ԳԼՈՒԽ 67
«Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»
-
ՊԱՀԱՊԱՆՆԵՐ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ՝ ՀԻՍՈՒՍԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ
-
ՆԻԿՈԴԵՄՈՍԸ ԽՈՍՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻ ՕԳՏԻՆ
Հիսուսը Երուսաղեմում է. Տաղավարների տոնը դեռ չի վերջացել։ Նա անչափ ուրախ է, որ «ժողովրդի միջից շատերը հավատում են» իրեն։ Մինչդեռ կրոնական առաջնորդներին դա ամենևին էլ դուր չի գալիս։ Նրանք պահապաններ են ուղարկում, որ ձերբակալեն Հիսուսին (Հովհաննես 7։31, 32)։ Սակայն նա չի փորձում թաքնվել նրանցից։
Հիսուսը շարունակում է Երուսաղեմում ուսուցանել ժողովրդին։ Նա ասում է. «Մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կմնամ, մինչև որ գնամ նրա մոտ, ով ուղարկեց ինձ։ Դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ» (Հովհաննես 7։33, 34)։ Հրեաները չեն հասկանում, թե ինչ նկատի ունի նա, և ասում են իրար. «Այս մարդը ո՞ւր է ուզում գնալ, որ մենք չենք գտնի նրան։ Մի՞թե ուզում է գնալ այն հրեաների մոտ, որոնք ցրված են հույների մեջ, և սովորեցնել հույներին։ Ի՞նչ են նշանակում այն խոսքերը, որ նա ասաց՝ «դուք կփնտրեք ինձ, բայց չեք գտնի, և որտեղ ես կլինեմ, դուք չեք կարող գալ»» (Հովհաննես 7։35, 36)։ Հիսուսը խոսում է այն մասին, որ ինքը մահանալու է, հարություն է առնելու և համբարձվելու է երկինք, որտեղ իր թշնամիները չեն կարող գնալ։
Այժմ արդեն տոնի յոթերորդ օրն է։ Տոնի ընթացքում քահանան ամեն առավոտ Սիլովամի ավազանից վերցրած ջուրը լցնում է ջրատարի մեջ, որի միջով այն հոսում է դեպի տաճարի զոհասեղանի հիմքը։ Հավանաբար, մարդկանց հիշեցնելով այս արարողության մասին՝ Հիսուսը բարձր ձայնով ասում է. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ով հավատում է ինձ, ինչպես Գիրքն է ասում՝ «նրա ներսից կենդանի ջրի աղբյուրներ կբխեն»» (Հովհաննես 7։37, 38)։
Հիսուսը խոսում է մի բանի մասին, ինչը տեղի է ունենալու ապագայում, երբ իր աշակերտները օծվեն սուրբ ոգով և երկնային կյանքի հույս ձեռք բերեն։ Այս օծումը տեղի է ունենում Հիսուսի մահից հետո՝ հաջորդ տարվա Պենտեկոստեին։ Այդ օրվանից ոգով օծված աշակերտները սկսում են ճշմարտության մասին պատմել ուրիշներին, և հենց այդ ժամանակ են սկսում բխել կենսատու ջրի աղբյուրները։
Լսելով Հիսուսի խոսքերը՝ ոմանք ասում են. «Սա իսկապես որ Մարգարեն է»։ Հավանաբար, նրանք նկատի ունեն Մովսեսից ավելի մեծ մարգարեին, որի մասին նախապես գրվել էր։ Մյուսներն էլ ասում են. «Սա Քրիստոսն է»։ Իսկ ոմանք էլ ասում են. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու։ Չէ՞ որ Գիրքը ասում է, որ Քրիստոսը գալու է Դավթի սերնդից և Բեթլեհեմից՝ այն գյուղից, որտեղից որ Դավիթն էր» (Այսպիսով մարդկանց մեջ բաժանում է առաջանում։ Ու թեև ոմանք ցանկանում են ձերբակալել Հիսուսին, սակայն ոչ ոք չի համարձակվում դա անել։ Երբ պահապանները վերադառնում են առանց Հիսուսին ձերբակալելու, փարիսեցիներն ու ավագ քահանաները հարցնում են. «Ինչո՞ւ նրան այստեղ չբերեցիք»։ Պահապանները պատասխանում են. «Ոչ մի մարդ երբեք այնպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Զայրացած կրոնական առաջնորդները սկսում են ծաղրել ու անիծել նրանց՝ ասելով. «Ի՞նչ է, դուք է՞լ եք մոլորվել։ Իշխաններից կամ փարիսեցիներից որևէ մեկը հավատա՞ց նրան։ Անիծվա՛ծ է այս ժողովուրդը, որ Օրենքը չգիտի» (Հովհաննես 7։45–49)։
Այդ ժամանակ Նիկոդեմոսը, որը փարիսեցի է ու Սինեդրիոնի անդամ, համարձակվում է խոսել Հիսուսի օգտին։ Մոտ երկուսուկես տարի առաջ նա գիշերով եկել էր Հիսուսի մոտ և ցույց էր տվել, որ հավատում է նրան։ Այժմ Նիկոդեմոսը ասում է. «Մի՞թե մեր օրենքը դատում է մի մարդու՝ առանց նախապես նրան լսելու և իմանալու, թե նա ինչ է արել»։ Կրոնական առաջնորդներն էլ ասում են. «Ի՞նչ է, դո՞ւ էլ ես Գալիլեայից։ Քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից ոչ մի մարգարե դուրս չի գալու» (Հովհաննես 7։51, 52)։
Սուրբ Գրքերում ուղղակիորեն չի ասվում, որ Գալիլեայից մարգարե է դուրս գալու։ Սակայն աստվածաշնչյան մի մարգարեության մեջ ասվում է, որ «ազգերի Գալիլեայում» ապրողները «մեծ լույս» են տեսնելու, ինչը ցույց է տալիս, որ Քրիստոսը այնտեղից է գալու (Եսայիա 9։1, 2; Մատթեոս 4։13–17)։ Բացի այդ, ինչպեսև մարգարեացվել էր, Հիսուսը ծնվել է Բեթլեհեմում և Դավթի սերնդից է։ Թեև փարիսեցիները լավ գիտեն այդ մասին, սակայն հենց նրանք են հավանաբար նպաստում այն բանին, որ ժողովրդի մեջ Հիսուսի մասին սխալ տեսակետներ տարածվեն։