Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Վերջապես գտա իսկական ազատություն

Վերջապես գտա իսկական ազատություն

«Ոչ ոք հետաքրքրված չէ ձեզանով,— քմծիծաղով ասաց բանտապահը։— Կարող եք այստեղ մնալ»։ Ինչպե՞ս եղավ, որ մեր ընտանիքը 1950թ.-ին՝ երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, հայտնվեց Հյուսիսային Կորեայի բանտում։

ԸՍՏ փաստաթղթերի՝ ծնվել եմ 1924թ.-ին Շմակովկա գյուղում, որը գտնվում է Ռուսաստանի արևելյան մասում՝ Չինաստանի սահմանի մոտ։

Իմ ծննդավայր Շմակովկա գյուղը (Պրիմորսկի երկրամաս)

Մի օր հանցագործները հարձակվեցին մեզ վրա, բռնեցին հորս և մեծ եղբայրներիս ու տարան իրենց հետ։ Նրանց էլ երբեք չտեսանք։ Մայրս մի տուն լիքը երեխաներով մնաց մենակ ու չէր կարողանում նրանց կերակրել։ Մեր հարևաններից մեկը առաջարկեց մորս փոքրերին տանել ռուսական ուղղափառ եկեղեցու հովանավորության տակ գտնվող որբանոց և ասել, թե իբր երեխաների մայրը լքել է նրանց։

Մայրս համաձայնվեց, քանի որ հակառակ դեպքում՝ մենք սովից կմեռնեինք։ Այսօր ես արդեն 85 տարեկան եմ։ Թեև մինչ օրս ինձ ցավ է պատճառում այն միտքը, որ որբանոցում եմ մեծացել, սակայն միևնույն ժամանակ երախտապարտ եմ մորս իր կայացրած որոշման համար, քանի որ այդպես նա փրկեց մեր կյանքը։

Մեր ամուսնության օրը (1941թ.)

1941թ.-ին տեղափոխվեցի Կորեա, որտեղ ամուսնացա ազգությամբ ռուս Իվան անունով մի բարի մարդու հետ։ 1942թ.-ին Սեուլում (Կորեա) ծնվեց մեր աղջիկը՝ Օլյան, 1945-ին՝ մեր որդին՝ Կոլյան, իսկ 1948-ին՝ Ժորան։ Մենք խանութ ունեինք, որտեղ աշխատում էր ամուսինս, իսկ ես կար էի անում։ Քանի որ Սեուլում հիմնականում ճապոնացիներ էին ապրում, երեխաները փոքր հասակից սկսեցին ճապոներեն խոսել, բայց տանը ռուսերեն էինք խոսում։ Մինչև 1950թ. թվում էր, թե Սեուլում ԽՍՀՄ-ից եկածները, ամերիկացիներն ու կորեացիները իրար հետ հաշտ են ապրում։ Բոլոր ազգերից էլ հաճախորդներ ունեինք։

Մեզ ձերբակալում են

1950թ.-ին անսպասելիորեն ամեն բան փոխվեց։ Հյուսիսային Կորեայի զորքերը իրենց վերահսկողության տակ առան Սեուլը։ Մենք չկարողացանք փախչել, ուստի մեզ և մյուս օտարազգիներին ձերբակալեցին։ Երեք ու կես տարի բրիտանացի, ռուս, ամերիկացի ու ֆրանսիացի գերիների հետ մեզ տանում էին Հյուսիսային Կորեայի տարբեր վայրեր։ Ռումբերից պատսպարվելու համար գիշերում էինք այնտեղ, որտեղ ծածկ էինք գտնում։

Մի անգամ հնարավորություն ունեցանք գիշերելու այնպիսի տանը, որտեղ ջեռուցում կար, և մեզ բավարար չափով ուտելիք տվեցին։ Սովորաբար մենք ուտելու համար միայն կորեկ էինք ունենում, քնում էինք ցուրտ ու անմարդաբնակ շենքերում։ Մեր խմբից շատերը վատ պայմանների ու թերսնման պատճառով մահացան։ Ես շատ էի հուսահատվում, երբ տեսնում էի երեխաներիս տառապանքը։ Այդ տարի ձմեռը շուտ սկսվեց։ Հիշում եմ, թե ինչպես էի գիշերները կրակի վրա քարեր դնում, որ դրանցով տաքացնեմ երեխաներիս։

Երբ օրերը տաքացան, կորեացի գյուղացիներից մի քանիսը սովորեցրին մեզ, թե որ վայրի բույսն է ուտելի։ Մենք հավաքում  էինք տարբեր կանաչիներ, ազնվամորի, խաղող և սունկ։ Գյուղացիները թշնամանքով չէին վերաբերվում, այլ խղճում էին մեզ։ Սովորեցի գորտ բռնել։ Սիրտս ճմլվում էր, երբ տեսնում էի, թե ինչպես են երեխաներս աղաչում, որ իրենց գորտ տամ ուտելու։

Հոկտեմբեր ամսին հրաման եղավ, որ պետք է Մանպո տեղափոխվենք։ Ասացին, որ հիվանդների ու փոքր երեխաների համար սայլեր կտրամադրվեն։ Օլյային ու ամուսնուս տարան այն խմբի հետ, ովքեր ոտքով էին գնում, իսկ ես ու փոքր տղաներս մի քանի օր անհամբերությամբ սպասեցինք սայլերին։ Ի վերջո, սայլերը եկան։

Հիվանդ գերիներին ցորենի կույտի պես իրար վրա էին պառկեցնում։ Սարսափելի տեսարան էր։ Փոքրիկ Ժորային մեջքիս էի կապել, իսկ Կոլյային փորձեցի մի կերպ տեղավորել սայլի անկյունում, բայց նա սկսեց ճչալ. «Մամա՜, մա՜մ, ես էլ եմ ուզում քեզ հետ քայլել։ Խնդրում եմ, մի՛ թող ինձ»։

Իր փոքրիկ մատիկներով փեշիցս կառչած՝ Կոլյան գալիս էր իմ հետևից։ Ճանապարհին շատ գերիների սպանում էին։ Իսկ ագռավների երամները մեր հետևից գալով՝ կտցահարում էին սպանված դիերը։ Վերջապես, երբ տեղ հասանք, գտա ամուսնուս և Օլյային։ Մենք լաց էինք լինում ու իրար վզով ընկնում։ Այդ գիշեր ես աչք չփակեցի, քարեր էի դնում կրակի վրա ու տաքացնում երեխաներիս։ Սիրտս հանգիստ էր. բոլորս իրար հետ էինք։

1953թ.-ին Հյուսիսային և Հարավային Կորեան բաժանող 38-րդ զուգահեռականին հասնելուց հետո մեր իրավիճակը փոքր-ինչ թեթևացավ։ Մեզ մաքուր համազգեստ, կոշիկ, հաց և նույնիսկ քաղցրավենիք տվեցին։ Շուտով սկսեցին ազատ արձակել բրիտանացիներին, հետո ֆրանսիացիներին։ Սակայն մենք ոչ մի երկրի քաղաքացիություն չունեինք։ Ուստի երբ վերջին կալանավորներին բաց թողեցին, մենք մնացինք մենակ։ Հուսահատությունից լաց էինք լինում և ոչինչ չէինք ուտում։ Այդ ժամանակ կորեացի բանտապահն ասաց  այն խոսքերը, որոնք նշված են նախաբանում։

Նոր կյանք Միացյալ Նահանգներում

Շուտով մեզ տեղափոխեցին ապառազմականացված գոտի Հարավային Կորեայում։ Հարցաքննելուց հետո ամերիկացի զինվորականները թույլ տվեցին մեզ ներգաղթել Միացյալ Նահանգներ։ Ուստի նավով մեկնեցինք Սան Ֆրանցիսկո (Կալիֆորնիա), որտեղ բարեգործական մի կազմակերպություն օգնություն ցույց տվեց մեզ։ Հետո տեղափոխվեցինք Վիրջինիա. այնտեղ մեր ծանոթները օգնեցին մեզ ոտքի կանգնելու։ Այնուհետև գնացինք Մերիլենդ և նոր կյանք սկսեցինք։

Ամուսնուս և երկու երեխաներիս հետ (1954թ.)

Մեզ համար ամեն ինչ նոր էր ու անսովոր, անգամ փոշեկուլը։ Շատ էինք աշխատում։ Ցավալի էր տեսնել, որ հին գաղթականները շահագործում են նորերին։ Մի անգամ հանդիպեցինք ռուս ուղղափառ եկեղեցու քահանայի, որն ասաց. «Այժմ դուք օրհնված երկրում եք։ Հեռու մնացեք ձերոնքականներից»։ Ես ցնցված էի ու շփոթված։ Մտածում էի՝ մի՞թե մենք չպետք է օգնենք իրար։

1970թ.-ին Բեռնի Բատլման անունով մի Եհովայի վկա թակեց մեր դուռը։ Նա շատ անկեղծ անձնավորություն էր։ Մենք ժամերով խոսեցինք իրար հետ։ Քանի որ ուղղափառ եկեղեցու որբանոցում էի մեծացել, լավ գիտեի եկեղեցու ուսմունքները, բայց Աստվածաշունչ չունեի։ Բեռնին մեզ համար Աստվածաշունչ բերեց և ասաց. «Այս Աստվածաշունչը ձեզ եմ նվիրում, քանի որ շատ եմ ձեզ սիրում»։ Նա նաև ծանոթացրեց մեզ Բեն անունով ռուսախոս Վկայի հետ, որը Բելառուսից էր։

Բենն ու իր կինը սիրով պատասխանեցին իմ բոլոր հարցերին։ Այնուամենայնիվ, ես վստահ էի, որ Վկաները խեղաթյուրում են Աստվածաշունչը։ Ինձ հատկապես զայրացնում էր այն, որ իրենց գրականության մեջ գրված էր, որ Մարիամը, Հիսուսից բացի, ուներ նաև ուրիշ երեխաներ, մինչդեռ եկեղեցին այլ բան էր սովորեցնում։

Զանգեցի լեհ ընկերուհուս և խնդրեցի, որ իր Աստվածաշնչում կարդա Մատթեոս 13։55, 56 համարները։ Երբ նա կարդաց, ես շատ զարմացա՝ տեսնելով, որ Հիսուսն իրոք եղբայրներ է ունեցել։ Ընկերուհիս զանգեց իր ծանոթին, որը աշխատում էր Վաշինգտոնի Կոնգրեսի գրադարանում, որպեսզի վերջինս ստուգի այդ համարը առկա մյուս բոլոր թարգմանություններում։ Նա ասաց, որ դրանցում նույն բանն է գրված. Հիսուսն իսկապես եղբայրներ ու քույրեր է ունեցել։

Ես բազում այլ հարցեր ունեի՝ ինչո՞ւ են երեխաները մահանում, ինչո՞ւ են ազգերը պատերազմում  իրար դեմ, ինչո՞ւ մարդիկ չեն հասկանում իրար, անգամ եթե նույն լեզվով են խոսում։ Ապշեցի, երբ ստացա այս հարցերի պատասխանները Աստվածաշնչից։ Հասկացա, որ տառապանքը Աստծուց չէ։ Շատ մխիթարվեցի՝ իմանալով, որ նորից կարող եմ տեսնել ինձ հարազատ մարդկանց, ովքեր մահացել են տարբեր հակամարտությունների ընթացքում։ Աստիճանաբար Եհովան իրական անձնավորություն դարձավ ինձ համար։

Մի օր սրբապատկերների առաջ կանգնած աղոթում էի Աստծուն, որ օգնի որդուս, որը նոր էր վերադարձել Վիետնամի պատերազմից և էմոցիոնալ ծանր վիճակում էր։ Հանկարծ հասկացա, որ պետք է աղոթեմ ոչ թե սրբապատկերներին, այլ կենդանի Աստված Եհովային։ Չնայած որ այդ սրբապատկերները եկեղեցուց էի գնել, հենց այդ գիշեր ազատվեցի դրանցից։ Դրանք ընդամենը գունավոր ֆոլգայի կտորներ էին։

Հեշտ չէր հեռանալ այն եկեղեցուց, որի ուսմունքներով մանկուց դաստիարակվել էի։ Այնուամենայնիվ, աստվածաշնչյան ուսմունքները թանկ էի գնահատում։ Մի տարի անց աղջկաս ու ամուսնուս հետ գնացի ռուս ուղղափառ եկեղեցու քահանայի մոտ։ Ես մի փոքրիկ տետր ունեի, որտեղ նշել էի մի շարք աստվածաշնչյան հարցեր ու դրանց վերաբերող համարները։ Երբ քահանային կարդացի այդ համարները, նա օրորեց գլուխն ու ասաց. «Դուք մոլորված եք։ Էլ աչքիս չերևաք»։

Այս դեպքը ցնցեց Օլյային, որը վճռական ու շատ հետաքրքրասեր անձնավորություն է։ Նա նույնպես սկսեց Աստվածաշունչ ուսումնասիրել ու ինձ հետ հաճախել ժողովի հանդիպումներին։ 1972թ.-ին ես մկրտվեցի, իսկ հաջորդ տարի՝ Օլյան։

Մեր ընտանիքի կարգախոսը

Մեր այգում (Մերիլենդ, ԱՄՆ, 1990թ.)

Մեր ընտանիքի կարգախոսն է՝ «կենտրոնացիր ներկայի վրա՝ անտեսելով անցյալը»։ Մենք երբեք չէինք վարանում որևէ նոր բան անել, եթե համոզված էինք, որ դա ճիշտ է։ Երբ ես ու աղջիկս սկսեցինք մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել Աստծու հետ, մեծ ցանկություն ունեցանք մեր իմացածի մասին պատմելու մարդկանց։ Սկզբում ես աննրբանկատ էի։ Երբ զրուցում էի մարդկանց հետ, իմ ծառայակիցները իրավիճակը շտկելու համար հաճախ ստիպված էին լինում միջամտել։ Սակայն ժամանակի ընթացքում սովորեցի հարգանքով խոսել տարբեր ազգերի մարդկանց հետ, ովքեր ինձ պես՝ լավ կյանք էին փնտրում։

Ես ու աղջիկս հաճախ ասում էինք, որ եթե երկաթյա վարագույրը երբևէ ընկնի, կմեկնենք Ռուսաստան՝ օգնելու մարդկանց ճանաչել Աստծուն։ 1990-ականների սկզբում այդպես էլ եղավ, և Օլյան իրականացրեց մեր երազանքը։ Աղջիկս տեղափոխվեց Ռուսաստան և 14 տարի լիաժամ ծառայեց այնտեղ։ Նա շատերին օգնեց Աստվածաշունչ ուսումնասիրել, նաև ծառայեց Եհովայի վկաների Ռուսաստանի մասնաճյուղի թարգմանչական բաժնում։

Այսօր ես գամված եմ անկողնուն և երեխաներս ամեն բան անում են կյանքս հարմարավետ դարձնելու համար։ Շնորհակալ եմ Աստծուն, որ այդքան շատ տառապանքների միջով անցնելուց հետո կարողացա լավ կյանք գտնել։ Սաղմոսերգու Դավթի պես՝ կարող եմ ասել. «Խոտառատ արոտավայրերում է [Աստված] ինձ պառկեցնում և ջրառատ հանգստի վայրերն է ինձ տանում։ Իմ հոգին թարմացնում է և իր անվան համար արդարության շավիղներով է ինձ առաջնորդում» (Սաղմոս 23։2, 3) *։

^ պարբ. 29 Մարիա Կիլինան մահացավ 2010թ. մարտի 1-ին, երբ այս հոդվածը դեռ պատրաստվում էր լույս տեսնել։