Սովորենք Աստծու Խոսքից
Ինչպե՞ս պետք է նշենք Հիսուսի մահվան հիշատակի օրը
Այս հոդվածում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք գուցե քեզ հետաքրքրել են, և ցույց է տրվում, թե քո Աստվածաշնչում որտեղ կարող ես գտնել դրանց պատասխանները։ Նաև, եթե ցանկանում ես, այս հարցերի շուրջ կարող ես զրուցել Եհովայի վկաների հետ։
1. Ինչպե՞ս պետք է նշենք Հիսուսի մահվան հիշատակի օրը։
Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց հիշել իր մահը մի խորհրդանշական ընթրիքի միջոցով՝ գործածելով հաց ու գինի։ Հացը ներկայացնում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ նրա արյունը (կարդա՛ Ղուկաս 22։19, 20)։
Հացը, որ Հիսուսն օգտագործեց, առանց թթխմորի էր։ Աստվածաշնչում թթխմորը հաճախ խորհրդանշում է մեղքը։ Ուստի անթթխմոր հացը համապատասխան խորհրդանիշ է Հիսուսի կատարյալ մարմինը ներկայացնելու համար։ Նա իր մարմինը տվեց որպես զոհ, ինչով վերջ դրեց կենդանիների զոհաբերություններին, որոնք արվում էին Մովսիսական օրենքի համաձայն (Եբրայեցիներ 10։5, 9, 10)։ Գինին խորհրդանշում է Հիսուսի թանկագին արյունը, որը թափվեց մեր մեղքերի համար (կարդա՛ 1 Պետրոս 1։19; 2։24; 3։18)։
2. Ե՞րբ պետք է նշենք Հիսուսի մահվան հիշատակի օրը։
Հիսուսը մահացավ նիսանի 14-ին՝ Պասեքի օրը։ Հրեաների մոտ օրը սկսում է մայրամուտին։ Իր մահվանից առաջ՝ երեկոյան, Հիսուսը իր առաքյալների հետ նախ կերավ Պասեքի ընթրիքը, այնուհետև իր մահը նշելու համար հաստատեց Տերունական ընթրիքը (կարդա՛ Ղուկաս 22։14, 15)։
Այսօր Աստծու ժողովուրդը նշում է այն, որ Աստված Հիսուսի միջոցով ողջ մարդկությանը ազատագրեց մեղքից ու մահից (Ելք 12։5–7, 13, 17)։ Ինչպես Պասեքն էր նշվում տարին մեկ անգամ, այդպես էլ Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն է նշվում տարին մեկ անգամ՝ նիսանի 14-ին՝ մայրամուտից հետո՝ համաձայն Աստվածաշնչի լուսնային օրացույցի (կարդա՛ Հովհաննես 1։29)։
3. Ո՞վ պետք է օգտվի հացից ու գինուց։
Երբ Հիսուսը փոխանցեց գինին իր հետևորդներին, ասաց. «Այս բաժակը խորհրդանշում է նոր ուխտը» (1 Կորնթացիներ 11։25)։ Նոր ուխտը փոխարինեց Մովսիսական օրենքի ուխտին, որի միջոցով Աստված խոստացել էր իսրայելացիներին, որ իր ժողովուրդը կլինեն, եթե լիովին հնազանդվեն իրեն (Ելք 19։5, 6)։ Սակայն Իսրայելը չհնազանդվեց Եհովայի ձայնին։ Ուստի Եհովա Աստված նոր ուխտ հաստատեց (կարդա՛ Երեմիա 31։31)։
Նոր ուխտի շնորհիվ Եհովան հնարավոր է դարձրել, որ քչերի միջոցով շատերը օրհնություններ վայելեն։ Ուխտի մեջ մտնողները քիչ են՝ ընդամենը 144000 հոգի։ Սակայն նրանց միջոցով բոլոր ազգերից միլիոնավոր մարդիկ կվայելեն հավիտենական կյանքը երկրային դրախտում։ Նոր ուխտի մեջ մտնող որոշ անհատներ ներկայումս երկրի վրա ծառայում են Եհովային։ Միայն նրանք են, որ օգտվում են հացից ու գինուց, քանի որ Եհովան նոր ուխտ հաստատեց նրանց հետ, ինչը վավերական դարձավ Հիսուսի արյան միջոցով (կարդա՛ Ղուկաս 12։32; Հայտնություն 14։1, 3)։
4. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ ներկա լինելով Հիշատակի երեկոյին։
Ամեն տարի նշվող Հիսուսի մահվան Հիշատակի երեկոն ավելացնում է մեր գնահատանքը Եհովայի բացառիկ սիրո հանդեպ. նա իր Որդուն տվեց որպես զոհ մեր մեղքերի համար։ Ուստի երբ ներկա ենք լինում Հիշատակի երեկոյին, պետք է խորհենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Հիսուսի մահը մեզ համար։ Պետք է մտածենք նաև, թե ինչպես կարող ենք դրսևորել մեր գնահատանքը Եհովայի և Հիսուսի ցուցաբերած սիրո հանդեպ (կարդա՛ Հովհաննես 3։16; 2 Կորնթացիներ 5։14, 15)։
Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 206-208 էջերը։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։