Կրակե լեռան հովանու ներքո
Նամակ Կոնգոյից (Կինշասա)
Կրակե լեռան հովանու ներքո
ԱՐԵԳԱԿԸ բարձրանում է Գոմա քաղաքի վրա՝ երկինքը ներկելով վարդագույն և նարնջագույն երանգներով։ Պարզապես անհնար է հայացքը կտրել Նյիրագոնգոյից։ Այս լեռը, որ երկրագնդի ամենաակտիվ հրաբուխներից է, ամեն օր ողջունում է մեզ։ Նրա խառնարանից մշտապես ծխի քուլաներ են բարձրանում։ Գիշերը ծուխը, արտացոլելով խառնարանի լավայի գույնը, դառնում է կարմիր։
Լեռը սվահիլի լեզվով կոչվում է «Մուլիմա յա մոտո»՝ Կրակե լեռ։ Նյիրագոնգոյի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2002թ.-ին։ Այդ ժամանակ Գոմայում ապրող մեր ընկերներից և հարևաններից շատերը կորցրին ամեն ինչ։ Որոշ վայրերում, որտեղ ես ու ամուսինս քարոզում ենք, գետինը կարծրացած լավա է, և ինձ թվում է, թե մենք քայլում ենք լուսնի վրայով։ Այստեղ մարդիկ փափուկ սիրտ ունեն։ Նրանք կենսուրախ են, լայնախոհ և դրականորեն են տրամադրված մեր քարոզած աստվածաշնչյան բարի լուրի հանդեպ։ Կրակե լեռան հովանու ներքո ծառայելը անչափ հաճելի է։
Շաբաթ առավոտ է։ Մեզ հետաքրքիր ուղևորություն է սպասում։ Ես ու ամուսինս, մեզ այցելության եկած մեր ընկերներն ու մյուս միսիոներները այդ օրն անցկացնելու ենք Մուգունգա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում։ Ի՞նչ ենք անելու այնտեղ։ Պատմելու ենք բարի լուրը։ Ճամբարի բնակիչները փախել են իրենց հարազատ վայրերից՝ փրկվելով դաժան մարդկանց վայրագ հարձակումներից։
Մենք բեռնատարը բարձում ենք ֆրանսերեն, կիսվահիլի (նույնն է՝ սվահիլի) ու կինյառուանդա գրականությամբ և ճամփա ընկնում։ Մինչ անցնում ենք դարուփոսերով լի «Ռութ սեյք» ճանապարհով, եռուզեռը քաղաքում սկսվում է։ Երիտասարդ տղաները հրելով տանում են ծանր բեռնավորված չուկուդուսները (սրանք փայտաշեն սկուտերներ են, որոնցով բեռներ են տեղափոխում)։ Կանայք՝ վառ գույնի շորերով փաթաթված և գլխներին կապոցներ դրած, նազանքով քայլում են ճանապարհի եզրով։ Մոտոտաքսիները մարդկանց տանում են աշխատանքի և շուկա։ Ամբողջ տարածքը ծածկված է մուգ շագանակագույն փայտե տներով, որոնք ունեն կապույտ եզրագծեր։
Մենք հասնում ենք Նդոշո քաղաքի Թագավորության սրահ։ Այստեղ հանդիպում ենք այլ Եհովայի վկաների, ովքեր միանալու են մեզ փախստականների ճամբարում քարոզելու համար։ Ամեն անգամ, երբ ճամբար եմ մտնում, քիչ է մնում լաց լինեմ. տեսնում եմ խեղճուկրակ այրիների, որբերի, հաշմանդամների։ Նրանցից շատերը անասելի տառապանքներ են կրել, սակայն Աստվածաշնչի միջոցով կարողացել են թեթևացնել իրենց կյանքը։ Աստվածաշունչը հույսի կրակ է վառել նրանց սրտում, և նրանք շատ են ուզում այդ կրակից ուրիշներին էլ տալ։ Սրահում անցկացնում ենք կարճ քննարկում այն մասին, թե աստվածաշնչյան
որ խոսքերը քաջալերական կլինեն ճամբարի բնակիչների համար։ Մենք 130 հոգի ենք. բոլորս տեղավորվում ենք հինգ միկրոավտոբուսներում և մեկ լիահաղորդակ բեռնատարում ու շարժվում։30 րոպե անց հասնում ենք ճամբար։ Մեր առջև բացվում են հարյուրավոր սպիտակ վրաններ, որոնք փռված են կարծրացած լավայի դաշտում։ Ճամբարի մեջտեղում շարքով տեղադրված են հասարակական զուգարանները և լվացք անելու համար նախատեսված հարմարանքները։ Ուր աչքդ գցում ես, մարդիկ զբաղված են ինչ-որ գործով. լվացք են անում, ճաշ եփում, լոբի մաքրում, ավլում իրենց վրանների շեմքը։
Մենք հանդիպում ենք Պապա Ժակ անունով մի մարդու, որը ճամբարի մի հատվածի պատասխանատուն է։ Նրան մտահոգում է այն, թե ինչպես է մեծացնելու իր երեխաներին այս դժվար ժամանակներում։ Պապա Ժակը հուզվեց, երբ նրան տվեցինք «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը։ Նա ասաց, որ կկարդա, հետո փոքր խմբեր կհավաքի ու կպատմի իր սովորածը։
Մի քանի վրան այն կողմ հանդիպում ենք Մամա Բեատրիսին։ Նա հարցնում է մեզ. «Ինչո՞ւ է Աստված թողնում, որ մենք տառապենք»։ Նրա կարծիքով՝ Աստված պատժում է իրեն։ Մամա Բեատրիսի ամուսնուն սպանել են պատերազմում, նրա աղջիկը միայնակ մայր է և իր փոքրիկի հետ ապրում է ճամբարում, իսկ որդուն մի քանի ամիս առաջ առևանգել տարել են։ Այս խեղճ կինը ոչ մի լուր չունի նրանից։
Մամա Բեատրիսի տխուր պատմություններից ես ավելի լավ եմ պատկերացնում, թե ինչեր էր, ըստ ամենայնի, Հոբը զգացել՝ սարսափելի լուրեր ստանալով։ Մենք բացատրում ենք նրան, թե ինչու տառապանք կա աշխարհում և հավաստիացնում ենք, որ իր տառապանքները Աստծու պատիժը չեն (Հոբ 34։10–12; Հակոբոս 1։14, 15)։ Նաև ասում ենք, թե Աստված շուտով ինչ փոփոխություններ է բերելու երկրի վրա իր Թագավորության միջոցով։ Նա հանդարտվում է, ժպտում և ասում, որ անպայման շարունակելու է Աստվածաշունչ ուսումնասիրել և աղոթել Աստծուն՝ խնդրելով, որ օգնի։
Խմբի բոլոր անդամները գոհ են իրենց ծառայությունից. բոլորս զգում ենք, որ Եհովան իսկապես օգնեց մեզ, որ մխիթարություն և հույս բերենք մարդկանց։ Արդեն գնալու ժամանակն է։ Ճամբարի բնակիչները, թափահարելով թերթիկները, պարբերագրերը և գրքերը, մեզ բարի ճանապարհ են մաղթում։
Ճանապարհին մտորումների մեջ եմ ընկնում. սիրտս երախտագիտությամբ է լցվում Եհովայի հանդեպ այս հիասքանչ օրվա համար։ Աչքիս առաջ է գալիս, թե ինչպես է Պապա Ժակը շնորհակալություն հայտնում։ «Տեսնում եմ» Մամա Բեատրիսի խաղաղված աչքերը, ամուր ձեռքսեղմումը մի տարեց կնոջ հետ, որը պարզապես միայն ժպտաց և ուրիշ ոչինչ չասաց։ Մտաբերում եմ տղաների և աղջիկների, որոնք խելացի հարցեր էին տալիս, ու երևում էր, որ նրանք իրենց տարիքի համեմատ՝ բավական հասուն են։ Ես հիանում եմ այդ մարդկանց կամքի ուժով, որոնք, չնայած աննկարագրելի տառապանքներին, կարողանում են ժպտալ և ծիծաղել։
Իհարկե, աշխարհի այս մասում բազմաթիվ այլ մարդիկ ևս ջանքեր են գործադրում տեղացիների տառապանքները թեթևացնելու համար։ Ինչևէ, այսօր մեծ պատիվ է Աստվածաշնչից մարդկանց ցույց տալ, որ իրենց խնդիրները մեկընդմիշտ կլուծվեն։ Սա մեծագույն հոգևոր օգնությունն է և ես շատ երջանիկ եմ, որ կարող եմ մասնակցել այս աշխատանքին։