Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑ 4

Ինչպե՞ս վարվեմ, եթե սխալ բան եմ արել

Ինչպե՞ս վարվեմ, եթե սխալ բան եմ արել

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Սխալներդ ընդունելը կօգնի, որ ավելի պատասխանատու և վստահելի անձնավորություն դառնաս։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Ընկերների հետ խաղալիս Արթուրը գնդակով պատահաբար կոտրում է հարևանի մեքենայի դիմապակին։

Եթե դու լինեիր Արթուրի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

ԴՈՒ ՈՒՆԵՍ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ

  1. Փախչել։

  2. Մեղքը գցել ուրիշի վրա։

  3. Պատմել հարևանին պատահածի մասին և փոխհատուցում առաջարկել։

1-ին տարբերակը գուցե ավելի ցանկալի թվա։ Սակայն արժե ընդունել սխալը, ինչ էլ որ դա լինի, և դրա համար կան հիմնավոր պատճառներ։

ԵՐԵՔ ՊԱՏՃԱՌ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱՐԺԵ ԸՆԴՈՒՆԵԼ ՍԽԱԼՆԵՐԸ

  1. Այդպես վարվելը ճիշտ է։

    Աստվածաշունչն ասում է. «Ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18

  2. Մարդիկ ավելի հակված են ներելու նրանց, ովքեր ընդունում են իրենց սխալները։

    Աստվածաշունչն ասում է. «Իր հանցանքները ծածկողը հաջողություն չի ունենա, բայց ով խոստովանում ու թողնում է դրանք, նրա հանդեպ ողորմություն կցուցաբերվի» (Առակներ 28։13

  3. Ամենակարևորը՝ դա հաճելի է Աստծուն։

    Աստվածաշունչն ասում է. «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32

20 տարեկան Կարինան փորձեց հորից թաքցնել, որ տուգանվել է արագությունը գերազանցելու համար։ Բայց մի օր ամեն ինչ ջրի երես դուրս եկավ։ Կարինան պատմում է. «Մոտ մի տարի անց հայրս իմացավ, որ իմ անունով արագությունը գերազանցելու համար տուգանք է գրանցված եղել։ Ես մեծ խնդիրներ ունեցա»։

Ի՞նչ դաս քաղեց Կարինան։ Նա ասում է. «Սխալները թաքցնելու հետևանքն ավելի վատ է լինում։ Միևնույնն է, վաղ թե ուշ պետք է պատասխան տաս դրանց համար»։

ԻՆՉՊԵՍ ՍՈՎՈՐԵԼ ՍԽԱԼՆԵՐԻՑ

Աստվածաշունչն ասում է. «Բոլորս էլ հաճախ ենք սխալվում» (Հակոբոս 3։2)։ Սխալն անմիջապես ընդունելն ու խոստովանելը խոնարհության և հասունության նշան է։

Հաջորդ քայլը սխալներից սովորելն է։ Վերա անունով մի աղջիկ ասում է. «Իմ արած յուրաքանչյուր սխալից դաս եմ քաղում։ Դա ինձ օգնում է, որ լավ մարդ դառնամ, և հաջորդ անգամ, եթե նման իրավիճակ լինի, այլ կերպ կվարվեմ»։ Տեսնենք, թե ինչպես դու էլ կարող ես նույն կերպ վարվել։

Դու վերցրել ես մեծ եղբորդ հեծանիվը և այն վնասել ես։ Ի՞նչ կանես։

  • Ոչինչ չես ասի եղբորդ՝ հույս ունենալով, որ նա չի նկատի։

  • Առանց որևէ բան թաքցնելու՝ ամեն ինչ կպատմես եղբորդ։

  • Կպատմես եղբորդ, սակայն ուրիշին կմեղադրես պատահածի մեջ։

Դու չկարողացար հանձնել քո թեստային աշխատանքը, քանի որ չէիր պատրաստվել դրան։ Ի՞նչ կանես։

  • Կասես, որ թեստն էր շատ դժվար։

  • Կընդունես, որ դու չկարողացար հանձնել թեստը։

  • Կպնդես, որ ուսուցիչը վատ է տրամադրված քո հանդեպ։

Անցյալի սխալներին շարունակ անդրադառնալը նման է մեքենա վարելիս միայն դիմապակու հայելու մեջ նայելուն

Այժմ նորից աչքի անցկացրու վերոնշյալ իրավիճակները և քեզ պատկերացրու քո 1) եղբոր և 2) ուսուցչի փոխարեն։ Ի՞նչ կմտածեին քո մասին եղբայրդ և ուսուցիչդ, եթե պատրաստակամորեն ընդունեիր սխալդ։ Ի՞նչ կմտածեին նրանք քո մասին, եթե թաքցնեիր սխալդ։

Այժմ հիշիր այն սխալներից մեկը, որ թույլ ես տվել անցած տարի, և պատասխանիր հետևյալ հարցերին։

Ո՞րն էր քո սխալը։ Ինչպե՞ս վարվեցիր։

  • Ես թաքցրի այն։

  • Ուրիշին մեղադրեցի։

  • Պատրաստակամորեն ընդունեցի սխալս։

Եթե չես ընդունել սխալդ, ի՞նչ զգացում ես ունեցել դրանից հետո։

  • Ինձ շատ լավ եմ զգացել։ Ջրից չոր դուրս եկա։

  • Ինձ մեղավոր եմ զգացել։ Պետք է ասեի ճշմարտությունը։

Ճիշտ կլիներ, որ ինչպե՞ս վարվեիր այդ իրավիճակում։

Ի՞նչ ես սովորել քո սխալից։

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

Ինչո՞ւ ոմանք չեն ուզում ընդունել իրենց սխալները։

Ի՞նչ կմտածեն մարդիկ քո մասին, եթե միշտ փորձես թաքցնել սխալներդ։ Բայց ի՞նչ կմտածեն նրանք քո մասին, եթե ընդունես սխալներդ (Ղուկաս 16։10