Աստծո նպատակի իրականացման ժամանակը մոտենում է
Մաս 8
Աստծո նպատակի իրականացման ժամանակը մոտենում է
1, 2. Աստված ի՞նչ միջոցներ ձեռնարկեց տառապանքը վերացնելու ուղղությամբ։
ԸՄԲՈՍՏ մարդկանց ու դևերի դարավոր կառավարումը հանգեցրեց հետընթացի։ Աստված, սակայն, անտարբեր չմնաց մեր տառապանքի հանդեպ։ Ընդհակառակը՝ դարերի ընթացքում նա միջոցներ է ձեռնարկել՝ չարության և տառապանքի լծից մարդկանց ազատելու։
2 Դեռևս Եդեմում տեղի ունեցած ապստամբության ժամանակ Աստված ցույց տվեց, որ նպատակ ունի մի կառավարություն ստեղծելու, որն այս երկիրը վերածելու էր դրախտանման մի տան (Ծննդոց 3։15)։ Հետագայում այս կառավարությունը դարձավ Աստծո գլխավոր խոսնակի՝ Հիսուսի ուսուցումների հիմնական թեման։ Ըստ նրա խոսքերի՝ դա էր լինելու մարդկության միակ հույսը (Դանիէլ 2։44; Մատթէոս 6։9, 10; 12։21)։
3. Հիսուսն ինչպե՞ս անվանեց գալիք կառավարությունը և ինչո՞ւ։
3 Աստծո այդ գալիք կառավարությունը Հիսուսն անվանեց ‘երկնքի արքայություն’, քանի որ այն իշխելու էր երկնքից (Մատթէոս 4։17)։ Նա անվանեց այն նաև ‘Աստծո արքայություն’, քանի որ այդ կառավարության Հիմնադիրը Աստված է (Ղուկաս 17։20)։ Դարեր շարունակ Աստված իր խոսքերը գրի առնողներին մարգարեություններ է տվել այն մասին, թե ովքեր են մտնելու այդ կառավարության կազմի մեջ, և ինչ է այն իրագործելու։
Երկրի նոր Թագավորը
4, 5. Ինչպե՞ս Աստված ցույց տվեց, որ Հիսուսն է իր կողմից ընտրված Թագավորը։
4 Աստծո Թագավորության Թագավորի մասին գրված շատ մարգարեություններ իրականացան մոտ երկու հազար տարի առաջ՝ Հիսուսի վրա։ Նա դարձավ այդ երկնային կառավարության՝ Աստծո կողմից ընտրված Ղեկավարը։ Հիսուսի մահից հետո Աստված երկնային կյանքի հարություն տվեց նրան, և նա դարձավ հզոր ու անմահ ոգեղեն էակ։ Բազում մարդիկ ականատես եղան նրա հարությանը (Գործք 4։10; 9։1–9; Հռովմայեցիս 1։1–4; Ա Կորնթացիս 15։3–8)։
5 Այնուհետև Հիսուսը «նստեց Աստուծոյ աջ կողմը» ու սպասեց մինչև այն ժամը, երբ Աստված լիազորություն կտար նրան՝ գործելու որպես Աստծո երկնային Թագավորության Թագավոր (Եբրայեցիս 10։12)։ Այդպես իրականացավ Սաղմոս 110։1–ում արձանագրված մարգարեությունը, համաձայն որի՝ Աստված ասում է նրան. «Իմ աջ կողմը նստիր մինչեւ քո թշնամիները քո ոտների կոխելիք դնեմ»։
6. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ Աստծո Թագավորության Թագավորը լինելու համար համապատասխան անձնավորություն է։
6 Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը ցույց տվեց, որ նման պաշտոն ստանձնելու համար համապատասխան անձնավորություն է։ Չնայած հալածանքներին՝ նա պահպանեց իր անարատությունը Աստծո առջև։ Այդպես վարվելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ ճշմարտացի չէր Սատանայի այն պնդումը, թե ոչ մի մարդ փորձության ժամանակ Աստծուն հավատարիմ չի մնա։ Կատարյալ մարդ Հիսուսը՝ «վերջին Ադամը», ապացուցեց, որ մարդուն ստեղծելիս Աստված սխալ թույլ չէր տվել (Ա Կորնթացիս 15։22, 45; Մատթէոս 4։1–11)։
7, 8. Ի՞նչ բարի գործեր կատարեց Հիսուսը երկրի վրա եղած ժամանակ և ի՞նչ ցույց տվեց դրանով։
7 Ո՞ր կառավարիչն է երբևէ այնքան բարիք գործել, որքան Հիսուսը մի քանի տարի տևած իր ծառայության ընթացքում։ Աստծո սուրբ ոգու զորությամբ Հիսուսը բժշկում էր հիվանդներին, հաշմանդամներին, կույրերին, խուլերին և համրերին։ Նա նույնիսկ հարություն էր տալիս մահացածներին։ Այդպես վարվելով՝ նա փոքր մասշտաբով ցույց էր տալիս, թե ինչ է անելու մարդկության համար գլոբալ մասշտաբով, երբ գա իր Թագավորության զորությամբ (Մատթէոս 15։30, 31; Ղուկաս 7։11— 16)։
8 Երկրի վրա Հիսուսի կատարած բարի գործերի մասին խոսելով՝ իր աշակերտ Հովհաննեսն ասաց. «Ուրիշ էլ շատ բաներ կան, որ Յիսուսը արաւ, որոնք եթէ մէկ մէկ գրուած լինէին, կարծում եմ թէ աշխարհքս էլ բաւական չէր լինիլ այն գրուած գրքերը տանելու» (Յովհաննէս 21։25)։ a
9. Ինչո՞ւ էին անկեղծ անհատները գնում դեպի Հիսուսը։
9 Հիսուսը բարի էր, կարեկից և մեծ սեր ուներ մարդկանց հանդեպ։ Նա օգնում էր աղքատներին և ճնշվածներին, բայց միևնույն ժամանակ բացասական վերաբերմունք չէր ցուցաբերում հարուստների ու պաշտոնավորների հանդեպ։ Անկեղծ սրտով անհատները արձագանքում էին Հիսուսի՝ սիրով թելադրված հետևյալ խոսքերին. «Ինձ մօտ եկէք ամեն վաստակածներ եւ բեռնաւորուածներ, եւ ես հանգիստ կ’տամ ձեզ։ Ձեզ վերայ առէք իմ լուծը եւ ինձանից սովորեցէք. որովհետեւ ես հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեր անձերի համար հանգստութիւն կ’գտնէք։ Որովհետեւ իմ լուծը քաղցր է, եւ իմ բեռը՝ թեթեւ» (Մատթէոս 11։28–30)։ Աստվածավախ անհատները գալիս էին դեպի նա՝ պատրաստ ընդունելու նրա առաջնորդությունը (Յովհաննէս 12։19)։
Նրա իշխանակիցները
10, 11. Ովքե՞ր պիտի Հիսուսի հետ միասին կառավարեին երկիրը։
10 Մարդկային կառավարությունների նման Աստծո երկնային Թագավորությունը ևս ունի ղեկավարներ, որ գործում են միասնաբար։ Հիսուսից բացի, ուրիշներն էլ պետք է ղեկավարեին երկիրը. իր ընկերակիցներին Հիսուսը խոստացել էր, որ նրանք իր հետ միասին պետք է թագավորեին մարդկության վրա (Յովհաննէս 14։2, 3; Յայտնութիւն 5։10; 20։6)։
11 Ուստի՝ որոշակի թվով մարդիկ նույնպես պետք է երկնային կյանքի հարություն ստանային։ Նրանք են մտնում Աստծո Թագավորության կազմի մեջ, որը հավիտենական օրհնություններ պիտի բերի մարդկությանը (Բ Կորնթացիս 4։14; Յայտնութիւն 14։1–3)։ Այսպիսով՝ դարերի ընթացքում Եհովան հիմք էր նախապատրաստում մի այնպիսի կառավարության համար, որը հավերժական օրհնություններ էր բերելու։
Վերջ՝ Աստծուց անկախ կառավարմանը
12, 13. Ի՞նչ գործ կատարելու է պատրաստ Աստծո Թագավորությունը։
12 Մեր օրերում Աստված անմիջականորեն է միջամտում երկրի գործերին։ Ինչպես կտեսնենք այս գրքույկի 9–րդ մասից, աստվածաշնչյան մարգարեությունը ցույց է տալիս, որ Քրիստոսի գլխավորած Թագավորությունը արդեն 1914 թ.–ից հաստատված է և այժմ պատրաստ է ոչնչացնելու Սատանայի ողջ համակարգը։ Այդ Թագավորությունը ‘տիրապետում է [Քրիստոսի] թշնամիների մեջ’ (Սաղմոս 110։2)։
13 Այս մարգարեության վերաբերյալ Դանիէլ 2։44–ն ասում է. «Այն թագաւորների օրերումը [այժմ գոյություն ունեցող] երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու [երկնքում], որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա [Աստծո Թագավորությունը] պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեանս»։
14. Ի՞նչ օգուտներ կստանանք, երբ վերջ դրվի մարդկային իշխանությանը։
14 Երբ վերացվեն Աստծուց անկախ բոլոր իշխանությունները, Աստծո Թագավորությունը լիարժեք կերպով կսկսի կառավարել երկրի վրա։ Եվ քանի որ այդ Թագավորությունը ղեկավարելու է երկնքից, մարդիկ երբեք չեն կարող կործանել այն։ Կառավարման պրոցեսը կիրականացվի հենց այնտեղից, որտեղից որ սկզբում իրականացվում էր՝ երկնքից՝ Աստծո աջակցությամբ։ Քանի որ Աստծո կառավարությունն է իշխելու ամբողջ երկրի վրա, ոչ ոք այլևս մոլորության մեջ չի ընկնի կեղծ կրոնի, մարդկային դատարկ փիլիսոփայությունների և քաղաքական տեսությունների պատճառով։ Դրանցից և ոչ մեկը գոյություն չի ունենա (Մատթէոս 7։15–23; Յայտնութիւն, գլուխ 17–19)։
[ծանոթագրություններ]
a Հիսուսի կյանքի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար տե՛ս 1991 թ.–ին Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ցարդ Ապրած Մեծագոյն Մարդը» գիրքը, (արևմտ.)։
[Հարցեր ուսումնասիրության համար]
[նկար 18–րդ էջի վրա]
Երկրի վրա Հիսուսը բուժում էր հիվանդներին, հարություն էր տալիս մահացածներին՝ ցույց տալով, թե ինչ է անելու նոր աշխարհում
[նկար 19–րդ էջի վրա]
Աստծո երկնային Թագավորությունը կոչնչացնի իշխանության այն բոլոր ձևերը, որ հանդես են գալիս իրենից անկախ