադին,— թվում էր, թե բոլորը ճիշտ էին տրամադրված ճշմարտության հանդեպ։ Մենք Աստվածաշունչը ուսումնասիրելու ցանկություն հայտնող հարյուրավոր մարդկանց հասցեներ էինք ստանում»։

Յուրաքանչյուր հանդիպման վերջում պատասխանատվություն ունեցող եղբայրները կարդում էին այն մարդկանց անուններն ու հասցեները, ովքեր խնդրել էին իրենց այցելել։ Դրանից հետո քարոզիչները այդ հասցեներով այցելում էին նրանց։

Քարոզում են հացի համար հերթ կանգնած մարդկանց (1990-ականներ)

Եղբայր Լևանի Սաբաշվիլին, որը Թբիլիսիում երեց էր ծառայում, պատմում է մի ամուսնական զույգի մասին, որը խնդրել էր իրեն այցելել։ «Քարոզիչները վերցրին բոլոր հասցեները,— ասում է նա,— բայց ոչ ոք ցանկություն չհայտնեց այցելել այդ ամուսիններին։ Նրանք բավականին հեռու էին ապրում, իսկ մեզնից շատերն արդեն ունեին Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն»։

Մի քանի ամիս հետո այդ նույն ամուսինները նորից ուղարկեցին իրենց հասցեն՝ խնդրելով, որ Վկաներն այցելեն իրենց։ Իսկ երբ երրորդ անգամ նույն խնդրանքով դիմեցին նրանց, նաև մի գրություն ուղարկեցին, որում աղերսում էին մաքուր լինել բոլոր մարդկանց արյունից (Գործ. 20։26, 27)։ Լևանին պատմում է. «Նոր տարվա օրերն էին։ Այդ ընթացքում մենք սովորաբար չէինք այցելում մարդկանց։ Սակայն հասկացանք, որ այլևս չենք կարող հետաձգել մեր այցելությունը»։

Հոգևորապես ծարավ այս զույգը՝ Ռոինի և Նանա Գրիգալաշվիլիները, իրենց աչքերին չհավատացին, երբ մի ցուրտ առավոտ Լևանիին ու մեկ ուրիշ եղբոր տեսան իրենց դռան առաջ կանգնած։ Նրանք առանց հապաղելու սկսեցին ուսումնասիրել Աստվածաշունչը։ Ռոինին և Նանան իրենց երեխաների հետ այժմ ռահվիրա են ծառայում։

Անխոնջ ջանքեր են թափվում անկեղծ մարդկանց քարոզելու համար

Ճշմարտությունն ընդունած մարդիկ, երախտագիտությունից մղված, չէին խնայում իրենց ժամանակը, ուժն ու միջոցները, որպեսզի բարի լուրը անեսասիրաբար հայտնեին ուրիշներին։ Այդ մարդկանցից էին եռանդուն քարոզիչներ Բադրի և Մարինա Կոպալիանիները, որոնք չնայած ընտանեկան պարտականություններին՝ գնում էին հեռավոր գյուղեր և հոգևորապես օգնում անկեղծ մարդկանց։

Շաբաթ-կիրակի օրերին Բադրին ու Մարինան իրենց պատանի տղաների՝ Գոչայի և Լևանիի հետ գնում էին Դուշեթի շրջան, որը Թբիլիսիից դեպի հյուսիս գտնվող լեռնային մի գեղեցիկ վայր է։ Հեռավոր գյուղեր հասնելու համար նրանք երբեմն ոլորապտույտ ճանապարհներով մոտ 150 կիլոմետր [90 մղոն] տարածություն էին անցնում։

Մի օր Բադրիին ու Մարինային մի կին հրավիրեց իր աշխատավայր։ Բադրին պատմում է. «Մենք մտանք մի մեծ սենյակ, որտեղ մոտ 50 մարդ մեզ էր սպասում։ Սկզբում ես անակնկալի եկա, բայց Եհովային աղոթելուց հետո սկսեցի Մատթեոս 24-րդ գլխից վերջին օրերի վերաբերյալ համարներ կարդալ ու բացատրել դրանք։ Մի անհատ զարմացած հարցրեց. «Բա ինչո՞ւ մեր քահանաները այսպիսի բաներ չեն ասում մեզ»»։

Հիշատակի երեկոն գրավում է մարդկանց ուշադրությունը

Հիսուսի մահվան հիշատակի երեկոն նույնպես բազմաթիվ անկեղծ վրացիների հնարավորություն է տվել լսելու ճշմարտությունը։ Օրինակ՝ 1990 թ. Հիշատակի երեկոն, որն անցկացվեց Իա Բադրիձեի տանը՝ Թբիլիսիում, մեծ հետաքրքրություն առաջացրեց հարևանության շրջանում։

Իա Բադրիձեն իր բնակարանում Հիշատակի երեկոյի համար հյուրընկալեց 200 մարդու

Քույր Բադրիձեն առաջարկել էր Հիշատակի երեկոն անցկացնել իր բնակարանում, որը գտնվում էր 13-րդ հարկում։ Իր երեխաների օգնությամբ նա դատարկեց հյուրասենյակը, որ բավականաչափ տեղ լինի։ Բայց որտեղի՞ց էր նա այդքան շատ աթոռներ գտնելու հյուրերի համար։ Վրաստանում ընդունված էր մեծ հավաքույթների համար սեղաններ և աթոռներ վարձակալել։ Քանի որ Իան միայն աթոռներ վարձակալեց, խանութի տերերը հարցրին. «Իսկ սեղաններ պետք չե՞ն։ Ինչի՞ վրա եք հաց ուտելու»։

Քույր Բադրիձեն կարողացավ հյուրընկալել բոլոր նրանց, ովքեր եկել էին նշելու Հիսուսի մահը։ Ներկաները 200 հոգի էին։ Զարմանալի չէ, որ շատ հարևաններ սկսեցին Եհովայի վկաների մասին հարցեր տալ։

Հիշարժան Հիշատակի երեկո

1992 թ.-ին Հիշատակի երեկոն անցկացնելու համար երկրի տարբեր մասերում մեծ դահլիճներ վարձակալվեցին։ Դավիթ Սամխարաձեն, որն ապրում էր Գորիում, պատմում է, որ մի անգամ շրջագայող վերակացուն հարցրեց, թե որտեղ են մտադիր անցկացնել Հիշատակի երեկոն։

Իմանալով, որ քարոզիչները պատրաստվում էին ինչ-որ մեկի տանը անցկացնել այն, նա հարցրեց. «Ձեր քաղաքում մեծ դահլիճ չկա՞, որ վարձեք»։ Դահլիճում ավելի քան 1 000 մարդ կարող էր տեղավորվել, իսկ տեղի քարոզիչները մոտ 100 հոգի էին, այդ պատճառով նրանք չէին մտածում, որ կարիք կա մեծ դահլիճ վարձակալելու։

Այդ ժամանակ շրջագայող վերակացուն առաջարկեց. «Եթե ամեն քարոզիչ կարողանա տասը մարդ հրավիրել, բոլոր նստատեղերը զբաղեցված կլինեն»։ Թեև առաջին հայացքից նրա հորդորը անիրատեսական էր, սակայն քարոզիչները ջանքեր ներդրեցին, որ հետևեն դրան։ Որքա՜ն զարմացան և ուրախացան նրանք, երբ տեսան, որ Հիշատակի երեկոյին առնվազն 1 036 մարդ է եկել։ a

Նախանձախնդիր ռահվիրաները նոր տարածքներ են նվաճում

1992 թ.-ին Վրաստանում կային որոշ շրջաններ, որտեղ Եհովայի ժողովուրդը դեռ չէր քարոզել աստվածաշնչյան լուրը։ Ինչպե՞ս էր հնարավոր հասնել այդ նոր տարածքներ այն դեպքում, երբ երկիրը տնտեսական խոր ճգնաժամի մեջ էր։

Բիբլաիա Թամազին, որն այդ ժամանակ ապրում էր Վրաստանի արևմուտքում, պատմում է. «Մի շրջագայող վերակացու հանդիպեց մեզնից մի քանիսի հետ, որ քննարկի, թե ինչ կարելի է անել։ Մենք շատ տեղեկություններ չունեինք այն մասին, թե ինչպես պետք է կազմակերպվի հատուկ ռահվիրաների գործունեությունը։ Միայն հասկանում էինք, որ բարի լուրը պետք է հրատապությամբ քարոզվի» (2 Տիմոթ. 4։2)։ Եղբայրներն ընտրեցին 16 ռահվիրաների և նրանց ուղարկեցին երկրի տարբեր մասեր (տես կից քարտեզը)։

Այն վայրերը, որտեղ ռահվիրաները հինգ ամսով նշանակվել էին ծառայելու

1992 թ. մայիսին Թբիլիսիում երեք ժամ տևողությամբ հանդիպում տեղի ունեցավ, որի նպատակն էր քաջալերել այն ռահվիրաներին, որոնք հինգ ամսով նշանակվել էին մշակելու այդ տարածքները։ Ամեն ամիս երեցները այցելում էին նրանց՝ հոգևորապես աջակցելու համար, ինչպես նաև երբ կարիք էր լինում, նյութական օգնություն ցույց տալու համար։

Երկու ռահվիրա քույրեր՝ Մանեա Ադուաշվիլին և Նազի Ժվանիան, նշանակվեցին ծառայելու Օզուրգեթ քաղաքում։ Մանեան, որն այդ ժամանակ 60 տարեկան էր, պատմում է. «Մենք գիտեինք, որ Օզուրգեթից ոչ հեռու մի անհատ էր ապրում, որը հետաքրքրված էր ճշմարտությամբ։ Այդ պատճառով հենց որ տեղ հասանք, գնացինք նրան հանդիպելու։ Երբ եկանք այդ կնոջ տուն, տեսանք, որ նա հրավիրել է մոտ 30 մարդ և մեզ է սպասում։ Այդ օրը մենք Աստվածաշնչի մի քանի ուսումնասիրություն սկսեցինք»։

Հաջորդ ամիսները նույնքան արդյունավետ էին։ Ընդամենը հինգ ամիս անց 12 մարդ արդեն պատրաստ էր մկրտվելու։

Նրանց անձնազոհ ոգին վարձատրվեց

Երկու ռահվիրա եղբայրներ՝ Պավլե Աբդուշելիշվիլին և Պաատա Մորբեդաձեն, ուղարկվեցին Ցագեր քաղաք։ Այն գտնվում է մի մարզում, որտեղ գերիշխում են քրիստոնեական ուսմունքներին միախառնված հին ավանդույթները։

Տեսարան՝ Ցագեր քաղաքի շուրջ

Սկսվեց ցրտաշունչ ձմեռը։ Ռահվիրաների հինգ ամսյա նշանակումը մոտենում էր ավարտին։ Պաատան հրավիրվեց մեկ ուրիշ վայր՝ օգնելու թարգմանչական գործում։ Այդ պատճառով Պավլեն ստիպված էր որոշում կայացնել։ Նա պատմում է. «Ես գիտեի, որ ձմեռը Ցագերում անցկացնելը շատ դժվար էր լինելու։ Սակայն այն անհատները, որոնց հետ Աստվածաշունչ էինք ուսումնասիրում, օգնության կարիք ունեին, և ես որոշեցի մնալ»։

Պավլեն ավելացնում է. «Ես մնացի այդ քաղաքում բնակվող մի ընտանիքի տանը։ Օրվա մեծ մասը դրսում էի անցկացնում՝ քարոզելով։ Երեկոները անցկացնում էի այդ ընտանիքի հետ՝ վառարանի կողքին՝ առաջին հարկում գտնվող հյուրասենյակում։ Իսկ երբ գալիս էր քնելու ժամը, բարձրանում էի իմ սենյակ, հագնում էի տաք գլխարկս ու պառկում հաստ վերմակի տակ»։

Երբ գարնանը երեցները այցելեցին Պավլեին, 11 անհատներ արդեն համապատասխանում էին չմկրտված քարոզիչ դառնալու պահանջներին։ Կարճ ժամանակ անց նրանք բոլորը մկրտվեցին։

a 1992 թ.-ին Վրաստանում 1 869 եռանդուն քարոզիչ կար, իսկ Հիշատակի երեկոյին ներկա եղավ 10 332 մարդ։