Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Հիսուս. ինչպես է ապրել

Հիսուս. ինչպես է ապրել

Հիսուս. ինչպես է ապրել

«Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործն ավարտեմ» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 4։34

ՀԻՍՈՒՍՆ ու իր աշակերտները ամբողջ առավոտ քայլել էին բլրաշատ Սամարիայի տարածքով (Հովհաննես 4։6, ծնթ.)։ Մտածելով, որ իրենց Ուսուցիչը քաղցած կլինի՝ աշակերտները նրան ուտելու բան առաջարկեցին (Հովհաննես 4։31–33)։ Այդ ժամանակ էր, որ Հիսուսն ասաց վերը նշված խոսքերը, որոնք շատ բան են բացահայտում այն մասին, թե ինչի վրա էր նա կենտրոնացած։ Հիսուսի պատասխանը ցույց տվեց, թե որն է իրականում իր կյանքի նպատակը։ Աստծու գործը կատարելը նրա համար ավելի կարևոր էր, քան կերակուրը։ Թե՛ գործով և թե՛ խոսքով Հիսուսը փաստեց, որ ապրում է Աստծու կամքը կատարելու համար։ Սակայն ի՞նչ էր մտնում Աստծու կամքը կատարելու մեջ։

Քարոզում և ուսուցանում էր Աստծու Թագավորության մասին։ Աստվածաշունչը բացատրում է, թե որ գործն էր Հիսուսի համար կենսական՝ ասելով. «Նա շրջում էր ողջ Գալիլեայով մեկ՝ սովորեցնելով.... և քարոզելով թագավորության բարի լուրը» (Մատթեոս 4։23)։ Հիսուսը Աստծու Թագավորության մասին ոչ միայն քարոզում էր, այլև սովորեցնում էր մարդկանց՝ ուսուցանելով, բացատրելով և նրանց հետ տրամաբանելով։ Թագավորությունը Հիսուսի հաղորդած պատգամի գլխավոր թեման էր։

Իր ծառայության ընթացքում նա սովորեցնում էր, թե ինչ է Աստծու Թագավորությունը և ինչ է այն անելու։ Ուշադրություն դարձրեք Թագավորության մասին հետևյալ ճշմարտություններին, ինչպես նաև աստվածաշնչյան մեջբերումներին, որոնցում նշված են Հիսուսի խոսքերը։

Աստծու Թագավորությունը երկնային կառավարություն է, որի Թագավորը Հիսուսն է՝ նշանակված Եհովայի կողմից (ՄԱՏԹԵՈՍ 4։17; ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։36

Թագավորությունը կսրբացնի Աստծու անունը, և նրա կամքը կհաստատվի երկրի վրա, ինչպես որ երկնքում է (ՄԱՏԹԵՈՍ 6։9, 10

Աստծու Թագավորության իշխանության ներքո ամբողջ երկիրը դրախտի կվերածվի (ՂՈՒԿԱՍ 23։42, 43

Աստծու Թագավորությունը շուտով կգա և կիրականացնի Աստծու նպատակը երկրի առնչությամբ * (ՄԱՏԹԵՈՍ 24։3, 7–12

Զորավոր գործեր էր անում։ Հիսուսը առաջին հերթին հայտնի էր որպես «Ուսուցիչ» (Հովհաննես 13։13)։ Սակայն իր երեք ու կես տարվա ծառայության ընթացքում նա նաև մի շարք զորավոր գործեր կատարեց։ Այս գործերը հիմնականում երկու նպատակ ունեին։ Առաջին՝ դրանք փաստում էին, որ նրան իսկապես Աստված է ուղարկել (Մատթեոս 11։2–6)։ Երկրորդ՝ դրանք նախաշողն էին այն բանի, թե որպես Աստծու Թագավորության Թագավոր՝ ինչ է նա անելու ապագայում ավելի մեծ մասշտաբով։ Նկատի առնենք նրա կատարած հրաշքներից մի քանիսը։

Նա հանդարտեցրեց փոթորկալից ծովը և սաստեց ուժեղ քամուն (ՄԱՐԿՈՍ 4։39–41

Նա բուժեց հիվանդներին՝ կույրերին, խուլերին և կաղերին (ՂՈՒԿԱՍ 7։21, 22

Նա շատացրեց ուտելիքը, որպեսզի կերակրի քաղցած բազմությանը (ՄԱՏԹԵՈՍ 14։17–21; 15։34–38

Նա հարություն տվեց առնվազն երեք հոգու (ՂՈՒԿԱՍ 7։11–15; 8։41–55; ՀՈՎՀԱՆՆԵՍ 11։38–44

Պատկերացրեք, թե ինչպիսին կլինի կյանքը երկրի վրա այսպիսի զորավոր Թագավորի իշխանության ներքո։

Ցույց էր տալիս, թե ինչպիսի անձնավորություն է Եհովա Աստված։ Եհովայի մասին ոչ ոք չէր կարող սովորեցնել այնպես, ինչպես նրա Որդին՝ նա, ով հայտնի դարձավ Հիսուս Քրիստոս անունով։ «Բոլոր ստեղծվածների մեջ անդրանիկը» լինելով՝ Հիսուսը Եհովայի հետ միասին ապրում էր երկնքում, ավելի երկար, քան որևէ ուրիշ ոգեղեն արարած (Կողոսացիներ 1։15)։ Միայն մտածիր, թե ինչ հրաշալի հնարավորություն ուներ նա՝ ընդօրինակել իր Հոր մտածելակերպն ու սովորել նրա կամքը, չափանիշներն ու ճանապարհները։

Հիսուսը իրավամբ կարող էր ասել. «Ոչ ոք չգիտի, թե ով է Որդին, բացի Հորից, և ոչ ոք չգիտի, թե ով է Հայրը, բացի Որդուց և նրանից, ում որ Որդին կամենա հայտնել» (Ղուկաս 10։22)։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը պատրաստակամորեն և մեծ խանդավառությամբ էր հայտնում, թե ինչպիսին է իր Հայրը։ Նա խոսում և սովորեցնում էր առանձնահատուկ կերպով, քանի որ իր գիտելիքները անմիջականորեն Բարձրյալ Աստծուց էր ստացել, երբ դեռ երկնքում էր ապրում (Հովհաննես 8։28

Այն, թե ինչպես Հիսուսը ներկայացրեց իր Հորը, կարելի է պատկերացնել տրանսֆորմատորի օրինակով։ Այս սարքը բարձր լարում ունեցող հոսանքը փոխակերպում է ցածր լարման հոսանքի, որպեսզի միջին սպառողը կարողանա օգտագործել այն։ Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը Հորից ստացած գիտելիքները «փոխակերպեց» այնպես, որ խոնարհ մարդիկ կարողանան արագ ըմբռնել և հեշտությամբ կիրառել դրանք։

Քննենք երկու կարևոր միջոց, որով Հիսուսը ներկայացրեց իր Հորը։

Իր ուսուցումների միջոցով Հիսուսը հայտնեց Եհովայի մասին ճշմարտությունը՝ նրա անունը, նպատակը և ճանապարհները (ՀՈՎՀԱՆՆԵՍ 3։16; 17։6, 26

Իր գործերով Աստծու Որդին ցույց տվեց, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան և որքան գեղեցիկ հատկություններ ունի նա։ Հիսուսը կատարելապես ընդօրինակեց նրան, ուստի վստահաբար կարող էր ասել, որ եթե մարդիկ ուզում են իմանալ, թե ինչպիսին է իր Հայրը, կարող են նայել իրեն (ՀՈՎՀԱՆՆԵՍ 5։19; 14։9

Մեզ հիացմունք է պատճառում այն, թե ինչպիսի կյանքով է ապրել Հիսուսը։ Սակայն մենք անգնահատելի օգուտներ կքաղենք այն դեպքում, երբ հասկանանք, թե ինչու է նա մահացել և կատարենք այն, ինչ պահանջվում է մեզանից։

[ծանոթագրություն]

^ պարբ. 9 Ավելի շատ տեղեկություններ ստանալու համար, թե ինչ է Աստծու Թագավորությունը և թե որտեղից գիտենք, որ այն շուտով է գալու, տե՛ս «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գրքի 8-րդ գլուխը՝ «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը», և 9-րդ գլուխը՝ «Արդյո՞ք վերջին օրերում ենք ապրում»։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։