Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս տանեմ ծնողիս կորստի վիշտը

Ինչպե՞ս տանեմ ծնողիս կորստի վիշտը

ԳԼՈՒԽ 16

Ինչպե՞ս տանեմ ծնողիս կորստի վիշտը

Թեև այս հոդվածում խոսվում է ծնողի մահվան մասին, սկզբունքները կարելի է կիրառել այն դեպքերի համար, երբ ընտանիքի մեկ այլ անդամ կամ մտերիմ ընկերն է մահանում։

«Երբ մայրս մահացավ, գլուխս կորցրել էի ու դատարկություն էի զգում։ Նա մեր ընտանիքը միավորող օղակն էր» (Քերըն)։

ԿՅԱՆՔՈՒՄ քիչ բաներ կան, որոնք կարող են մեզ այնքան ցնցել, որքան ծնողի մահը։ Քո մեջ ալեկոծվում են այնպիսի զգացումներ, որոնք երբեք չես ունեցել։ Բրայենը, որը 13 տարեկան էր, երբ հայրը մահացավ ինֆարկտից, ասում է. «Այդ գիշեր մենք միայն լաց էինք լինում ու գրկախառնվում»։ Իսկ Նատալին, որի հայրը մահացավ քաղցկեղից, երբ նա տասը տարեկան էր, ասում է. «Անորոշ վիճակում էի։ Ոչ մի բան չէի զգում, միայն դատարկություն»։

Ամեն մարդ յուրովի է տանում հարազատի մահը։ Աստվածաշունչն էլ է ասում, որ «ամեն մեկը» ունի «իր վերքն ու ցավը» (2 Տարեգրություն 6։29)։ Դա ի մտի ունենալով՝ մտածիր, թե դու ինչ զգացումներ ունեիր, երբ ծնողդ մահացավ։ Ստորև նկարագրիր 1) ինչ զգացիր, երբ իմացար ծնողիդ մահվան մասին, և 2) ինչ ես զգում հիմա a։

 1 ․․․․․

 2 ․․․․․

Քո պատասխաններից թերևս երևում է, որ ինչ-որ չափով արդեն ավելի հանգիստ ես։ Դա բնական է և բացարձակապես չի նշանակում, որ մոռացել ես ծնողիդ։ Բայց հնարավոր է, որ ցավդ ընդհանրապես չի մեղմացել և նույնիսկ ավելի է ուժգնացել։ Երբեմն վիշտը նման է ծովի ալիքներին, որոնք մե՛կ հանդարտվում են, մե՛կ նորից անսպասելիորեն ալեկոծվում և շառաչյունով զարնվում ափին։ Դա նույնպես բնական է, նույնիսկ եթե տարիներ են անցել այդ դեպքից։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել վիշտը։

Մի՛ զսպիր արցունքներդ։ Լացը թեթևացնում է վիշտը։ Սակայն գուցե դու էլ ունենաս այն զգացումները, որ ուներ Ալիսան։ Նա 19 տարեկան էր, երբ մայրը մահացավ։ Ալիսան պատմում է. «Կարծում էի, որ եթե շատ լաց լինեմ, մարդիկ կմտածեն, որ հավատս թուլացել է»։ Բայց հիշիր. թեև Հիսուսը կատարյալ մարդ էր և ամուր հավատ ուներ Աստծու հանդեպ, այնուհանդերձ, նրա «աչքերից արցունքներ հոսեցին», երբ տեսավ նրանց, ովքեր սգում էին իր սիրելի ընկերոջ՝ Ղազարոսի մահը (Հովհաննես 11։35)։ Ուստի մի՛ վախեցիր լաց լինելուց։ Դա չի նշանակում, որ հավատդ թուլացել է։ Ալիսան ասում է. «Ես սկսեցի լաց լինել։ Շատ էի լացում, ամեն օր» b։

Երբ մեղավորության զգացումը չի անցնում։ Քերընը, որը 13 տարեկան էր, երբ մայրը մահացավ, ասում է. «Քնելուց առաջ միշտ գնում էի մայրիկիս ննջասենյակ և համբուրում նրան։ Մի անգամ չգնացի նրա մոտ, ու հաջորդ օրը նա մահացավ։ Որքան էլ անտրամաբանական հնչի, միևնույնն է, ինձ մեղավոր եմ զգում այդ երեկոյի ու հաջորդ առավոտվա համար։ Հայրս գործուղման էր գնացել և խնդրել էր, որ ես ու քույրիկս հոգ տանենք մայրիկի մասին։ Բայց առավոտյան սովորականից ավելի ուշ արթնացանք։ Երբ մտա մայրիկի սենյակ, նա չէր շնչում։ Ես շոկի մեջ էի, ա՜խր երբ հայրիկը գնում էր, նա իրեն լավ էր զգում»։

Քերընի պես՝ դու էլ գուցե մեղադրես քեզ չարած բաների համար։ Թերևս տանջվես՝ ասելով. «Եթե միայն...»։ «Եթե միայն ստիպեի պապային գնալ բժշկի»։ «Եթե ավելի շուտ մտնեի մամայի սենյակ»։ Հիշի՛ր. բնական է, երբ մարդը ափսոսում է մի բան չանելու համար կամ զղջում է մի բան անելու համար։ Փաստն այն է, որ դու այլ կերպ կվարվեիր, եթե իմանայիր, թե ինչ է լինելու։ Բայց չես իմացել։ Այդ պատճառով չպետք է մեղադրես ինքդ քեզ։ Ծնողիդ մահվան պատճառը դու չես c։

Արտահայտիր զգացումներդ։ Առակներ 12։25-ում ասվում է. «Բարի խոսքը ուրախացնում է» սիրտը։ Եթե վիշտդ մեջդ պահես, քեզ համար դժվար կլինի։ Իսկ եթե խոսես վստահելի մարդու հետ, «բարի խոսք» կլսես, երբ դրա կարիքը ունենաս։

Խոսիր Աստծու հետ։ Հավանաբար քեզ ավելի լավ կզգաս, երբ «դատարկես քո սիրտը» Եհովա Աստծու առաջ (Սաղմոս 62։8)։ Աղոթքը պարզապես տրամադրությունդ բարձրացնելու միջոց չէ։ Աղոթքի միջոցով դիմում ես «ամենայն մխիթարության Աստծուն, որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում» (2 Կորնթացիներ 1։3, 4)։ Օրինակ՝ Աստված մխիթարում է մեզ իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով (Հռոմեացիներ 15։4)։ Միշտ ձեռքիդ տակ ունեցիր մխիթարական համարներ ու կարդա դրանք d։

Վիշտը մի գիշերվա մեջ չի անցնում։ Սակայն Աստվածաշունչը մխիթարում է մեզ՝ վստահեցնելով, որ Աստծու խոստացյալ նոր աշխարհում «մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի» (Հայտնություն 21։3, 4)։ Այս խոստումների շուրջ խորհրդածելը քեզ նույնպես կարող է օգնել։

[ծանոթագրություններ]

a Եթե հիմա քեզ համար դժվար է պատասխանել այս հարցերին, ավելի ուշ անդրադարձիր դրանց։

b Մի՛ մտածիր, որ պետք է լաց լինես վիշտդ ցույց տալու համար։ Մարդիկ տարբեր կերպ են արտահայտում այն։ Կարևորը հետևյալն է. եթե զգում ես, որ լացդ գալիս է, դա համարիր «լացելու ժամանակ» (Ժողովող 3։4

c Եթե նման մտքերը շարունակ տանջում են քեզ, խոսիր այդ մասին ծնողիդ կամ մեկ ուրիշ չափահաս անհատի հետ։ Ժամանակի ընթացքում ավելի հավասարակշռված կդառնաս։

d Ոմանց համար մխիթարական են եղել հետևյալ համարները՝ Սաղմոս 34։18; 102։17; 147։3; Եսայիա 25։8; Հովհաննես 5։28, 29։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«[Աստված] կսրբի ամեն արտասուք նրանց աչքերից, և մահ այլևս չի լինի, ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցավ այլևս չեն լինի։ Նախկին բաները անցան» (Հայտնություն 21։4

ԱՌԱՋԱՐԿ

Մի տետր պահիր, որ գրի առնես մահացած ծնողիդ մասին քո մտքերը։ Դա կօգնի քեզ տոկալու։

ԳԻՏԵԻ՞Ր

Լաց լինելը թուլության նշան չէ։ Նույնիսկ այնպիսի ուժեղ տղամարդիկ, ինչպիսին էին Աբրահամը, Հովսեփը և Դավիթը, արտասվեցին, երբ վշտի մեջ էին (Ծննդոց 23։2; 50։1; 2 Սամուել 1։11, 12; 18։33

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Երբ էմոցիոնալ ծանր վիճակում լինեմ, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնողիս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է օգտակար խորհրդածել այն հիշողությունների շուրջ, որոնք կապված են մահացած ծնողիդ հետ։

● Ինչո՞ւ մտքերդ գրի առնելը կարող է օգնել քեզ հաղթահարելու վիշտդ։

[մեջբերում 112-րդ էջի վրա]

«Ես զգացումներս իմ մեջ էի պահում։ Սակայն թե՛ ֆիզիկապես, թե՛ զգացապես ավելի լավ կզգայի, եթե արտահայտվեի։ Դա կօգներ ինձ մեղմելու ցավս» (Դեյվիդ)։

[շրջանակ/​նկար 113-րդ էջի վրա]

ՉԵՆԹԵԼ

«Հայրս մոտ հինգ տարի հիվանդ էր։ Նրա առողջությունը գնալով վատանում էր։ 16 տարեկան էի, երբ նա ինքնասպան եղավ։

Մայրս ինձ ու մեծ եղբորս ամեն բանի մասին տեղյակ էր պահում։ Անգամ թույլ տվեց, որ թաղման արարողության հետ կապված որոշումներ կայացնենք։ Այդպես մեզ համար ավելի հեշտ էր հաղթահարել մեր վիշտը։ Կարծում եմ, որ երեխաներին դուր չի գալիս, երբ իրենցից շատ բան են թաքցնում, հատկապես այսպիսի դեպքի հետ կապված տեղեկությունները։ Ժամանակի ընթացքում ես կարողացա ազատորեն խոսել հորս մահվան մասին։ Իսկ երբ ուզում էի լաց լինել, ինչ-որ տեղ էի գնում կամ ընկերուհուս մոտ էի գնում ու լաց էի լինում։ Իմ խորհուրդը. եթե զգում ես, որ պետք է խոսես այդ մասին, խոսիր ընտանիքիդ անդամների կամ ընկերոջդ հետ։ Վիշտդ արտահայտելու համար արա այն, ինչի կարիքը զգում ես։»

[շրջանակ/​նկար 113-րդ և 114–րդ էջերի վրա]

ԼԻԱ

«Երբ 19 տարեկան էի, մայրս կաթված ստացավ։ Երեք տարի հետո նա մահացավ։ Ես հասկացա, որ պետք է ուժեղ լինեմ։ Եթե այդպիսին չլինեի, հորս համար անչափ դժվար կլիներ։

Երբ հիվանդ էի լինում կամ ինձ լավ չէի զգում, մայրիկը միշտ իմ կողքին էր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրա ձեռքերը ինձ դիպչում, երբ ստուգում էր իմ ջերմությունը։ Անընդհատ զգում եմ նրա բացակայությունը, ու դա ինձ ցավ է պատճառում։ Ես ձգտում եմ թաքցնել իմ զգացմունքները, ինչը ճիշտ չէ։ Այդ պատճառով նկարներ եմ նայում, որ իմ մեջ լացելու ցանկություն առաջանա։ Ընկերներիս հետ խոսելը նույնպես օգնում է։ Աստվածաշունչը խոստանում է, որ մահացածները հարություն կառնեն դրախտ-երկրում (Հովհաննես 5։28, 29)։ Երբ կենտրոնանում եմ այն բանի վրա, որ նորից տեսնելու եմ մորս, և թե ինչ պետք է անեմ, որ ես էլ այնտեղ լինեմ, ցավս թեթևանում է։»

[շրջանակ/​նկար 114–րդ էջի վրա]

ԲԵԹԱՆԻ

«Երանի՜ հորս ասած լինեի՝ սիրում եմ քեզ։ Վստահ եմ, որ ասել եմ, բայց չեմ հիշում։ Կուզեի այդպիսի հիշողություններ ունենալ։ Ես ընդամենը հինգ տարեկան էի, երբ նա մահացավ։

Հայրս քնի մեջ էր կաթված ստացել։ Նրան անմիջապես տարել էին հիվանդանոց։ Երբ առավոտյան արթնացա, իմացա, որ մահացել է։ Ինձ համար դժվար էր հորս մասին խոսել, բայց ժամանակի ընթացքում ինձ սկսեց դուր գալ նրա մասին պատմություններ լսելը։ Այդպես ավելի լավ էի ճանաչում նրան։ Իմ խորհուրդը. հաճույքով հիշիր այն լավ պահերը, որ ունեցել ես մահացած ծնողիդ հետ և գրի առ քո հուշերը, որ չմոռանաս։ Այնուհետև արա ամեն բան՝ հավատդ ամրացնելու համար, որպեսզի դու էլ լինես Աստծու նոր աշխարհում, երբ ծնողդ հարություն առնի։»

[շրջանակ 116-րդ էջի վրա]

վարժություն

գրի առ քո մտքերը

Գրիր ծնողիդ հետ կապված հաճելի հուշերը։ ․․․․․

Գրի առ, թե ինչ կուզեիր ասել ծնողիդ, եթե նա կենդանի լիներ։ ․․․․․

Պատկերացրու՝ կրտսեր քույրդ/եղբայրդ պայքարում է մեղավորության զգացումի դեմ ձեր ծնողի մահվան պատճառով։ Գրիր, թե ինչ կասեիր նրան մխիթարելու համար (դա նաև քեզ համար օգտակար կլինի)։ ․․․․․

Գրիր երկու կամ երեք բան, որ կուզեիր իմանալ քո մահացած ծնողի մասին, հետո մյուս ծնողիդ հետ քննարկիր քո նշածներից մեկը։ ․․․․․

Կարդա Գործեր 24։15-ը։ Այս համարում գրված խոստումը ինչպե՞ս է օգնում քեզ դիմանալու վշտին։ ․․․․․

[նկար 115-րդ էջի վրա]

Վիշտը նման է ծովի ալիքներին, որոնք ուժգնորեն և անսպասելիորեն զարնվում են ափին