ԴԱՍ 9
Երկար սպասված որդի
Աբրահամն ու Սառան երկար տարիներ էր, ինչ ամուսնացած էին։ Նրանք թողել էին Ուր քաղաքի իրենց հարմարավետ տունը և ապրում էին վրանում։ Սակայն Սառան չէր դժգոհում, որովհետև վստահում էր Եհովային։
Սառան այնքան շատ էր ուզում երեխա ունենալ, որ մի անգամ Աբրահամին ասաց. «Եթե իմ ծառա Հագարը երեխա ունենա, նրան իմ երեխայի պես կսիրեմ»։ Անցավ որոշ ժամանակ, և Հագարը որդի ծնեց։ Նրա անունը Իսմայել դրեցին։
Շատ տարիներ անց, երբ Աբրահամը 99 տարեկան էր, իսկ Սառան՝ 89, նրանց հյուր եկան երեք անծանոթներ։ Աբրահամը նրանց առաջարկեց, որ ծառի տակ մի փոքր հանգստանան և հետո միասին ճաշեն։ Գիտե՞ս, թե ովքեր էին այդ անծանոթները։ Նրանք հրեշտակներ էին։ Աբրահամի հյուրերը ասացին նրան. «Մյուս տարի այս ժամանակ քո կինը՝ Սառան, որդի կունենա»։ Սառան վրանի մուտքի մոտ լսում էր։ Նա իր մտքում ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես կարող եմ երեխա ունենալ, չէ՞ որ արդեն շատ ծեր եմ»։
Հաջորդ տարի Սառան մի որդի ծնեց, ինչպես և Եհովայի հրեշտակը խոստացել էր։ Աբրահամը նրա անունը Իսահակ դրեց, ինչը նշանակում է «ծիծաղ»։
Երբ Իսահակը մոտ հինգ տարեկան էր, Սառան տեսավ, որ Իսմայելը ծաղրում է նրան։ Նա ուզում էր պաշտպանել իր որդուն, դրա համար գնաց Աբրահամի մոտ ու խնդրեց, որ Հագարին ու նրա որդուն դուրս անի։ Սկզբում Աբրահամը չէր ուզում դա անել։ Բայց Եհովան, որը նույնպես ուզում էր պաշտպանել Իսահակին, նրան ասաց. «Լսիր Սառային։ Ես հոգ կտանեմ Իսմայելին։ Բայց իմ խոստումը Իսահակի միջոցով կկատարեմ»։
«Հավատի շնորհիվ Սառան հղիացավ, թեև նրա տարիքն արդեն անցել էր. նա հավատում էր, որ Խոստացողը հավատարիմ է իր խոսքին» (Եբրայեցիներ 11։11)։