Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Կարո՞ղ ենք մեղքերի ներում ստանալ
Աստվածաշնչում ասվում է, որ բոլոր մարդիկ մեղք են գործում։ Մենք ժառանգել ենք մեղքը առաջին մարդուց՝ Ադամից։ Այդ պատճառով երբեմն սխալ արարքներ ենք անում, իսկ հետո՝ զղջում։ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իր կյանքով վճարեց մեր մեղքերի համար։ Նրա քավիչ զոհի շնորհիվ հնարավոր դարձավ մեր մեղքերի ներումը։ Դա իրոք որ Աստծու կողմից տրված պարգև է (կարդա՛ Հռոմեացիներ 3։23, 24)։
Նրանք, ովքեր լուրջ մեղքեր են գործել, մտածում են, թե արդյոք Աստված կարող է ներել իրենց։ Աստծու Խոսքն ասում է. «Նրա Որդի Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից» (1 Հովհաննես 1։7)։ Եհովան պատրաստ է ներելու նույնիսկ լուրջ մեղքերը, եթե անկեղծորեն զղջանք (կարդա՛ Եսայիա 1։18)։
Ի՞նչ պետք է անենք ներում ստանալու համար
Եթե ուզում ենք, որ Աստված ների մեզ, պետք է սովորենք նրա մասին՝ նրա ճանապարհների, խորհուրդների և պահանջների (Հովհաննես 17։3)։ Եհովան մեծահոգաբար ներում է նրանց, ովքեր զղջում են և փորձում են փոխվել (կարդա՛ Գործեր 3։19)։
Անհնար չէ Աստծու հավանությանն արժանանալը։ Աստված գիտի մեր թուլությունները։ Նա ողորմած է ու բարի։ Արդյո՞ք նրա սիրառատ բարությունը չի մղում քեզ ավելի շատ բան իմանալու, թե ինչպես կարող ես հաճեցնել նրան (կարդա՛ Սաղմոս 103։13, 14)։