ԳԼՈՒԽ 16
Պաշտպանվիր Սատանայի նենգություններից
«Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի» (ՀԱԿՈԲՈՍ 4։7)
1, 2. Ովքե՞ր են ուրախությամբ լցվում մկրտության ժամանակ։
ԵԹԵ երկար տարիներ է, ինչ ծառայում ես Եհովային, հավանաբար համաժողովների ժամանակ բազմաթիվ անգամներ լսել ես մկրտության ելույթներ։ Անկախ դրանից, սակայն, գուցե ամեն անգամ հուզվում ես, երբ տեսնում ես, թե ինչպես են առաջին շարքերում նստածները ոտքի կանգնում ու ներկայացնում իրենց անձը մկրտության համար։ Սովորաբար նրանց պատասխաններից հետո բուռն ծափահարություններ են հնչում, և բոլոր ներկաները ոգևորությամբ են լցվում։ Գուցե նույնիսկ աչքերդ թրջվում են, երբ նայում ես, թե ինչպես են նորանոր մարդիկ միանում Եհովայի ժողովրդին։ Այո՛, դրանք ցնծության պահեր են։
2 Իսկ պատկերացնո՞ւմ ես, թե ինչ ցնծություն են ապրում հրեշտակները, ովքեր մեզնից շատ ավելի անգամներ են ականատես լինում նման իրադարձության։ Ի՜նչ ուրախություն է տիրում երկնքում, երբ ամեն շաբաթ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր ծայրերից միանում են Եհովայի կազմակերպությանը (Ղուկաս 15։7, 10)։ Անկասկած, հրեշտակները մեծ ոգևորությամբ են լցվում (Անգե 2։7)։
ՍԱՏԱՆԱՆ «ՄՌՆՉՈՂ ԱՌՅՈՒԾԻ ՊԵՍ ՄԱՆ Է ԳԱԼԻՍ»
3. Ինչո՞ւ է Սատանան «մռնչող առյուծի պես ման գալիս», և ո՞րն է նրա նպատակը։
3 Սակայն կան ոգեղեն արարածներ, ովքեր մեծ զայրույթով են լցվում, երբ տեսնում են մկրտության այդ իրադարձությունները։ Այն, որ հազարավոր մարդիկ մերժում են այս ապականված աշխարհը և դուրս են գալիս դրանից, կատաղեցնում է Սատանային ու դևերին։ Չէ՞ որ Սատանան էր, որ հանդգնեց հայտարարել, թե ոչ մի մարդ չի ծառայի Եհովային անկեղծ սիրուց մղված և չի մնա նրան հավատարիմ, երբ լուրջ փորձության առաջ կանգնի (կարդա՛ Հոբ 2։4, 5)։ Ամեն անգամ, երբ որևէ մեկը իր կյանքը նվիրում է Եհովային, ապացուցվում է, որ Սատանան սխալվում էր։ Ասես նա հազարավոր անգամներ ապտակ է ստանում ամեն շաբաթ։ Ուստի զարմանալի չէ, որ Սատանան «մռնչող առյուծի պես ման է գալիս՝ փնտրելով, թե ում կուլ տա» (1 Պետրոս 5։8)։ Այս «առյուծը» ցանկանում է հոգևոր առումով կուլ տալ մեզ, այսինքն՝ լրջորեն վնասել և նույնիսկ խզել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները (Սաղմոս 7։1, 2; 2 Տիմոթեոս 3։12)։
Ամեն անգամ, երբ որևէ մեկը իր կյանքը նվիրում է Եհովային, Սատանան «ապտակ» է ստանում
4, 5. ա) Եհովան ի՞նչ երկու առումներով է սահմանափակել Սատանայի զորությունը։ բ) Ինչո՞ւմ կարող է ճշմարիտ քրիստոնյան վստահ լինել։
4 Թեև մեր առաջ կատաղի թշնամի է կանգնած, սակայն վախով համակվելու պատճառ չունենք։ Եհովան սահմանափակել է «մռնչող առյուծի» զորությունը երկու առումներով։ Առաջին՝ Եհովան մարգարեանալով հայտնել է, որ ճշմարիտ քրիստոնյաների «մեծ բազմություն» կվերապրի «մեծ նեղությունից» (Հայտնություն 7։9, 14)։ Իսկ Եհովայի տված մարգարեությունները միշտ են կատարվում։ Ուրեմն Սատանան ինքն էլ գիտի, որ երբեք չի կարողանա Աստծու բոլոր ծառաներին իր ծուղակը գցել։
5 Երկրորդ՝ Եհովայի պաշտպանությունը ակնհայտ է դառնում այն ճշմարիտ խոսքերից, որ ասաց հնում ապրած Աստծու հավատարիմ ծառաներից մեկը՝ Ազարիա մարգարեն։ Նա Ասա թագավորին ասաց. «Եհովան ձեզ հետ է, քանի դեռ դուք նրա հետ եք» (2 Տարեգրություն 15։2; կարդա՛ 1 Կորնթացիներ 10։13)։ Աստվածաշնչում արձանագրված բազմաթիվ օրինակներ կան այն մասին, որ Սատանային չի հաջողվել «կուլ տալ» Աստծու որևէ ծառայի, ով մտերիմ փոխհարաբերություններ է պահպանել նրա հետ (Եբրայեցիներ 11։4–40)։ Այսօր նույնպես այն քրիստոնյան, ով մոտ է մնում Եհովային, կարող է դիմադրել և նույնիսկ հաղթել Սատանային։ Աստծու Խոսքը հավաստիացնում է. «Հակառակվեք Բանսարկուին, և նա կփախչի ձեզանից» (Հակոբոս 4։7)։
«ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ.... ՈԳԵՂԵՆ ՉԱՐ ՈՒԺԵՐԻ ԴԵՄ Է»
6. Ի՞նչ մարտավարություն ունի Սատանան։
6 Սատանան չի կարող հաղթել Աստծու ժողովրդի դեմ պատերազմում, սակայն եթե աչալուրջ չլինենք, նա կարող է հաղթել մեզ որպես առանձին անհատի։ Սատանան գիտի, որ կկարողանա «կուլ տալ» մեզ, եթե իրեն հաջողվի թուլացնել Եհովայի հետ մեր կապը։ Ինչպե՞ս է Սատանան փորձում հասնել իր նպատակին։ Ուժգին, անհատական և նենգ հարձակումների միջոցով։ Քննենք նրա մարտավարության այս հիմնական երեք կերպերը։
7. Ինչո՞ւ է Սատանան ավելի ուժգնացնում իր հարձակումները։
7 Ուժգին հարձակում։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ամբողջ աշխարհը Չարի իշխանության տակ է» (1 Հովհաննես 5։19)։ Այս խոսքերը բոլոր քրիստոնյաների համար հնչում են որպես նախազգուշացում։ Քանի որ Սատանան արդեն իսկ իր իշխանության տակ է պահում Աստծուց հեռացած մարդկանց, իր ողջ ուշադրությունը և ուժերը կենտրոնացնում է Եհովայի ժողովրդի վրա՝ այն մարդկանց, ում հաջողվել է խույս տալ իրենից (Միքիա 4։1; Հովհաննես 15։19; Հայտնություն 12։12, 17)։ Նա զայրացած է, քանի որ գիտի, որ իրեն քիչ ժամանակ է մնացել։ Ուստի ավելի է ուժգնացնում իր հարձակումները։ Այսօր մենք ականատես ենք լինում նրա վերջին կատաղի ջանքերին, որ թափում է հոգևորապես մեզ կործանելու համար։
8. Ինչո՞ւ Պողոսը օգտագործեց «ըմբշամարտ» բառը։
8 Անհատական հարձակում։ Պողոս առաքյալը քրիստոնյաներին նախազգուշացրեց. «Մեր պայքարը [բառացի՝ ըմբշամարտը].... երկնային ոլորտում եղող ոգեղեն չար ուժերի դեմ է» (Եփեսացիներ 6։12)։ Ինչո՞ւ Պողոսը օգտագործեց «ըմբշամարտ» բառը։ Քանի որ նման պայքարը ենթադրում է անհատական գոտեմարտ։ Այսինքն՝ այս համեմատությամբ Պողոսն ընդգծում էր, որ յուրաքանչյուրս անձնական պայքար է մղում չար ուժերի դեմ։ Անկախ այն բանից՝ մեր շրջապատում մարդիկ հավատում են չար ոգիների գոյությանը, թե ոչ, մենք պետք է միշտ հիշենք, որ երբ նվիրում ենք մեր անձը Եհովային, փոխաբերական առումով ոտք ենք դնում ըմբշամարտի գորգի վրա։ Կարելի է ասել՝ նվիրումից ի վեր քրիստոնյան պայքարի մեջ է մտնում։ Ուստի հասկանալի է, թե ինչու Պողոսը Եփեսացիներին գրելիս հարկ համարեց երեք անգամ հորդորել «հաստատ կանգնած» մնալ (Եփեսացիներ 6։11, 13, 14)։
9. ա) Ինչո՞ւ են Սատանան և դևերը տարբեր «նենգություններ» մշակել։ բ) Ինչո՞ւ է Սատանան փորձում ապականել մեր միտքը, և ինչպե՞ս կարող ենք ընդդիմանալ դրան (տես « Զգուշացիր Սատանայի ծուղակներից» շրջանակը)։ գ) Սատանայի ո՞ր նենգ ծուղակի մասին կխոսվի այս գլխում։
9 Նենգ հարձակում։ Պողոսը հորդորեց քրիստոնյաներին «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ» (Եփեսացիներ 6։11)։ Ուշադրություն դարձրու, որ Պողոսը նենգություն բառը օգտագործում է հոգնակի թվով։ Չար ոգիները հարձակման բազմաթիվ նենգ մեթոդներ ունեն։ Եվ դա աննպատակ չէ։ Ժամանակի ընթացքում Աստծուն հավատացողներից ոմանք տոկունությամբ դիմացել են մի փորձությանը, սակայն մեկ այլ փորձության ժամանակ հանձնվել են։ Սատանան ու իր դևերը ուշադրությամբ հետևում են մեր պահվածքին, որպեսզի թույլ կողմ գտնեն։ Իսկ երբ գտնում են մի թուլություն, որի պատճառով Եհովայի հետ մեր փոխհարաբերությունը կարող է վտանգվել, անմիջապես օգտվում են դրանից։ Սակայն մենք կարող ենք ճանաչել Սատանայի մեթոդները, քանի որ դրանք բացահայտ ներկայացված են Աստվածաշնչում։ Անցած գլուխներում մենք քննարկել ենք դրանցից մի քանիսը, ինչպիսիք են՝ նյութապաշտությունը, վնասակար ընկերակցությունը և անբարոյությունը։ Այժմ կխոսենք Սատանայի մեկ այլ նենգ ծուղակի՝ ոգեհարցության մասին։
ՈԳԵՀԱՐՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎԵԼԸ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է
10. ա) Ի՞նչ է ոգեհարցությունը։ բ) Ինչպե՞ս է Եհովան նայում ոգեհարցությանը, և ինչպե՞ս պետք է մենք նայենք դրան։
10 Ոգեհարցությունը մարդուն անմիջական կապի մեջ է մտցնում չար ոգիների հետ։ Ոգեհարցության ձևեր են՝ գուշակությունը, մոգությունը, կախարդությունը, հոգի կանչելը, թալիսման գործածելը, աստղագուշակությունը, երազահանությունը։ Մենք գիտենք, որ դրանք բոլորը «գարշելի են Եհովայի համար» (2 Օրենք 18։10–12; Հայտնություն 21։8)։ Քանի որ մենք էլ պետք է «զզվենք չարից», մեզ համար բացարձակապես անընդունելի պետք է լինի չար ոգիների հետ որևէ կապի մեջ մտնելը (Հռոմեացիներ 12։9)։ Հակառակ դեպքում՝ դա նողկալի դավաճանություն կլինի մեր երկնային Հոր՝ Եհովայի դեմ։
11. Ինչո՞ւ ենք ասում, որ Սատանայի համար հաղթանշան կլինենք, եթե առնչվենք ոգեհարցությանը։
11 Հենց այն բանի համար, որ ոգեհարցությունը Եհովայի դեմ նողկալի դավաճանություն է, Սատանան ձգտում է մեզնից գոնե ոմանց ներքաշել դրա մեջ։ Ամեն անգամ, երբ նրան հաջողվում է քրիստոնյային ոգեհարցության ծուղակը գցել, նա մեծ հաղթանակ է գրանցում իր հաշվին։ Պատկերացնենք դա օրինակով։ Եթե որևէ զինվոր լքի իր բանակը և միանա հակառակորդին, թշնամու բանակի հրամանատարը դա որպես հաղթական դրոշակ կօգտագործի՝ ցավ պատճառելու համար հակառակ կողմին։ Նմանապես, եթե քրիստոնյան ոգեհարցության դիմի, նա հոժարակամորեն ու գիտակցաբար իրեն Սատանայի հրամանատարության ներքո կդնի։ Պատկերացնո՞ւմ ես՝ ինչ հաճույք կզգա նա և ինչ գոհունակությամբ դավաճանին կներկայացնի որպես իր հաղթանշան։ Մի՞թե կուզես նման հաղթանակ պարգևել նրան։ Անշուշտ ոչ։ Մենք դավաճաններ չենք։
ԿԱՍԿԱԾՆԵՐ ԾՆՈՂ ՀԱՐՑԵՐ
12. Ի՞նչ մեթոդ է կիրառում Սատանան՝ փոխելու համար ոգեհարցության հանդեպ մեր վերաբերմունքը։
12 Քանի դեռ զզվում ենք ոգեհարցությունից, Սատանային չի հաջողվի դրա միջոցով հաղթել մեզ։ Նա գիտի, որ նախևառաջ պետք է փորձի փոխել մեր վերաբերմունքը։ Այսինքն՝ նա ուզում է տարբեր կերպերով շփոթության մեջ գցել քրիստոնյային, որպեսզի նա «բարուն ասի չար և չարին՝ բարի» (Եսայիա 5։20)։ Դրա համար նա հաճախ օգտագործում է խորամանկ ու փորձված մի մեթոդ՝ առաջ է քաշում կասկածներ ծնող հարցեր։
13. Ինչպե՞ս է հնում Սատանան օգտագործել կասկածներ ծնող հարցերի մեթոդը։
13 Ուշադրություն դարձնենք, թե ինչպես է Սատանան օգտագործել այս մեթոդը հնում։ Եդեմի պարտեզում նա հարց ուղղեց Եվային. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»։ Հոբի օրերում, երբ Աստծու հրեշտակները հավաքվել էին նրա գահի առաջ, նա հարց բարձրացրեց. «Մի՞թե Հոբը շահից դրդված չէ վախենում Աստծուց»։ Իսկ Հիսուսի երկրային ծառայության սկզբում նա հետևյալն ասաց նրան. «Եթե Աստծու որդի ես, այս քարերին ասա, որ հաց դառնան»։ Ինչպիսի հանդուգն քայլ. նա հարցականի տակ էր դնում այն խոսքերը, որ ընդամենը վեց շաբաթ առաջ ասել էր ինքը Եհովան. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Ծննդոց 3։1; Հոբ 1։9; Մատթեոս 3։17; 4։3)։
14. ա) Ինչպե՞ս է Սատանան օգտագործում կասկածներ ծնող հարցերի մեթոդը ոգեհարցության առնչությամբ։ բ) Ի՞նչ կքննենք հիմա։
14 Այսօր էլ Սատանան նույն մեթոդին է դիմում մեր մեջ կասկածներ գցելու համար, թե արդյոք ոգեհարցությունը իսկապես այդքան վատ բան է։ Ցավոք, նրան հաջողվել է մեր հավատակիցներից ոմանց մեջ կասկածի սերմեր ցանել, ու նրանք սկսել են մտածել, որ գուցե ոգեհարցության որոշ ձևեր այդքան էլ վատ բան չեն (2 Կորնթացիներ 11։3)։ Ինչպե՞ս կարող ենք նման անհատներին օգնել ուղղելու իրենց մտածելակերպը։ Ինչպե՞ս կարող ենք համոզվել, որ ինքներս էլ Սատանայի այս նենգ ծուղակը չենք ընկնի։ Այս հարցերի պատասխաններն իմանալու համար քննենք, թե Սատանան ինչպես է նենգորեն ոգեհարցական տարրերով թունավորել մեր կյանքին սերտորեն առնչվող երկու ոլորտ՝ զվարճությունը և բժշկությունը։
ՄԵՐ ԻՍԿ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԿԱՐԻՔՆԵՐԸ
15. ա) Ինչպե՞ս են վերաբերվում ոգեհարցությանը որոշ արևմտյան երկրներում։ բ) Ինչպե՞ս է որոշ քրիստոնյաների մտածելակերպի վրա ազդել ոգեհարցության հանդեպ աշխարհի վերաբերմունքը։
15 Հատկապես Եվրոպայում և Հյուսիսամերիկյան երկրներում ապրողները գնալով ավելի թեթև են վերաբերվում գուշակությանը, կախարդությանը և ոգեհարցության այլ ձևերին։ Դևերի հետ կապ ունեցող այս գործերը ֆիլմերում, գրքերում, հեռուստահաղորդումներում և վիդեոխաղերում ներկայացվում են որպես զվարճալի, ինտելեկտուալ ու անվնաս զբաղմունք։ Ոգեհարցությամբ հարուստ սյուժե ունեցող գրքերի և ֆիլմերի շնորհիվ դրանք ավելի տարածված են դարձել։ Ակնհայտ է, որ դևերին հաջողվել է կոծկել ոգեհարցության վտանգները։ Արդյոք ոգեհարցությանը թեթև նայելու տենդենցը ազդե՞լ է քրիստոնյաների վրա։ Ոմանց մտածելակերպի վրա ազդել է։ Ինչպե՞ս։ Բերենք տիպիկ մի օրինակ. գուշակությանն առնչվող սյուժե ունեցող ֆիլմ նայելուց հետո մի քրիստոնյա ասաց. «Ես ընդամենը նայեցի ֆիլմը, ես ոգեհարցությամբ չզբաղվեցի»։ Ինչո՞ւ է նման մտածելակերպը վտանգավոր։
16. Ինչո՞ւ են վտանգավոր այն զվարճությունները, որոնց հիմքում ընկած է ոգեհարցությունը։
16 Թեև ոգեհարցությամբ զբաղվելը և այն նայելը նույն բանը չեն, սակայն դա չի նշանակում, որ դիտելը, թե ինչպես են ուրիշները ոգեհարցությամբ զբաղվում, անվնաս է։ Ինչո՞ւ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Սատանան ու դևերը չեն կարող կարդալ մեր միտքը։ a Ուստի, ինչպես արդեն նշեցինք, գտնելու համար մեր թույլ կողմերը՝ նրանք ուշադրությամբ հետևում են մեր վարքին, այդ թվում նաև այն բանին, թե ժամանցի ինչ ձև ենք ընտրում։ Երբ քրիստոնյան հաճույքով կարդում կամ դիտում է կախարդությանը, գուշակությանը, մոգությանն ու դիվային ուժերին առնչվող նյութեր, դա նշան է դևերի համար, որ դա նրա թույլ կողմն է։ Ուստի նրանք սկսում են ավելի ինտենսիվորեն գոտեմարտել՝ օգտվելով նրա թուլությունից, մինչև որ տապալեն նրան։ Իրականում, ոգեհարցության հանդեպ հետաքրքրությունը հիմնականում ծնվել է այն քրիստոնյաների մեջ, ովքեր դրան առնչվող զվարճության ձևեր են ընտրել։ Նրանցից ոմանք, ի վերջո, դիմել են ոգեհարցության (կարդա՛ Գաղատացիներ 6։7)։
17. Ինչպե՞ս կարող է Սատանան նենգաբար օգտվել մեր տկար վիճակից։
17 Սատանան փորձում է մեր դեմ օգտագործել ոչ միայն զվարճանալու մեր ցանկությունը, այլև երբ հիվանդ ենք լինում, բուժում գտնելու մեր կարիքը։ Երբ քրիստոնյայի առողջական վիճակը սկսում է վատանալ և նա, չնայած իր թափած ջանքերին, բուժում չի գտնում, գուցե վհատվի (Մարկոս 5։25, 26)։ Դա լավ հնարավորություն կարող է ստեղծել Սատանայի ու դևերի համար, որից նրանք կփորձեն օգտվել։ Նրանք կարող են վհատված հիվանդին մղել, որ դիմի այնպիսի բուժման ձևերի, որոնք կապ ունեն «մոգական ուժերի», կամ՝ ոգեհարցության հետ (Եսայիա 1։13)։ Եթե դա նրանց հաջողվի, ապա հիվանդի փոխհարաբերությունները Աստծու հետ կվնասվեն։ Ի՞նչ առումով։
18. Բուժման ինչպիսի՞ ձևերից կհրաժարվի քրիստոնյան և ինչո՞ւ։
18 Եհովան զգուշացրեց «մոգական ուժերին» դիմող իսրայելացիներին. «Երբ դուք տարածում եք ձեր ձեռքի ափերը, ես փակում եմ իմ աչքերը։ Թեև շատ աղոթքներ եք անում, ես չեմ լսում» (Եսայիա 1։15)։ Անշուշտ, մենք միշտ ուզում ենք խուսափել այնպիսի բաներից, որոնք կխոչընդոտեն մեր աղոթքներին և այն աջակցությանը, որ ստանում ենք Եհովայից, հատկապես երբ հիվանդ ենք լինում (Սաղմոս 41։3)։ Հետևաբար ճշմարիտ քրիստոնյան միանշանակ կհրաժարվի այնպիսի ախտորոշման ու բուժման մեթոդներից, որոնք ոգեհարցական տարրեր են պարունակում կամ կասկածելի են թվում b (Մատթեոս 6։13)։ Այդպես մենք համոզված կլինենք, որ Եհովան շարունակում է աջակցել մեզ (տես « Ոգեհարցությանն առնչվո՞ւմ է, թե՞ ոչ» շրջանակը)։
ԴԵՎԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19. ա) Իր զորության հետ կապված ինչպե՞ս է Սատանան խաբել մարդկանց։ բ) Ո՞ր պատմությունների տարածմանը ճշմարիտ քրիստոնյաները չեն նպաստում։
19 Մինչ արևմտյան երկրներում ապրողները չար ուժերի հետ կապը վտանգավոր չեն համարում, այլ երկրներում մարդիկ պարզապես սարսափում են Սատանայի զորությունից։ Այդ վայրերում էլ Սատանային հաջողվել է մարդկանց խաբել՝ հավատացնելով, թե ինքը ավելի զորավոր է, քան իրականում կա։ Ոմանք նույնիսկ ապրում, աշխատում, ուտում և քնում են չար ուժերի հանդեպ սարսափով լցված։ Դևերի զորության մասին պատմությունները շատ տարածված են, մարդիկ մեծ հիացմունքով են լսում ու պատմում դրանք։ Սակայն ճիշտ կլինի՞, որ քրիստոնյան նման կերպ վարվի։ Ո՛չ։ Ճշմարիտ Աստծու ծառաները նման պատմությունների տարածմանը չեն նպաստում՝ ելնելով երկու կարևոր պատճառներից։
20. Ինչպե՞ս գուցե անհատը ինքնաբերաբար աջակցի Սատանայի պրոպագանդային։
20 Առաջին. դևերի գործերի մասին պատմություններ պատմելով՝ անհատը Սատանայի շահերն է առաջ տանում։ Ինչպե՞ս։ Աստվածաշունչը հաստատում է, որ Սատանան կարող է զորավոր գործեր անել, բայց նաև զգուշացնում է, որ նա դիմում է «սուտ նշանների» և «խաբեության» (2 Թեսաղոնիկեցիներ 2։9, 10)։ Քանի որ նա մեծ մոլորեցնողն է, գիտի, թե ինչպես ազդել այն մարդկանց մտքի վրա, ովքեր հետաքրքրություն ունեն ոգեհարցության հանդեպ, և ինչպես մղել նրանց հավատալու սուտ բաների։ Նման մարդիկ գուցե անկեղծորեն համոզված լինեն, որ տեսել կամ լսել են որոշ բաներ, և դրանք ներկայացնեն որպես իրողություն։ Բերնեբերան անցնելով՝ այդ պատմություններն ավելի գունագեղ են դառնում։ Ու եթե քրիստոնյան նման պատմություններ պատմի, նա ակամայից Սատանայի՝ «ստության հոր» ցանկությունը կկատարի։ Ըստ էության՝ նա կաջակցի Սատանայի պրոպագանդային (Հովհաննես 8։44; 2 Տիմոթեոս 2։16)։
21. Ինչի՞ շուրջ ենք ուզում, որ մեր զրույցները կենտրոնացած լինեն։
21 Երկրորդ. նույնիսկ եթե քրիստոնյան նախկինում կապ է ունեցել չար ուժերի հետ և զգացել է նրանց զորությունը, ճիշտ չի լինի, որ նա շարունակաբար հավատակիցներին պատմի իր հետ պատահած այդ դեպքերը։ Ինչո՞ւ։ Աստծու Խոսքը հորդորում է մեզ, որ «մեր աչքերը հառենք մեր հավատի Գլխավոր Առաջնորդին ու Կատարելագործողին՝ Հիսուսին» (Եբրայեցիներ 12։2)։ Այո՛, մենք պետք է մեր ուշադրությունը կենտրոնացնենք Հիսուսի, ոչ թե Սատանայի վրա։ Ուշագրավ է այն, որ երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը իր աշակերտներին չէր պատմում չար ոգիների մասին պատմություններ, թեև նա բավական ստույգ տեղեկություններ ուներ, թե Սատանան ինչեր կարող է և չի կարող անել։ Փոխարենը՝ նա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնում էր Թագավորության լուրի վրա։ Հետևաբար, ընդօրինակելով Հիսուսին ու նրա առաքյալներին՝ մենք ուզում ենք, որ մեր զրույցները կենտրոնացած լինեն «Աստծու մեծամեծ բաների» վրա (Գործեր 2։11; Ղուկաս 8։1; Հռոմեացիներ 1։11, 12)։
22. Ինչպե՞ս կարող ենք նպաստել երկնքում տիրող ուրախությանը։
22 Փաստորեն, Սատանան օգտագործում է տարբեր նենգ մեթոդներ, այդ թվում ոգեհարցությունը՝ փորձելով վնասել Եհովայի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները։ Սակայն եթե զզվենք չարից և կառչենք բարուն, ապա առիթ չենք տա Սատանային, որ փորձի կոտրել՝ ոգեհարցությունը ու նրա բոլոր ձևերը մերժելու մեր հաստատակամությունը (կարդա՛ Եփեսացիներ 4։27)։ Պատկերացրու՝ որքան «մեծ ուրախություն կլինի» երկնքում, եթե շարունակենք «հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների դեմ», մինչև որ նա մեկընդմիշտ կործանվի (Ղուկաս 15։7; Եփեսացիներ 6։11)։
a Սատանան նկարագրվում է որպես հակառակորդ, զրպարտող, խաբեբա, փորձիչ, ստախոս, ինչը հիմք չի տալիս եզրակացնելու, որ նա կարողանում է կարդալ մեր սիրտն ու միտքը։ Մինչդեռ Եհովան ներկայացվում է որպես «սրտեր քննող», իսկ Հիսուսը՝ «երիկամներ ու սրտեր» քննող (Առակներ 17։3; Հայտնություն 2։23)։
b Լրացուցիչ տեղեկությունների համար տես «Դիտարանի» 2008թ. նոյեմբերի 15-ի համարը (էջ 25, 26, պարբ. 10–16), 1994թ. դեկտեմբերի 15-ի համարը (էջ 19–22, անգլ., ռուս.) և «Արթնաքե՛ք»-ի 2001թ. հունվարի 8-ի համարը (էջ 26, 27, անգլ., ռուս.)։