Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՄՈՏԵՑԵՔ ԱՍՏԾՈՒՆ

«Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»

«Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»

Արդյոք մահն Աստծուց զորե՞ղ է։ Իհա՛րկե ոչ։ Ինչպե՞ս կարող է մահը կամ ցանկացած այլ «թշնամի» Ամենակարող Աստծուց ավելի զորեղ լինել (1 Կորնթացիներ 15։26; Ելք 6։3)։ Աստված իր զորությամբ կարող է հաղթել մահվանը. նա խոստանում է, որ մահացած մարդկանց հարություն կտա նոր աշխարհում *։ Կիրականանա՞ արդյոք այս խոստումը։ Աստծու Որդին՝ Հիսուսը, վստահեցնում է մեզ դրանում և մեր սիրտը հույսով լցնում (կարդա՛  Մատթեոս 22։31, 32

Սադուկեցիների հետ խոսելիս, որոնք չէին հավատում հարությանը, Հիսուսն ասաց. «Մահացածների հարության մասին չե՞ք կարդացել, թե Աստված ինչ ասաց ձեզ. «Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Հիսուսն այստեղ հիշատակեց մ.թ.ա. 1514 թ.-ին այրվող թփի մոտ Աստծու և Մովսեսի միջև եղած խոսակցությունը (Ելք 3։1–6)։ Մովսեսին ուղղված Եհովայի խոսքերը մեջբերելով՝ Հիսուսը ցույց տվեց, որ հարության խոստումը անպատճառ կատարվելու է։ Ինչպե՞ս։

Փորձենք մտովի տեղափոխվել այն ժամանակները։ Երբ Եհովան խոսեց Մովսեսի հետ, թե՛ Աբրահամը, թե՛ Իսահակը և թե՛ Հակոբը արդեն երկար ժամանակ էր, ինչ մահացել էին. Աբրահամը՝ 329 տարի առաջ, Իսահակը՝ 224, իսկ Հակոբը՝ 197։ Սակայն Եհովան ասաց «Ես եմ», ոչ թե «Ես էի» նրանց Աստվածը։ Եհովան այս երեք նահապետների մասին խոսեց այնպես, կարծես նրանք դեռ կենդանի էին։ Ինչո՞ւ։

Հիսուսը բացատրեց. «Նա ոչ թե մահացածների Աստվածն է, այլ ողջերի»։ Մի պահ մտածիր, թե ինչ նկատի ուներ նա այս խոսքերն ասելով։ Եթե չլիներ հարություն, այդ դեպքում Աբրահամը, Իսահակն ու Հակոբը հավիտյան կմնային մահվան կապանքներում։ Հետևաբար Եհովան կլիներ մահացածների Աստված։ Կստացվեր, որ նա այնքան անզոր է, որ չի կարող ազատել իր հավատարիմ ծառաներին մահվան ճիրաններից։

Ուրեմն ի՞նչ է լինելու Աբրահամի, Իսահակի, Հակոբի և Եհովայի մյուս բոլոր հավատարիմ ծառաների հետ, ովքեր մահացել են։ Հիսուսն այս հուսադրող խոսքերն ասաց. «Նրանք բոլորն էլ ողջ են նրա համար» (Ղուկաս 20։38)։ Եհովայի հավատարիմ ծառաներին հարություն տալու խոստումը այնքան հաստատ է, որ նա նրանց ողջ է համարում (Հռոմեացիներ 4։16, 17)։ Աստված նրանց բոլորին պահելու է իր կատարյալ հիշողության մեջ, մինչև որ գա ժամանակը, երբ նրանց կյանքի հետ բերի։

Եհովան անհամեմատ ավելի զորեղ է, քան մահը

Մի՞թե չես ուրախանում իմանալով, որ հնարավորություն ունես դարձյալ տեսնելու մահացած հարազատներիդ։ Ուրեմն հիշիր, որ Եհովան անհամեմատ ավելի զորեղ է, քան մահը։ Ոչինչ չի կարող նրան հետ պահել իր խոստումը կատարելուց։ Չարժե՞ արդյոք ավելին իմանալ հարության խոստման մասին և այն Աստծու, ով կատարելու է այդ խոստումը։ Այդպես վարվելով՝ կմտերմանաս Եհովայի՝ ողջերի Աստծու հետ։

Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր փետրվար ամսվա համար

Մատթեոս 22Մարկոս 8

^ պարբ. 1 Նոր աշխարհում հարություն առնելու վերաբերյալ Աստծու խոստման մասին ավելին իմանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 7-րդ գլուխը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։