Երբ սահմանները չեն խանգարում
Երբ սահմանները չեն խանգարում
Եհովայի վկաները նպաստում են մարդկանց միջև եղած խոչընդոտների վերացմանը։ Նրանք հետևում են այն սկզբունքին, որը բխում է Հիսուսի հետևյալ խոսքերից։ Նա իր աշակերտներին ասաց. «Դուք բոլորդ եղբայրներ եք» (Մատթեոս 23։8)։ Այն, որ դա այդպես է, երևում է ստորև բերված երկու պատմությունից, որոնք տեղի են ունեցել Պորտուգալիայում և Իսպանիայում։
ՎԱԼԵՆՍԱ ԴՈՒ ՄԻՆՅՈՆ գտնվում է Պորտուգալիայի հյուսիսում։ Այս պարսպավոր քաղաքը կառուցվել է վտանգավոր ժամանակներում։ Նրա պարիսպները նայում են Մինյո գետին։ Այս գետով է անցնում Իսպանիայի և Պորտուգալիայի սահմանը։ Գետի այն կողմում ընկած է իսպանական Տույ քաղաքը, որտեղ ամրոցանման տաճար կա։ Տույի և Վալենսայի հիմնական պաշտպանական կառույցները թվագրվում են 17-րդ դարով. այդ ժամանակ Իսպանիան և Պորտուգալիան պատերազմում էին իրար դեմ։
1995թ.-ին Եվրամիության այս երկու երկրների սահմանային պահակակետերն ու մաքսային կետերը վերացան։ Բայց միավորել մարդկանց ավելին է նշանակում, քան պարզապես այդ անցակետերն ապամոնտաժելը։ Հարկավոր է նաև միավորել մարդկանց մտքերն ու սրտերը։ Վալենսայում կա մի փոքրիկ գեղեցիկ կառույց, որը մարդկանց միջև պատնեշների վերացման լուռ վկան է։ Դա Եհովայի վկաների Թագավորության սրահն է, որտեղ կանոնավորաբար հանդիպումներ են անցկացնում իսպանախոս և պորտուգալախոս ժողովները։
Պատմությունը սկսվեց 2001թ.-ից, երբ Տույի վկաները Թագավորության սրահի կարիք ունեցան. նրանք ստիպված էին ազատել իրենց կողմից վարձակալված տարածքը, բայց չունեին բավարար միջոցներ սեփական սրահ կառուցելու համար։ Նրանք չէին կարող նույնիսկ վարձել որևէ սրահ, որովհետև ժողովը մեծ չէր, և ֆինանսական միջոցները չէին հերիքում։ Ուստի իսպանացի Վկաները հարցրին Վալենսա քաղաքի Վկաներին, թե կարող են արդյոք իրենց հանդիպումներն անցկացնել նրանց Սրահում, որը ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու Տույի կենտրոնից։
«Մենք այդ հարցը քննարկեցինք 2001թ. դեկտեմբերին,— պատմում է Էդուարդոն, որը Տույ քաղաքի ժողովի անդամ է։— Երբ այդ հանդիպումը վերջացավ, և մենք ցրվեցինք, ես հասկացա,
որ Եհովան մղել է պորտուգալացի եղբայրներին համաձայնվելու։ Նրանք մեծ զոհողություններ էին արել Թագավորության սրահ կառուցելու համար։ Մեր հավատը զորացավ, երբ նրանք համաձայնվեցին»։«Մենք սրտաբաց ընդունեցինք իսպանացի եղբայրներին ու քույրերին մեր Թագավորության սրահում,— ասում է Ամերիկու Ալմեյդան, որը պորտուգալացի Վկա է և ներկա էր այդ հանդիպմանը։— Համոզված էինք, որ Եհովան օրհնելու է, այդ պատճառով էլ բոլորս համաձայն էինք նոր ձեռնարկմանը»։ Գետի երկու կողմում ապրող Վկաները լավ փոխհարաբերություններ ունեն։ Վալենսացի Պաուլուն ասում է. «Գուցե տարօրինակ թվա, բայց մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ տարբեր երկրներից ենք։ Մենք պարզապես հոգևոր եղբայրներ և քույրեր ենք»։
Թագավորության սրահ մտնողը առաջին հերթին նկատում է պատից կախված երկու ժամացույց, որոնք տարբեր ժամեր են ցույց տալիս։ Բանն այն է, որ Իսպանիան մեկ ժամ առաջ է Պորտուգալիայից։ Սա միակ «անհամաձայնությունն» է, որ կա իսպանացի և պորտուգալացի Վկաների միջև։ Երբ շենքը վերանորոգելու անհրաժեշտություն առաջացավ, երկու ժողովների եղբայրներն ու քույրերը մասնակցեցին աշխատանքներին, որոնք ղեկավարում էր Իսպանիայի՝ Եհովայի վկաների Տարածաշրջանային շինարարական կոմիտեն։ «Իսպանիայից մեզ մոտ եկան շինարարական հմտություններ ունեցող բազմաթիվ հավատակիցներ։ Նրանցից ոմանք 160 կիլոմետր ճանապարհ անցան,— պատմում է Պաուլուն։— Այս նախագիծը ամրացրեց երկու ժողովների կապը»։
Միասնություն՝ բաժանված հովտում
Պուչսերդան իսպանական քաղաք է Ֆրանսիայի սահմանի մոտ։ Այն ընկած է Պիրենեյան լեռների բարձր գագաթներով շրջապատված մի արգավանդ հովտի կենտրոնական մասում։ Դա Սերդանյա հովիտն է։ Այն մի ժամանակ պատկանել է Իսպանիային, բայց 1659թ.-ին Պիրենեյան հաշտությամբ հովտի կեսն անցավ Ֆրանսիային։
Այսօր ֆրանսիացիները իրենց առևտուրն անում են Պուչսերդայում, որը հովտի գլխավոր քաղաքն է։ 1997թ.-ից Պուչսերդայի Եհովայի վկաները իրենց Թագավորության սրահի դռները բաց արեցին ֆրանսիացի հավատակիցների առջև։ Այդ տարի վերջիններս ստիպված էին հեռանալու իրենց վարձակալած տարածքից։ Ֆրանսիայում եղած մոտակա Թագավորության սրահ հասնելու համար հարկավոր էր մեկ ժամ ճանապարհ գնալ։ Դժվարություններն ավելանում էին ձմռանը, երբ լեռնային ճանապարհները հաճախ փակ էին լինում ձյան պատճառով։
Երբ ֆրանսիացի Վկաները պատմեցին իրենց դժվար կացության մասին, իսպանացի Վկաներն անմիջապես առաջարկեցին իրենց Թագավորության սրահը։ Տեղացի Վկա Պրեմն ասում է. «Բոլոր իսպանացի եղբայրները մեծ պատրաստակամությամբ համաձայնվեցին, որ ֆրանսիացի Վկաները իրենց Սրահում հանդիպումներ անցկացնեն։ Իհարկե, այսպիսի տրամադրվածությունը պատահական չէր, որովհետև մենք տարիներ շարունակ աստվածաշնչյան կրթություն ենք ստանում։ Մի քանի շաբաթ անց մենք սկսեցինք միասին օգտվել Թագավորության սրահից, և այդպես ահա 13 տարի»։
Էրիկը, որը ֆրանսախոս ժողովի երեցներից է, ասում է. «Մենք շատ ուրախ ենք, որ մեր հանդիպումները կարող ենք անցկացնել Պուչսերդայում։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչ ջերմ ընդունելության արժանացանք իսպանախոս ժողովի անդամների կողմից։ Նրանք Սրահում մեծ ծաղկեփունջ էին դրել և հետևյալ գրությամբ պաստառ պատրաստել. «Բարի գալո՛ւստ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր»»։
Էրիկն ավելացնում է. «Բնակիչները մտածում էին, թե Թագավորության սրահի փակումով մեր ժողովն անհետացավ։ Բայց քանի որ կանոնավորաբար քարոզում էինք ու դրա հետ մեկտեղ հրավիրատոմսեր բաժանում, որտեղ գրված էր, որ մեր հանդիպումներն անցկացվում են Իսպանիայում, մարդիկ հասկացան, որ ժողովը չի անհետացել։ Հետաքրքրվողները հաճույքով են գալիս այդ Սրահ։ Բացի այդ, շատ ենք մտերմացել իսպանացի Վկաների հետ։ Առաջ գիտեինք, որ սահմանից այն կողմ իսպանական ժողով կա, բայց առանձնապես չէինք շփվում այդ ժողովի անդամների հետ։ Հիմա, երբ կանոնավորաբար տեսնում ենք իրար, այս հեռավոր լեռնային հովտում մեզ շատ մեկուսացած չենք զգում»։
Իսկ մշակութային տարբերությունները ստեղծեցի՞ն որևէ անհարմարություն։ 80-ամյա մի ֆրանսիացի Վկա խոստովանում է. «Երբ իմացա,
որ մեր հանդիպումներն անցկացվելու են սահմանից այն կողմ՝ Իսպանիայում, մի քիչ անհանգստացա։ Բայց պուչսերդացի հավատակիցների ջերմ ընդունելության շնորհիվ այս փոփոխությունն ինձ համար խնդիր չդարձավ։ Ավելին, դա հնարավորություն տվեց մեկ անգամ ևս համոզվելու Եհովայի բազմազգ ժողովրդի միասնության մեջ»։Նրանց միասնության հիմքը
Ժամանակին Եվրամիության հիմնադիրները հայտարարեցին, որ անդամ երկրները «վճռական են՝ դնելու եվրոպացիների միջև առավել սերտ միասնության հասնելու հիմքերը»։ 1980-ական և 1990-ական թվականներին սահմանային անցակետերի ապամոնտաժումը նպատակ էր հետապնդում արագացնել այդ գործընթացը։ Բայց իրականում սա բավարար չէ. հարկավոր է վերացնել նաև այն պատնեշները, որ կան մարդկանց մտածելակերպում։
Եհովայի վկաները ամեն ինչ անում են նախապաշարումն ու անվստահությունը արմատախիլ անելու համար։ Անշուշտ, նրանք հասկանում են, որ բազմազանությունը հարստացնում է իրենց շարքերը և որ «Աստված կողմնակալ չէ» (Գործեր 10։34)։ Վկաների միջազգային համաժողովները, Թագավորության սրահներում անցկացվող հանդիպումները, և, ինչպես տեսանք, վալենսացի և պուչսերդացի Վկաների օրինակը վառ կերպով ցույց են տալիս, թե «որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (Սաղմոս 133։1)։
[մեջբերում 13-րդ էջի վրա]
«Գուցե տարօրինակ թվա, բայց մենք նույնիսկ չենք էլ նկատում, որ տարբեր երկրներից ենք։ Մենք պարզապես հոգևոր եղբայրներ և քույրեր ենք»
[մեջբերում 14-րդ էջի վրա]
«Այս նախագիծը ամրացրեց երկու ժողովների կապը»
[մեջբերում 15-րդ էջի վրա]
«Որքա՜ն լավ և որքա՜ն հաճելի է, երբ եղբայրները միասնության մեջ են բնակվում» (ՍԱՂՄՈՍ 133։1)
[նկար 12–րդ և 13-րդ էջերի վրա]
Տույ քաղաքի և Մինյո գետի համայնապատկերը Վալենսա դու Մինյո քաղաքի պարիսպներից
[նկար 14-րդ էջի վրա]
Թագավորության սրահը վերանորոգում են
[նկար 15-րդ էջի վրա]
Պիրենեյան լեռները և Սերդանյա հովիտը
[նկար 15-րդ էջի վրա]
Երկու երեցներ՝ մեկը իսպանախոս ժողովից, մյուսը՝ ֆրանսախոս