ԴՈՄԻՆԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Քսաներկու հոգի թողեց եկեղեցին
ԳԵՐՄԱՆ ԳՈՄԵՐԱՆ ընտանիքում 11 երեխաներից 10-րդն էր։ Երբ նրա հայրը և երկու քույրերը մահացան, մայրը՝ Լուիսան, երեխաների հետ տեղափոխվեց քաղաք։ Այնտեղ նրանք սկսեցին հաճախել մենոնիտների եկեղեցի։ Գերմանի քեռիները իրենց ընտանիքներով այդ եկեղեցու անդամներ էին։
«1962 թ.-ին հատուկ ռահվիրա մի զույգ եկավ մեր քաղաք,— պատմում է Գերմանը։— Ասում էին, թե նրանք սատանայական ուսմունքներով պառակտություն են գցում հասարակության մեջ։ Սակայն երբ նրանք թակեցին Պինյաների տան դուռը, նրանց ներս հրավիրեցին։ Պինյաների ընտանիքը բազմանդամ էր։ Ռահվիրա զույգի բարությունից և անմիջականությունից տպավորված՝ նրանք ուշադրությամբ լսեցին նրանց։ Արդյունքում Պինյաների ընտանիքը և իմ երեք մեծ քույրերը սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել։
Մի օր, երբ նրանք այցելեցին Պինյաներին, հրավիրեցին նաև մորս։Նրանք խոսեցին երկրի վրա հավիտյան ապրելու մասին և Աստվածաշնչից կարդացին այդ մտքին թիկունք կանգնող համարներ։ Մայրս հարցրեց. «Այդ դեպքում ինչո՞ւ են եկեղեցում մեզ ասում, որ գնալու ենք երկինք»։ Եղբայրը Աստվածաշնչով ցույց տվեց, որ երկրի վրա հարություն է լինելու, ինչը մայրս ուրախությամբ ընդունեց և իր լսածը սկսեց պատմել ուրիշներին։
Երբ մենոնիտների հովիվներն իմացան, որ իրենց եկեղեցու անդամները Աստվածաշունչ են ուսումնասիրում Եհովայի վկաների հետ, սկսեցին ագրեսիվ և սպառնալից խոսքերով համոզել նրանց հետ կանգնել այդ քայլից։ Պինյաների ընտանիքի մայրը՝ Մաքսիմինան ասաց. «Լսե՛ք, ես չափահաս մարդ եմ և իրավունք ունեմ ինքնուրույն որոշում կայացնելու»»։
«Վերջ ի վերջո,— ասում է Գերմանը,— 22 հոգի թողեց մենոնիտների եկեղեցին և սկսեց հաճախել ժողովի հանդիպումներին, որոնք տեղի էին ունենում վարձակալած բնակարանում։ Մայրս մկրտվեց 1965 թ.-ին, իսկ ես չորս տարի անց՝ 1969 թ.-ին, երբ 13 տարեկան էի»։