ԳԼՈՒԽ 4
Եհովան փառավորում է իր անունը
1, 2. Ինչպե՞ս է «Նոր աշխարհ» թարգմանությունը փառավորում Աստծու անունը։
ՄԻ ՑՈՒՐՏ, բայց արևոտ օր էր 1947-ի դեկտեմբերի 2-ը։ Օծյալ եղբայրների մի փոքր խումբ Բրուքլինի Բեթելում հսկայածավալ աշխատանք սկսեց։ Թեև գործը դժվար էր, սակայն նրանք չհանձնվեցին և 12 տարի շարունակ լարված աշխատեցին։ Վերջապես, 1960-ի մարտի 13-ին՝ կիրակի օրը, Աստվածաշնչի նոր թարգմանությունը պատրաստ էր։ Երեք ամիս անց՝ հունիսի 18-ին, եղբայր Նաթան Նորը Անգլիայի Մանչեստր քաղաքում համաժողովի ժամանակ հայտարարեց Աստվածաշնչի «Նոր աշխարհ» թարգմանության լույսընծայման ցնցող լուրը։ Նրա խոսքերը լիովին արտահայտում էին այն զգացումը, որ պատել էր բոլոր ներկաներին։ Նա ասաց. «Այսօր ամբողջ աշխարհում Եհովայի վկաների համար ցնծության օր է»։ Այս նոր թարգմանությունը հատկապես աչքի էր ընկնում նրանով, որ գրքում հաճախ էր օգտագործվում Աստծու անունը, ինչը բոլորի ուրախության գլխավոր պատճառն էր։
2 Աստվածաշնչի շատ թարգմանություններում հանված է Աստծու անունը։ Սակայն Եհովայի օծյալ ծառաները դեմ գնացին Սատանայի նենգ ծրագրին, որն է՝ մարդկությանը մոռացնել տալ Աստծու անունը։ «Նոր աշխարհ» թարգմանության նախաբանում ասվում էր. «Այս թարգմանության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ Աստծու անունը վերականգնվել է այն բոլոր տեղերում, որտեղ որ պետք է լիներ»։ Եվ իրոք, այս թարգմանության մեջ Աստծու անունը՝ Եհովա, հանդիպում է ավելի քան 7000 անգամ։ Ակնհայտ է, որ «Նոր աշխարհ» թարգմանությունը փառավորում է մեր երկնային Հոր անունը։
3. ա) Ի՞նչ հասկացան մեր եղբայրները Աստծու անվան նշանակության առնչությամբ։ բ) Ինչպե՞ս պետք է հասկանանք Ելք 3։13, 14 համարները (տես « Ինչ է նշանակում Աստծու անունը» շրջանակը)։
3 Սկզբում Աստվածաշունչ ուսումնասիրողները մտածում էին, թե Աստծու անունը նշանակում է «Ես եմ ՈՐ ԵՄ» (Ելք 3։14, «Արարատ» թարգմանություն)։ Ուստի 1926թ. հունվարի 1-ի «Դիտարանում» գրվեց. ««Եհովա» անունը նշանակում է ինքնակա, ինքնագո.... Միակը, ով ո՛չ սկիզբ ունի, ո՛չ վերջ»։ Սակայն նախքան «Նոր աշխարհ» թարգմանության աշխատանքները կսկսվեին, Եհովան օգնեց իր ժողովրդին հասկանալու, որ իր անունը ոչ միայն ցույց է տալիս իր ինքնագո լինելը, այլև ամենակարևորը, որ նա նպատակներ դնող և դրանք իրագործող Աստված է։ Նրանք հասկացան, որ «Եհովա» անունը բառացի նշանակում է «նա դարձնում է»։ Այո՛, նա է այնպես արել, որ գոյություն ունենան տիեզերքն ու բանական էակները, և շարունակում է այնպես անել, որ իր կամքն ու նպատակները իրականանան։ Իսկ ինչո՞ւ է կարևոր, որ Աստծու անունը փառավորվի, և ինչպե՞ս կարող ենք մենք փառավորել այն։
Աստծու անվան սրբացումը
4, 5. ա) Ի՞նչ ենք խնդրում Աստծուն, երբ աղոթում ենք՝ «թող սրբացվի քո անունը»։ բ) Ինչպե՞ս և ե՞րբ Եհովան կսրբացնի իր անունը։
4 Եհովան ուզում է, որ փառավորվի իր անունը։ Իրականում իր անվան սրբացումը նրա առաջնային նպատակն է, ինչպես երևում է Հիսուսի սովորեցրած աղոթքի հենց առաջին խնդրանքից՝ «թող սրբացվի քո անունը» (Մատթ. 6։9)։ Երբ աղոթելիս ասում ենք այս խոսքերը, իրականում ի՞նչ ենք խնդրում Աստծուն։
5 Այս գրքի առաջին գլխից իմացանք, որ տիպար աղոթքում «թող սրբացվի քո անունը» խնդրանքը մեկն է այն երեք խնդրանքներից, որ անմիջականորեն կապված են Եհովայի նպատակի հետ։ Մյուս երկուսը հետևյալն են՝ «թող գա քո թագավորությունը», «թող կատարվի քո կամքը» (Մատթ. 6։10)։ Ուստի ինչպես որ խնդրում ենք Եհովային այնպես անել, որ իր Թագավորությունը գա և իր կամքը կատարվի, այնպես էլ խնդրում ենք, որ նա գործի իր անունը սրբացնելու համար։ Այլ խոսքով՝ մենք աղոթում եք Եհովային, որ քայլեր ձեռնարկի իր անունը մաքրելու ամեն նախատինքից, որ ասվել է Եդեմի ըմբոստությունից ի վեր։ Ինչպե՞ս է Եհովան պատասխանում նման աղոթքներին։ Նա ասում է. «Ես կսրբացնեմ իմ մեծ անունը, որը պղծվում էր ազգերի մեջ» (Եզեկ. 36։23; 38։23)։ Արմագեդոնին, երբ Եհովան վերացնի չարությունը, կսրբացնի իր անունը ողջ ստեղծագործության առաջ։
6. Ինչպե՞ս կարող ենք սրբացնել Աստծու անունը։
6 Պատմության ընթացքում Եհովան թույլ է տվել, որ իր ծառաները նպաստեն իր անվան սրբացմանը։ Ինչ խոսք, մենք չենք կարող ավելի սուրբ դարձնել Աստծու անունը։ Այն արդեն իսկ սուրբ է, բացարձակապես սուրբ։ Ուրեմն ինչպե՞ս կարող ենք մենք այն սրբացնել։ Եսայիան ասում է. «Ընդունեք Զորքերի Տեր Եհովայի՛ սրբությունը»։ Իսկ Եհովան իր ժողովրդի վերաբերյալ ասում է. «[Նա] կսրբացնի իմ անունը.... ակնածանքով կվերաբերվի Իսրայելի Աստծուն» (Ես. 8։13; 29։23)։ «Ընդունել սրբությունը» թարգմանված արտահայտությունը բնագիր տեքստում բառացի նշանակում է «վերաբերվել որպես սրբության»։ Այսպիսով՝ մենք սրբացնում ենք Աստծու անունը՝ ամենից վեր դասելով այն, ակնածելով այդ անունը կրողից և օգնելով ուրիշներին, որ այն սուրբ համարեն։ Մենք դրսևորում ենք մեր հարգանքն ու երկյուղածությունը Աստծու անվան հանդեպ հատկապես այն ժամանակ, երբ ողջ սրտով ընդունում և հնազանդվում ենք նրան որպես մեր Տիրոջ (Առակ. 3։1; Հայտն. 4։11)։
Պատրաստ՝ կրելու և փառավորելու Աստծու անունը
7, 8. ա) Ինչո՞ւ էր ժամանակ պետք, որ Աստծու ժողովուրդը կոչվեր նրա անունով։ բ) Ի՞նչ կքննենք հիմա։
7 Աստծու ժամանակակից ծառաները, սկսած 1870-ականներից, իրենց հրատարակություններում օգտագործել են «Եհովա» անունը։ Օրինակ՝ 1879թ.-ին հրատարակված «Հարսի երգերը» երգարանում և նույն թվականի օգոստոսի «Դիտարանում» հանդիպում է Աստծու անունը։ Այդուհանդերձ, երևում է, որ Եհովան հոգ տարավ, որ իր ժողովուրդը նախքան իր սուրբ անունը կրելը համապատասխանի այդ մեծ առանձնաշնորհմանը։ Իսկ ինչպե՞ս նա պատրաստեց Աստվածաշունչ ուսումնասիրողներին, որ արժանի լինեն կոչվելու իր անունով։
8 Հետադարձ հայացք գցելով Աստծու ժողովրդի՝ 1800-ականների վերջերի և 1900-ականների սկզբների պատմությանը՝ տեսնում ենք, թե ինչպես է Եհովան ավելի հստակեցրել իր անվան հետ կապված կարևոր ճշմարտությունները։ Քննենք դրանցից երեքը։
9, 10. ա) Ինչո՞ւ էին Աստվածաշունչ ուսումնասիրողները սկզբում մեծ ուշադրություն դարձնում Հիսուսի վրա։ բ) 1919-ից հետո ի՞նչ փոփոխություն եղավ, և ի՞նչ արդյունք ունեցավ դա (տես նաև « Ինչպես է «Դիտարանը» հռչակել Աստծու անունը» շրջանակը)։
9 Առաջին՝ Եհովայի ծառաները սկսեցին հասկանալ Աստծու անվան կարևորությունը։ Աստվածաշունչ ուսումնասիրողները սկզբում մտածում էին, թե Աստվածաշնչի գլխավոր ուսմունքը փրկանքն է։ Այդ պատճառով «Դիտարանում» հաճախ էր խոսվում Հիսուսի մասին։ Օրինակ՝ ամսագրի լույսընծայման առաջին տարվա ընթացքում Հիսուսի անունը տասն անգամ ավելի շատ էր հանդիպում, քան Եհովայի անունը։ Աստծու ժողովրդի ժամանակակից պատմության վաղ տարիների մասին 1976թ. մարտի 15-ի «Դիտարանում» նշվեց, որ իրենք «չափից շատ կարևորություն» էին տալիս Հիսուսին։ Սակայն ժամանակի ընթացքում Եհովան օգնեց նրանց նկատել, թե Աստվածաշունչը որքան է կարևորում Աստծու անունը։ Ինչպե՞ս փոխվեց Աստվածաշունչ ուսումնասիրողների վերաբերմունքը։ Վերոհիշյալ «Դիտարանի» նույն հոդվածում ասվում էր, որ հատկապես 1919-ից հետո «նրանք սկսեցին ավելի շատ պատվել Մեսիայի երկնային Հորը՝ Եհովային»։ Եվ արդեն հաջորդ տասնամյակի ընթացքում՝ 1920–1929թթ.-ին լույս տեսած «Դիտարաններում» Աստծու անունը հանդիպում էր ավելի քան 6500 անգամ։
10 Աստծու անվանը արժանավայել ուշադրություն դարձնելով՝ մեր եղբայրները ցույց տվեցին այդ անվան հանդեպ իրենց ունեցած սերը։ Մովսեսի պես՝ նրանք սկսեցին «հռչակել Եհովայի անունը» (2 Օրենք 32։3; Սաղ. 34։3)։ Եհովան էլ, իր խոստման համաձայն, չանտեսեց այս հավատարիմ ծառաների ցուցաբերած սերը և իր հաճությունը դրսևորեց նրանց նկատմամբ (Սաղ. 119։132; Եբր. 6։10)։
11, 12. ա) Ի՞նչ փոփոխություն նկատվեց մեր հրատարակություններում 1919-ից հետո։ բ) Ինչի՞ վրա Եհովան կենտրոնացրեց իր ծառաների ուշադրությունը, և ո՞րն էր դրա նպատակը։
11 Երկրորդ՝ ճշմարիտ քրիստոնյաները ճիշտ հասկացան Աստծու հանձնարարած գործի էությունը։ 1919թ.-ից հետո առաջնորդություն վերցնող օծյալ եղբայրները սուրբ ոգու առաջնորդությամբ սկսեցին ուսումնասիրել Եսայիայի մարգարեությունը։ Արդյունքում՝ մեր հրատարակություններում փոփոխություն նկատվեց։ Ո՞րն էր այդ փոփոխությունը, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ այն ճիշտ ժամանակին տրված «կերակուր» էր (Մատթ. 24։45)։
12 1919-ից առաջ «Դիտարանում» երբեք չէր քննարկվել Եսայիայի մարգարեության հետևյալ խոսքը. «Դուք եք իմ վկաները,— ասում է Եհովան,— իմ ծառան, որին ես ընտրել եմ» (կարդա՛ Եսայիա 43։10–12)։ Սակայն հետո մեր հրատարակություններում ավելի մեծ ուշադրություն դարձվեց Աստվածաշնչի այս հատվածին՝ հորդորելով բոլոր օծյալ քրիստոնյաներին մասնակցել Եհովայի հանձնարարած գործին՝ նրա մասին վկայություն տալուն։ Հետաքրքիր է, որ միայն 1925–1931թթ.-ին Եսայիա 43-րդ գլուխը քննարկվել է «Դիտարանի» 57 տարբեր թողարկումներում, և ամեն անգամ այս խոսքերը վերագրվել են ճշմարիտ քրիստոնյաներին։ Ակնհայտ է, որ այդ տարիներին Եհովան իր ծառաների ուշադրությունը հրավիրում էր այն գործի վրա, որ նրանք պետք է անեին։ Ո՞րն էր նպատակը։ Այդպես նրանք «կփորձվեին», և պարզ կլիներ, թե որքանով են համապատասխան՝ կրելու Աստծու անունը (1 Տիմոթ. 3։10)։ Աստվածաշունչ ուսումնասիրողները նախ պետք է իրենց գործերով փաստեին, որ իսկապես Աստծու վկաներն են (Ղուկ. 24։47, 48)։
13. Ինչպե՞ս է Աստծու Խոսքը ցույց տալիս, թե որն է գլխավոր հարցը, որ պետք է լուծվի։
13 Երրորդ՝ Եհովայի ժողովուրդը հասկացավ Աստծու անվան սրբացման կարևորությունը։ 1920-ականների ընթացքում նրանք աստիճանաբար գիտակցեցին, որ Աստծու անվան սրբացումը գլխավոր հարցն է, որ պետք է լուծվի։ Ինչպե՞ս է Աստծու Խոսքը հայտնում այս կարևորագույն ճշմարտությունը։ Նկատի առնենք երկու օրինակ։ Ինչո՞ւ Աստված իսրայելացիներին դուրս բերեց Եգիպտոսից։ Եհովան ասաց. «Որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ» (Ելք 9։16)։ Իսկ ինչո՞ւ նա ողորմություն դրսևորեց Իսրայելի հանդեպ, երբ նրանք ըմբոստացան իր դեմ։ Կրկին կարդում ենք Եհովայի խոսքերը. «Ես գործեցի հանուն իմ անվան, որպեսզի այն չպղծվի ազգերի աչքի առաջ» (Եզեկ. 20։8–10)։ Ի՞նչ հասկացան Աստվածաշունչ ուսումնասիրողները՝ քննելով Սուրբ Գրքի այս և նման մյուս արձանագրությունները։
14. ա) 1920-ականների վերջին ի՞նչ ըմբռնեց Աստծու ժողովուրդը։ բ) Ի՞նչ ազդեցություն թողեց բացահայտված ճշմարտությունը քարոզչական գործի վրա (տես նաև « Քարոզելու գլխավոր նպատակը» շրջանակը)։
14 1920-ականների վերջերին Աստծու ժողովուրդը ըմբռնեց այն խոսքերի նշանակությունը, որ Եսայիան ասել էր դեռևս 2700 տարի առաջ։ Եհովայի վերաբերյալ մարգարեն գրել էր. «Դու առաջնորդում էիր քո ժողովրդին, որ քեզ համար փառավոր անուն ստեղծես» (Ես. 63։14)։ Աստվածաշունչ ուսումնասիրողների համար պարզ դարձավ, որ գլխավորը ոչ թե իրենց փրկությունն է, այլ Աստծու անվան սրբացումը (Ես. 37։20; Եզեկ. 38։23)։ Այս ճշմարտությունը ամփոփվեց 1929-ին լույս տեսած «Մարգարեություն» գրքում, որտեղ ասվում էր. «Ողջ ստեղծագործության մեջ ամենակարևոր հարցը Եհովայի անունն է»։ Այս բացահայտված ճշմարտությունը մղեց Աստծու ծառաներին նոր եռանդով վկայություն տալ Եհովայի մասին և մաքրել նրա անունը նախատինքից։
15. ա) Մինչև 1930-ականները ի՞նչ էին հասկացել մեր եղբայրները։ բ) Ինչի՞ ժամանակն էր հասել։
15 1930-ականների արշալույսին մեր եղբայրներն արդեն ճիշտ տեսակետ ունեին Աստծու անվան կարևորության վերաբերյալ, ավելի հստակ էին պատկերացնում, թե ինչ գործ է Աստված հանձնարարել իրենց, և խորությամբ էին ըմբռնել, թե որն է կարևորագույն հարցը, որ պետք է լուծվի։ Այժմ ճիշտ ժամանակն էր, որ Եհովան իր ծառաներին շնորհեր իր անունը կրելու պատիվը։ Տեսնելու համար, թե ինչպես դա տեղի ունեցավ, քննենք անցյալի որոշ դեպքեր։
Եհովան «ժողովուրդ է հանում իր անվան համար»
16. ա) Ի՞նչ բացառիկ կերպով է Եհովան փառավորում իր անունը։ բ) Անցյալում ո՞վ էր Աստծու անվան համար ընտրված ժողովուրդը։
16 Եհովան իր անունը փառավորում է բացառիկ կերպով՝ երկրի վրա իր անունը կրող ժողովուրդ ունենալով։ Մ.թ.ա. 1513-ից ի վեր Իսրայել ազգը Եհովային ներկայացնող ժողովուրդն էր (Ես. 43։12)։ Սակայն նրանք չպահեցին Աստծու հետ իրենց ուխտը և մ.թ. 33-ին կորցրին նրա հետ ունեցած առանձնահատուկ փոխհարաբերությունները։ Շատ չանցած՝ Եհովան «իր ուշադրությունը դարձրեց ազգերին, որ նրանց միջից մի ժողովուրդ հանի իր անվան համար» (Գործ. 15։14)։ Այս նոր ընտրված ժողովուրդը, որ բաղկացած էր տարբեր ազգերի պատկանող Քրիստոսի օծյալ հետևորդներից, կոչվեց «Աստծու Իսրայել» (Գաղ. 6։16)։
17. Սատանան ի՞նչ չարամիտ ծրագիր կարողացավ իրագործել։
17 Մ.թ. 44 թվականն էր, երբ Քրիստոսի «աշակերտները աստվածային առաջնորդությամբ քրիստոնյաներ անվանվեցին» (Գործ. 11։26)։ Սկզբում այս անունը առանձնահատուկ էր և վերաբերում էր միայն ճշմարիտ քրիստոնյաներին (1 Պետ. 4։16)։ Սակայն ինչպես երևում է ցորենի և որոմի առակից, Սատանան կարողացավ իրականացնել իր չարամիտ ծրագիրը. այս առանձնահատուկ անունը սկսեցին կրել նաև այն բոլոր կեղծ աստվածապաշտները, որոնք պնդում էին, թե Քրիստոսի հետևորդ են։ Դրա հետևանքով՝ երկար դարեր ճշմարիտ քրիստոնյաները չէին առանձնանում կեղծ քրիստոնյաների մեջ։ Սակայն «հնձի ժամանակ»՝ 1914-ից սկսած, պատկերը լրիվ փոխվեց։ Ինչպե՞ս։ Հրեշտակները սկսեցին առանձնացնել կեղծ քրիստոնյաներին ճշմարիտ քրիստոնյաներից (Մատթ. 13։30, 39–41)։
18. Ի՞նչն օգնեց եղբայրներին տեսնել նոր անվան անհրաժեշտությունը։
18 1919-ին հավատարիմ ծառային նշանակելուց հետո Եհովան օգնեց իր ժողովրդին խորությամբ պատկերացնել այն գործը, որ հանձնարարել է նրանց։ Նրանք անմիջապես հասկացան, որ տնից տուն քարոզելով՝ իրենք տարբերվում են բոլոր կեղծ քրիստոնյաներից։ Այս փաստը գիտակցելուց շատ չանցած՝ նրանք հասկացան նաև, որ «Աստվածաշունչ ուսումնասիրողներ» անունը այդքան էլ առանձնակի չի դարձնում իրենց, քանի որ իրենց կյանքի գլխավոր նպատակը ոչ միայն Աստվածաշունչ ուսումնասիրելն է, այլև Աստծու մասին վկայություն տալը, նրա անունը փառավորելն ու սրբացնելը։ Սակայն ի՞նչ անուն կհամապատասխաներ Աստծու ծառաներին՝ բնորոշելով նրանց կատարած գործը։ Այս հարցի պատասխանը տրվեց 1931-ին։
19, 20. ա) Ի՞նչ բանաձև ընդունվեց 1931-ի համաժողովին։ բ) Ինչպե՞ս մեր եղբայրները արձագանքեցին նոր անունով կոչվելու բանաձևին։
19 1931թ. հուլիսին մոտ 15000 Աստվածաշունչ ուսումնասիրողներ հավաքվել էին Կոլումբուսում կազմակերպված համաժողովին (Օհայո, ԱՄՆ)։ Ծրագրի թերթիկի վրա երկու մեծ տառեր կային՝ J և W (ջեյ, դաբլյու), որոնք շարժեցին բոլորի հետաքրքրությունը։ «Տեսնես ի՞նչ են դրանք նշանակում»,— մտածում էին ներկաները և փորձում էին կռահել։ Կիրակի օրը՝ հուլիսի 26-ին, եղբայր Ջոզեֆ Ռադերֆորդը ներկայացրեց մի բանաձև և հետևյալ ազդեցիկ խոսքերն ասաց. «Ցանկանում ենք ճանաչվել և հայտնի լինել Եհովայի վկաներ անունով»։ Այդ պահին բոլորը հասկացան, թե ինչ էին նշանակում այդ խորհրդավոր տառերը. դրանք անգլերեն Եհովայի վկաներ անվան առաջին տառերն էին (Jehovah’s Witnesses), անուն, որ հիմնված էր Եսայիա 43։10 համարի վրա։
20 Ունկնդիրները ցնծությամբ արձագանքեցին այս բանաձևին։ Նրանց հիացական բացականչություններն ու ծափահարությունները երկար ժամանակ չէին դադարում։ Կոլումբուսում հավաքվածների ոգևորության ձայնը ռադիոկապի միջոցով հասավ երկրագնդի մյուս կողմը։ Էռնեստ և Նաոմի Բարբերները, ովքեր այդ ժամանակ Ավստրալիայում էին, հետագայում պատմեցին. «Մելբուրնում հավաքված եղբայրները, հենց լսեցին Ամերիկայում թնդացող ծափերը, ցատկեցին իրենց տեղերից և սկսեցին ողջ ուժով ծափահարել։ Երբեք չենք մոռանա այդ պահը»։ a
Աստծու անունը փառավորվում է ամբողջ աշխարհում
21. Ինչպե՞ս նոր անունը խթանեց քարոզչական գործին։
21 Աստվածաշնչի վրա հիմնված նոր անուն կրելը ավելի զորացրեց Աստծու ծառաներին՝ կատարելու քարոզչական գործը։ Էդուարդ և Ջեսի Գրայմսերը՝ Միացյալ Նահանգներում ծառայող ռահվիրա ամուսինները, ովքեր ներկա էին 1931-ին Կոլումբուսում անցկացվող համաժողովին, ասացին. «Տնից դուրս եկանք որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ, վերադարձանք որպես Եհովայի վկաներ։ Ուրախ էինք, որ կրում ենք մի անուն, որը նպաստում է Աստծու անվան մեծարմանը»։ Համաժողովից հետո որոշ Վկաներ տնետուն ծառայության ժամանակ սկսեցին նոր ձևով ներկայանալ մարդկանց։ Նրանք տալիս էին այցեքարտ, որի վրա գրված էր՝ «ԵՀՈՎԱՅԻ վկա՝ մեր Աստված ԵՀՈՎԱՅԻ Թագավորության քարոզիչ»։ Այո՛, Աստծու ժողովուրդը հպարտությամբ էր կրում նրա անունը և պատրաստ էր ամբողջ աշխարհում հռչակելու այդ անվան նշանակությունը (Ես. 12։4)։
«Տնից դուրս եկանք որպես Աստվածաշունչ ուսումնասիրողներ, վերադարձանք որպես Եհովայի վկաներ»
22. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովայի ժողովուրդը առանձնահատուկ անուն է կրում։
22 Արդեն շատ տարիներ են անցել այն օրից, երբ Եհովան մղեց իր ծառաներին նոր, առանձնահատուկ անունով կոչվելու։ Իսկ Սատանան 1931-ից հետո կարողացե՞լ է արդյոք անորոշության շղարշով սքողել այն, թե ով է Աստծու ժողովուրդը։ Հաջողվե՞լ է նրան աշխարհի կրոնների ստվերում ծածկել մեզ։ Բոլորովի՛ն։ Հակառակը, մեր առանձնահատուկ անունն ու ինքնությունը որպես Աստծու վկաներ, բացառիկ է ու ավելի քան երբևէ ակնհայտ (կարդա՛ Միքիա 4։5; Մաղաքիա 3։18)։ Ճիշտ որ, մենք այնքան ենք կապված Աստծու անվանը, որ երբ մեկը անկաշկանդ տալիս է Աստծու անունը, մարդիկ անմիջապես մտածում են՝ Եհովայի վկա է։ Այո՛, Եհովայի ճշմարիտ երկրպագությունը չի կորել տարբեր կեղծ կրոնների լեռների մեջ։ Այն հաստատվել է բոլոր «լեռների գագաթներից վեր» (Ես. 2։2)։ Բացահայտ է, որ Եհովայի երկրպագությունը և նրա սուրբ անունը փառավորվում են մեծապես։
23. Համաձայն Սաղմոս 121։5-ի՝ Եհովայի մասին ո՞ր կարևոր ճշմարտությունն է մեզ զորացնում։
23 Որքա՜ն ենք զորանում՝ իմանալով, որ Եհովան վահանի պես պաշտպանում է և կպաշտպանի մեզ Սատանայի թե՛ ներկայիս, թե՛ գալիք հարձակումներից (Սաղ. 121։5)։ Մենք էլ, սաղմոսերգուի պես, բոլոր հիմքերն ունենք ասելու. «Երջանիկ է այն ազգը, որի Աստվածը Եհովան է, այն ժողովուրդը, որին նա իր համար որպես ժառանգություն ընտրեց» (Սաղ. 33։12)։
a Ռադիոյի օգտագործման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կգտնեք 7-րդ գլխում, էջ 72–74։