ԳԼՈՒԽ 104
Հրեաները լսում են Աստծու ձայնը, բայց հավատ չեն դրսևորում
-
ՇԱՏԵՐԸ ԼՍՈՒՄ ԵՆ ԱՍՏԾՈՒ ՁԱՅՆԸ
-
ՀԻՄՔ ԴԱՏԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ
Նիսանի 10-ին՝ երկուշաբթի, Հիսուսը տաճարում խոսում է իր մոտալուտ մահվան մասին։ Նրան անհանգստացնում է այն, թե իր մահը ինչպես կանդրադառնա Աստծու անվան վրա, ուստի աղոթում է. «Հա՛յր, փառավորի՛ր քո անունը»։ Այդ ժամանակ երկնքից մի հզոր ձայն է լսվում. «Փառավորեցի և դարձյալ կփառավորեմ» (Հովհաննես 12։27, 28)։
Այդտեղ ներկա մարդիկ շփոթության մեջ են ընկնում։ Ոմանք կարծում են, թե դա որոտի ձայն էր։ Ուրիշներն էլ ասում են. «Հրեշտակ խոսեց նրա հետ» (Հովհաննես 12։29)։ Սակայն իրականում դա Եհովայի ձայնն էր։ Հիսուսի երկրային կյանքի ընթացքում սա առաջին անգամը չէ, որ մարդիկ լսում են Աստծու ձայնը։
Երեքուկես տարի առաջ՝ Հիսուսի մկրտության ժամանակ, Հովհաննես Մկրտիչը լսել էր, թե ինչպես էր Աստված Հիսուսի մասին ասել. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ»։ Ավելի ուշ՝ մ.թ. 32թ. Պասեքից հետո, երբ Հիսուսը այլակերպվել էր Հակոբոսի, Հովհաննեսի և Պետրոսի առջև, նրանք լսել էին Աստծու ձայնը, որն ասել էր. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ, նրա՛ն լսեք» (Մատթեոս 3։17; 17։5)։ Սակայն այժմ՝ երրորդ անգամ խոսելիս, Եհովան այնպես է անում, որ իր ձայնը լսում են շատերը։
Հիսուսն ասում է. «Այս ձայնը եկավ ոչ թե ինձ համար, այլ ձեզ համար» (Հովհաննես 12։30)։ Այո՛, այդ ձայնը փաստում է, որ նա իսկապես Աստծու Որդին է՝ խոստացված Մեսիան։
Հիսուսը իր կյանքի հավատարիմ ընթացքով օրինակ է ծառայում մարդկանց համար և փաստում է, որ Բանսարկու Սատանան՝ այս աշխարհի իշխանը, արժանի է կործանման։ Հիսուսն ասում է. «Հիմա դատն է այս աշխարհի, հիմա այս աշխարհի իշխանը դուրս կնետվի»։ Հիսուսի մոտալուտ մահը նրա համար ոչ թե պարտություն է լինելու, այլ հաղթանակ։ Ի՞նչ իմաստով։ Հիսուսն ասում է. «Սակայն երբ ես բարձրացվեմ, ամեն տեսակ մարդկանց դեպի ինձ կձգեմ» (Հովհաննես 12։31, 32)։ «Բարձրացվելով», այսինքն՝ ցցի վրա մահանալով՝ Հիսուսը մարդկանց կձգի դեպի իրեն և նրանց համար հավիտենական կյանքի դուռ կբացի։
Երբ Հիսուսը խոսում է իր «բարձրացվելու» մասին, մարդիկ ասում են. «Մենք Օրենքից լսել ենք, որ Քրիստոսը հավիտյան է մնալու։ Դու ինչպե՞ս ես ասում, թե մարդու Որդին պետք է բարձրացվի։ Ո՞վ է այդ մարդու Որդին» (Հովհաննես 12։34)։ Այո՛, մարդկանցից շատերը չեն ընդունում, որ Հիսուսն է մարդու Որդին՝ խոստացված Մեսիան, չնայած որ բազմաթիվ ապացույցներ ունեն և անգամ լսել են Աստծու ձայնը։
Ապա Հիսուսը խոսում է իր մասին՝ որպես «լույսի», ինչպես նախկինում է խոսել (Հովհաննես 8։12; 9։5)։ Նա հորդորում է մարդկանց. «Լույսը մի փոքր ժամանակ էլ ձեզ հետ կլինի։ Քայլեք, քանի դեռ լույսն ունեք, որպեսզի խավարը չհաղթի ձեզ.... Քանի դեռ լույսն ունեք, հավատացեք լույսին, որպեսզի լույսի որդիներ լինեք» (Հովհաննես 12։35, 36)։ Հետո Հիսուսը հեռանում է, քանի որ նա չպետք է մահանա այդ օրը՝ նիսանի 10-ին։ Նա ցցին է գամվելու նիսանի 14-ին (Գաղատացիներ 3։13)։
Հիսուսի ողջ ծառայության ընթացքում հրեաները հավատ չեն դրսևորում նրա հանդեպ, ինչով էլ կատարվում է մի մարգարեություն։ Եսայիան մարգարեացել էր, որ ժողովրդի աչքերը, այսպես ասած, կուրանալու էին և նրանց սրտերը այնքան կարծր էին լինելու, որ նրանք «հետ չէին դառնալու ու չէին բուժվելու» (Եսայիա 6։10; Հովհաննես 12։40)։ Այո՛, հրեաների մեծ մասը համառորեն մերժում է այն բոլոր ապացույցները, որոնք փաստում են, որ Հիսուսն է խոստացված Ազատարարը՝ դեպի կյանք տանող ճանապարհը։
Որոշ մարդիկ՝ Նիկոդեմոսը, արիմաթեացի Հովսեփը և շատ այլ իշխաններ, հավատում են Հիսուսին։ Սակայն նրանք թերևս բացահայտորեն ցույց չեն տալիս դա։ Գուցե նրանք վախենում են, թե իրենց կվտարեն ժողովարանից, կամ էլ «մարդկանց փառքը ավելի են սիրում» (Հովհաննես 12։42, 43)։
Հիսուսը բացատրում է, թե իր հանդեպ հավատ դրսևորելը ինչ է նշանակում. «Ով հավատում է Հովհաննես 12։44, 45, 48)։
ինձ, ոչ միայն ինձ է հավատում, այլև ինձ ուղարկողին, և ով տեսնում է ինձ, տեսնում է նաև ինձ ուղարկողին»։ Այն ճշմարտությունները, որոնք Աստված Հիսուսին պատվիրել է սովորեցնել, և որոնք Հիսուսը շարունակաբար քարոզում է, անչափ կարևոր են։ Ուստի Հիսուսն ասում է. «Ինձ արհամարհողի և իմ ասածները չընդունողի համար դատավոր կա։ Այն խոսքը, որ ես ասացի, ա՛յն կդատի նրան վերջին օրը» (Ապա Հիսուսն ավելացնում է. «Ես ոչ թե ինձանից խոսեցի, այլ ինձ ուղարկող Հայրը պատվեր տվեց ինձ, թե ինչ պիտի ասեմ և ինչ պիտի խոսեմ։ Նաև գիտեմ, որ նրա պատվերը հավիտենական կյանք է նշանակում» (Հովհաննես 12։49, 50)։ Հիսուսը գիտի, որ շուտով իր արյունը թափվելու է որպես զոհ այն մարդկանց համար, ովքեր հավատ են դրսևորում իր հանդեպ (Հռոմեացիներ 5։8, 9)։