ԻՆԴՈՆԵԶԻԱ
Հպարտորեն հռչակում ենք Եհովայի անունը
Արգելքի երկար տարիների ընթացքում Ինդոնեզիայի եղբայրները, իմաստություն դրսևորելով, հետևում էին Հիսուսի տված խորհրդին. «Զգույշ եղեք օձերի պես և աննենգ՝ աղավնիների պես» (Մատթ. 10։16)։ Բայց երբ արգելքը հանվեց, շատերը կարիք ունեին սովորելու համարձակությամբ քարոզել (Գործ. 4։31)։
Օրինակ՝ որոշ եղբայրներ վարանում էին տնից տուն քարոզել ու կենտրոնացել էին վերայցելությունների և ուսումնասիրությունների վրա։ Ուրիշներն էլ չէին ուզում քարոզել մուսուլմաններին։ Շատերը չէին ներկայանում որպես Եհովայի վկա, այլ պարզապես ասում էին, որ քրիստոնյա են։ Աստվածաշնչի՝ ինդոնեզերեն «Նոր աշխարհ թարգմանությունը» a օգտագործելու փոխարեն՝ նրանք օգտվում էին քրիստոնյա եկեղեցիների կողմից թարգմանված Աստվածաշնչերից։ Ոմանք էլ ազատորեն չէին բաժանում մեր գրականությունը։
Այդ սովորություններից մի քանիսը մնացել էին արգելքի տարիներից։ Մի քանիսն էլ ձևավորվել էին տեղի մշակույթի ազդեցության տակ. ինդոնեզացիները սովորաբար խուսափում են ընդհարումներից և գերադասում են զիջումների գնալ ու զգուշություն դրսևորել։ Ինչպե՞ս կարելի էր օգնել եղբայրներին։
Եհովան օգնեց նրանց հոգևորապես հասուն եղբայրների միջոցով (Եփես. 4։11, 12)։ Օրինակ՝ 2010թ.-ին Կառավարիչ մարմնի անդամ Ստիվեն Լեթը հորդորեց հռչակել Աստծու անունը՝ ծառայության ժամանակ ազատորեն օգտագործելով «Նոր աշխարհ թարգմանությունը»։ Միսիոներ Բիրենս Միշան ասում է. «Եղբայր Լեթի ելույթը մեծ ազդեցություն թողեց շատ քարոզիչների վրա։ Նրանք հասկացան, որ պետք է անվախորեն ներկայանան որպես Եհովայի վկաներ և հպարտորեն պաշտպանեն Աստծու Խոսքը»։
Մուսուլման ինդոնեզացիները Եհովայի վկաներին հաճախ շփոթում են քրիստոնյա եկեղեցիների անդամների հետ, ուստի «Թագավորական ծառայություն» թերթիկում տրվեց հետևյալ օգտակար առաջնորդությունը. «Հաճախ լավագույն մոտեցումը այն է, որ զրույցի հենց սկզբում ներկայանանք որպես Եհովայի վկաներ.... Մենք հպարտ ենք, որ ներկայացնում ենք Եհովային և ցանկանում ենք մեր տարածքի մարդկանց հայտնել նրա անունը և նպատակները»։ Կաուամոտո Շինսուկին, որը ծառայում է Ինդոնեզիայի մասնաճյուղում, ասում է. «Այս ուղիղ, բայցև նրբանկատ մոտեցումը լավ արդյունքներ է բերում։ Շատ մուսուլմանների հետաքրքրում է, թե ովքեր են Եհովայի վկաները։ Նրանք ցանկանում են իմանալ, թե ինչով ենք մենք տարբերվում մյուս կրոնների մարդկանցից։ Սա վկայություն տալու լավ առիթ է ստեղծում»։
Քարոզիչներին նաև հորդոր տրվեց ավելի շատ տարածել «Դիտարան» և «Արթնացե՛ք» ամսագրերը։ Մասնաճյուղի կոմիտեի կոորդինատոր Լոտար Միհանկն ասում է. «Մարդիկ պետք է ընթերցեն մեր ամսագրերը, որպեսզի իմանան, թե ովքեր ենք մենք։ Ամսագրերը հող են նախապատրաստում և մղում են մարդկանց ավելի լավ արձագանքելու մեր հայտնած լուրին։ Դրանք ամենուր տարածելով՝ ավելի շատ մարդկանց հնարավորություն կտանք իմանալու Եհովայի մասին»։
Հրապարակային վկայությունը լավ արդյունքներ է բերում
2013թ.-ին Ինդոնեզիայի մասնաճյուղը Կառավարիչ մարմնի հավանությամբ գործի դրեց երկու նոր քարոզչական մեթոդ՝ հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքներում և հրապարակային վկայություն, որը կազմակերպում է տեղի ժողովը իր տարածքում։ Այս նոր մեթոդները հնարավորություն են տալիս, որ Ինդոնեզիայում ավելի շատ մարդիկ լսեն բարի լուրը։
Երբ առաջին անգամ կազմակերպվեց հատուկ հրապարակային վկայություն մեծ քաղաքներում, գրականության առաջին սեղանը դրվեց էլեկտրական սարքավորումների առևտրի մեծ կենտրոնում, որը գտնվում է Ջակարտայի արևմտյան շրջանում։ Այնուհետև տեղի ժողովներից յուրաքանչյուրը սկսեց իր տարածքում կազմակերպել հրապարակային վկայություն՝ մարդաշատ վայրերում տեղադրելով ցուցատախտակներ
ու գրականության սեղաններ։ Մեկ տարի անց Ինդոնեզիայի քաղաքներում արդեն օգտագործվում էին ավելի քան 400 շարժական ցուցատախտակ և գրականության սեղան։ Ինչպիսի՞ն էին արդյունքները։Ջակարտայի երեցներից մեկը՝ Յուսակ Ունիպլեյտան ասում է. «Մինչև հրապարակային վկայություն սկսելը մեր ժողովը ամեն ամիս պատվիրում էր 1200 ամսագիր, վեց ամիս անց՝ 6000։ Իսկ այսօր ամեն ամիս պատվիրում ենք 8000 ամսագիր։ Մենք նաև տարածում ենք բազմաթիվ գրքեր և գրքույկներ»։ Մեդանում (Հյուսիսային Սումատրա) ռահվիրաների մի փոքր խումբ երեք առանձին վայրերում շարժական ցուցատախտակներ տեղադրեց։ Առաջին ամսվա ընթացքում նրանք տարածեցին 115 գիրք և մոտ 1800 ամսագիր։ Երկու ամիս հետո մոտ 60 ռահվիրաներ 7 տարբեր վայրերում հրապարակային վկայության ժամանակ տարածեցին ավելի քան 1200 գիրք և 12400 ամսագիր։ Ջեսի Կլարկ անունով մի միսիոներ ասում է. «Քարոզչական այս նոր մեթոդները ոգևորում են քարոզիչներին և ցույց են տալիս, թե ինչ մեծ հոգևոր աճ կարող է լինել Ինդոնեզիայում։ Հրապարակային վկայությունը մեր ծառայության անբաժանելի մասն է դարձել»։
Հոգևոր կերակուր՝ սրտին հարազատ լեզվով
Ինդոնեզիան գտնվում է լեզվական մեծ բազմազանությամբ աչքի ընկնող տարածաշրջաններից մեկում։ b Ճիշտ է, բնակչության մեծ մասը խոսում է ինդոնեզերեն, որը երկրի պետական լեզուն է, բայց շատերը խոսում են նաև իրենց ցեղախմբի լեզվով, որը ավելի հարազատ է իրենց սրտին։
2012թ.-ին մասնաճյուղը որոշեց պարզել, թե այդ բազմալեզու դաշտի որ լեզուներով գրականություն թարգմանելու ավելի մեծ կարիք կա։ Թոմ վան Լիմպուտենը ասում է. «Մենք սկսեցինք գրականությունը թարգմանել 12 տեղի լեզուներով, որոնցով խոսում է մոտ 120 միլիոն մարդ։ Երբ ճավայերեն լեզվի թարգմանիչները առաջին անգամ տեսան ճավայերեն թերթիկը, սկսեցին ուրախությունից լաց լինել։ Վերջապես նրանք ունեցան հոգևոր կերակուր իրենց մայրենի լեզվով»։
Չնայած դրան՝ բազմաթիվ ժողովներ շարունակում էին հանդիպումներն անցկացնել ինդոնեզերենով, անգամ այն վայրերում, որտեղ մարդկանց մեծ մասը խոսում էր տեղի լեզվով։ Լոտար Միհանկը պատմում է. «2013թ.-ին ես ու կինս՝ Կարմենը, մասնակցեցինք երկօրյա համաժողովի, որը տեղի ունեցավ Նիաս կղզում (Հյուսիսային Սումատրա)։ 400 ներկաների մեծ մասը խոսում էր նիասերեն, բայց ելույթները ներկայացվում էին ինդոնեզերենով։ Հռետորների հետ խորհրդակցելուց հետո ունկնդիրներին ասացինք, որ հաջորդ օրվա ծրագիրը կներկայացվի նիասերեն։ Այդ օրը ներկա եղավ ավելի քան 600 մարդ»։ Կարմենն ասում է. «Ակնհայտ էր, որ այդ օրը, երբ ծրագիրը ներկայացվում էր նիասերենով, ունկնդիրները ավելի ուշադիր էին լսում, քան նախորդ օրը, երբ ելույթները հնչում էին ինդոնեզերենով։ Նրանք այնքան ուրախ էին, որ կարողանում էին աստվածաշնչյան լուրը լսել իրենց մայրենի լեզվով և ամբողջությամբ հասկանալ այն»։
Այժմ Ինդոնեզիայում նույնիսկ խուլ ու համր մարդիկ կարող են ճշմարտությունը «լսել» իրենց լեզվով։ 2010թ.-ից սկսած՝ ինդոնեզերեն ժեստերի լեզվի թարգմանչական խումբը թարգմանեց յոթ գրքույկ և ութ թերթիկ այդ լեզվով։ Բացի այդ, մասնաճյուղը կազմակերպեց 24 ժեստերի լեզվով դասընթացներ, որոնց շնորհիվ վերապատրաստում անցավ ավելի քան 750 հոգի։ Այսօր 23 ժեստերի լեզվով ժողովներ և խմբեր հոգևոր օգնություն են ցույց տալիս Ինդոնեզիայում ապրող մոտ երեք միլիոն խուլ ու համր մարդկանց։
Այժմ Թարգմանչական բաժնում կա 37 թիմ։ Ինդոնեզիայի 19 տարբեր վայրերում ընդհանուր առմամբ աշխատում են 117 թարգմանիչներ և 50 քույր-եղբայրներ, որոնք այլ անհրաժեշտ գործեր են կատարում։
a Ինդոնեզերենով ամբողջական «Նոր աշխարհ թարգմանությունը» լույս տեսավ 1999թ.-ին։ Այս նախագծի վրա թարգմանիչները աշխատեցին 7 տարի, ընդ որում այն ժամանակաշրջանում, երբ քարոզչական գործը արգելքի տակ էր։ Մի քանի տարի հետո լույս տեսավ «Աստվածաշնչի ըմբռնում» երկհատոր հանրագիտարանը և «Դիտարանի գրադարան» կոմպակտ սկավառակը ինդոնեզերենով։ Սա իսկապես որ մեծ ձեռքբերում էր։
b Ինդոնեզիայում խոսում են 707 լեզվով, իսկ հարևան Պապուա Նոր Գվինեայում՝ 838 լեզվով։