Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 6

Կործանելու զորություն. «Եհովան խիզախ պատերազմող է»

Կործանելու զորություն. «Եհովան խիզախ պատերազմող է»

1-3. ա) Ի՞նչ վտանգ էր սպառնում իսրայելացիներին եգիպտացիների կողմից։ բ) Ինչպե՞ս Եհովան պատերազմեց իր ժողովրդի համար։

 ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԸ հայտնվել էին ծուղակի մեջ. մի կողմից՝ անմատչելի ժայռերն էին, մյուս կողմից՝ անանցանելի ծովը։ Եգիպտական զորքը, որը կարծես սպանության մի անողորմ գործիք լիներ, հետապնդում էր Աստծու ժողովրդին՝ նրան ոչնչացնելու վճռականությամբ լի։ a Սակայն Մովսեսը քաջալերեց իսրայելացիներին չկորցնել իրենց հույսը։ «Եհովան ինքը կպատերազմի ձեր փոխարեն»,— վստահեցրեց նա (Ելք 14։14

2 Մովսեսն ամենայն հավանականությամբ աղաղակեց Եհովային, և Աստված պատասխանեց՝ ասելով. «Ինչո՞ւ ես ինձ օգնության կանչում.... բարձրացրու գավազանդ, մեկնիր ձեռքդ ծովի վրա և բաժանիր այն» (Ելք 14։15, 16)։ Փորձենք պատկերացնել, թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո։ Եհովան անմիջապես հրաման տվեց իր հրեշտակին, և ամպի սյունը տեղափոխվեց իսրայելացիների հետևի կողմը՝ հավանաբար պատնեշի նման տարածվելով և խոչընդոտելով եգիպտացիների հարձակումը (Ելք 14։19, 20; Սաղմոս 105։39)։ Մովսեսը մեկնեց իր ձեռքը։ Ուժեղ քամի բարձրացավ, և ծովը սկսեց ճեղքվել։ Ջրերը պատերի նման կանգնեցին՝ լայն ճանապարհ բացելով, որով կկարողանար անցնել ողջ ազգը (Ելք 14։21; 15։8

3 Ականատես լինելով զորության նման դրսևորմանը՝ փարավոնը պետք է հրամայեր իր զորքերին տուն վերադառնալ։ Փոխարենը՝ այդ հպարտ թագավորը հարձակման հրաման տվեց (Ելք 14։23)։ Իսրայելացիներին հետապնդող եգիպտացիները կայծակնային արագությամբ մտան բացված ծով։ Սակայն հարձակումը շուտով վերածվեց քաոսի, երբ Աստված հանեց նրանց մարտակառքերի անիվները։ Հենց որ իսրայելացիները ապահով անցան ծովի մյուս կողմը, Եհովան Մովսեսին հրամայեց. «Ձեռքդ մեկնիր ծովի վրա, որ ջրերը հետ գան եգիպտացիների, նրանց մարտակառքերի ու հեծելազորի վրա»։ Ջրի պատերը փուլ եկան՝ իրենց տակ թաղելով փարավոնին ու նրա զորքին (Ելք 14։24-28; Սաղմոս 136։15

 4. ա) Կարմիր ծովի մոտ Եհովան որպես ի՞նչ հանդես եկավ։ բ) Եհովայի այս բնութագիրը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել ոմանց վրա։

4 Կարմիր ծովի մոտ Իսրայելի ազատագրումը նշանակալից իրադարձություն էր և մեզ շատ բան կարող է սովորեցնել Եհովայի մասին։ Այնտեղ Եհովան հանդես եկավ որպես «խիզախ պատերազմող» (Ելք 15։3)։ Սակայն ի՞նչ ազդեցություն է թողնում Աստծու այս բնութագիրը քեզ վրա։ Պետք է ընդունել, որ պատերազմները շատ ցավ ու տառապանք են պատճառել մարդկությանը։ Իսկ հնարավո՞ր է արդյոք, որ Եհովայի կործանելու զորությունը խանգարի քեզ մոտենալու նրան, ոչ թե նպաստի դրան։

Կարմիր ծովի մոտ Եհովան ապացուցեց, որ «խիզախ պատերազմող է»

Աստծու պատերազմներն ու մարդկային պատերազմները

5, 6. ա) Ինչո՞ւ է Աստված կոչվում «Զորքերի Տեր Եհովա»։ բ) Ինչո՞վ են Աստծու պատերազմները տարբերվում մարդկային պատերազմներից։

5 Եբրայերեն Գրություններում մոտ 260 անգամ և Քրիստոնեական Հունարեն Գրություններում 2 անգամ Աստված հիշատակվում է «Զորքերի Տեր Եհովա» տիտղոսով (1 Սամուել 1։11)։ Որպես Գերիշխան՝ Եհովան հրեշտակների վիթխարի բանակի Հրամանատար է (Հեսու 5։13-15; 1 Թագավորներ 22։19)։ Այս բանակը կործանելու սարսափելի կարողություն ունի (Եսայիա 37։36)։ Թեպետ հաճելի չէ խորհել մարդկանց կործանման մասին, սակայն պետք է հիշենք, որ Աստծու պատերազմները տարբերվում են մարդկանց անիմաստ ջարդերից։ Ռազմական և քաղաքական գործիչները թերևս փորձում են վեհ նպատակներ վերագրել իրենց ագրեսիային։ Բայց մարդկային պատերազմները անխուսափելիորեն ողողված են ագահությամբ ու եսասիրությամբ։

6 Ի տարբերություն մարդկանց՝ Եհովան կուրորեն չի առաջնորդվում զգացմունքներով։ Ահա թե ինչ է ասվում 2 Օրենք 32։4-ում. «Նա Վեմ է, նրա գործերը կատարյալ են։ Նրա բոլոր ճանապարհները արդար են։ Հավատարմության Աստված է նա, նրա մեջ անարդարություն չկա, արդար և ազնիվ է նա»։ Աստծու Խոսքը դատապարտում է անսանձ զայրույթը, դաժանությունը և բռնությունը (Ծննդոց 49։7; Սաղմոս 11։5)։ Ուստի Եհովան առանց պատճառի երբեք չի գործում։ Նա կործանելու իր զորությունը հազվադեպ է գործադրում և միայն այն ժամանակ, երբ այլ միջոց չկա։ Դա համապատասխանում է այն խոսքերին, որ նա ասել էր Եզեկիել մարգարեի միջոցով. «Մի՞թե ինձ որևէ հաճույք է պատճառում ամբարշտի մահը,— ասում է Գերիշխան Տեր Եհովան։— Չէ՞ որ ինձ հաճելի է այն, որ նա հետ դառնա իր ճանապարհներից ու ապրի» (Եզեկիել 18։23

7, 8. ա) Իր տառապանքների առնչությամբ ի՞նչ սխալ եզրակացության հանգեց Հոբը։ բ) Ինչպե՞ս Եղիուսը շտկեց Հոբի մտածելակերպը։ գ) Ի՞նչ կարող ենք սովորել Հոբի հետ պատահածից։

7 Այդ դեպքում ինչո՞ւ է Եհովան գործի դնում կործանելու իր զորությունը։ Նախքան այս հարցին պատասխանելը հիշենք Հոբին, որն արդար մարդ էր։ Սատանան հարց բարձրացրեց, թե արդյոք Հոբը և, ըստ էության, ցանկացած մարդ, փորձության ներքո կպահպանի իր անարատությունը։ Ի պատասխան՝ Եհովան թույլ տվեց Սատանային Հոբի անարատությունը փորձության ենթարկել։ Դրա հետևանքով Հոբը հիվանդացավ, կորցրեց իր հարստությունն ու զավակներին (Հոբ 1։1-2։8)։ Իրավիճակին անտեղյակ՝ նա սխալմամբ եզրակացրեց, թե իր տառապանքն անարդարացի պատիժ է Աստծու կողմից։ Հոբը հարցրեց Աստծուն, թե ինչու է նա իրեն դարձրել «թիրախ» ու «թշնամի» (Հոբ 7։20; 13։24

8 Եղիուս անունով մի երիտասարդ շտկեց Հոբի մտածելակերպը՝ ցույց տալով, թե որ հարցում էր նա սխալվում։ «Դու ասում ես. «Իմ արդարությունը ավելին է, քան Աստծունը»» (Հոբ 35։2)։ Այո՛, անխոհեմ կլինի մտածել, թե մենք ինչ-որ բան Աստծուց ավելի լավ գիտենք, կամ համարել, որ նրա քայլերն անարդար են։ «Անհնա՛ր է, որ ճշմարիտ Աստված ամբարշտությամբ վարվի, և Ամենակարողը անարդարացիորեն վարվի»,— բացականչեց Եղիուսը։ Ավելի ուշ նա ասաց. «Ամենակարողին մենք չենք ըմբռնել. նա բարձր է զորությամբ և արդարադատությունն ու արդարության առատությունը չի նսեմացնի» (Հոբ 34։10; 36։22, 23; 37։23)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ եթե Աստված պատերազմում է, ուրեմն նա հիմնավոր պատճառ ունի այդպես վարվելու։ Դա մտքում պահելով՝ քննենք մի քանի պատճառներ՝ կապված այն բանի հետ, թե ինչու է խաղաղության Աստվածը երբեմն «զինվորական համազգեստ հագնում» (1 Կորնթացիներ 14։33

Ինչու է խաղաղության Աստվածը երբեմն ստիպված լինում պատերազմել

 9. Խաղաղության Աստվածը ինչո՞ւ է պատերազմում։

9 Աստծուն որպես «խիզախ պատերազմող» գովաբանելուց հետո Մովսեսը բացականչեց. «Ո՜վ Եհովա, աստվածների մեջ ո՞վ է քեզ նման։ Ո՞վ է քեզ նման, դու գերազանց ես սրբությամբ» (Ելք 15։11)։ Ամբակում մարգարեն նույնպես գրեց. «Քո աչքերը չափազանց մաքուր են, որ նայեն չարիքին, և դու չես կարող նայել ամբարշտությանը» (Ամբակում 1։13)։ Եհովան ոչ միայն սիրո Աստված է, այլև սրբության, արդարության և արդարադատության։ Երբեմն այդպիսի հատկությունները մղում են նրան գործադրելու իր կործանելու զորությունը (Եսայիա 59։15-19; Ղուկաս 18։7)։ Ուստի պատերազմելով՝ Աստված չի արատավորում իր սրբությունը։ Ընդհակառակը՝ նա պատերազմում է, քանի որ սուրբ է (Ելք 39։30

10. Միայն ինչպե՞ս հնարավոր կլինի վերջ դնել Ծննդոց 3։15-ում կանխագուշակված թշնամությանը, և ի՞նչ օրհնություններ դա կբերի արդար մարդկանց։

10 Խորհենք, թե ինչ իրավիճակ ստեղծվեց այն բանից հետո, երբ առաջին մարդկային զույգը՝ Ադամն ու Եվան, ըմբոստացան Աստծու դեմ (Ծննդոց 3։1-6)։ Եթե Եհովան աչք փակեր նրանց անօրինության վրա, ապա կթուլացներ իր՝ Տիեզերքի Գերիշխանի դիրքը։ Լինելով արդար Աստված՝ նա իրեն պարտավորված զգաց մահվան դատապարտելու մարդկային առաջին զույգին (Հռոմեացիներ 6։23)։ Աստվածաշնչի առաջին մարգարեության մեջ Եհովան կանխագուշակել էր, որ թշնամություն է լինելու իր ծառաների և Սատանայի՝ «օձի» հետևորդների միջև (Հայտնություն 12։9; Ծննդոց 3։15)։ Այս թշնամությանը վերջ կդրվի միայն Սատանայի կործանումով (Հռոմեացիներ 16։20)։ Այդ դատավճիռը մեծ օրհնություններ կբերի արդար մարդկանց, քանի որ Սատանայի ազդեցությունն այլևս չի լինի երկրի վրա, և ողջ մոլորակը դրախտի կվերածվի (Մատթեոս 19։28)։ Սակայն մինչ այդ Սատանայի կողմնակիցները անդադար կսպառնան Աստծու ժողովրդի ֆիզիկական և հոգևոր բարօրությանը, և Եհովան երբեմն ստիպված կլինի միջամտել։

Աստված վերացնում է չարությունը

11. Աստված ինչո՞ւ հարկ համարեց համաշխարհային ջրհեղեղ բերելու։

11 Միջամտության այդպիսի օրինակ է Նոյի օրերում տեղի ունեցած Ջրհեղեղը։ Ծննդոց 6։11, 12-ում ասվում է. «Երկիրն ապականվեց ճշմարիտ Աստծու աչքում և բռնությամբ լցվեց։ Աստված նայեց երկրին ու տեսավ, որ այն ապականված էր, որովհետև ամեն մարմին ապականել էր իր ճանապարհը երկրի վրա»։ Մի՞թե Աստված թույլ կտար, որ չարագործները երկրի երեսից վերացնեին բարոյականության վերջին հետքն անգամ։ Ո՛չ։ Եհովան իրեն պարտավորված զգաց համաշխարհային ջրհեղեղ բերելու, որպեսզի ազատի երկիրը բռնասեր ու անբարո մարդկանց։

12. ա) Ի՞նչ էր կանխագուշակել Եհովան Աբրահամի «սերնդի» վերաբերյալ։ բ) Ամորհացիները ինչո՞ւ պետք է բնաջինջ լինեին։

12 Նույնը կարելի է ասել նաև քանանացիների հանդեպ Աստծու դատաստանի մասին։ Եհովան հայտնել էր, որ Աբրահամից մի «սերունդ» առաջ կգա, որով երկրի բոլոր ընտանիքները կօրհնվեն։ Այդ նպատակն իրականացնելու համար Աստված վճռեց Աբրահամի սերունդներին տալ Քանանի երկիրը, որի բնակիչները կոչվում էին ամորհացիներ։ Արդարանալու ի՞նչ հիմք կունենար Աստված՝ այդ մարդկանց իրենց երկրից ստիպողաբար վտարելով։ Եհովան կանխագուշակել էր, որ նման բան տեղի չէր ունենա մոտ 400 տարի, քանի դեռ «ամորհացիների մեղքը.... ամբողջական չէր դարձել» (Ծննդոց 12։1-3; 13։14, 15; 15։13, 16; 22։18 b Այդ ժամանակահատվածում ամորհացիները բարոյապես ավելի ու ավելի ապականվեցին։ Քանանը դարձավ կռապաշտության, արյունահեղության և այլասերվածության երկիր (Ելք 23։24; 34։12, 13; Թվեր 33։52)։ Այդ երկրի բնակիչները նույնիսկ կրակի մեջ այրում էին իրենց երեխաներին՝ նրանց որպես զոհ մատուցելով։ Մի՞թե սուրբ Աստված թույլ կտար, որ իր ժողովուրդը նման վնասակար ազդեցության ենթարկվեր։ Ո՛չ։ Ահա թե ինչ ասաց Եհովան. «Այդ երկիրը անմաքուր է, և նրա հանցանքի համար ես պատժելու եմ նրան, ու երկիրը փսխելու է իր բնակիչներին» (Ղևտական 18։21-25)։ Բայց Աստված բոլորին անխտիր մահապատժի չենթարկեց։ Սրտի ճիշտ տրամադրվածություն ունեցող քանանացիները, ինչպիսիք էին Ռախաբը և գաբաոնացիները, փրկվեցին (Հեսու 6։25; 9։3-27

Պատերազմում է հանուն իր անվան

13, 14. ա) Ինչո՞ւ էր Եհովան իրեն պարտավորված զգում սրբացնելու իր անունը։ բ) Եհովան ինչպե՞ս իր անունը մաքրեց անարգանքից։

13 Քանի որ Եհովան սուրբ է, սուրբ է նաև իր անունը (Ղևտական 22։32)։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց աղոթել. «Թող սրբացվի քո անունը» (Մատթեոս 6։9)։ Եդեմում տեղի ունեցած ըմբոստության պատճառով Աստծու անունը անարգվեց, ինչի հետևանքով հարցականի տակ դրվեցին նրա հեղինակությունն ու կառավարման ձևը։ Եհովան չէր կարող հանդուրժել նման զրպարտությունն ու ըմբոստությունը։ Նա իրեն պարտավորված էր զգում մաքրելու իր անունը անարգանքից (Եսայիա 48։11

14 Նորից անդրադառնանք իսրայելացիներին։ Քանի դեռ նրանք Եգիպտոսում ստրուկներ էին, Աստծու խոստումը, ըստ որի՝ Աբրահամի սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեին, անիրական էր թվում։ Սակայն իսրայելացիներին ազատելով ու նրանց որպես ժողովուրդ կազմավորելով՝ Եհովան մաքրեց իր անունը անարգանքից։ Դանիել մարգարեն այդ մասին հիշատակեց իր աղոթքում. «Ո՜վ Եհովա, մեր Աստվա՜ծ, դու.... հզոր ձեռքով հանեցիր քո ժողովրդին Եգիպտոսից և քեզ համար անուն ստեղծեցիր» (Դանիել 9։15

15. Ինչո՞ւ Եհովան ազատեց հրեաներին Բաբելոնի գերությունից։

15 Հետաքրքիր է, որ Դանիելն այդպես աղոթեց այն ժամանակ, երբ հրեաները կարիք ունեին, որ Եհովան նորից գործեր հանուն իր անվան։ Անհնազանդ հրեաները հայտնվել էին գերության մեջ, այս անգամ՝ Բաբելոնում։ Մայրաքաղաք Երուսաղեմը ավերված էր։ Դանիելը գիտեր, որ հրեաների վերադարձը հայրենի երկիր փառք կբերեր Եհովայի անվանը։ Ուստի նա աղոթեց. «Ո՜վ Եհովա, ների՛ր։ Ո՜վ Եհովա, ուշադրությո՛ւն դարձրու և գործի՛ր։ Հանուն քեզ մի՛ հապաղիր, ո՜վ իմ Աստված, որովհետև քո քաղաքն ու ժողովուրդը քո անունով են կոչվում» (Դանիել 9։18, 19

Պատերազմում է իր ժողովրդի համար

16. Այն, որ Եհովան հետաքրքրված է իր անվան սրբացմամբ, ինչո՞ւ չի մատնանշում, որ նա սառն է ու եսակենտրոն։

16 Այն, որ Եհովան հետաքրքրված է իր անվան սրբացմամբ, նշանակո՞ւմ է արդյոք, թե նա սառն է ու եսակենտրոն։ Ո՛չ, քանի որ գործելով իր սրբությանն ու արդարասիրությանը ներդաշնակ՝ նա միևնույն ժամանակ պաշտպանում է իր ժողովրդին։ Քննենք «Ծննդոց» գրքի 14-րդ գլուխը։ Այնտեղ կարդում ենք, որ չորս զավթիչ թագավորներ գերի տարան Աբրահամի եղբորորդուն՝ Ղովտին, ու նրա ընտանիքին։ Աստծու օգնությամբ Աբրահամը ջախջախեց նրանց, թեպետ վերջիններիս ուժերը անհամեմատ ավելի մեծ էին։ Ըստ երևույթին, այս հաղթանակը առաջինն էր, որ արձանագրվեց «Եհովայի պատերազմների գրքում»։ Դա հավանաբար մի գիրք էր, որում գրի էին առնվել Աստվածաշնչում չհիշատակված որոշ մարտեր (Թվեր 21։14)։ Սակայն առջևում դեռ շատ հաղթանակներ պետք է լինեին։

17. Ինչի՞ց է երևում, որ այն բանից հետո, երբ իսրայելացիները մտան Քանանի երկիր, Եհովան պատերազմում էր նրանց համար։ Բեր օրինակներ։

17 Երբ մոտեցավ Քանանի երկիր մտնելու ժամանակը, Մովսեսը իսրայելացիներին վստահեցրեց. «Եհովա Աստվածն է գնում ձեր առջևից։ Նա կպատերազմի ձեզ համար, ինչպես որ Եգիպտոսում արեց» (2 Օրենք 1։30; 20։1)։ Մովսեսին հաջորդած Հեսուի ժամանակներից ի վեր՝ դատավորների և Հուդայի հավատարիմ թագավորների կառավարման ողջ ընթացքում, Եհովան իսկապես պատերազմեց իր ժողովրդի համար՝ բազմաթիվ փայլուն հաղթանակներ պարգևելով նրանց (Հեսու 10։1-14; Դատավորներ 4։12-17; 2 Սամուել 5։17-21

18. ա) Ինչո՞ւ ենք երախտապարտ, որ Եհովան չի փոխվել։ բ) Ի՞նչ տեղի կունենա, երբ Ծննդոց 3։15-ում նկարագրված թշնամությունը հասնի իր գագաթնակետին։

18 Եհովան չի փոխվել։ Չի փոխվել նաև նրա նպատակը այս մոլորակը խաղաղությամբ լի դրախտի վերածելու վերաբերյալ (Ծննդոց 1։27, 28)։ Աստված այսօր էլ է ատում ամբարշտությունը։ Միևնույն ժամանակ նա խորապես սիրում է իր ժողովրդին և շուտով քայլեր է ձեռնարկելու նրանց օգտին (Սաղմոս 11։7Ծննդոց 3։15-ում նկարագրված թշնամությունը մոտ ապագայում կհասնի իր փառավոր և ահեղ գագաթնակետին։ Իր անունը սրբացնելու և իր ժողովրդին պաշտպանելու նպատակով Եհովան մեկ անգամ ևս կդառնա «խիզախ պատերազմող» (Զաքարիա 14։3; Հայտնություն 16։14, 16

19. ա) Օրինակով ցույց տուր, թե Աստծու կործանելու զորությունը ինչպե՞ս կարող է իրեն մոտենալու հիմք ծառայել։ բ) Այն, որ Աստված պատրաստ է պատերազմելու, ինչպե՞ս պետք է անդրադառնա մեզ վրա։

19 Նկատի առնենք մի օրինակ։ Ենթադրենք՝ մի ընտանիքի վրա սարսափելի գազան է հարձակվում։ Ամուսինը կռվի է բռնվում վայրի գազանի հետ ու սպանում է նրան։ Մի՞թե նրա արածը կվանի իր կնոջն ու երեխաներին։ Ընդհակառակը՝ նրանց կտպավորի հանուն իրենց ցուցաբերված այդ անձնազոհ սերը։ Մեզ ևս չպետք է վանի այն, որ Աստված գործի է դնում կործանելու իր զորությունը։ Պատերազմելու և մեզ պաշտպանելու Եհովայի պատրաստակամությունը խորացնում է նրա հանդեպ մեր սերը։ Մեր հարգանքը նրա անսահման զորության նկատմամբ նույնպես մեծանում է։ Դրա շնորհիվ կարողանում ենք «սուրբ ծառայություն մատուցել Աստծուն՝ աստվածավախությամբ և ակնածանքով» (Եբրայեցիներ 12։28

Մոտեցիր «խիզախ պատերազմողին»

20. Երբ Աստվածաշնչում կարդում ենք Աստծու պատերազմների մասին, որոնց իմաստը գուցե չենք կարողանում լիովին հասկանալ, ինչպե՞ս պետք է արձագանքենք և ինչո՞ւ։

20 Ինչ խոսք, միշտ չէ, որ Աստվածաշունչը ներկայացնում է բոլոր մանրամասները պատերազմ մղելու Եհովայի որոշումների վերաբերյալ։ Սակայն մենք միշտ էլ կարող ենք վստահ լինել հետևյալում. Եհովան կործանելու իր զորությունը երբեք չի գործադրում չարամտորեն, անարդարացի ու դաժան կերպով։ Աստվածաշնչյան արձանագրության համատեքստի կամ դրան վերաբերող նյութերի ուսումնասիրությունը հաճախ կարող է օգնել, որ ճիշտ պատկերացում կազմենք (Առակներ 18։13)։ Սակայն նույնիսկ եթե տեղյակ չենք բոլոր մանրամասներին, Եհովայի մասին ավելի շատ սովորելով ու նրա անգին հատկությունների շուրջ խորհրդածելով՝ կկարողանանք ցրել մեր մտքում ծագող բոլոր կասկածները։ Եթե այդպես վարվենք, կտեսնենք, որ լուրջ հիմքեր ունենք վստահելու մեր Աստծուն՝ Եհովային (Հոբ 34։12

21. «Խիզախ պատերազմող» լինելով՝ իր էությամբ ինչպիսի՞ն է Եհովան։

21 Թեպետ հարկ եղած դեպքում Եհովան հանդես է գալիս որպես «խիզախ պատերազմող», դա չի նշանակում, թե նա էությամբ ռազմատենչ է։ Երկնային կառքի մասին Եզեկիելին տրված տեսիլքում Եհովան պատրաստվում էր պատերազմելու իր թշնամիների դեմ։ Բայց տեսիլքում Աստծու շուրջ կար նաև ծիածան, որը խաղաղության խորհրդանիշ է (Ծննդոց 9։13; Եզեկիել 1։28; Հայտնություն 4։3)։ Անկասկած, Եհովան հանգիստ է ու խաղաղատենչ։ «Աստված սեր է»,— գրել է Հովհաննես առաքյալը (1 Հովհաննես 4։8)։ Եհովայի բոլոր հատկությունները կատարյալ ներդաշնակության մեջ են։ Ինչպիսի՜ պատիվ է, որ հնարավորություն ունենք մոտենալու այս հզոր ու միևնույն ժամանակ սիրառատ Աստծուն։

a Ըստ հրեա պատմիչ Հովսեպոսի՝ իսրայելացիներին հետապնդող զորքը բաղկացած էր «600 մարտակառքից, 50 000 հեծելազորից ու ծանր զենքերով զինված 200 000 հետևակից» (Հրեական հնախոսություն, հատ. II, էջ 324 [xv, 3])։

b Ամենայն հավանականությամբ, այս համատեքստում «ամորհացիներ» բառը վերաբերում է Քանանում բնակված բոլոր ժողովուրդներին (2 Օրենք 1։6-8, 19-21, 27; Հեսու 24։15, 18