ԴԱՍ 17
Մովսեսը որոշում է Եհովային ծառայել
Եգիպտոսում Հակոբի ընտանիքի անդամները հայտնի դարձան որպես իսրայելացիներ։ Երբ Հակոբն ու Հովսեփը մահացան, նոր փարավոն սկսեց իշխել երկրում։ Նա տեսավ, որ իսրայելացիները եգիպտացիներից ավելի ու ավելի ուժեղ են դառնում, և սկսեց վախենալ։ Այդ պատճառով փարավոնը իսրայելացիներին ստրուկներ դարձրեց։ Նա ստիպում էր նրանց աղյուսներ պատրաստել ու ծանր աշխատանք կատարել դաշտերում։ Չնայած որ եգիպտացիները իսրայելացիներին ստիպում էին շատ աշխատել, միևնույն է, նրանց թիվը ավելի էր մեծանում։ Փարավոնին դա դուր չէր գալիս, և նա հրամայեց սպանել իսրայելացի բոլոր նորածին տղաներին։ Պատկերացնո՞ւմ ես, թե որքան վախեցան իսրայելացիները։
Մի իսրայելացի կին, որի անունը Հոքաբեթ էր, մի գեղեցիկ տղա ունեցավ։ Նա ուզում էր պաշտպանել երեխային, ուստի նրան դրեց զամբյուղի մեջ և այն թաքցրեց Նեղոս գետի եղեգներում։ Իսկ տղայի քույրը՝ Մարիամը, կանգնեց մոտակայքում, որ տեսնի, թե ինչ է պատահելու նրան։
Որոշ ժամանակ հետո փարավոնի աղջիկը եկավ գետում լողանալու և նկատեց այդ զամբյուղը։ Երբ այն բացեց, տեսավ, որ դրա մեջ երեխա է պառկած և լաց է լինում։ Նա խղճաց նրան։ Այդ պահին Մարիամը հարցրեց փարավոնի աղջկան. «Կուզե՞ս գնամ ու մի կին գտնեմ, որ կերակրի երեխային»։ Փարավոնի աղջիկն էլ պատասխանեց՝ այո՛։ Աղջիկը գնաց ու կանչեց իր մորը՝ Հոքաբեթին։ Փարավոնի աղջիկը նրան ասաց. «Վերցրու այս երեխային ու կերակրիր նրան, և ես կտամ քո վարձը»։
Երբ երեխան մեծացավ, Հոքաբեթը նրան տարավ փարավոնի աղջկա մոտ։ Փարավոնի աղջիկը տղայի անունը Մովսես դրեց, և նա նրա որդին դարձավ։ Մովսեսը իշխան դարձավ և կարող էր ունենալ այն ամենը, ինչ ուզենար։ Բայց նա երբեք չէր մոռանում Եհովային։ Նա գիտեր, որ իսրայելացի է և ոչ թե եգիպտացի, և որոշեց ծառայել Եհովային։
Երբ Մովսեսը 40 տարեկան էր, ցանկացավ օգնել իր ժողովրդին։ Մի օր նա տեսավ, թե ինչպես է մի եգիպտացի ծեծում իսրայելացի ստրուկներից մեկին, և այնպես հարվածեց եգիպտացուն, որ նա մեռավ։ Մովսեսը նրա մարմինը թաքցրեց ավազի մեջ։ Երբ փարավոնն իմացավ այդ մասին, ուզեց սպանել Մովսեսին։ Բայց նա փախավ Մադիանի երկիր։ Այնտեղ Եհովան հոգ տարավ նրա մասին։
«Հավատի շնորհիվ Մովսեսը.... հրաժարվեց փարավոնի աղջկա որդին կոչվելուց. նա նախընտրեց Աստծու ժողովրդի հետ դաժան վերաբերմունքի արժանանալ» (Եբրայեցիներ 11։24, 25)։