Մոտեցեք Աստծուն
«Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից»
«ՏՈ՛ՒՐ ձեռքդ»,— ասում է հայրը իր փոքրիկ տղային, երբ նրանք պատրաստվում են անցնել փողոցի բանուկ խաչմերուկը։ Երեխան իրեն ապահով ու անվտանգ է զգում, որովհետև իր պստլիկ թաթիկը իր հոր մեծ և ուժեղ ձեռքում է։ Երբևէ ցանկացե՞լ ես, որ ինչ-որ մեկը ամուր բռնի քո ձեռքից ու ապահով անցկացնի կյանքի խաչմերուկներով։ Եթե այո՛, ապա Եսայիա 41։10, 13 համարները հենց քեզ համար են (կարդա՛)։
Եսայիան այս խոսքերն ասաց իսրայելացիներին։ Ճիշտ է, Աստված իր «հատուկ սեփականությունն» էր դարձրել նրանց, բայց իրողությունն այն էր, որ նրանք շրջապատված էին թշնամիներով (Ելք 19։5)։ Արդյո՞ք իսրայելացիները վախենալու պատճառ ունեին։ Եհովան Եսայիայի միջոցով մխիթարեց իր ժողովրդին։ Այս խոսքերը քննելու ընթացքում կարող ենք նկատի ունենալ, որ դրանք վերաբերում են նաև Աստծու ներկայիս ծառաներին (Հռոմեացիներ 15։4)։
«Մի՛ վախեցիր»,— հորդորում է Եհովան (համար 10)։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Եհովան բացատրում է, թե ինչու իր ժողովուրդը պատճառ չունի վախենալու։ «Ես քեզ հետ եմ»,— ասում է Աստված։ Նրա ուղարկած օգնությունը չի ուշանում։ Եհովան ուզում է, որ իր ծառաները իմանան. ինքը նրանց հետ է՝ ասես հենց նրանց կողքին, և միշտ պատրաստ է օգնության ձեռք մեկնելու։ Մի՞թե սա մխիթարական չէ։
Հետո Եհովան իր երկրպագուներին ասում է. «Խուճապի մի՛ մատնվիր» (համար 10)։ Բնագրում օգտագործված եբրայերեն բայը կարող է վերաբերել նրանց, ովքեր «վախեցած նայում են բոլոր ուղղություններով՝ տեսնելու համար, թե որտեղից կարող է վտանգ սպառնալ»։ Եհովան բացատրում է, թե ինչու իր ծառաները պատճառ չունեն վախեցած նայելու շուրջբոլորը։ «Ես քո Աստվածն եմ»,— ասում է նա։ Մի՞թե այս խոսքերը մեզ վստահությամբ չեն լցնում։ Եհովան «Բարձրյա՛լն» է, «Ամենակարո՛ղը» (Սաղմոս 91։1)։ Ամենազոր Եհովան նրանց Աստվածն էր. ինչո՞ւ պետք է նրանք վախենային։
Այնուհետև Եհովան խոստանում է. «Արդար աջովս ամուր կբռնեմ քեզ» (համար 10)։ Նաև ասում է. «Ես՝ Եհովաս՝ քո Աստվածը, ամուր բռնում եմ քո աջ ձեռքից» (համար 13)։ Ի՞նչ ես պատկերացնում՝ կարդալով այս խոսքերը։ «Այս երկու համարներում տեսնում ենք մի շատ հետաքրքիր պատկեր՝ հայրը կանգնած է իր երեխայի կողքին,— գրված է մի աշխատությունում։— Բայց նա պարզապես կանգնած չէ. հայրը պատրաստ է պաշտպանելու իր զավակին. նա թույլ չի տա, որ որևէ բան իրեն բաժանի երեխայից»։ Միայն պատկերացրու՝ Եհովան ոչ մի դեպքում թույլ չի տա, որ իր ծառաներին բաժանեն իրենից. նա բաց չի թողնի իր ծառաների «ձեռքը» նրանց կյանքի ամենածանր պահերին (Եբրայեցիներ 13։5, 6)։
Եսայիայի խոսքերը կարող են մեծապես մխիթարել Եհովայի ժամանակակից երկրպագուներին։ Այս «չափազանց դժվար ժամանակներում» գուցե երբեմն զգանք, որ այլևս չենք կարողանում տանել կյանքի հոգսերը (2 Տիմոթեոս 3։1)։ Մի՛ մոռացիր, որ այդ դժվարություններում մենակ չես. Եհովան մեկնել է իր ձեռքը դեպի քեզ և պատրաստ է բռնելու քո ձեռքից։ Իր հորը վստահող երեխայի նման՝ մենք կարող ենք պինդ բռնել Եհովայի ուժեղ ձեռքից՝ համոզված լինելով, որ նա ճիշտ ուղղությամբ կտանի, իսկ երբ դժվարության մեջ լինենք, կօգնի (Սաղմոս 63։7, 8)։
Աստվածաշնչի ընթերցանության ծրագիր հունվար ամսվա համար