Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԻՆԴՈՆԵԶԻԱ

Վաղ շրջանի քարոզչական մեթոդները

Վաղ շրջանի քարոզչական մեթոդները

Ռադիոհեռարձակումներ

ԵՂԲԱՅՐՆԵՐԸ 1933թ.-ին քայլեր ձեռնարկեցին, որ Ջակարտայի ռադիոկայաններից մեկով հեռարձակվեն եղբայր Ռադերֆորդի ռադիոելույթների անգլերեն ձայնագրությունները։ Բացի այդ, ռադիոեթերով հնչում էին հոլանդերեն ելույթներ, որոնք ընթերցում էր ճշմարտությամբ հետաքրքրվող մի մարդ։ Այս հեռարձակումները մեծ հետաքրքրություն էին առաջացնում, ինչի շնորհիվ եղբայրները ավելի շատ գրականություն էին տարածում քարոզչական ծառայության ժամանակ։

Երբ ռադիոկայանը հեռարձակեց եղբայր Ռադերֆորդի՝ «Ինչպես է սուրբ տարին անդրադարձել խաղաղության և բարեկեցության վրա» վերնագրով ազդեցիկ ելույթը, կաթոլիկ հոգևորականների համբերության բաժակը լցվեց։ a Իրենց կամակատարների միջոցով նրանք եղբայր Դը Շումաքերին, որը ռադիոկայանին տվել էր ելույթի ձայնագրությունը, մեղադրեցին «զրպարտության, ծաղրի, ինչպես նաև թշնամանք սերմանելու մեջ»։ Եղբայր Դը Շումաքերը վճռականորեն պաշտպանեց իրեն՝ հերքելով բոլոր մեղադրանքները, բայց դատարանը վճռեց, որ նա պետք է 25 գուլդեն b տուգանք վճարի և փակի դատական ծախսերը։ Երեք հայտնի թերթեր գրեցին այդ դատաքննության մասին, և դրա շնորհիվ ավելի մեծ վկայություն տրվեց։

«Լուսակիրը»

1935թ. հուլիսի 15-ին Ջակարտայում ափ իջավ Դիտարանի ընկերության 16-մետրանոց առագաստանավը՝ «Լուսակիրը»։ Այն դուրս էր եկել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքից և 6 ամիս շարունակ քարոզչական շրջագայության մեջ էր եղել։ Նավով ճամփորդում էին յոթ նախանձախնդիր ռահվիրաներ, որոնք վճռել էին բարի լուրը տարածել ողջ Ինդոնեզիայում, Սինգապուրում և Մալայզիայում։

Ավելի քան երկու տարի ռահվիրաները «Լուսակիր» առագաստանավով գնում էին Ինդոնեզիայի մեծ ու փոքր նավահանգիստներ՝ տարածելով մեծ քանակությամբ աստվածաշնչյան գրականություն։ Ժան Դեյշանը պատմում է, որ երբ նավը մտնում էր որևիցե փոքր նավահանգիստ, «անձնակազմը միացնում էր ձայնի վերարտադրման սարքը և հնչեցնում Ջ. Ֆ. Ռադերֆորդի՝ Դիտարանի ընկերության այն ժամանակվա նախագահի ելույթներից որևէ մեկը։ Պատկերացրեք այդ մեկուսի վայրերում ապրող մալայացի գյուղացիների արձագանքը, երբ տեսնում էին իրենց նավահանգստին մոտեցող մեծ առագաստանավը, իսկ հետո լսում օդում տարածվող հզոր ձայնը։ Նրանք այնպես էին զարմանում, ասես թռչող ափսե տեսած լինեին»։

Եղբայրների տված լայնածավալ վկայությունը հարուցեց հոգևորականների զայրույթը, և վերջիններիս ճնշման տակ իշխանություններն ի վերջո արգելեցին, որ «Լուսակիրը» մտնի Ինդոնեզիայի շատ նավահանգիստներ։ 1937թ. դեկտեմբերին առագաստանավը վերադարձավ Ավստրալիա։ «Լուսակիրի» միջոցով Ինդոնեզիայում լայնածավալ միսիոներական գործունեություն իրականացվեց։

«Լուսակիր» առագաստանավի անձնակազմը

a Եղբայր Ռադերֆորդի ելույթում մերկացվում էին Հռոմի կաթոլիկ եկեղեցու կեղծ ուսմունքները և նրա քաղաքական ու առևտրական գործունեությունը։

b Համարժեք է ներկայիս 300 ԱՄՆ դոլարին։