ԳԼՈՒԽ 27
Հիսուսը կանչում է Մատթեոսին
ՄԱՏԹԵՈՍ 9։9–13 ՄԱՐԿՈՍ 2։13–17 ՂՈՒԿԱՍ 5։27–32
-
ՀԻՍՈՒՍԸ ԿԱՆՉՈՒՄ Է ՀԱՐԿԱՀԱՎԱՔ ՄԱՏԹԵՈՍԻՆ
-
ՀԻՍՈՒՍԸ ՇՓՎՈՒՄ Է ՄԵՂԱՎՈՆԵՐԻ ՀԵՏ, ՈՐ ՕԳՆԻ ՆՐԱՆՑ
Անդամալույծին բուժելուց հետո Հիսուսը մի կարճ ժամանակ մնում է Կափառնայումում՝ Գալիլեայի ծովի մոտ։ Դարձյալ շատ մարդիկ են գալիս նրա մոտ, և նա սկսում է սովորեցնել նրանց։ Այդ տարածքում շրջելիս Հիսուսը տեսնում է Մատթեոսին (որին նաև Ղևի են կոչում), որը նստած է մաքսատանը։ Հիսուսը նրան առանձնահատուկ հրավեր է տալիս. «Իմ հետևո՛րդը դարձիր» (Մատթեոս 9։9)։
Ակներևաբար, Մատթեոսը արդեն որոշ չափով տեղյակ է, թե ինչ է սովորեցնում Հիսուսը և թե ինչ գործեր է արել այդ տարածքում, ինչպես որ Պետրոսը, Անդրեասը, Հակոբոսը և Հովհաննեսն են տեղյակ եղել, երբ Հիսուսը կանչել է նրանց։ Եվ այդ չորսի նման՝ Մատթեոսը նույնպես անմիջապես ընդունում է Հիսուսի հրավերը։ Իր անունը կրող Ավետարանում նա պատմում է. «Նա էլ [Մատթեոսը] վեր կացավ ու նրա [Հիսուսի] հետևից գնաց» (Մատթեոս 9։9)։ Այդպիսով՝ նա թողնում է հարկահավաքի իր գործը և դառնում Հիսուսի աշակերտը։
Որոշ ժամանակ անց Մատթեոսն իր տանը մեծ ճաշկերույթ է կազմակերպում՝ հավանաբար ցանկանալով Հիսուսին իր երախտագիտությունը հայտնել այդ առանձնահատուկ հրավերի համար։ Հիսուսից ու նրա աշակերտներից բացի, հրավիրվել են նաև որոշ հարկահավաքներ՝ Մատթեոսի նախկին գործընկերներից մի քանիսը։ Վերջիններս հրեաներին ատելի հռոմեական իշխանությունների համար հարկեր են հավաքում, այդ թվում՝ նավահանգիստ մտնող նավերի վրա դրված հարկերը, գլխավոր ճանապարհներով անցնող քարավանների վրա դրված հարկերը, ինչպես նաև ներմուծվող ապրանքների վրա դրված մաքսերը։ Իսկ ինչպե՞ս են հրեաները, ընդհանուր առմամբ, վերաբերվում այդ հարկահավաքներին։ Նրանք ատում են նրանց, քանի որ վերջիններս հաճախ ժողովրդից անազնվորեն ավելի շատ դրամ են գանձում, քան իրականում պահանջվում է։ Մատթեոսի կազմակերպած ճաշկերույթին ներկա են նաև վատահամբավ մարդիկ, այսպես ասած՝ «մեղավորները» (Ղուկաս 7։37–39)։
Տեսնելով, որ Հիսուսն այդպիսի մարդկանց հետ է սեղան նստել՝ փարիսեցիները, որոնք իրենց արդար են համարում, հարցնում են նրա աշակերտներին. «Ինչո՞ւ է ձեր ուսուցիչը հարկահավաքների ու մեղավորների հետ հաց ուտում» (Մատթեոս 9։11)։ Լսելով այդ խոսքերը՝ Հիսուսն ասում է նրանց. «Ոչ թե առողջները բժշկի կարիք ունեն, այլ հիվանդները։ Ուրեմն գնացեք և սովորեք, թե ինչ է նշանակում՝ «ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ», որովհետև ես եկա ոչ թե արդարներին կանչելու, այլ մեղավորներին» (Մատթեոս 9։12, 13; Օսեե 6։6)։ Փարիսեցիները Հիսուսին «ուսուցիչ» են անվանում, սակայն իրականում նրան չեն ընդունում որպես ուսուցիչ, թեպետ կարող էին սովորել նրանից, թե ինչն է ճիշտ։
Ակներևաբար, Մատթեոսն այս հարկահավաքներին և մեղավորներին իր տուն է հրավիրել, որպեսզի նրանք լսեն Հիսուսին և հոգևորապես բժշկվեն, «որովհետև նրանցից շատերը սկսել են հետևել» Հիսուսին (Մարկոս 2։15)։ Հիսուսը ցանկանում է օգնել նրանց, որ Աստծու հետ լավ փոխհարաբերություններ ունենան։ Ի տարբերություն ինքնահավան փարիսեցիների՝ նա չի արհամարհում այդ մարդկանց։ Հիսուսը կարեկցում է նրանց և ողորմություն է դրսևորում նրանց հանդեպ։ Նա պատրաստ է բուժելու հոգևորապես հիվանդ մարդկանց։
Սակայն դա չի նշանակում, թե Հիսուսը աչք է փակում նրանց մեղքերի վրա։ Պարզապես նա հոգատարություն է դրսևորում նրանց հանդեպ, ինչպես ֆիզիկապես հիվանդ մարդկանց հանդեպ։ Օրինակ՝ հիշիր այն դեպքը, երբ Հիսուսը, կարեկցանքից մղված, դիպավ բորոտին և ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր» (Մատթեոս 8։3)։ Մենք նույնպես պետք է կարեկից լինենք և ձեռք մեկնենք օգնության կարիք ունեցող մարդկանց՝ օգնելով նրանց հատկապես հոգևոր առումով։