Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 67

Երուսաղեմի պարիսպը

Երուսաղեմի պարիսպը

Այժմ արի մի քանի տարի հետ գնանք՝ այն ժամանակները, երբ Երուսաղեմի պարիսպը դեռ չէր վերակառուցվել։ Արտաքսերքսես թագավորի ծառաներից մեկը Նեեմիա անունով մի իսրայելացի էր, որն ապրում էր Պարսկաստանի Շուշան քաղաքում։ Մի օր Նեեմիայի եղբայրը Հուդայից եկավ ու վատ լուր հայտնեց՝ ասելով. «Ժողովուրդը, որը վերադարձել է Երուսաղեմ, ապահովության մեջ չէ։ Քաղաքի պարիսպը և դարպասները, որոնք բաբելոնացիները ոչնչացրել են, դեռ չեն վերականգնվել»։ Նեեմիան շատ տխրեց։ Նա ցանկացավ գնալ Երուսաղեմ, որ օգնի ժողովրդին։ Այդ պատճառով Եհովային աղոթեց, որ թագավորն իրեն թույլ տա գնալ։

Որոշ ժամանակ անց թագավորը նկատեց, որ Նեեմիան տխուր է, և հարցրեց. «Ի՞նչ է պատահել։ Ես քեզ երբեք այսպիսի վիճակում չեմ տեսել»։ Նեեմիան պատասխանեց. «Ինչպե՞ս կարող եմ չտխրել, չէ՞ որ իմ քաղաքը՝ Երուսաղեմը, ավերակների մեջ է»։ Թագավորը հարցրեց. «Ի՞նչ ես ուզում, որ անեմ քեզ համար»։ Նեեմիան իր մտքում իսկույն աղոթեց Եհովային, հետո ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր՝ գնամ Երուսաղեմ, որպեսզի վերակառուցեմ պարիսպը»։ Արտաքսերքսես թագավորը համաձայնվեց և ամեն բան արեց, որ Նեեմիայի երկար ճամփորդությունն անվտանգ լինի։ Բացի այդ՝ թագավորը Նեեմիային Հուդայի կառավարիչ նշանակեց և քաղաքի դարպասները վերականգնելու համար փայտ տվեց նրան։

Երբ Նեեմիան հասավ Երուսաղեմ, զննեց քաղաքի քանդված պարիսպը։ Այնուհետև հավաքեց քահանաներին ու կառավարիչներին և ասաց. «Մենք շատ վատ վիճակում ենք։ Եկեք գործի անցնենք»։ Ժողովուրդը համաձայնվեց և սկսեց վերականգնել պարիսպը։

Իսրայելացիների հակառակորդներից ոմանք ծաղրեցին նրանց ու ասացին. «Եթե նույնիսկ մի աղվես էլ բարձրանա ձեր շինած պարսպի վրա, այն փուլ կգա»։ Սակայն շինարարները ուշադրություն չդարձրին նրանց վիրավորական խոսքերին և շարունակեցին կառուցել պարիսպը։ Օր օրի գործն առաջ էր գնում։

Այդ ժամանակ հակառակորդները որոշեցին տարբեր կողմերից գալ ու անսպասելի հարձակվել Երուսաղեմի վրա։ Երբ հրեաներն իմացան նրանց դավադրության մասին, վախով լցվեցին։ Բայց Նեեմիան ասաց. «Մի՛ վախեցեք։ Եհովան մեզ հետ է»։ Նա պահապաններ կանգնեցրեց, որ պաշտպանեն շինարարներին, և հակառակորդները չկարողացան հարձակվել նրանց վրա։

Ընդամենը 52 օրում պարիսպն ու դարպասները վերականգնվեցին։ Նեեմիան բոլոր ղևտացիներին կանչեց Երուսաղեմ, որ կատարեն պարսպի հանդիսավոր բացումը։ Նա բաժանեց նրանց երկու երգչախմբի։ Նրանք Աղբյուրի դարպասի մոտ գտնվող աստիճաններով բարձրացան պարսպի վրա և հակառակ ուղղություններով քայլեցին քաղաքի շուրջը։ Երգչախմբերը շեփորներով, ծնծղաներով ու քնարներով գովերգում էին Եհովային։ Եզրասը մի խմբի հետ էր գնում, իսկ Նեեմիան՝ մյուս խմբի։ Վերջում նրանք հանդիպեցին տաճարի մոտ։ Ողջ ժողովուրդը՝ տղամարդիկ, կանայք ու երեխաները, զոհեր մատուցեցին Եհովային և ուրախացան։ Նրանց ուրախության ձայները լսվում էին անգամ հեռվում։

«Քո դեմ ստեղծված ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Եսայիա 54։17