ԱՆՑԱԾ ՏԱՐՎԱ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Երբևէ եղած ամենամեծ հանդիպումը
2013 ԹՎԱԿԱՆԻ հոկտեմբերի 5-ին՝ շաբաթ օրը, տեղի ունեցավ «Աստվածաշնչի և թերթիկի Դիտարան ընկերության» (Փենսիլվանիա) 129-րդ տարեկան հանդիպումը, որին ներկա եղավ և ինտերնետային հեռարձակմամբ 21 երկրներում դիտեց 257 294 մարդ։ Իսկ մինչև երկուշաբթի ծրագրի տեսագրությունը դիտեցին նաև այլ երկրներում ապրող Վկաներ։ Ընդհանուր առմամբ տարեկան հանդիպման ծրագիրն ունկնդրեց 1 413 676 մարդ 31 երկրներում։ Ունկնդիրների թվով սա Եհովայի վկաների ամենամեծ հանդիպումն էր։
1920-ականներից Եհովայի վկաները հեռարձակել են իրենց համաժողովները հեռախոսակապի և ռադիոյի միջոցով։ Այժմ ինտերնետը հնարավորություն է տալիս նույնիսկ ամենահեռավոր տարածքներում ապրող մարդկանց տեսնել
իրենցից շատ հեռու կատարվող դեպքերը դրանց տեղի ունենալու ընթացքում կամ անմիջապես հետո։Եհովայի վկաների տարբեր մասնաճյուղերում որոշ բեթելցիներ մեկ տարուց ավել աշխատել են այս ինտերնետ հեռարձակումը կազմակերպելու վրա։ Տարեկան հանդիպման օրը և հաջորդ օրը՝ շաբաթ և կիրակի, մասնագետները Բրուքլինից՝ վերահսկիչ կենտրոնից, ժամեր շարունակ հետևում էին հեռարձակման ողջ ընթացքին, քանի որ այն ընդգրկում էր 15 ժամային գոտիներ։