Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 130

Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու

Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու

ՄԱՏԹԵՈՍ 27։31, 32 ՄԱՐԿՈՍ 15։20, 21 ՂՈՒԿԱՍ 23։24–31 ՀՈՎՀԱՆՆԵՍ 19։6–17

  • ՊԻՂԱՏՈՍԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱԶԱՏԵԼ ՀԻՍՈՒՍԻՆ

  • ՀԻՍՈՒՍԻՆ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ ԵՆ ՄԱՀՎԱՆ ԵՎ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՑՑԻՆ ԳԱՄԵԼՈՒ

Հիսուսին դաժանաբար ծեծել են ու ծաղրել, իսկ Պիղատոսը փորձել է նրան ազատել, սակայն ավագ քահանաները և նրանց համախոհները, միևնույնն է, չեն փոխել իրենց մտադրությունը։ Նրանք ցանկանում են մահվան դատապարտել Հիսուսին։ Ուստի բղավում են. «Ցցի՛ն գամիր։ Ցցի՛ն գամիր»։ Իսկ Պիղատոսն ասում է նրանց. «Դո՛ւք առեք նրան և ինքներդ ցցին գամեք, որովհետև ես ոչ մի հանցանք չեմ գտնում նրա մեջ» (Հովհաննես 19։6

Հրեաներին չի հաջողվում համոզել Պիղատոսին, որ Հիսուսին մահվան մատնի քաղաքական մեղադրանքի հիման վրա։ Ուստի նրանք կրկին ներկայացնում են կրոնական հարցի հետ կապված այն մեղադրանքը, որը ժամեր առաջ ներկայացրել էին Սինեդրիոնի առջև՝ ասելով, թե նա հայհոյել է Աստծուն։ Նրանք ասում են. «Մենք օրենք ունենք, և այդ օրենքի համաձայն՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու որդի կոչեց» (Հովհաննես 19։7)։ Այս մեղադրանքը, ինչ խոսք, նոր է Պիղատոսի համար։

Պիղատոսը նորից վերադառնում է պալատ և փորձում է ինչ-որ միջոց գտնել ազատելու այդ մարդուն, որն արժանապատվորեն կրել է նման սարսափելի տանջանքներ, և ում մասին իր կինը երազ է տեսել (Մատթեոս 27։19)։ Հիմա էլ հրեաները նոր մեղադրանք են ներկայացրել այս մարդու դեմ՝ ասելով, թե նա «Աստծու որդին է»։ Պիղատոսը գիտի, որ Հիսուսը Գալիլեայից է (Ղուկաս 23։5–7)։ Սակայն հարցնում է նրան. «Դու որտեղի՞ց ես» (Հովհաննես 19։9)։ Գուցե Պիղատոսը ուզում է իմանալ, թե արդյոք Հիսուսը ապրել է նախկինում և աստվածային ծագում ունի։

Հիսուսը արդեն ասել էր Պիղատոսին, որ ինքը Թագավոր է և որ իր Թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Չցանկանալով հավելյալ բացատրություններ տալ այս հարցի հետ կապված՝ Հիսուսը լուռ է մնում։ Նրա լռությունը վիրավորում է Պիղատոսի ինքնասիրությունը, և նա զայրացած ասում է. «Չե՞ս խոսում ինձ հետ։ Չգիտե՞ս, որ ես իշխանություն ունեմ քեզ ազատելու և իշխանություն ունեմ քեզ ցցին գամելու» (Հովհաննես 19։10

Հիսուսը պատասխանում է. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն չէիր ունենա, եթե քեզ վերևից տրված չլիներ։ Դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը ավելի մեծ է» (Հովհաննես 19։11)։ Հիսուսը հավանաբար նկատի չունի կոնկրետ մի անձնավորության։ Այլ նկատի ունի, որ Կայիափան, նրա համախոհները և Հուդա Իսկարիովտացին իր հանդեպ դրսևորված անարդար վերաբերմունքի համար ավելի մեծ պատասխանատվություն են կրում, քան Պիղատոսը։

Տպավորված Հիսուսի խոսքերից ու պահելաձևից, ինչպես նաև վախենալով, որ Հիսուսը գուցե աստվածային ծագում ունի, Պիղատոսը դարձյալ փորձում է ազատ արձակել նրան։ Սակայն հրեաները մի բան են ասում, ինչը հավանաբար վախեցնում է Պիղատոսին։ Նրանք ասում են. «Եթե դու ազատես այս մարդուն, կայսրի բարեկամը չես։ Նա, ով իրեն թագավոր է դարձնում, կայսրի դեմ է խոսում» (Հովհաննես 19։12

Պիղատոսը կրկին Հիսուսին դուրս է բերում և նստելով դատավորական աթոռին՝ ասում է մարդկանց. «Ահա՛ ձեր թագավորը»։ Բայց հրեաները բղավում են. «Վերացրո՛ւ դրան։ Վերացրո՛ւ դրան։ Ցցի՛ն գամիր դրան»։ Պիղատոսն էլ ասում է նրանց. «Ձեր թագավորի՞ն ցցին գամեմ»։ Իրականում հրեաները ատելությամբ են լցված հռոմեական կառավարության դեմ, սակայն ավագ քահանաները կեղծավորությամբ պատասխանում են. «Մենք կայսրից բացի, ուրիշ թագավոր չունենք» (Հովհաննես 19։14, 15

Վախենալով հրեաներից և տեղի տալով նրանց անարդար պահանջներին՝ Պիղատոսը Հիսուսին նրանց ձեռքն է հանձնում, որ ցցին գամեն։ Զինվորները հանում են Հիսուսի ծիրանի թիկնոցը և հագցնում նրա վերնազգեստները։ Ապա Հիսուսին տանում են, որ ցցին գամեն, և պարտադրում են, որ նա տանի իր տանջանքի ցիցը։

Այժմ նիսանի 14-ն է՝ ուրբաթ՝ կեսօրին մոտ։ Հինգշաբթի վաղ առավոտից Հիսուսը արթուն է եղել և սարսափելի տանջանքներ է կրել։ Նրա ուժերը սպառվում են ցցի ծանրության տակ։ Ուստի զինվորները Սիմոն անունով մի անցորդի, որը Աֆրիկայի Կյուրենիայից է, պարտադրում են, որ ցիցը տանի։ Նրանց հետևում է մարդկանց մի մեծ բազմություն, նրանցից ոմանք վշտից իրենց կուրծքն են ծեծում ու ողբում Հիսուսի համար։

Սակայն Հիսուսը ամբոխի մեջ ողբացող կանանց ասում է. «Ո՛վ Երուսաղեմի դուստրեր, ինձ համար լաց մի՛ եղեք։ Այլ լաց եղեք ձեզ համար և ձեր երեխաների համար, որովհետև օրեր են գալիս, երբ մարդիկ պիտի ասեն. «Երջանի՜կ են ամուլ կանայք, որ չեն ծնել և կրծքով չեն կերակրել»։ Այն ժամանակ պիտի ասեն լեռներին՝ «ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին՝ «ծածկե՛ք մեզ»։ Եթե այս բաներն անում են, երբ ծառը կանաչ է, ապա ի՞նչ կպատահի, երբ այն չորանա» (Ղուկաս 23։28–31

Հիսուսը նկատի ունի հրեա ազգին։ Այն նման է չորացող ծառի, որը Հիսուսի և նրա հանդեպ հավատ դրսևորող հրեաների ներկայության շնորհիվ դեռևս խոնավություն ունի իր մեջ։ Սակայն երբ նրանք «վերցվեն» այդ ազգից, կմնա միայն հոգևորապես մահացած հրեական հասարակությունը, այսպես ասած՝ չորացած ծառը։ Իսկապես որ, մեծ ողբ կլինի, երբ հռոմեական բանակը, իրագործելով Աստծու դատավճիռները, կործանի այդ ազգը։