Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 92

Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

Բուժված տասը բորոտներից մեկն է երախտագիտություն դրսևորում

ՂՈՒԿԱՍ 17։11–19

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՏԱՍԸ ԲՈՐՈՏՆԵՐԻ

Հիսուսին սպանելու Սինեդրիոնի ծրագրերը ձախողվում են, քանի որ Հիսուսը գնում է Եփրեմ քաղաք, որը գտնվում է Երուսաղեմից մի քանի կիլոմետր դեպի հյուսիս-արևելք։ Նա իր աշակերտների հետ մնում է այնտեղ՝ իր թշնամիների աչքից հեռու (Հովհաննես 11։54)։ Սակայն մոտենում է մ.թ. 33-ի Պասեքը, ուստի շուտով Հիսուսը կրկին ճանապարհ է ընկնում։ Նա ուղևորվում է դեպի հյուսիս և անցնելով Սամարիայի տարածքով՝ գնում է Գալիլեա։ Սա նրա վերջին այցելությունն է Գալիլեայի շրջան իր մահից առաջ։

Ուղևորության սկզբում, երբ Հիսուսն անցնում է գյուղից գյուղ, նա հանդիպում է բորոտությամբ տառապող տասը մարդու։ Այդ հիվանդության որոշ տեսակների դեպքում մարդու մարմնի հյուսվածքներն աստիճանաբար քայքայվում են, ինչի հետևանքով մարդը կարող է կորցնել իր ձեռքի ու ոտքի մատները, ականջները և այլն (Թվեր 12։10–12)։ Աստծու Օրենքի համաձայն՝ բորոտը պետք է բղավի. «Անմաքո՜ւր, անմաքո՜ւր»։ Նա նաև պետք է մարդկանցից հեռու բնակվի (Ղևտական 13։45, 46

Վարվելով Օրենքի համաձայն՝ այդ բորոտները Հիսուսին չեն մոտենում, այլ հեռվից բղավում են. «Հիսո՛ւս, Վարդապե՛տ, ողորմի՛ր մեզ»։ Նրանց տեսնելով՝ Հիսուսն ասում է. «Գնացեք և ձեզ քահանաներին ցույց տվեք» (Ղուկաս 17։13, 14)։ Այդպիսով նա ցույց է տալիս իր հարգանքը Աստծու Օրենքի նկատմամբ, որը քահանաներին է իրավասություն տալիս բորոտությունից բուժված մարդուն մաքուր հայտարարելու։ Դրանից հետո մարդը կարող է կրկին ապրել առողջ մարդկանց միջավայրում (Ղևտական 13։9–17

Այդ տասը բորոտները վստահ են, որ Հիսուսը հրաշքներ անելու զորություն ունի։ Ուստի գնում են քահանաների մոտ, չնայած դեռ չեն բուժվել։ Տեղ չհասած՝ բորոտները տեսնում են, որ իրենք բուժվել են։ Այդպես նրանք վարձատրվում են իրենց հավատի համար։

Մաքրված բորոտներից ինը շարունակում են իրենց ճանապարհը։ Իսկ նրանցից մեկը, որը սամարացի է, վերադառնում է ու փնտրում Հիսուսին։ Ինչո՞ւ է նա այդպես վարվում։ Նա անչափ երախտապարտ է Հիսուսին իրեն բուժելու համար։ Այս մարդը «բարձր ձայնով փառաբանում է Աստծուն», քանի որ հասկանում է, որ իրականում Աստծու զորության շնորհիվ է բուժվել (Ղուկաս 17։15)։ Տեսնելով Հիսուսին՝ այդ մարդն ընկնում է նրա ոտքերը և շնորհակալություն է հայտնում նրան։

Այդ ժամանակ Հիսուսն ասում է իր շուրջը գտնվող մարդկանց. «Չէ՞ որ տասն էլ մաքրվեցին։ Որտե՞ղ են մնացած ինը։ Մի՞թե նրանցից ոչ մեկը հետ չդարձավ, որ փառք տար Աստծուն, բացի այս այլազգի մարդուց»։ Իսկ հետո ասում է սամարացուն. «Վե՛ր կաց ու գնա՛. քո հավատը բուժեց քեզ» (Ղուկաս 17։17–19

Բուժելով տասը բորոտներին՝ Հիսուսը ցույց է տալիս, որ ինքն ունի Եհովա Աստծու հավանությունը։ Այդ տասը բորոտներից մեկը, ամենայն հավանականությամբ, հասկանում է դա և արդյունքում ոչ միայն բուժվում է, այլև կանգնում է կյանքի տանող ճանապարհին։ Ի տարբերություն այն ժամանակների, երբ Աստված Հիսուսի միջոցով բուժում էր մարդկանց՝ մեր օրերում նա այդպիսի հրաշքներ չի անում։ Սակայն հավատ դրսևորելով Հիսուսի հանդեպ՝ մենք կարող ենք կանգնել կյանքի տանող ճանապարհին և ձեռք բերել հավիտենական կյանք։ Իսկ մենք, սամարացու պես, ցույց տալի՞ս ենք մեր երախտագիտությունը Աստծու հանդեպ։