ԳԼՈՒԽ 41
Ո՞ւմ զորությամբ է հրաշքներ անում
ՄԱՏԹԵՈՍ 12։22–32 ՄԱՐԿՈՍ 3։19–30 ՂՈՒԿԱՍ 8։1–3
-
ՀԻՍՈՒՍԻ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆԸ
-
ԴԵՎԵՐ Է ՀԱՆՈՒՄ ԵՎ ԽՈՍՈՒՄ Է ԱՆՆԵՐԵԼԻ ՄԵՂՔԻ ՄԱՍԻՆ
Փարիսեցի Սիմոնի տանը ներողամտության մասին խոսելուց կարճ ժամանակ հետո Հիսուսը սկսում է իր երկրորդ քարոզչական շրջագայությունը Գալիլեայում։ Սա իր ծառայության երկրորդ տարին է։ Հիսուսը մենակ չի շրջագայում. նրա հետ են 12 առաքյալները, ինչպես նաև մի քանի կանայք, որոնց նա «ազատել է չար ոգիներից ու բուժել հիվանդություններից» (Ղուկաս 8։2)։ Նրանց մեջ են Մարիամ Մագդաղենացին, Սուսաննան և Հովհաննան, որի ամուսինը Հերովդես Անտիպաս թագավորի գործավարն է։
Ժամանակի ընթացքում մարդիկ ավելի շատ բան են իմանում Հիսուսի մասին, և նրա գործունեության վերաբերյալ հակասական կարծիքները գնալով շատանում են։ Դա ավելի հստակ է դառնում, երբ Հիսուսը բուժում է կույր ու համր մի մարդու, որը դիվահար էր։ Այժմ այդ մարդն ազատվել է դևերի ազդեցությունից ու կարողանում է և՛ տեսնել, և՛ լսել։ Մարդիկ շատ են զարմանում ու ասում են. «Արդյոք սա չէ՞ Դավթի Որդին» (Մատթեոս 12։23)։
Այնքան շատ մարդ է հավաքվել այն տան մոտ, որտեղ մնում է Հիսուսը, որ նա ու իր աշակերտները չեն կարողանում նույնիսկ հաց ուտել։ Սակայն ոչ բոլորն են մտածում, որ Հիսուսը «Դավթի Որդին» է, որի մասին մարգարեացվել էր։ Երուսաղեմից այստեղ են եկել որոշ դպիրներ ու փարիսեցիներ, բայց նրանց նպատակը Հիսուսից սովորելը կամ նրան աջակցելը չէ։ Նրանք ասում են, թե Հիսուսը «Բեհեղզեբուղ ունի», այսինքն՝ համագործակցում է «դևերի իշխանի» հետ (Մարկոս 3։22)։ Այդ ժամանակ իրարանցում է սկսվում։ Եվ Հիսուսի ազգականները, լսելով դրա մասին, գալիս են, որ տանեն նրան։
Այդ ժամանակ Հիսուսի հարազատ եղբայրները դեռևս չեն հավատում, որ նա Աստծու Որդին է (Հովհաննես 7։5)։ Եվ որքանով որ նրանք ճանաչում են իրենց եղբորը, վեճ ու իրարանցում առաջացնելը բնորոշ չէ նրան։ Այդ պատճառով նրանք մտածում են, թե Հիսուսը խելագարվել է (Մարկոս 3։21)։
Սակայն փաստ է, որ Հիսուսը քիչ առաջ բուժել է դիվահար մի մարդու, որն այժմ կարողանում է տեսնել ու խոսել։ Ոչ ոք չի կարող հերքել դա։ Ուստի դպիրներն ու փարիսեցիները, ցանկանալով վարկաբեկել նրան, կեղծ մեղադրանքներ են ներկայացնում։ Նրանք ասում են. «Այս մարդը դևերին այլ կերպ չի հանում, եթե ոչ դևերի իշխան Բեհեղզեբուղի օգնությամբ» (Մատթեոս 12։24)։
Հիսուսը գիտի, թե ինչ են մտածում դպիրներն ու փարիսեցիները, ուստի ասում է. «Ամեն թագավորություն, որ բաժանված է իր մեջ, ամայի կդառնա, և ամեն քաղաք կամ տուն, որ բաժանված է իր մեջ, կանգուն չի մնա։ Նույն ձևով էլ եթե Սատանան Սատանային է հանում, ապա նա արդեն բաժանված է իր մեջ, ուրեմն էլ ինչպե՞ս նրա թագավորությունը կանգուն կմնա» (Մատթեոս 12։25, 26)։
Սա իրոք որ տրամաբանական հետևություն է։ Բացի այդ, փարիսեցիները գիտեն, որ որոշ հրեաներ նույնպես դևեր են հանում (Գործեր 19։13)։ Հիսուսը հարցնում է. «Եթե ես Բեհեղզեբուղի միջոցով եմ դևերին հանում, ապա ձեր որդինե՞րը ում միջոցով են հանում նրանց»։ Այլ կերպ ասած՝ փարիսեցիների մեղադրանքները կարող են ուղղվել հենց իրենց դեմ։ Հիսուսը շարունակում է. «Բայց եթե ես Աստծու ոգու միջոցով եմ հանում դևերին, ուրեմն Աստծու թագավորությունն իսկապես հասել է ձեզ» (Մատթեոս 12։27, 28)։
Դևեր հանելու Հիսուսի կարողությունը փաստում է, որ նա իշխանություն ունի Սատանայի վրա։ Դա ցույց տալու համար Հիսուսը այսպիսի օրինակ է բերում. «Ինչպե՞ս կարող է մեկը ներխուժել մի ուժեղ մարդու տուն և հափշտակել նրա կահ-կարասին, եթե նախ չկապի այդ մարդուն։ Միայն այդ դեպքում նա կկարողանա կողոպտել նրա տունը։ Նա, ով իմ կողմից չէ, հակառակ է ինձ, և նա, ով չի հավաքում ինձ հետ, ցրում է» (Մատթեոս 12։29, 30)։ Ակնհայտ է, որ դպիրներն ու փարիսեցիները հակառակ են Հիսուսին, և դա փաստում է, որ նրանք Սատանայի ձեռքի գործիք են։ Նրանք մարդկանց հեռացնում են Աստծու Որդուց, որը գործում է Եհովայի աջակցությամբ։
Հիսուսը նախազգուշացնում է իր հակառակորդներին, ովքեր վարվում են Սատանայի կամքին ներդաշնակ. «Ամեն բան կներվի մարդկանց որդիներին, ինչ մեղքեր ու հայհոյություններ էլ որ արած լինեն, բայց ով սուրբ ոգու դեմ է հայհոյում, հավիտյան ներում չունի, այլ հանցավոր է հավիտենական մեղքով» (Մարկոս 3։28, 29)։ Այո՛, նրանք, ովքեր Սատանային են վերագրում այն գործերը, որոնք ակնհայտորեն Աստծու ոգով են արվում, լուրջ հետևանքներ կկրեն։