Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Օլիվետան ֆրանսերեն Աստվածաշնչի «համեստ թարգմանիչը»

Օլիվետան ֆրանսերեն Աստվածաշնչի «համեստ թարգմանիչը»

Օլիվետան ֆրանսերեն Աստվածաշնչի «համեստ թարգմանիչը»

1540​թ. սեպտեմբերի 13-ն էր։ Ոստիկանները խուզարկում էին Քոլան Պելանկի տունը։ Գաղտնի սենյակում կասկածելի փաստաթղթերի հետ նրանք գտան նաև մի մեծ գիրք։ Այդ գրքի երկրորդ էջում գրված էր. «Պ. Ռոբեր Օլիվետանուս, համեստ թարգմանիչ»։ Դա վալդենսների Աստվածաշունչ էր։ Քոլան Պելանկին ձերբակալեցին, մեղավոր ճանաչեցին հերետիկոսության մեջ և ողջ-ողջ այրեցին։

ԱՅԴ ժամանակ Ֆրանսիայում, ինչպես որ ամբողջ Եվրոպայում, կաթոլիկ եկեղեցին հետապնդում էր ռեֆորմատորներին՝ ձգտելով կանխել նրանց «խորամանկ» ուսմունքների տարածումը։ Նրանցից մեկը՝ եռանդուն Գիլյոմ Ֆարելը, որոշեց ֆրանսախոս աշխարհում դրական կարծիք ստեղծել Ռեֆորմացիայի կարկառուն դեմքերից մեկի՝ Մարտին Լյութերի հայացքների վերաբերյալ։ Ֆարելը, որը Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Դոֆինե մարզից էր, գիտեր, որ գաղափարների պատերազմում առանցքային դեր է խաղում տպագիր էջը։ Իր նպատակն իրականացնելու համար նա կարիք ուներ թերթիկների, գրքույկների և Աստվածաշնչերի։ Բայց ո՞վ կարող էր ֆինանսավորել այդ նախաձեռնությունը։ Գուցե վալդենսնե՞րը, որոնք անկախ կրոնական խումբ էին և Աստվածաշունչ էին քարոզում։

Շանֆորանի ժողովը

1532​թ. սեպտեմբերի կեսերին վալդենսների «բարբերը» (հովիվները) ժողով գումարեցին Շանֆորանում՝ Իտալիայի Թուրին քաղաքի մոտ գտնվող մի փոքրիկ գյուղում։ Ֆարելը ու մի քանի այլ անհատներ հրավիրվեցին ներկա լինելու այդ ժողովին, որովհետև վալդենսները և Ռեֆորմացիայի առաջնորդները արդեն մի քանի տարի էր, ինչ կապ էին պահում իրար հետ։ Վալդենսներն ուզում էին իմանալ՝ արդյոք իրենց ուսմունքները համապատասխանում են այն ամենին, ինչ քարոզում են Լյութերը և նրա հետևորդները *։

Շանֆորանում Ֆարելի պերճախոսությունը համոզիչ էր։ Երբ վալդենսների «բարբերը» ցույց տվեցին իրենց բարբառով թարգմանված ձեռագիր հին Աստվածաշնչերը, Ֆարելը համոզեց նրանց ֆինանսավորել ֆրանսերեն այն Աստվածաշնչի տպագրությունը, որը նախատեսում էին թարգմանել։ Ի տարբերություն 1523​թ.-ին Լֆեվղե Դետապլեի կողմից լատիներենից արված թարգմանության՝ այս մեկը նախատեսվում էր անել եբրայերենից և հունարենից։ Բայց ո՞վ կարող էր ձեռնարկել այդ դժվար գործը։

Ֆարելը գիտեր այդպիսի մի մարդու։ Նրա անունը Պիեռ Ռոբեր էր, բայց նա հայտնի էր Օլիվետան անունով *։ Օլիվետանը երիտասարդ ուսուցիչ էր։ Նա ծնվել էր Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պիկարդիա մարզում։ Այս երիտասարդը առաջին ռեֆորմատորներներից էր և Ժան Կալվինի զարմիկը։ Նա վստահելի մարդ էր։ Օլիվետանը մի քանի տարի անց էր կացրել Ստրասբուրգում՝ ժրաջանորեն ուսումնասիրելով այն լեզուները, որոնցով գրվել է Աստվածաշունչը։

Ֆարելի և շատ ուրիշների նման՝ նա ապաստան գտավ Շվեյցարիայում։ Նրա ընկերները թախանձագին խնդրում էին, որ համաձայնվի Աստվածաշունչը թարգմանել ֆրանսերեն։ Մի քանի անգամ հրաժարվելուց հետո Օլիվետանը վերջապես ընդունեց Աստվածաշունչը «եբրայերեն և հունարեն լեզուներից ֆրանսերեն» թարգմանելու առաջարկը։ Տպագրության համար անհրաժեշտ էր բավականին մեծ գումար՝ 800 ոսկե կրոն, որից 500-ը տվեցին վալդենսները։

Ագռավը և սոխակը

1534​թ. սկզբներին Օլիվետանը առանձնացավ Ալպերում և սկսեց աշխատանքը՝ շրջապատված իր «լուռ ուսուցիչներով»՝ գրքերով։ Նրա գրադարանին կնախանձեր ցանկացած ժամանակակից գիտնական։ Գրքերի մեջ կային ասորերեն, հունարեն, լատիներեն Աստվածաշնչեր, ռաբունական մեկնաբանություններ, քաղդեերենի քերականության գրքեր և այլն։ Իսկ որ ամենակարևորն էր, նա իր ձեռքի տակ ուներ Աստվածաշնչի ժամանակակից Վենետիկյան թարգմանությունը, որն արվել էր բնագիր եբրայերեն տեքստից։

Օլիվետանը «Նոր Կտակարանը» թարգմանելիս օգտվում էր Լֆեվղե Դետապլեի ֆրանսերեն Աստվածաշնչից, իսկ շատ դեպքերում՝ հոլանդացի գիտնական Էրազմի կազմած հունարեն տեքստից։ Նա այնպիսի բառեր էր ընտրում, որոնք թուլացնում էին կաթոլիկության կապանքները։ Օրինակ՝ «եպիսկոպոս» բառի փոխարեն գրեց «վերակացու», «առեղծվածի» փոխարեն՝ «գաղտնիք», «եկեղեցու» փոխարեն՝ «ժողով»։

Օլիվետանը որոշեց «Հին Կտակարանը» բնագիր եբրայերենից թարգմանել բառ առ բառ։ Նա կատակով ասաց, որ եբրայերենից ֆրանսերեն թարգմանելը նույնն է, ինչ քաղցրաձայն սոխակին խռպոտ ագռավի երգը սովորեցնելը։

Եբրայերեն տեքստում Օլիվետանը հազարավոր անգամ հանդիպեց Աստծու անվանը՝ գրված քառագրի տեսքով։ Նա այն թարգմանեց «Հավերժական», մի արտահայտությամբ, որը հետագայում օգտագործվեց նաև Աստվածաշնչի ֆրանսերեն բողոքական այլ թարգմանություններում։ Որոշ տեղերում, սակայն, այդ թվում նաև Ելք 6։3 համարում նա գրեց «Եհովա»։

Պատկերացնո՜ւմ եք՝ մոտ մեկ տարի անց՝ 1535​թ. փետրվարի 12-ին, թարգմանիչն ավարտեց աշխատանքը։ Նա խոստովանեց, որ «արդեն երկար ժամանակ մենակ կրել է այս [թարգմանության] բեռը»։ Ուստի կարելի է եզրակացնել, որ այդ տարին (1534–1535) Օլիվետանի շարունակական և ծանր աշխատանքի գագաթնակետն էր։ «Ես իմ լավագույնն եմ արել»,— համեստորեն ասաց թարգմանիչը։ Սա ֆրանսերեն առաջին Աստվածաշունչն էր, որի վրա աշխատելիս թարգմանիչը օգտվել է բնագիր լեզուներից։ Այժմ մնում էր միայն տպագրել։

Պիրոյի արհեստանոցում

Պիեռ դե Վենգլը տպարան ուներ։ Նա հայտնի էր նաև Պիրո Պիկար անունով։ Այս մարդը ռեֆորմատոր էր և Ֆարելի ընկերը։ 1533​թ.-ին կաթոլիկ եկեղեցին ստիպեց նրան հեռանալ Լիոնից, և նա գնաց Նևշատել (Շվեյցարիա)։ Վալդենսների ֆինանսական աջակցությամբ նա սկսեց մեծ քանակությամբ «քայքայիչ» նյութ տպագրել։ Նրա արհեստանոցում մինչ այդ տպագրվել էին պատարագը դատապարտող պաստառներ, որոնցից մի քանիսը հասել էին Ֆրանսիայի կաթոլիկ թագավոր Ֆրանցիսկ I-ին։

Դե Վենգլը դարձյալ գործի դրեց իր երկու տպագրահաստոցները՝ այս անգամ Աստվածաշունչ տպագրելու համար։ Որպեսզի աշխատանքն արագ ընթանար, յուրաքանչյուր տպագրահաստոցի մոտ աշխատում էր չորսից հինգ բանվոր. մեկում հավաքում էին տառերը, մյուսում՝ տպագրում թերթերը։ Վերջապես «1535​թ. հունիսի 4-ին» դե Վենգլը իր ստորագրությունը դրեց Օլիվետանի Աստվածաշնչի տիտղոսաթերթի վրա։ Ներածության մեջ թարգմանիչը գրել էր, որ իր աշխատանքը նվիրում է այն աղքատ հավատացյալներին, ովքեր «փշրված են ու անիմաստ ավանդույթներով ծանրաբեռնված»։

Բոլոր ակնկալիքներն արդարացվեցին։ Ֆրանսերեն տեքստը գեղեցիկ էր ու պարզ, ինչը ընդգծվում էր հստակ ընթեռնելի, նրբագեղ գոթական տառերով։ Տեքստը բաժանված էր երկու սյունակի, գլուխների ու պարբերությունների։ Զուգահեռ հղումների առկայությունը հաստատում էր, որ թարգմանիչը հմուտ մասնագետ էր։ Ներածական մեկնաբանությունները, հավելվածները, աղյուսակները և բանաստեղծությունները նույնպես զարդարում էին գիրքը։ Գրքի վերջում կար կարճ հանգավոր ակրոստիքոս. «Վալդենսները, ովքեր Ավետարանն են քարոզում, այս թանկարժեք գանձը մարդկանց հասանելի են դարձնում»։

Գլուխգործոց... և ձախողում

Օլիվետանի աշխատանքն այսօր բոլոր մասնագետների կողմից համարվում է բացառիկ գլուխգործոց։ Երեք դար շարունակ նրա տեքստի հիման վրա բողոքականները տարբեր Աստվածաշնչեր են թարգմանել։

Օլիվետանի Աստվածաշունչը տպագրվեց մոտ հազար օրինակով։ Գիրքը, սակայն, լավ չէր վաճառվում։ Պատճառն այն էր, որ Աստվածաշնչերը տարածելու համակարգ չկար, և բացի այդ, ֆրանսերեն լեզուն արագորեն փոփոխության էր ենթարկվում։ Նաև գիրքը մեծ էր, կշռում էր 5 կիլոգրամ. այն անհարմար էր ճամփորդող քարոզիչների ու գաղտնի ընթերցողների համար։

Թեև Քոլան Պելանկի տանը (ինչպես նշվեց հոդվածի սկզբում) հայտնաբերվել էր Օլիվետանի Աստվածաշնչի մեկ օրինակ, ինչը կարող է վկայել, որ այն որոշ չափով տարածում էր գտել, սակայն իրականում այս գիրքը կոմերցիոն առումով ձախողվեց։ 1670​թ.-ին՝ գրեթե մեկուկես դար անց, Ժնևի գրախանութներից մեկում դեռևս կային այդ գրքի օրինակներ։

«Ոչ մի անուն ոչ մի տեղից»

Ավարտելով իր առաքելությունը՝ Օլիվետանը կարծես անհետացավ։ Մեզ հայտնի է միայն, որ տարբեր կեղծանունների տակ նա վերանայեց «Նոր Կտակարանը» և «Հին Կտակարանի» որոշ մասեր։ Նաև իրեն նվիրեց ուսուցչությանը, որը շատ էր սիրում։ Լինելով լավ ուսուցիչ՝ Օլիվետանը վերախմբագրեց «Դասագիրք՝ երեխաների համար» ձեռնարկը, որը երեխաներին սովորեցնում էր բարոյական արժեքներ, ինչպես նաև պարունակում էր ֆրանսերենի ընթերցանության նախնական դասընթաց (Instruction for Children)։ Նրա կեղծանուններից մեկը «Բելիսեմ դե Բելիմակոմ» էր, որը նշանակում է «ոչ մի անուն ոչ մի տեղից»։

Օլիվետանը մահացավ 1538​թ.-ին, հավանաբար, Հռոմում, երբ դեռ երիտասարդ էր՝ ընդամենը 30 տարեկան։ Այսօր քչերն են գիտակցում, թե ինչ մեծ դեր խաղաց այս գիտնականը ֆրանսերեն Աստվածաշնչի տարածման գործում։ Նրա անունը հազվադեպ է հանդիպում բառարաններում։ Թերևս սա հենց այն է, ինչ կցանկանար այդ «համեստ թարգմանիչը»՝ Լուի Ռոբերը, որը մեզ ավելի շատ հայտնի է «Օլիվետան» անունով։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 5 Այն մասին, թե ինչպես վալդենսները ձուլվեցին Ռեֆորմացիային, տե՛ս «Դիտարանի» 2002​թ. մարտի 15-ի համարը (էջ 20–23)։

^ պարբ. 7 Երբ նա ծնվեց, նրան տվեցին «Լուի Ռոբեր» անունը։ Հետագայում նա վերցրեց «Պիեռ» անունը։ «Օլիվետան» անունը (հնչում է ֆրանսերեն այն բառի նման, որը նշանակում է «ձիթապտղի յուղ») նա հավանաբար ստացել է այն պատճառով, որ մեծ քանակությամբ ձիթապտղի յուղ էր օգտագործում լապտերը վառ պահելու համար, քանի որ այդ լույսի տակ ժամերով աշխատում էր։

[նկար 18-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Archives de la Ville de Neuchâtel, Suisse /Photo։ Stefano Iori

[նկար 19-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Left photo։ Alain Leprince - La Piscine-musée, Roubaix / Courtesy of the former Bouchard Museum, Paris

Center and right: Société de l’Histoire du Protestantisme Français, Paris

[նկար 20-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Société de l’Histoire du Protestantisme Français, Paris