Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ո՞վ է սահմանել Տիեզերքի կանոնները

Ո՞վ է սահմանել Տիեզերքի կանոնները

Ո՞վ է սահմանել Տիեզերքի կանոնները

«ԻՄԱՑԵ՞Լ ես արդյոք երկնքի կանոնները» (Հոբ 38։33)։ Այս հարցը Հոբին ուղղելով՝ Աստված ցանկանում էր օգնել թշվառության մեջ հայտնված իր ծառային հասկանալու, թե իրականում որքան չնչին են մարդկանց գիտելիքները՝ համեմատած Արարչի անսահման իմաստության հետ։ Իսկ դուք ի՞նչ կարծիքի եք։

Թեպետ մարդիկ գիտելիքների մեծ պաշար են հավաքել այն օրենքների մասին, որոնցով ղեկավարվում է Տիեզերքը, սակայն բազմաթիվ գիտնականներ կհամաձայնեն, որ դեռ շատ ու շատ բաներ կա սովորելու։ Նոր հայտնագործությունները կրկին ու կրկին ստիպում են նրանց վերանայելու իրենց տեսությունները Տիեզերքում շարժվող մարմինների վերաբերյալ։ Արդյո՞ք գիտնականներն այնքան բավարար գիտելիքներ ունեն Տիեզերքի մասին, որ Հոբին ուղղված հարցը արդեն արդիական չէ իրենց համար։ Արդյոք նրանց առաջընթացը թիկունք կանգնո՞ւմ է այն փաստին, որ Եհովան է երկնքի կանոնների Հեղինակը։

Աստվածաշունչը ապշեցուցիչ արձանագրություններ է պարունակում, որոնք օգնում են ստանալու այս հարցերի պատասխանները։ Ինչ խոսք, այս գիրքը գիտական ձեռնարկ չէ, սակայն այն, ինչ նա պատմում է աստղազարդ երկնքի մասին, զարմանալիորեն ճշգրիտ է։ Աստծու խոսքը հաճախ հայտնում է այնպիսի բաներ, որոնք մարդը հայտնագործել է դրանց գրվելուց միայն հազարամյակներ անց։

Մի քանի տեսակետներ

Նախ եկեք տեղափոխվենք մ.թ.ա. 4-րդ դար, որից մոտ մեկ դար անց ավարտվեց Հին Կտակարանի՝ Եբրայերեն Գրությունների գրվելը։ Այդ ժամանակ հույն փիլիսոփա Արիստոտելը իր օրերի հայտնի գիտնականներին սովորեցնում էր Տիեզերքի մասին։ Այսօր նա դասվում է երբևէ ապրած ամենահռչակավոր գիտնականների շարքին (տե՛ս 25-րդ էջի շրջանակը)։ Ըստ «Բրիտանական հանրագիտարանի»՝ «Արիստոտելը պատմության մեջ առաջին իսկական գիտնականն էր.... Ամեն մի գիտնական նրան է պարտական»։

Արիստոտելը մանրակրկիտ կերպով կազմեց Տիեզերքի մոդելը։ Նա ներկայացրեց մի համակարգ, ըստ որի՝ Երկիրը Տիեզերքի կենտրոնում է, իսկ Տիեզերքը բաղկացած է մեկը մյուսի մեջ մտած ավելի քան 50 բյուրեղյա ոլորտներից։ Աստղերը կպած են վերին շերտին, իսկ մոլորակները՝ Երկրին մոտ գտնվող ոլորտին։ Երկրից բացի, ամեն ինչ հավերժ է ու անփոփոխ։ Այսօր այս գաղափարները գուցե տարօրինակ թվան մեզ, սակայն մոտ 2000 տարի շարունակ դրանք ազդեցություն են ունեցել գիտնականների վրա։

Ուրեմն եթե Արիստոտելի ուսմունքները համեմատենք Աստվածաշնչի տեղեկությունների հետ, ի՞նչ եզրահանգման կարող ենք գալ։ Դրանցից ո՞ր մեկն է անցել ժամանակի փորձությունը։ Եկեք քննենք երեք հարց, որոնք առնչվում են Տիեզերքի կանոններին։ Այս հարցերի պատասխաններն իմանալը կամրացնի մեր հավատը Աստվածաշնչի Հեղինակի՝ Օրենսդրի հանդեպ, նրա, ով ստեղծել է «երկնքի կանոնները» (Հոբ 38։33

1. Տիեզերքը անփոփո՞խ է

Արիստոտելը կարծում էր, որ երկնային ոլորտները անփոփոխ են։ Այն ոլորտը, որն իրենց տեղերում է պահում աստղերը, ինչպեսև մյուս ոլորտները ո՛չ կարող են սեղմվել, ո՛չ էլ ընդարձակվել։

Արդյոք Աստվածաշնչի տեսակետը ներդաշնա՞կ է վերը նշվածին։ Ո՛չ։ Թեև նա այս հարցին ուղղակիորեն չի պատասխանում, այդուհանդերձ հետաքրքիր նկարագրություն է տալիս. «Նա է, որ բնակվում է երկրի շրջանից վերև, որի բնակիչները մորեխների պես են, Նա է, որ երկինքը տարածում է շղարշի պես և բացում է այն, ինչպես բնակելի վրանը» (Եսայիա 40։22) *։

Մեր օրերում ի՞նչ է փաստվել՝ Արիստոտելի մոդե՞լն է ճիշտ, թե՞ Աստվածաշնչի նկարագրությունը։ Ի՞նչ են ցույց տալիս ժամանակակից տիեզերագիտության ուսումնասիրությունները։ 20-րդ դարում աստղագետները ապշեցին, երբ իմացան, որ Տիեզերքն ընդարձակվում է, այսինքն՝ գալակտիկաներն արագորեն հեռանում են իրարից։ Թերևս գիտնականներից շատ քչերի մտքով է անցել, որ Տիեզերքը կարող է ընդարձակվել, բայց այսօր տիեզերաբաններն այն կարծիքին են, որ Տիեզերքը սկզբում եղել է շատ սեղմ վիճակում, իսկ հետագայում ընդարձակվել է, և այդ գործընթացը շարունակվում է մինչ օրս։ Փաստորեն, գիտությունը Արիստոտելի ստեղծած մոդելը հնացած է համարում։

Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Դժվար չէ պատկերացնել, թե ինչպես էր Եսայիա մարգարեն հետաքրքրությամբ նայում դեպի վեր՝ աստղազարդ երկնքին, և նմանեցնում այն բացված վրանի *։ Իսկ անծայրածիր մթության մեջ փռված Ծիր Կաթինը թերևս նրան «շղարշ» էր հիշեցնում։

Եսայիայի խոսքերը օգնում են մեզ մտովի պատկերացնելու աստվածաշնչյան օրերի վրանը. չբացված վիճակում այն ընդամենը մի փոքր կապոց է։ Սակայն երբ բացում են այն ու կանգնեցնում ցցերի վրա, դառնում է մեծ բնակելի վրան։ Պատկերացնենք նաև կտորեղեն վաճառողի, որը գնորդի առջև բացում է շղարշի թոփը, որպեսզի վերջինս ստուգի որակը։ Տեսնում ենք, որ երկու դեպքում էլ փոքր բանը, որը սեղմված է, բացվում է և ընդարձակվում։

Ինչ խոսք, մենք չենք ուզում ասել, որ Աստվածաշնչում բանաստեղծական ոճով տրված վրանի ու շղարշի նկարագրությունը բացատրում է, որ Տիեզերքը հենց այդպես է ընդարձակվում։ Սակայն մի՞թե ապշեցուցիչ չէ այն, որ Տիեզերքի այս նկարագրությունը այդքան համահունչ է ժամանակակից գիտությանը։ Եսայիան ապրել է Արիստոտելից ավելի քան երեք դար առաջ, և հազարավոր տարիներ այն բանից առաջ, երբ գիտությունը այս թեմայի վերաբերյալ համոզիչ փաստեր ներկայացրեց։ Սակայն, ի տարբերություն Արիստոտելի ստեղծած հայտնի մոդելի, այս խոնարհ հրեա մարգարեի բերած նկարագրությունը վերանայման կարիք չունի։

2. Ի՞նչն է պահում երկնային մարմիններին

Արիստոտելը կարծում էր, որ Տիեզերքը խիտ լցված է բյուրեղյա ոլորտներով, իսկ Երկիրն ու մթնոլորտային շերտը կազմված են չորս տարրերից՝ հողից, ջրից, օդից ու կրակից։ Ըստ նրա՝ այդ բյուրեղյա ոլորտները բաղկացած են հավերժական մի նյութից, որը նա եթեր անվանեց։ Երկնային մարմինները կպած են անտեսանելի ոլորտներին։ Բազմաթիվ գիտնականներ երկար ժամանակ համաձայն էին Արիստոտելի գաղափարներին, քանի որ դրանք համապատասխանում էին շատերի ենթադրություններին, ըստ որոնց՝ առարկան պետք է ինչ-որ բանի հենված կամ կպած լինի, այլապես կընկնի։

Իսկ ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Այստեղ մենք գտնում ենք հավատարիմ ծառա Հոբի խոսքերը, որը Եհովայի մասին ասում է. «Նա.... երկիրը կախում է ոչնչի վրա» (Հոբ 26։7)։ Եթե Արիստոտելը կարդար այս խոսքերը, անշուշտ անհեթեթություն կհամարեր։

Հոբի օրերից մոտ 3000 տարի անց՝ 17-րդ դարում, ամենահայտնի գիտական տեսություններից մեկը թիկունք էր կանգնում այն գաղափարին, որ Տիեզերքը ոչ թե բաղկացած է բյուրեղյա ոլորտներից, այլ լցված է հեղուկով։ Սակայն նույն դարի վերջում ֆիզիկոս Իսահակ Նյուտոնը առաջ քաշեց միանգամայն այլ տեսակետ. ձգողականությունն է պատճառը, որ երկնային մարմինները ձգում են իրար։ Նյուտոնը մեկ քայլ մոտեցավ այն գաղափարին, ըստ որի՝ Երկիրն ու երկնային մարմինները իսկապես կախված են դատարկ տարածության մեջ, ինչը մարդկանց աչքին «ոչինչ» է երևում։

Նյուտոնի ձգողականության տեսությունը մեծ հակառակության հանդիպեց։ Բազմաթիվ գիտնականներ դժվարանում էին պատկերացնել, որ աստղերը և այլ երկնային մարմիններ կախված են Տիեզերքում՝ չունենալով որևէ ֆիզիկական հենարան։ Ինչպե՞ս կարող էին մեր հսկա Երկիրը և երկնային մարմինները պարզապես կախված լինել Տիեզերքում։ Այս երևույթը ոմանք գերբնական էին համարում, քանի որ, սկսած Արիստոտելի օրերից, գիտնականներից շատերը մտածում էին, որ Տիեզերքը պետք է որ լցված լինի ինչ-որ բանով։

Ինչ խոսք, Հոբը չգիտեր, թե ինչի շնորհիվ է Երկիրը հաստատուն ուղեծրով շարժվում Արեգակի շուրջ։ Ուրեմն ի՞նչը մղեց Աստծու ծառային ասելու, որ մեր Երկիրը կախված է «ոչնչից»։

Մինչ այս հարցին անդրադառնալը եկեք տեսնենք, թե ինչի շնորհիվ են Երկիրն ու այլ երկնային մարմիններ շարժման մեջ գտնվում։ Նկատի առնենք այն հետաքրքիր հարցը, որն Աստված ուղղեց Հոբին. «Կարո՞ղ ես պինդ կապել Կիմահ համաստեղության կապանքները կամ արձակել Կեսիլ համաստեղության պարանները» (Հոբ 38։31)։ Իր երկարատև կյանքի ընթացքում Հոբը բազմիցս զմայլվել էր այս համաստեղություններով, որոնք ամեն գիշեր հայտնվում էին երկնքում և ապա անհետանում *։ Սակայն ինչո՞ւ էին դրանք տարիներ և տասնամյակներ անց նույնը մնում։ Ի՞նչ կապեր էին, որ այդ աստղերին և մյուս բոլոր երկնային մարմիններին պահում էին իրենց հարաբերական դիրքերում։ Անշուշտ, Հոբը ակնածանքով էր լցվում, երբ խորհրդածում էր այդ մասին։

Եթե աստղերը պարզապես կպած լինեին երկնային ոլորտներին, ապա այսպիսի կապերի կարիք չէր լինի։ Միայն հազարավոր տարիներ անց գիտնականներն ավելի շատ բան իմացան այս անտեսանելի «կապերի», կամ՝ «պարանների» մասին, որոնց շնորհիվ երկնային մարմինները միասին դանդաղ կատարում են իրենց անվերջանալի պարը անծայրածիր Տիեզերքում։ Իսահակ Նյուտոնը, իսկ ավելի ուշ Ալբերտ Էյնշտեյնը հանրահռչակ դարձան այս ոլորտում կատարած իրենց հայտնագործությունների շնորհիվ։ Ինչ խոսք, Հոբը ոչինչ չգիտեր այն ուժերի մասին, որոնց միջոցով Աստված իրար է կապում երկնային մարմիններին։ Այնուամենայնիվ, կարող ենք վստահությամբ նշել, որ «Հոբ» գրքում արձանագրված այս ներշնչյալ խոսքերը անցել են ժամանակի փորձությունը, ինչը չենք կարող ասել բանիմաց ու կրթված գիտնական Արիստոտելի գաղափարների մասին։ Էլ ուրիշ ո՞վ, բացի Օրենսդրից, կարող է այսպիսի իմաստություն ունենալ։

3. Հավե՞րժ են, թե՞...

Արիստոտելը համոզված էր, որ ահռելի տարբերություն կա երկնքի ու երկրի միջև։ Նրա կարծիքով՝ երկիրը փոխվում է, այն կարող է քայքայվել ու ոչնչանալ, մինչդեռ եթերը, որից կազմված է աստղազարդ երկինքը, անփոփոխ է ու հավերժական։ Բյուրեղյա ոլորտները և նրանց կպած երկնային մարմինները երբեք չեն կարող փոխվել, մաշվել կամ ոչնչանալ։

Արդյո՞ք Աստվածաշունչը թիկունք է կանգնում այս գաղափարին։ Սաղմոս 102։25–27-ում կարդում ենք. «Վաղուց ի վեր դու ես հաստատել երկրի հիմքերը, և երկինքը քո ձեռքի գործն է։ Դրանք կվերանան, բայց դու կմնաս, և հանդերձի պես բոլորն էլ կմաշվեն։ Դու կփոխես դրանց հագուստի նման, և դրանք իրենց վախճանին կհասնեն։ Բայց դու նույնն ես, և քո տարիները չեն ավարտվի»։

Նկատի առեք այն, որ սաղմոսերգուն, որը Արիստոտելից մոտ երկու դար առաջ է գրել այս խոսքերը, չի հակադրում երկիրը աստղազարդ երկնքի հետ, ասես երկիրը ենթակա է քայքայման, իսկ աստղերը՝ ոչ։ Նա երկինքն ու երկիրը հակադրում է Աստծու՝ այն զորեղ Ոգու հետ, որը դրանք արարել է *։ Ըստ այս սաղմոսի՝ աստղերը նույնպես կարող են ոչնչանալ, ինչպես որ ցանկացած բան երկրի վրա։ Հետաքրքիր է, ի՞նչ է ասում ժամանակակից գիտությունը։

Երկրաբանությունը թիկունք է կանգնում և՛ Աստվածաշնչի, և՛ Արիստոտելի տեսակետին՝ նշելով, որ Երկիրը ենթակա է քայքայման։ Իրականում, մեր երկրագնդի ժայռերը էրոզիայի պատճառով շարունակաբար փլուզվում են, և կրկին վերականգնվում հրաբուխների և ուրիշ սեյսմիկ տատանումների հետևանքով։

Իսկ ի՞նչ կարելի է ասել աստղերի մասին։ Դրանք ենթակա՞ են քայքայման, ինչպես նշում է Աստվածաշունչը, թե՞ հավերժ են, ինչպես Արիստոտելն էր սովորեցնում։ Եվրոպայի աստղագետները սկսեցին կասկածի տակ դնել Արիստոտելի այն տեսակետը, թե աստղերը հավերժ են, երբ 16-րդ դարում առաջին անգամ նկատեցին գերնոր աստղը, ինչպես նաև այս աստղի տպավորիչ պայթյունը։ Այդ ժամանակվանից սկսած՝ գիտնականները նկատեցին, որ աստղերը կարող են մահանալ այդպիսի պայթյունների, դանդաղ այրվելու կամ նույնիսկ կոլապսվելու (կծկվել) հետևանքով։ Սակայն աստղագետները ուսումնասիրել են, որ հին աստղերի պայթյունի հետևանքով խոշոր միգամածություններում՝ գազի խտուցքներում, ծնվում են նոր աստղեր։ Ուստի որքա՜ն տեղին համեմատություն է անում Աստվածաշունչը՝ նմանեցնելով երկնային մարմիններին զգեստի, որը մաշվում է և փոխարինվում նորով *։ Ուշագրավ է այն, որ հնում ապրած սաղմոսերգուն այնպիսի նկարագրություն է տվել, որը լիովին ներդաշնակ է ժամանակակից հայտնագործություններին։

Թերևս մտածեք. «Արդյոք Աստվածաշնչում գրվա՞ծ է, որ երկիրը կամ աստղազարդ երկինքը մի օր կոչնչանա կամ կփոխարինվի նորով»։ Իհա՛րկե ոչ։ Աստվածաշունչը խոստանում է, որ դրանք հավիտյան կմնան (Սաղմոս 104։5; 119։90)։ Սակայն պատճառը ոչ թե այն է, որ դրանք ինքնին հավերժ են, այլ որ Աստված, ով ստեղծել է այդ ամենը, խոստանում է պահպանել դրանք (Սաղմոս 148։4–6)։ Նա մեզ չի բացատրում, թե ինչպես է դա անելու։ Սակայն ինչպես հմուտ շինարարը կարող է սարքին վիճակում պահել իր ընտանիքի համար կառուցած տունը, այնպես էլ Նա, ով ստեղծել է Տիեզերքը, զորություն ունի այն պահպանելու։

Ո՞վ է արժանի փառքի ու պատվի

Երկնքի մի քանի կանոնների մասին խորհրդածելը լույս է սփռում այս հարցի վրա։ Երբ մտածում ենք, թե ով է անթիվ-անհամար աստղերին տարածել հսկայածավալ Տիեզերքով մեկ, ով է ձգողական կապերով պահում նրանց բոլորին իրենց տեղերում, և ով է նրանց անդադար ծնունդ տալիս, մի՞թե ակնածանքով չենք լցվում։

Ահա թե ինչ է նշվում Եսայիա 40։26-ում. «Բարձրացրեք ձեր աչքերն ու նայեք։ Ո՞վ է ստեղծել այս ամենը։ Նա, ով աստղերի զորքը թվով է դուրս բերում և նույնիսկ անունով է կանչում նրանց բոլորին»։ Աստղերի ամբողջությունը կարելի է նմանեցնել մի զորքի, որը հսկայական թվով զինվորներից է բաղկացած։ Անշուշտ, եթե այն հրամանատար չունենա կնմանվի խառնամբոխի։ Նույնը կարելի է ասել նաև երկնքի մասին. առանց Եհովայի օրենքների՝ մոլորակները, աստղերն ու գալակտիկաները ներդաշնակորեն չէին ընթանա սահմանված ուղիով, և քաոս կտիրեր։ Միայն պատկերացրու այն Հրամանատարին, որը ոչ միայն հրահանգներ է տալիս իր միլիարդավոր զինվորներին, այլև գիտի յուրաքանչյուրի անունը, տեղը և թե ինչ վիճակում է նա գտնվում։

Երկնքի կանոնները միայն մի մասնիկն են այս Հրամանատարի մտքի անսահման հնարավորության։ Էլ ուրիշ ո՞վ կարող էր ստեղծել այս կանոնները և գիտնականների հայտնագործություններից դարեր ու նույնիսկ հազարամյակներ առաջ ներշնչել մարդկանց գրի առնելու այս ամենի մասին։ Անկասկած, մենք բոլոր հիմքերն ունենք «փառքը, պատիվը» տալու Եհովային (Հայտնություն 4։11

[ծանոթագրություններ]

^ պարբ. 11 Ուշագրավ է, որ Աստվածաշունչը Երկիրը կոչում է շրջան, կամ, ինչպես այդ եբրայերեն բառի նշանակություններից մեկն է, գունդ։ Արիստոտելը և անտիկ շրջանի մյուս հույն փիլիսոփաները կարծում էին, որ Երկիրը գնդաձև է, սակայն այս հարցը հազարամյակներ շարունակ բանավեճի առարկա էր մնում։

^ պարբ. 13 Այս փոխաբերությունը Աստվածաշնչում գործածվում է մի քանի անգամ (Հոբ 9։8; Սաղմոս 104։2; Եսայիա 42։5; 44։24; 51։13; Զաքարիա 12։1

^ պարբ. 22 «Կիմահ համաստեղությունը» թերևս Բազումք աստղերի խումբն է, իսկ «Կեսիլ համաստեղությունը»՝ Օրիոնը։ Տասնյակ հազարավոր տարիներ են պահանջվում, որ նման համաստեղությունները էական փոփոխությունների ենթարկվեն։

^ պարբ. 27 Քանի որ Եհովան իր միածին Որդու՝ «հմուտ վարպետի» միջոցով է արարել ամեն բան, այս միտքը կարող է վերաբերել նաև Որդուն (Առակներ 8։30, 31; Կողոսացիներ 1։15–17; Եբրայեցիներ 1։10

^ պարբ. 29 19-րդ դարում գիտնական Ուիլյամ Թոմսոնը, որը հայտնի է նաև լորդ Կելվին անունով, հայտնաբերել է թերմոդինամիկայի երկրորդ օրենքը, որը բացատրում է, թե ինչու են բնական էկոհամակարգերը ժամանակի ընթացքում ենթարկվում քայքայման և ոչնչանում։ Կերպերից մեկը, որն օգնել է նրան գալու այդ եզրակացության, Սաղմոս 102։25–27-ի մանրակրկիտ ուսումնասիրությունն է։

[շրջանակ/նկարներ 24–րդ և 25-րդ էջի վրա]

Խոր ազդեցություն

Մի գրքում ասվում է, որ «Արիստոտելը հին աշխարհի ամենահայտնի փիլիսոփան էր ու գիտնականը» (The 100— A Ranking of the Most Influential Persons in History)։ Դժվար չէ հասկանալ, թե ինչու են մարդիկ նման կարծիք արտահայտում այս արտասովոր մարդու վերաբերյալ։ Արիստոտելը (մ.թ.ա. 384–322) հայտնի փիլիսոփա Պլատոնի աշակերտն է եղել, իսկ ավելի ուշ՝ Ալեքսանդր Մեծի դաստիարակը։ Հին աղբյուրներում ասվում է, որ Արիստոտելի բազմաթիվ աշխատությունների մեջ մտնում էր նաև մոտ 170 գիրք, որոնցից 47-ն են մեզ հասել։ Նրա գրվածքները հիմնականում առնչվում էին աստղագիտությանը, կենսաբանությանը, քիմիային, կենդանաբանությանը, ֆիզիկային, երկրաբանությանը և հոգեբանությանը։ Արիստոտելը որոշ կենդանի արարածների մասին մանրամասն ու հետաքրքիր ուսումնասիրություններ է կատարել։ Այդպիսի հետազոտություններ գիտնականները կարողացան կատարել նրանից դարեր հետո միայն։ «Արիստոտելը շատ մեծ ազդեցություն թողեց արևմտյան մտածելակերպի վրա,— ասվում է վերը նշված գրքում։— Մարդիկ այն աստիճան էին տարված Արիստոտելով, որ միջին դարերում նրան կուռք էին դարձրել»։

[թույլտվությամբ]

Royal Astronomical Society / Photo Researchers, Inc.

From the book A General History for Colleges and High Schools, 1900

[նկար 26-րդ և 27–րդ էջերի վրա]

Ձգողականության շնորհիվ երկնային մարմինները մնում են իրենց տեղերում

[թույլտվությամբ]

NASA and The Hubble Heritage Team (AURA/STScl)

[նկար 26-րդ և 27–րդ էջերի վրա]

Բազումք աստղակույտ

[նկար 28-րդ էջի վրա]

Որոշ աստղեր մահանում են գերնոր աստղի պայթյունի հետևանքով

[թույլտվությամբ]

ESA/Hubble

[նկար 28-րդ էջի վրա]

Նոր աստղերը ծնվում են միգամածություններում

[թույլտվությամբ]

J. Hester and P. Scowen (AZ State Univ.), NASA

[նկար 24-րդ էջի վրա. թույլտվությամբ]

© Peter Arnold, Inc./Alamy