ԴԱՍ 35
Աննան աղոթում է, որ որդի ունենա
Եղկանա անունով մի իսրայելացի երկու կին ուներ։ Մեկի անունը Աննա էր, իսկ մյուսինը՝ Փենանա։ Սակայն նա Աննային ավելի շատ էր սիրում։ Փենանան շատ երեխաներ ուներ, իսկ Աննան երեխա չուներ։ Այդ պատճառով Փենանան միշտ ծաղրում էր Աննային։ Ամեն տարի Եղկանան իր ընտանիքի հետ գնում էր Սելով, որ այնտեղ գտնվող խորանում երկրպագի Եհովային։ Մի անգամ, երբ նրանք այնտեղ էին, նա նկատեց, որ իր սիրելի կինը՝ Աննան, շատ տխուր է, և ասաց նրան. «Ա՛ննա, խնդրում եմ, մի՛ լացիր։ Չէ՞ որ ես քո կողքին եմ և սիրում եմ քեզ»։
Ավելի ուշ Աննան առանձնացավ, որ աղոթի։ Նա, լաց լինելով, Եհովային աղաչեց, որ օգնի իրեն։ Աննան խոստացավ. «Եհո՛վա, եթե դու ինձ մի որդի տաս, ես նրան քեզ կտամ, և նա իր ամբողջ կյանքում քեզ կծառայի»։
Հեղի քահանայապետը տեսավ, որ Աննան հեկեկում է, և կարծեց, թե նա հարբած է։ Բայց Աննան ասաց. «Ո՛չ, տե՛ր իմ։ Ես հարբած չեմ։ Ես մի մեծ խնդիր ունեմ ու դրա մասին Եհովային եմ պատմում»։ Հեղին հասկացավ, որ սխալվել է, և ասաց. «Թող Աստված քեզ տա այն, ինչ որ խնդրեցիր նրանից»։ Աննան հանգստացավ ու հեռացավ։ Մեկ տարի էլ չէր անցել, որ Աննան մի որդի ծնեց և նրա անունը Սամուել դրեց։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան երջանիկ էր նա։
Աննան չմոռացավ Եհովային տված իր խոստման մասին։ Հենց որ երեխային կաթից կտրեց, նրան տարավ Սելով, որ ծառայի խորանում։ Աննան Հեղիին ասաց. «Ես այս տղայի համար էի աղոթում։ Հիմա նրան Եհովային եմ տալիս, որ իր ամբողջ կյանքում ծառայի նրան»։ Ամեն տարի Եղկանան և Աննան գնում էին Սամուելին տեսնելու և նոր վերնահագուստ էին տանում նրան։ Ժամանակի ընթացքում Եհովան Աննային ևս երեք տղա և երկու աղջիկ տվեց։
«Շարունակեք խնդրել, և կտրվի ձեզ, շարունակեք փնտրել և կգտնեք» (Մատթեոս 7։7)։