Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՓՈԽԱՐԻՆԵ՞Լ Է ԱՐԴՅՈՔ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ

Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա

Ինչպե՞ս է գիտությունը ազդում քո կյանքի վրա

Մի բառարանի համաձայն՝ գիտությունը «գիտելիքների համակարգ է, որը բացահայտում է բնության, հասարակության, մտածողության զարգացման օրինաչափությունները և արտաքին աշխարհի վրա ազդելու միջոցները»։ Եվ սա անելը բավական բարդ է ու հաճախ մեծ հիասթափություններ է պատճառում։ Շաբաթներ, ամիսներ և նույնիսկ տարիներ շարունակ գիտնականները տարբեր փորձեր և դիտարկումներ են անում։ Երբեմն նրանք չեն կարողանում իրենց առջև դրված խնդիրները լուծել, սակայն հիմնականում նրանք հաջողության են հասնում, ինչը մեծ օգուտներ է բերում մարդկությանը։ Ահա մի քանի օրինակ։

Եվրոպական մի ընկերություն ամուր պլաստմասսայե նյութից և նոր ֆիլտրերից ստեղծել է մի սարք, որը զտում է աղտոտված ջուրը, և այն խմելիս անհատը հիվանդություններ ձեռք չի բերում։ Նման սարքերը օգտագործվում են բնական աղետների ժամանակ, օրինակ՝ 2010 թվականի Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ։

Ստեղծվել է գլոբալ տեղորոշման համակարգ (ԳՏՀ), որը բաղկացած է արբանյակների ցանցից։ Թեպետ սկզբնապես այն կիրառվել է ռազմական ոլորտում, սակայն այսօր դրա միջոցով վարորդները, օդաչուները, նավավարները, անգամ որսորդներն ու լեռնագնացները գտնում են իրենց ճանապարհը։ Շնորհիվ գիտնականների ԳՏՀ-ն հեշտությամբ հասցնում է մեզ այնտեղ, որտեղ ուզում ենք գնալ։

Օգտագործո՞ւմ ես բջջային հեռախոս, օգտվո՞ւմ ես համակարգչից կամ ինտերնետից։ Առաջատար բժշկության շնորհիվ առողջությունդ վերականգնվե՞լ է։ Ճանապարհորդո՞ւմ ես ինքնաթիռով։ Եթե այո, ապա օգտվում ես գիտության բարիքներից։ Փաստորեն, գիտությունը մեծ ազդեցություն ունի քո կյանքի վրա։

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒՆԻ՞ ԲՈԼՈՐ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ

Իրենց հորիզոնն ընդլայնելու նպատակով գիտնականները մանրազնին ուսումնասիրություններ են կատարում։ Միջուկային ֆիզիկոսներն ուսումնասիրում են ատոմը, իսկ աստղաֆիզիկոսները միլիարդավոր տարիներ դեպի անցյալ են գնում՝ փորձելով հասկանալ, թե ինչպես է առաջացել տիեզերքը։ Նրանք ներթափանցում են հեռավոր խորքերը, անգամ անտեսանելի և անձեռնմխելի ոլորտներ։ Գիտնականներից ոմանք կարծում են, որ եթե Աստված գոյություն ունի, ապա պետք է կարողանան գտնել նրան։

Իսկ որոշ ականավոր գիտնականներ ու փիլիսոփաներ համամիտ են գիտնական Ամիր Ակզելի խոսքերին, որն ասել է. «Գիտական փաստերը դեմ են Աստծու գոյությանը»։ Օրինակ՝ աշխարհահռչակ մի ֆիզիկոս պնդել է, որ «տիեզերքում կարևոր դեր ունեցող Աստծու գոյության մասին ապացույցների բացակայությունը փաստում է, որ աստված գոյություն չունի»։ Մյուսներն էլ նսեմացնում են Աստծու գործերը՝ դրանք համարելով «կախարդական» և «առեղծվածային հնարքներ»։ *

Այնուամենայնիվ, հարցը հետևյալն է. «Արդյոք գիտնականները բավականաչափ գիտելիքներ ունե՞ն վերջնական եզրահանգման գալու համար»։ Ո՛չ։ Թեև գիտությունը մեծ նվաճումների է հասել, սակայն գիտնականներն ընդունում են, որ դեռ շատ անհայտ ու անըմբռնելի բաներ կան։ Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոս Սթիվեն Վայնբերգը մեզ շրջապատող աշխարհի վերաբերյալ ասում է. «Մենք երբեք չենք կարող գտնել բոլոր հարցերի պատասխանները»։ Իսկ աստղագետ Մարտին Ռիսը (Մեծ Բրիտանիա) ասում է. «Կան բաներ, որոնք մարդիկ միգուցե երբեք էլ չհասկանան»։ Փաստն այն է, որ շատ բան՝ փոքրիկ բջջից մինչև անծայրածիր տիեզերքը, ժամանակակից գիտության հասկացողությունից վեր է։ Քննենք մի քանի օրինակ։

  • Կենսաբանները ամբողջովին չեն հասկանում, թե ինչ պրոցեսներ են տեղի ունենում բջջի մեջ։ Շատ հարցերի լիարժեք պատասխաններ, օրինակ՝ ինչպես են բջիջները սպառում էներգիան, ինչպես են սպիտակուցներ սինթեզում, ինչպես են բաժանվում, գիտությունը դեռ չունի։

  • Ձգողականության ուժը գործում է ամենուր, ամեն օր, ամեն վայրկյան։ Այդուհանդերձ, ֆիզիկոսների համար այն առեղծվածային մի բան է։ Նրանք լիովին չեն հասկանում, թե ինչպես է ձգողականությունը քեզ դեպի ներքև ձգում, երբ ցատկում ես, կամ թե ինչպես է լուսնին պահում իր ուղեծրում, որ պտտվի երկրագնդի շուրջ։

  • Ըստ տիեզերաբանների՝ տիեզերքի մոտ 95 տոկոսը մնում է անտեսանելի ու չբացահայտված։ Նրանք այս անհասկանալի աշխարհը բաժանում են երկու կատեգորիայի՝ մութ մատերիայի և մութ էներգիայի, որոնց էությունն անհայտ է։

Կան նաև այլ անհայտ երևույթներ, որոնք շփոթության մեջ են գցում գիտնականներին։ Մի հայտնի գիտնական նշում է. «Մեր իմացած բաները շատ ավելի քիչ են, քան մեր չիմացած բաները։ Գիտությունը խթանում է մեր միտքը, որ ավելին սովորենք ու այդպիսով հեռանանք դոգմատիզմից»։

Ուստի եթե կարծում ես, թե գիտությունը կարող է փոխարինել Աստվածաշնչին և մարդկանց ազատել Աստծուն հավատալու կամ չհավատալու հարցից, մտածիր հետևյալի շուրջ. «Եթե հռչակավոր գիտնականներն են ընդունում, որ իրենց հասկացողությունից վեր բաներ կան, տրամաբանակա՞ն է արդյոք արագ մերժել այն, ինչը վեր է նրանց հասկացողությունից»։ Այդ առնչությամբ «Բրիտանական Հանրագիտարանի» աստղագիտության զարգացման և պատմության մասին հոդվածի վերջում ասվում է. «Գրեթե 4000 տարի տիեզերքը ուսումնասիրելուց հետո նույնիսկ հիմա այն պակաս տարօրինակ չէ մեզ համար, որքան այն տարօրինակ էր բաբելոնացիների համար» (Encyclopedia Britannica)։

Եհովայի վկաները հարգում են յուրաքանչյուր անհատի՝ որոշում կայացնելու իրավունքը։ Մենք հետևում ենք աստվածաշնչյան այս պատվերին. «Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5)։ Ուստի հրավիրում ենք Ձեզ քննել ու տեսնել, որ գիտությունը չի հակասում Աստվածաշնչին։

^ Որոշ մարդիկ մերժում են Աստվածաշունչը եկեղեցական ուսմունքների պատճառով։ Օրինակ՝ մի ուսմունքի համաձայն՝ երկրագունդը համարվում է տիեզերքի կենտրոնը։ Մեկ այլ համոզմունք է այն, որ Աստված ամեն բան ստեղծել է 24 ժամ տևողությամբ վեց օրերի ընթացքում (տե՛ս « Աստվածաշունչը և գիտական փաստերը» շրջանակը)։