Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իրավաբանական հաշվետվություն (2016)

Իրավաբանական հաշվետվություն (2016)

Իրավական պայքար մղելիս և դժվար հանգամանքներում մեր եղբայրներն ու քույրերը փաստում են Եհովա Աստծու նկատմամբ իրենց նվիրվածությունը։ Նրանց օրինակը քաջալերում է բոլորիս, որ ամուր կանգնենք մեր հավատի մեջ և վստահ լինենք, որ «Եհովան իրեն նվիրվածին տարբերում է ուրիշներից» (Սաղ. 4։3

ԱՐԳԵՆՏԻՆԱ | Երեխաներին կրոնական կրթություն տալու իրավունք

Ռութը, որը մեծացել է Վկաների ընտանիքում, պատանեկության տարիքում դարձավ ոչ ակտիվ։ Հետո նա կապվեց մի տղամարդու հետ և աղջիկ ունեցավ։ Մի օր Լա Պլատա քաղաքում Ռութը նկատեց Եհովայի վկաների, որոնք կանգնած էին գրականության սեղանի մոտ, և հիշեց այն, ինչ իրեն սովորեցրել էին ծնողները։ Դա մղեց նրան նորից հաճախելու ժողովի հանդիպումներին և Աստվածաշունչը սովորեցնելու իր փոքրիկ աղջկան։ Սակայն երեխայի հայրը հակառակվեց Ռութին և դիմեց դատարան, որպեսզի արգելի նրան Աստվածաշունչը սովորեցնել իրենց աղջկան և տանել ժողովի հանդիպումներին։

Ռութի փաստաբանը նշեց, որ երկու ծնողներն էլ իրավունք ունեն իրենց կրոնական համոզմունքները սովորեցնելու իրենց երեխային, և որ դատարանը չի կարող նրանց զրկել այդ իրավունքից, եթե չկա ապացույց, որ այդ կրոնական դաստիարակությունը վնասում է երեխային։ Դատարանը որոշեց, որ ծնողները պետք է հարգեն իրենց երեխայի՝ որևէ կրոն դավանելու իրավունքը, թեև այդ ժամանակ նա ընդամենը չորս տարեկան էր։ Վերաքննիչ դատարանը որոշեց, որ երեխան չափազանց փոքր է և չի կարող որոշում կայացնել այն հարցում, թե ինչ կրոնական դաստիարակություն ստանա, և որ երկու ծնողներն էլ հավասարապես իրավունք ունեն կրոնական դաստիարակություն տալու երեխային։

Ռութի աղջիկը ամեն գիշեր կարդում է Աստվածաշունչը և իր մոր հետ հաճախում է ժողովի հանդիպումներին։ Նա անձկությամբ սպասում է, թե երբ է այցելելու Բեթել, որը գտնվում է Բուենոս Այրեսում։

ԱԴՐԲԵՋԱՆ | Կրոնական համոզմունքները դավանելու իրավունք

Պողոս առաքյալը ճշմարիտ քրիստոնեական ժողովի մասին գրեց, որ «եթե մեկ անդամը տառապում է, մյուս բոլոր անդամներն էլ են տառապում նրա հետ» (1 Կորնթ. 12։26)։ Այս խոսքերի ճշմարտացիությունը երևաց այն ժամանակ, երբ ողջ աշխարհի Եհովայի վկաները խոր ցավ ապրեցին՝ իմանալով Ադրբեջանում բնակվող քույրեր Իրինա Զախարչենկոյի և Վալիդա Ջաբրայիլովայի կրած տառապանքների մասին։ 2015 թ. փետրվարին իշխանությունները այս երկու քույրերին մեղադրեցին ապօրինի կրոնական գործունեություն ծավալելու մեջ։ Դատավորը նախնական կալանքի վերցրեց նրանց։ Քանի որ դատավարությունը երկարաձգվեց, նրանք գրեթե մեկ տարի մնացին բանտում, որտեղ կոպիտ վերաբերմունքի արժանացան և զրկանքներ կրեցին։

Իրինա Զախարչենկոն և Վալիդա Ջաբրայիլովան (Ադրբեջան)

2016 թ. հունվարին նրանց գործը վերջապես քննվեց դատարանի կողմից։ Դատավորը մեղավոր ճանաչեց այդ քույրերին և նրանց նկատմամբ տուգանք սահմանեց, բայց քանի որ նրանք արդեն նախնական կալանքի տակ էին եղել, չեղյալ համարեց այն և ազատ արձակեց նրանց։ Երբ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժեց այդ քույրերի բողոքը, որ նրանք ներկայացրել էին քրեական կարգով կայացված մեղադրական դատավճիռների դեմ, վերջիններս դիմեցին Գերագույն դատարան։ Բացի այդ, նրանք բողոք ներկայացրին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողով, որում նշեցին, որ իրենց հանդեպ դաժան վերաբերմունք է դրսևորվել, և խախտվել է իրենց՝ կրոնական համոզմունքները դավանելու իրավունքը։

Մինչ օրս այս երկու քույրերը ապաքինվում են իրենց կրած տառապանքների հետևանքներից։ Նրանք խոր երախտագիտություն են հայտնում իրենց համար արված բազմաթիվ աղոթքների և իրենց հանդեպ դրսևորված հոգատարության համար։ Քույր Ջաբրայիլովան Կառավարիչ մարմնի անդամներին գրեց. «Ձեր աղոթքները օգնեցին մեզ տոկալու զրկանքների ներքո։ Ես դա իրականում զգացել եմ։ Երբեք չեմ մոռանա ձեր, Եհովայի, բոլոր եղբայրների ու քույրերի ցուցաբերած սերն ու հոգատարությունը»։

ԷՐԻԹՐԵԱ | Բանտարկված՝ իրենց հավատի համար

Մինչև 2016 թ. հուլիսը Էրիթրեայի իշխանությունները բանտարկել են 55 Եհովայի վկաների իրենց հավատը դավանելու համար։ Երեք եղբայրներ՝ Պաուլոս Իյասուն, Իսակ Մոգոսը և Նեգեդե Տեկլեմարիամը, բանտարկված են 1994 թ. սեպտեմբերից։ Եվս ինը եղբայրներ տասը տարի է՝ բանտում են։

2016 թ. հունվարին դրական փոփոխություններ եղան, երբ դատարանը լսեց այն Վկաների գործը, որոնք ձերբակալվել էին 2014 թ. ապրիլին անցկացված Հիշատակի երեկոյի ժամանակ։ Սա առաջին անգամ էր, որ իշխանությունները գործ հարուցեցին Վկաների դեմ և նրանց «հանցավոր» ճանաչեցին՝ այդպիսով նրանց պաշտպանվելու հնարավորություն տալով։ Ինչպես և ակնկալվում էր, եղբայրների և քույրերի մեծամասնությունը մեղավոր ճանաչվեց «ապօրինի» հանդիպումներին մասնակցելու համար, տուգանվեց և ազատ արձակվեց։ Սակայն Սարոն Գեբրու անունով մի քույր հրաժարվեց տուգանքը վճարելուց։ Այդ պատճառով նա դատապարտվեց վեց ամսվա ազատազրկման։ Քույր Գեբրուին թույլատրվում էր շաբաթը մեկ անգամ այցելուներ ընդունել, և նա ասում էր, որ իր հետ բանտում լավ էին վերաբերվում։ Նա, ինչպես նաև բանտում գտնվող 54 ուրիշ Վկաներ թանկ են գնահատում իրենց համար արված աղոթքները՝ իմանալով, որ բոլորս «հիշում ենք նրանց, ովքեր բանտի կապանքներում են, ասես թե [մենք] էլ ենք նրանց հետ բանտարկված» (Եբր. 13։3

ԳԵՐՄԱՆԻԱ | Կրոնի ազատություն. իրավական կարգավիճակ

2015 թ. դեկտեմբերի 21-ին Գերմանիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրեմեն երկրամասը ի վերջո Գերմանիայի Եհովայի վկաների կրոնական միավորմանը ավելի բարձր իրավական կարգավիճակ շնորհեց, քան նրանք ունեին նախկինում։ Այդպես ավարտվեց Գերմանիայի դատարաններում չորս տարի տևած իրավական պայքարը։ Հետևելով Բեռլինի բարձրագույն վարչական դատարանի վճռին՝ Գերմանիայի 16 երկրամասերից շատերը Եհովայի վկաներին շնորհեցին հանրային իրավունքի իրավաբանական անձի այդքան ցանկալի կարգավիճակը։ Սակայն Բրեմենի իշխանությունները հրաժարվեցին Վկաներին շնորհել այդ կարգավիճակը գլխավորապես հակառակորդների տարածած կեղծ մեղադրանքների պատճառով։

2015 թ.-ին Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը եզրակացրեց, որ մերժելով հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ շնորհելու դիմումը՝ Բրեմենը խախտում է Վկաների սահմանադրական իրավունքները։ Այդ վճիռը հաստատում է, որ դավանանքի ազատության սահմանադրական երաշխիքները պաշտպանում են Բրեմենում Եհովայի վկաների կրոնական գործունեությունը։ Այնտեղի ժողովները ազատված են հարկերից և ունեն այլ արտոնություններ, որոնցից օգտվում են Գերմանիայի խոշոր կրոնները։

ՂՐՂԶՍՏԱՆ | Կրոնական համոզմունքները դավանելու իրավունք

2013 թ. մարտին Ղրղզստանի Օշ քաղաքի իշխանությունները կեղծ մեղադրանքներ առաջադրեցին Օկսանա Կորիակինային և նրա մայր Նադեժդա Սերգիենկոյին։ Դատախազը այդ Վկաներին մեղադրեց այն բանում, թե նրանք աստվածաշնչյան ուսմունքների մասին մարդկանց հետ խոսելիս խարդախությամբ են զբաղվել։ Դատարանը նախքան դատաքննությունը տնային կալանք սահմանեց նրանց նկատմամբ։ 2014 թ. հոկտեմբերին առաջին ատյանի դատարանը եզրակացրեց, որ նրանց դեմ բերված ապացույցները անհիմն են, որ դատավարության մի շարք կանոններ են խախտվել, և քույրերին անմեղ ճանաչեց։ 2015 թ. հոկտեմբերին վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի վճիռը։

Սակայն Օշ քաղաքի դատախազը կրկին բողոքարկեց նրանց գործով կայացված արդարացման դատավճիռները, այս անգամ՝ Ղրղզստանի գերագույն դատարան։ Դատարանը բեկանեց արդարացման վճիռները և նոր դատաքննություն նշանակեց։ 2016 թ. ապրիլին կայացած նիստին քույրերին ներկայացնող փաստաբանները միջնորդություն ներկայացրին դատախազի բողոքը մերժելու մասին, քանի որ վաղեմության ժամկետն անցել էր։ Դատավորը այլընտրանք չուներ, ուստիև կարճեց գործը և այդպիսով վերջ դրեց քրեական հետապնդմանը։

Դժվարությունների ժամանակ քույրերը դրական տրամադրվածություն էին պահպանում։ Քույր Սերգիենկոն ասաց. «Մարդիկ հաճախ դառնանում են, երբ իրենց վատ են վերաբերվում։ Բայց ես զգում էի եղբայրների ու քույրերի միջոցով Եհովայի դրսևորած սերն ու հոգատարությունը։ Մենք երբեք մեզ միայնակ չէինք զգում»։ Քույրերն անձամբ զգացին, որ Եհովան պահում է Եսայիա 41։10-ում արձանագրված իր խոստումը. «Մի՛ վախեցիր, որովհետև ես քեզ հետ եմ.... արդար աջովս ամուր կբռնեմ քեզ»։

ՂՐՂԶՍՏԱՆ | Կրոնի ազատություն. իրավական կարգավիճակ

2015 թ. օգոստոսի 9-ին Ղրղզստանի Օշ քաղաքում տասը ոստիկաններ ներխուժեցին այն շինություն, որտեղ ժողովի հանդիպում էր անցկացվում։ Նրանք պահանջեցին, որ հանդիպումն անմիջապես դադարեցվի, և անգամ սպառնացին, որ կկրակեն այնտեղ գտնվող մարդկանց վրա, որոնց թիվը 40-ից ավելի էր։ Ոստիկանները տասը եղբոր տարան բաժանմունք, որտեղ նրանցից իննի հանդեպ դաժան վերաբերմունք դրսևորեցին, ծեծի ենթարկեցին, ինչից հետո ազատ արձակեցին։ Երկու օր անց ոստիկանները ապօրինի կրոնական գործունեությամբ զբաղվելու՝ ժողովի հանդիպում անցկացնելու մեղադրանքով ձերբակալեցին Նուռլան Ուսուպբաևին՝ այն եղբայրներից մեկին, ում դաժանաբար ծեծել էին։

Երբ եղբայր Ուսուպբաևի դեմ հարուցված գործը քննվեց Օշի քաղաքային դատարանում, դատավորը որոշեց, որ նրա մեղքը հիմնավորող որևէ ապացույց չկա, և գործը կարճեց։ Դատախազը բողոք ներկայացրեց Օշի շրջանային դատարան, սակայն դատարանը մերժեց նրա բողոքը և որոշեց, որ եղբայր Ուսուպբաևը չի կարող մեղավոր ճանաչվել ապօրինի կրոնական գործունեությամբ զբաղվելու մեջ, քանի որ Եհովայի վկաների կրոնական կազմակերպությունը Ղրղզստանում օրինականապես գրանցված է։

Դատախազը չհանձնվեց և վճիռը բողոքարկեց Ղրղզստանի գերագույն դատարան։ Հուրախություն եղբայր Ուսուպբաևի՝ դատարանը 2016 թ. մարտին կարճեց գործը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի և վերաքննիչ դատարանների դրական վճիռները, և ևս մեկ անգամ սահմանեց, որ Եհովայի վկաները իրավունք ունեն կրոնական հանդիպումներ անցկացնելու Ղրղզստանում։ Օշի ոստիկանների դեմ տուժածների ներկայացրած գործը դեռ պետք է քննվի դատարաններում։

ՌՈՒՍԱՍՏԱՆ | Կրոնի ազատություն

Ռուսաստանի կառավարությունը շարունակում է անողոքաբար հարձակումներ գործել Եհովայի վկաների ու նրանց կրոնական գործունեության դեմ, չնայած որ այդ երկրում մարդու իրավունքներով զբաղվող համապատասխան մարմինները դեմ են դրան։ Վերջին տվյալներով՝ իշխանությունները մեր հրատարակություններից 88-ը ծայրահեղական են հայտարարել և արգելել են Եհովայի վկաների jw.org պաշտոնական կայքը։ 2015 թ.-ին մաքսատան աշխատակիցները թույլ չտվեցին ներմուծել «Աստվածաշնչի նոր աշխարհ թարգմանությունը»։ Վիբորգի դատարանը քննում է Աստվածաշնչի այս ժամանակակից թարգմանությունը ծայրահեղական ճանաչելու գործը։ 2016 թ. մարտին գլխավոր դատախազությունը հանդուգն քայլ ձեռնարկեց՝ սպառնալով լուծարել Սանկտ Պետերբուրգից ոչ հեռու՝ Սոլնեչնոյում գտնվող Եհովայի վկաների վարչական կենտրոնը «ծայրահեղական գործունեություն» ծավալելու համար։

Չնայած Եհովայի վկաների դեմ ագրեսիվ արշավին, որին աջակցում է պետությունը՝ կան նաև լավ լուրեր։ 2015 թ. հոկտեմբերին դատախազը գործ հարուցեց լուծարելու համար Տյումենի (Մոսկվայից մոտ 2 000 կիլոմետր [1 300 մղոն] դեպի արևելք) տեղի կրոնական կազմակերպությունը (ՏԿԿ)։ Չնայած այն փաստին, որ ոստիկանությունը կեղծել էր Վկաների դեմ ներկայացված ապացույցները, Տյումենի շրջանային դատարանը մեղավոր ճանաչեց Տյումենի ՏԿԿ-ն։ Սակայն 2016 թ. ապրիլի 15-ին Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանը բեկանեց ստորին ատյանի որոշումը և վճռեց, որ «հիմքեր չկան լուծարելու Եհովայի վկաների՝ Տյումեն քաղաքի ՏԿԿ-ն»։ Երբ նախագահող դատավորը կարդաց վճիռը, դատարանում հավաքված 60 եղբայրներն ու քույրերը, ոտքի կանգնած, բարձր ծափահարեցին։

Ռուսաստանում բնակվող Եհովայի ժողովուրդը վճռական է շարունակել երկրպագել նրան՝ չնայած իր «դեմ շինած [ցանկացած] զենքի» (Ես. 54։17

ՌՈՒԱՆԴԱ | Կրթություն ստանալու իրավունք՝ զերծ կրոնական խտրականությունից

Վերջին տարիներին Ռուանդայում Վկա դպրոցականներին հեռացնում են դպրոցներից այն պատճառով, որ նրանք հրաժարվում են դպրոցում կրոնական կամ հայրենասիրական արարողությունների մասնակցելուց։ Այս խնդիրը լուծելու համար 2015 թ. դեկտեմբերի 14-ին կառավարությունը ընդունեց մի որոշում, որի նպատակն էր վերացնել դպրոցներում կրոնական խտրականության դրսևորումները։ Այդ որոշումը դպրոցներին կոչ է անում հարգելու աշակերտների դավանանքի ազատությունը։

2016 թ. հունիսի 9-ին jw.org կայքի «Լրատվություն» բաժնում հրատարակվեց «Ռուանդան պաշտպանում է դպրոցներում կրոնական խտրականությունից զերծ լինելու իրավունքը» վերնագրով մի հոդված։ Հետաքրքիր է, որ Ռուանդայում հայտնի օնլայն մի թերթում նույնպես հրատարակվեց այդ հոդվածը։ Թերթի կայքը շուտով ավելի քան 3 000 դիտող ունեցավ, և շատ ընթերցողներ դրական մեկնաբանություններ թողեցին կառավարության ձեռնարկած քայլի համար։ Ռուանդայի Վկաները ուրախ են այդ որոշման համար, որը իրենց երեխաներին թույլ է տալիս կրթություն ստանալ՝ զերծ լինելով կրոնական խտրականությունից։

Նրանք վերադարձան դպրոց (Ռուանդա)

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱ | Խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարում

Ավելի քան 60 տարի է, ինչ Հարավային Կորեայում 19–35 տարեկան Վկա տղամարդիկ բախվում են զինծառայություն անցնելու խնդրին։ Հարավային Կորեայի կառավարությունը չի ճանաչում խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվելու իրավունքը և չի առաջարկում որևէ այլընտրանք՝ զինվորական ծառայության փոխարեն։ Որոշ դեպքերում մի քանի սերունդ՝ պապը, հայրը և որդին, զինծառայությունից հրաժարվելու պատճառով ազատազրկվել են՝ չունենալով այլընտրանք։

Սահմանադրական դատարանը երկու անգամ որոշում է կայացրել, որ «Զինծառայության մասին օրենքը» սահմանադրական է։ Սակայն ստորին ատյանի դատարանները և այդ օրենքի պատճառով պատիժ կրած մարդիկ այդ հարցը կրկին ներկայացրին Սահմանադրական դատարան։ Արդյունքում՝ 2015 թ. հուլիսի 9-ին Դատարանը քննեց այն փաստարկները, որ բերվում են հօգուտ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվողների։ Եղբայր Մին-հվան Կիմը, որը 18 ամիս բանտում է անցկացրել այն պատճառով, որ իր խիղճը իրեն թույլ չի տվել զինծառայություն անցնելու, ասում է. «Ես պատժի եմ ենթարկվել և հետո ազատ եմ արձակվել բանտից։ Սակայն հուսով եմ, որ խղճի հիմնավորմամբ զինծառայությունից հրաժարվող բազմաթիվ այլ անհատներ պատժի չեն ենթարկվի։ Եթե նրանց թույլ տրվի կատարել այլընտրանքային քաղաքացիական ծառայություն, նրանք կկարողանան օգուտ բերել հասարակությանը»։ Սահմանադրական դատարանը շուտով կկայացնի իր որոշումը։

ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ | Բահրամ Հեմդեմով

53-ամյա եղբայր Հեմդեմովը ամուսնացած է և ունի չորս որդի։ Նա Աստծուն սիրող եռանդուն անձնավորություն է և հարգված մարդ է իր բնակավայրում։ 2015 թ. մայիսին դատարանը չորս տարվա ուղղիչ աշխատանքների դատապարտեց նրան իր տանը «ապօրինի» կրոնական հավաքույթ անցկացնելու համար։ Նա ազատազրկված է Սեյդի քաղաքի տխրահռչակ ուղղիչ-աշխատանքային հիմնարկում, որտեղ ղեկավարության կողմից մի քանի անգամ հարցաքննության և դաժան ծեծի է ենթարկվել։ Սակայն եղբայր Հեմդեմովը պահել է Եհովա Աստծու հանդեպ իր հավատարմությունը։ Նրա ընտանիքը նույնպես հավատարիմ է մնում Աստծուն։ Նրա կինը՝ Գուլզիրան, ժամանակ առ ժամանակ այցելում է նրան և քաջալերում։

Ինչպես տեսնում ենք, Եհովայի ծառաները շարունակում են փորձության ներքո փաստել իրենց նվիրվածությունը, և մենք աղոթում ենք նրանց համար։ Նրանց օրինակը մղում է մեզ ավելի նվիրված լինելու Աստծուն և վստահելու Սաղմոս 37։28-ում արձանագրված հետևյալ խոստմանը. «[Նա] չի լքի իրեն նվիրվածներին»։