Երբ բարոյական արժեքները կտրուկ անկում ապրեցին
Երբ բարոյական արժեքները կտրուկ անկում ապրեցին
ԸՍՏ Ձեզ՝ ե՞րբ է սկսվել բարոյական արժեքների կտրուկ անկումը։ Ձե՞ր, թե՞ ձեր ծնողների կյանքի ընթացքում։ Ոմանց կարծիքով՝ 1914 թ.-ին տեղի ունեցած Առաջին համաշխարհային պատերազմն ազդարարեց բարոյականությունից զուրկ այս դարաշրջանի սկիզբը։ Պատմաբան, պրոֆեսոր Ռոբերտ Վոլը իր գրքում գրել է. «Նրանք, ովքեր տեսել են այդ պատերազմը, համոզված են, որ 1914 թ. օգոստոսին մի աշխարհը չքացավ, և հայտնվեց մեկ ուրիշը» (Generation of 1914)։
Պատմաբան Նորման Կանտորը ասում է. «Հասարակության առանց այդ էլ ցածր բարոյական չափանիշներն ուղղակի գետնին հավասարվեցին։ Եթե քաղաքական գործիչները և գեներալները իրենց ենթակայության տակ գտնվող միլիոնավոր մարդկանց վերաբերվում էին որպես մորթվելու ենթակա կենդանիների, ապա էլ ի՞նչ կրոնական ու էթնիկական նորմեր կարող էին հետ պահել մարդկանց գազանների պես իրար մաս-մաս անելուց.... Առաջին համաշխարհային պատերազմի [1914–18թթ.] ժամանակ տեղի ունեցած արյունահեղ կոտորածը մարդկային կյանքի արժեքը հավասարեցրեց զրոյի»։
Անգլիացի պատմաբան Հ. Գ. Ուելսն իր գրքերից մեկում նշեց, որ հատկապես էվոլյուցիոն տեսության տարածումից հետո «բարոյական արժեքները սկսեցին քայքայվել»։ Իսկ ինչո՞ւ։ Էվոլյուցիոնիստները կարծում էին, որ մարդը պարզապես կենդանիների բարձրագույն տեսակ է։ Ուելսը, ով էվոլյուցիայի կողմնակիցներից է, 1920 թ.-ին գրել է. «Նրանք կարծում էին, որ մարդիկ խմբերով ապրող կենդանիներ են, ինչպես, օրինակ, հնդկական որսորդական շները.... Հետևաբար նրանք կարծում էին, որ մարդկային ոհմակի մեծ շները պետք է իշխանություն բանեցնեն և հնազանդեցնեն մյուսներին» (The Outline of History)։
Ինչպես նշում է Նորման Կանտորը, Առաջին համաշխարհային պատերազմը կործանարար ազդեցություն ունեցավ մարդկանց բարոյական արժեքների վրա։ Նա բացատրում է, թե ինչու. «Քաղաքականության, հագուկապի և սեռական կյանքի վերաբերյալ ավագ սերնդի հայացքները հարցականի տակ դրվեցին»։ Եկեղեցիներն էլ իրենց հերթին ընդունում էին էվոլյուցիոն տեսությունը և հակամարտող կողմերին դրդում պատերազմի, ինչի պատճառով պղծվում էին քրիստոնեական ուսմունքները, և բարոյական չափանիշներն ավելի մեծ անկում էին ապրում։ Բրիտանիայի բրիգադային գեներալ Ֆրենկ Կրոժերը գրել է. «Մարդկանց մեջ արյուն թափելու ցանկություն առաջացնելու հարցում քրիստոնեական եկեղեցիները լավագույնն են, և մենք ազատորեն օգտագործում ենք դա»։
Բարոյական արժեքները պատմության գիրկն են անցել
Առաջին համաշխարհային պատերազմին հաջորդած տասնամյակի՝ այսպես կոչված «Բուռն քսանականների» ընթացքում նախկին արժեքներն ու բարոյականության չափանիշները մի կողմ դրվեցին և փոխարինվեցին ամենաթողության ոգով։ Պատմաբան Ֆրեդերիկ Լյուիս Ալենը գրել է. «Հետպատերազմյան տասը տարիները հայտնի են «Վատ վարքի տասնամյակ» անունով.... Հին կարգերի հետ անհետացան նաև նախկին արժեքները, որոնք կյանքին իմաստ էին հաղորդում, իսկ նոր արժեքներ ձեռք բերելը հեշտ գործ չէր»։
1930-ականների Մեծ ճգնաժամի պատճառով շատերը հայտնվեցին կարիքի մեջ և ստիպված եղան սթափվել։ Իսկ այդ տասնամյակի վերջում մարդկությունն ավելի մեծ և ավելի կործանարար պատերազմի մեջ ներքաշվեց. սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը։ Պետությունները սկսեցին ստեղծել աննախադեպ կործանարար զենքեր, ինչը հանեց մարդկանց ճգնաժամից, սակայն գցեց վախի ու տառապանքի ճահճի մեջ։ Պատերազմի վերջում հարյուրավոր քաղաքներ ավերակների կույտ դարձան, իսկ Ճապոնիայում երկու քաղաքներ հօդս ցնդեցին ընդամենը երկու ատոմային ռումբերի պայթյունների հետևանքով։ Միլիոնավոր մարդիկ էլ մահացան համակենտրոնացման ճամբարներում։ Ընդհանուր առմամբ պատերազմի հետևանքով զոհվեց 50 մլն մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժան օրերին ճիշտ պահվածքի վերաբերյալ հին բարքերը մոռացվեցին, և մարդիկ բարոյականության իրենց չափանիշները սահմանեցին։ Մի գրքում նշվում էր. «Բարոյականությունը պատերազմի ժամանակ կարծես մոռացվեց, և անբարո պահվածքը պատերազմի դաշտից որպես ավար եկավ մարդկանց տներ.... Պատերազմի հետևանքով առաջացած ծայրահեղ պայմանների ու անհանգստության պատճառով բարոյական արժեքներն անկում ապրեցին, և կյանքը շատերի աչքում արժեզրկվեց, ճիշտ ինչպես պատերազմի դաշտում էր» (Love, Sex and War—Changing Values, 1939-45)։
Մահվան մշտական սպառնալիքի պատճառով մարդիկ տենչում էին հագուրդ տալ իրենց զգացական կարիքներին, թեկուզև ժամանակավորապես։ Մի բրիտանուհի, փորձելով արդարացնել այդ տարիների սեռական այլասերվածությունը, ասաց. «Իրականում մենք անբարոյական չէինք, ուղղակի պատերազմ էր»։ Մի ամերիկացի զինվոր էլ ասաց. «Շատերը կասեն, թե մենք այլասերված ենք եղել, բայց չէ՞ որ երիտասարդ էինք ու ամեն պահի հնարավոր է՝ մահանայինք»։
Մարդիկ, որոնք ականատես են եղել պատերազմին, երբեք չեն մոռանա դրա պատճառած սարսափներն ու տառապանքը։ Նրանցից շատերը, անգամ ովքեր երեխա են եղել այդ տարիներին, մինչ օրս տանջվում են հիշողություններից և այն զգացումից, թե այդ ամենը նորից է տեղի ունենում։ Շատ շատերը բարոյական արժեքների հետ կորցրել են նաև իրենց հավատը։ Մարդկանց համար չկար ոչ մի հեղինակություն, որը կարող էր կանոններ սահմանել։ Ճիշտն ու սխալը դարձել էին հարաբերական։
Վարքի նոր կանոններ
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդկանց սեռական պահվածքի մասին սկսեցին որոշ ուսումնասիրություններ հրապարակվել։ Դրանցից էր Միացյալ Նահանգներում 1940-ականներին լույս տեսած 800 էջանոց «Կինզիի հաշվետվությունը»։ Այդ աշխատության լույսընծայումից հետո մարդիկ սկսեցին ազատորեն խոսել սեքսի մասին, ինչը նախկինում այդքան էլ ընդունված չէր։ Թեև հետագայում պարզ դարձավ, որ համասեռամոլների և այլ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ այնտեղ նշված տվյալները չափազանցված էին, այնուամենայնիվ, հեղինակներն այդ աշխատության մեջ արձանագրել էին, որ հետպատերազմյան տարիներին բարոյական չափանիշները կտրուկ անկում էին ապրել։
Մի որոշ ժամանակ ջանքեր էին գործադրվում չանցնելու պատշաճության սահմանները։ Օրինակ՝ ռադիոհաղորդումներում, հեռուստահաղորդումներում և ֆիլմերում անբարո նյութերը ցենզուրայի էին ենթարկվում։ Բայց դա երկար չտևեց։ ԱՄՆ-ի կրթության նախկին նախարար Ուիլյամ Բենեթը նշում է. «1960-ականներին Ամերիկայում կտրուկ և մեծ թափով սկսեց ընկնել քաղաքակրթության մակարդակը»։ Եվ նույնը եղավ շատ այլ երկրներում։ Իսկ ինչո՞ւ բարոյականության անկումը 60-ականներին համաշխարհային բնույթ կրեց։
Բացի վերոնշյալից՝ 60-ականների ընթացքում տեղի ունեցան կանանց իրավունքների շարժումն ու սեռական հեղափոխությունը, որոնք հաստատեցին բարոյականության նոր կանոններ։ Նաև հասանելի դարձան արդյունավետ հակաբեղմնավորիչ միջոցները։ Քանի որ էլ չկար անցանկալի հղիության վտանգը, լայն տարածում գտան «ազատ սեր» և «սեռական հարաբերություններ առանց պարտավորությունների» արտահայտությունները։
ԶԼՄ-ները, ֆիլմերն ու հեռուստատեսությունն էլ փոխեցին բարոյականության հետ կապված իրենց տեսակետը։ Հետագայում հեռուստատեսությամբ պրոպագանդվող արժեքների վերաբերյալ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին նախագահ Զբիգնև Բժեժինսկին ասաց. «Նրանք անձնական հաճույքները բավարարելը առաջնային են դարձնում, իսկ բացահայտ բռնությունը, դաժանությունը և այլասերվածությունը ներկայացնում են որպես նորմալ երևույթ»։
Մինչև 1970-ականներն արդեն շատերի տանը տեսանվագարկիչներ կային։ Մարդիկ արդեն կարող էին իրենց տանը դիտել անբարո և այլասերված նյութեր, ինչը երբեք չէին անի կինոթատրոններում։ Իսկ ավելի ուշ ինտերնետի տարածվելուն զուգահեռ աշխարհի յուրաքանչյուր անկյունում գտնվող մարդ, որն ուներ համակարգիչ, կարող էր անգամ ամենանողկալի պոռնկագրությունը դիտել։
Այս ամենը կործանարար հետևանքներ ունեցավ։ Ամերիկյան մի կալանավայրի աշխատող ասում է. «Տասը տարի առաջ, երբ փողոցից երեխա էր հայտնվում այստեղ, նրա հետ հնարավոր էր լինում ճշտի ու սխալի մասին զրուցել։ Բայց այսօրվա երեխաներն անգամ չեն հասկանում՝ ինչի մասին եմ խոսում»։
Որտե՞ղ կարող ենք առաջնորդություն գտնել
Բարոյականության հարցում առաջնորդություն ստանալու համար մենք չենք կարող դիմել աշխարհի եկեղեցիներին։ Հիսուսի և նրա աշակերտների պես բարոյականության սկզբունքներն առաջ տանելու փոխարեն նրանք դարձել են այս չար աշխարհի մի մասը։ Մի գրող այսպիսի հարց է տվել. «Եղե՞լ է այնպիսի պատերազմ, որի հակամարտող կողմերը չպնդեն, թե Աստված իրենց կողմն է»։ Աստծու տված բարոյականության չափանիշները պահելու վերաբերյալ Նյու Յորքից մի եկեղեցական տարիներ առաջ ասել է. «Եկեղեցին միակ կազմակերպությունն է, որի չափանիշներին համապատասխանելն ավելի հեշտ է, քան քաղաքային տրանսպորտից օգտվելու կանոններին հետևելը»։
Ակնհայտ է, որ աշխարհի բարոյական չափանիշների անկման դեմ պետք է քայլեր ձեռնարկել։ Իսկ ի՞նչ քայլեր։ Ի՞նչ փոփոխություններ են հարկավոր։ Ո՞վ և ինչպե՞ս կարող է դրանք իրականացնել։
[մեջբերում 5-րդ էջի վրա]
«Առաջին համաշխարհային պատերազմի [1914–18թթ.] ժամանակ տեղի ունեցած արյունահեղ կոտորածը մարդկային կյանքի արժեքը հավասարեցրեց զրոյի»
[շրջանակ 6-րդ էջի վրա]
ԲԱՐՈՅԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԱՆՁՆԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐ
Անցյալում բոլորը գիտեին, թե ինչ են բարոյական արժեքները։ Մարդը կա՛մ ազնիվ, նվիրված, մաքուր և պատվարժան էր, կա՛մ ոչ։ Սակայն հիմա բարոյական արժեքները փոխարինվել են անձնական արժեքներով։ Ինչպես նշում է Գերտրուդ Հիմելֆարբը, սա մեծ խնդիր է։ Իր գրքերից մեկում նա գրել է, որ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր անձնական արժեքները, սակայն նույնը չենք կարող ասել բարոյական արժեքների մասին (The De-Moralization of Society)։
Գերտրուդը նշում է, որ անձնական արժեքները այն ամենն են, ինչ մարդիկ, առանձին խմբերը կամ հասարակությունը որևէ ժամանակահատվածում որևէ պատճառով կարևորում է։ Դրանք կարող են լինել հավատալիքներ, տեսակետներ, վերաբերմունք, զգացմունքներ, սովորություններ, վարվեցողության կանոններ, նախընտրություններ, նախապաշարումներ կամ անգամ բնավորության գծեր։ Մերօրյա ազատամիտ հասարակությունը կարծում է, որ յուրաքանչյուրն իրավունք ունի ընտրելու սեփական արժեքներ, ճիշտ ինչպես բանջարեղեն է ընտրում խանութում։ Եթե դա է ճիշտը, ապա էլ ո՞ւր մնացին իսկական առաքինությունն ու բարոյական արժեքները։
[նկարներ 5–6-րդ էջերի վրա]
Անբարո զվարճություններն ավելի ու ավելի մատչելի են դառնում