Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՍԻԵՌԱ ԼԵՈՆԵ ԵՎ ԳՎԻՆԵԱ

2002-​2013 Վերջին տարիները (մաս 2)

2002-​2013 Վերջին տարիները (մաս 2)

Օգնում ենք խուլուհամրերին

Ըստ վիճակագրական տվյալների՝ Սիեռա Լեոնեում կա մոտ 3000-ից 5000 խուլուհամր, իսկ Գվինեայում՝ հարյուրավորներ։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովայի «կամքն է, որ ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն»։ Իսկ ինչպե՞ս են այս մարդիկ «լսելու» բարի լուրը (1 Տիմոթ. 2։4

«Գաղաադ» դպրոցն ավարտած միսիոներ Միշել Վաշինգտոնը, ով իր ամուսնու հետ եկել է Սիեռա Լեոնե 1998-ին, պատմում է. «Քեվինն ու ես նշանակվեցինք մի ժողով, որտեղ չորս խուլ մարդ կար։ Քանի որ կարողանում էի հաղորդակցվել ամերիկյան ժեստերի լեզվով, սկսեցի օգնել նրանց։ Հետո մասնաճյուղը խնդրեց ինձ հանդիպումների և համաժողովների ժամանակ ծրագիրը թարգմանել խուլերի համար, և այդ մասին տեղեկացրին մոտակա բոլոր ժողովներին։ Մասնաճյուղը կազմակերպեց նաև ժեստերի լեզվի դասընթաց այն քարոզիչների համար, ովքեր ուզում էին օգնել խուլերին։ Մենք սկսեցինք մեր տարածքում փնտրել խուլերին և Աստվածաշնչի ուսումնասիրություններ անցկացնել նրանց հետ։ Հասարակությունը, տեսնելով այդ մարդկանց օգնելու մեր ջանքերը, գովում էր մեզ։ Սակայն մեր գործունեությունը ոչ բոլորին էր դուր գալիս։ Մի հոգևորական, որը սպասավորություն էր անում խուլուհամրերին, հայտարարեց, որ մենք «սուտ մարգարեներ» ենք, և զգուշացրեց նրանց, որ թե՛ իրենք և թե՛ իրենց ընտանիքները հեռու մնան մեզանից։ Ոմանց նույնիսկ սպառնացին, որ եթե մեզ հետ շփվեն, ֆինանսական օգնությունից կզրկվեն։ Խուլերի համայնքը անմիջապես բաժանվեց երկու մասի՝ մի խմբում նրանք էին, ովքեր չէին հանդիպել մեզ և քահանայի կողմն էին դիրք բռնել, մյուսում նրանք էին, որոնց հետ հանդիպել էինք, և նրանք դեմ էին քահանային։ Վերջին խմբի մարդիկ ճշմարտության կողմը կանգնեցին և հետագայում մկրտվեցին»։

Ֆեմին, օրինակ, ի ծնե խուլ է։ Նա ընդամենը մի քանի ժեստ գիտեր և դրանցով էր հաղորդակցվում։ Նա շատ կասկածամիտ էր, չէր վստահում հատկապես լսող մարդկանց։ Իրեն դժբախտ ու չսիրված էր զգում։ Ժեստերի խմբի եղբայրների օգնությամբ նա սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել։ Կարճ ժամանակ անց արդեն հաճախում էր ժողովներին։ Նա սովորեց ժեստերի լեզուն, հոգևորապես առաջադիմեց, մկրտվեց և հիմա ուրախությամբ ճշմարտությունը սովորեցնում է խուլերին։

Ֆեմին Թագավորության երգ երգելիս (աջից առաջինը)

2010թ. հուլիսին Ֆրիթաունի ամերիկյան ժեստերի խումբը դարձավ ժողով։ Այսօր ժեստերի լեզվով խմբեր կան Բո և Կոնակրի քաղաքներում։

Աղքատ, բայց հարուստ «հավատի մեջ»

Աստվածաշնչից իմանում ենք, որ առաջին դարի քրիստոնյաների մեծ մասը աղքատ է եղել։ Հակոբոսի նամակում կարդում ենք. «Չէ՞ որ նրանց, ում աշխարհը աղքատ է համարում, Աստված ընտրեց, որպեսզի հարուստ լինեն հավատի մեջ» (Հակ. 2։5)։ Եհովայի հանդեպ հավատը հույսով ու մխիթարությամբ է լցրել Սիեռա Լեոնեում և Գվինեայում ապրող քարոզիչներին։

Հավատն է, որ հեռավոր տարածքներում ապրող Վկաներին մղում է ամիսներ շարունակ խնայողություններ անել մարզային համաժողովներին մասնակցելու համար։ Ոմանք մշակաբույսեր են ցանում՝ բերքից ստացված եկամտով ճանապարհածախսը հոգալու համար։ Կան Վկաներ, ովքեր 20–30 հոգանոց խմբեր են կազմում և, չնայած շոգին, փոքր բեռնատարներում խցկված, 20 ժամից ավել ճամփորդում են խորդուբորդ ու փոշոտ ճանապարհներով՝ համաժողովի վայր հասնելու համար։ Որոշ պատվիրակներ ոտքով են անցնում երկար տարածություններ։ Մի եղբայր պատմում է. «Ճանապարհի 80 կիլոմետրը անցանք ոտքով։ Մեզ հետ վերցրել էինք նաև մեծ քանակությամբ բանան։ Դրանք ճանապարհին ծախեցինք։ Հա՛մ մեր բեռը թեթևացավ, հա՛մ էլ փող ունեցանք, որ մնացած ճանապարհը բեռնատարով գանք»։

Բեռնատարով գնում են մարզային համաժողով

Հավատը մղել է նաև շատ քարոզիչների, որ չտրվեն տնտեսապես զարգացած երկրներ տեղափոխվելու գայթակղությանը։ «Մենք վստահ ենք, որ Եհովան կհոգա մեր կարիքները,— ասում է Էմանուել Պատոնը, ով ավարտել է ամուրի եղբայրների համար Աստվածաշնչյան դպրոցը։— Ապրելով մի երկրում, որտեղ քարոզիչների մեծ կարիք կա, մենք հասկանում ենք, որ մեր ծառայությունը առանձնակի կարևորություն ունի» (Մատթ. 6։33)։ Էմանուելն այժմ երեց է և իր կնոջ՝ Յունիսի հետ եռանդորեն ծառայում է Թագավորության շահերին ի նպաստ։ Որոշ եղբայրներ էլ իրենց ընտանիքների միասնությունը և հոգևոր կայունությունը պահպանելու համար որոշել են չգնալ ուրիշ երկիր։ «Ես հրաժարվեցի մի աշխատանքի առաջարկից, որի պատճառով պարբերաբար երկար ժամանակով հեռու կլինեի ընտանիքիցս,— ասում է Տիմըթի Նյուման, ով հատուկ ռահվիրա և շրջանային վերակացուի փոխարինող է։— Ես ու կինս՝ Ֆլորենսն ենք զբաղվում մեր հինգ երեխաների կրթությամբ և չենք ուղարկում նրանց այլ վայր՝ սովորելու, քանի որ չենք ուզում՝ ուրիշները մեծացնեն նրանց»։

Մեր եղբայրներն ու քույրերը հավատ են դրսևորել՝ ակտիվորեն ներգրավված մնալով քրիստոնեական գործունեության մեջ՝ չնայած տարբեր դժվարություններին։ Քեվին Վաշինգտոնը ասում է. «Ոմանք կանոնավորաբար մասնակցում են ծառայությանը և կատարում են ժողովի իրենց պատասխանատվությունները, թեև այնպիսի դժվարություններ ունեն, որոնց պատճառով մենք գուցե վհատվեինք ու մնայինք տանը։ Օրինակ՝ կան հավատակիցներ, ովքեր քրոնիկ հիվանդությամբ են տառապում և չեն կարող բուժօգնություն ստանալ կամ դեղորայք ձեռք բերել, որը այլ վայրերում շատ մատչելի է։ Ոմանք էլ մեծ ջանքեր են թափում, որպեսզի գրաճանաչ դառնան։ Եթե մի եղբոր ներկայացրած ելույթ ինձ դուր չի գալիս, հարցնում եմ ինքս ինձ. «Եթե ես էլ ամբողջ օրն աշխատեի, առողջական լուրջ խնդիրներ ունենայի, աչքերս լավ չտեսնեին ու ակնոց չունենայի, եթե չունենայի մեր գրականության հարուստ գրադարանը, էլեկտրականություն էլ չլիներ, կկարողանայի՞ գոնե նրա նման ներկայացնել այդ ելույթը»։

Այսպես և էլի շատ ուրիշ կերպերով Սիեռա Լեոնեի և Գվինեայի եղբայրներն ու քույրերը փառք են բերում Եհովային։ Առաջին դարի քրիստոնյաներին նման՝ նրանք երաշխավորում են իրենց որպես Աստծու ծառաներ՝ «համբերությամբ հանձն առնելով շատ փորձություններ՝ նեղություններ»։ Նրանք աղքատ են, սակայն շատերին են հարստացնում, համարվում են ոչինչ չունեցողներ, բայց ամեն ինչ ունեն (2 Կորնթ. 6։4, 10

Վստահությամբ ենք նայում ապագային

Ավելի քան 90 տարի առաջ Ալֆրեդ Ջոզեֆը և Լեոնարդ Բլակմանը հայտնեցին, որ Սիեռա Լեոնեի արտերը «սպիտակել են հնձի համար» (Հովհ. 4։35)։ Դրանից մոտ 35 տարի անց Մանուել Դիոգոն Գվինեայից գրեց. «Այստեղ հետաքրքրությունը շատ մեծ է»։ Այսօր էլ այս երկու երկրներում ապրող Եհովայի ծառաները ավելի քան համոզված են, որ դեռևս շատ-շատերը կարձագանքեն բարի լուրին։

2012թ.-ին Գվինեայում Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոյին ներկա եղան 3479 հոգի, որը ավելի քան 4,5 անգամ գերազանցում է երկրում քարոզիչների ընդհանուր թվին։ Իսկ 2030 քարոզիչ ունեցող Սիեռա Լեոնեում Երեկոյին ներկա եղան 7854 հոգի, քարոզիչների թվից մոտ 4 անգամ շատ մարդ։ Հիշատակի երեկոյին ներկա վաղուցվա Վկաներից մեկը 93-ամյա Ուինիֆրեդ Ռեմին էր։ Նա և իր ամուսինը՝ Լիչվիլդը, եկել էին Սիեռա Լեոնե 1963-ին։ Թեև նա 60 տարի անցկացրել է լիաժամ ծառայության մեջ, բայց դեռ շարունակում է ծառայել որպես հատուկ ռահվիրա։ Ուինիֆրեդն ասում էր. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Սիեռա Լեոնեում այսքան շատ հոգևորապես ամուր եղբայրներ և քույրեր կլինեն։ Թեև արդեն մեծ եմ, բայց ցանկանում եմ իմ բաժինը բերել այս ուրախալի աճին» a։

Սիեռա Լեոնեի և Գվինեայի Վկաները ունեն այն ցանկությունը, որն ուներ քույր Ուինիֆրեդը։ Սաղարթախիտ ու փարթամ ծառերի պես՝ նրանք շարունակում են պտուղներ բերել Եհովայի փառքի համար (Սաղ. 1։3)։ Եհովայով զորանալով՝ նրանք վճռական են հռչակելու մարդկության ազատության իրական հույսը՝ «Աստծու զավակների փառահեղ ազատության» լուրը (Հռոմ. 8։21

Երկրի կոմիտեն՝ Քոլին Աթթիք, Ալֆրեդ Գուն, Թամբա Ջոսայա և Դելռոյ Ուիլյամսոն (ձախից աջ)

a Ուինիֆրեդ Ռեմին հեռացավ կյանքից, երբ պատրաստվում էր այս նյութը։