Գեհենը կրակոտ տանջանքների վա՞յր է
Մեր ընթերցողները հարցնում են
Գեհենը կրակոտ տանջանքների վա՞յր է
▪ Ավետարաններում նշվում է, որ Հիսուսն իր աշակերտներին նախազգուշացրեց գեհենի դատաստանի մասին։ Ակներևաբար, նա ուզում էր, որ նրանք լրջորեն վերաբերվեն այս նախազգուշացմանը։ Մի՞թե Հիսուսը նկատի ուներ, որ գեհենը հավիտենական տանջանքներով լի կրակե դժոխք է (Մատթեոս 5։22)։
Նախ եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում այդ բառը։ Հունարեն գեեննա բառը համապատասխանում է եբրայերեն գեհ Հիննոմ բառակապակցությանը, որը նշանակում է «Հիննոմի հովիտ», իսկ ամբողջական անվանումը՝ գեհ բնե Հիննոմ, որը նշանակում է «Հիննոմի որդիների հովիտ» (Հեսու 15։8; 2 Թագավորներ 23։10)։ Այս աշխարհագրական տարածքը այսօր հայտնի է Վադի էր Աբաբի անունով, որը խոր ու նեղ մի հովիտ է և գտնվում է Երուսաղեմի հարավային և հարավարևմտյան մասում։
Հուդայի թագավորների իշխանության օրոք՝ մ.թ.ա. 8-րդ դարից սկսած՝ այս վայրում հեթանոսական ծեսեր էին կատարում։ Այստեղ զոհաբերում էին նաև երեխաների, որոնց այրում էին կրակի մեջ (2 Տարեգրություն 28։1–3; 33։1–6)։ Երեմիա մարգարեն կանխագուշակեց, որ այս նույն վայրը սպանության հովիտ էր դառնալու հրեաների համար։ Աստծու դատավճռով՝ նրանք իրենց չար գործերի համար պետք է սպանվեին բաբելոնացիների կողմից * (Երեմիա 7։30–33; 19։6, 7)։
Ըստ հրեա գիտնական Դեյվիդ Կիմհիի (մոտ մ.թ. 1160–1235թթ.)՝ հետագայում այդ հովիտը դարձավ Երուսաղեմի աղբանոցը։ Սա մի վայր է, որտեղ միշտ կրակ էր վառվում աղբը ոչնչացնելու համար։ Ցանկացած բան, ինչ նետվում էր այդ աղբանոցը, ամբողջովին ոչնչանում էր, մոխրանում։
Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանիչներ իրավունք են վերապահել գեեննա բառը թարգմանելու «դժոխք» բառով (Մատթեոս 5։22, Աշխարհաբար նոր թարգմանություն)։ Ինչո՞ւ։ Քանի որ նրանք հեթանոսական ծագում ունեցող այս ուսմունքը, ըստ որի՝ չարերին անդրշիրիմյան կյանքում կրակե դատաստան է սպասում, կապում են Երուսաղեմից դուրս գտնվող հովտի բառացի կրակի հետ։ Սակայն Հիսուսը, գեհեն ասելով, տանջանքի վայր նկատի չուներ։
Նա գիտեր, որ կենդանի մարդկանց կրակի մեջ այրելու միտքն անգամ նողկալի է իր երկնային Հոր՝ Եհովայի համար։ Ակնարկելով, թե Երեմիա մարգարեի օրերում ինչ նպատակի էր ծառայում գեհենը՝ Աստված ասաց. «Տոֆեթի բարձունքներն են կառուցել, որը Հիննոմի որդու հովտում է, որպեսզի այնտեղ իրենց որդիներին ու դուստրերին կրակի մեջ այրեն, ինչը ես նրանց չէի պատվիրել և մտքովս էլ չէր անցել» (Երեմիա 7։31)։ Ավելին, մահացած մարդկանց տանջվելու գաղափարը հակասում է սիրառատ Աստծու էությանը, ինչպես նաև Աստվածաշնչի հստակ ուսմունքին, ըստ որի՝ մահացածները «ոչ մի բան չեն գիտակցում» (Ժողովող 9։5, 10)։
Հիսուսը գործածեց «գեհեն» բառը՝ խորհրդանշելու հավիտենական կործանումը, որին արժանանում են նրանք, ովքեր դատապարտվում են Աստծու կողմից։ Ուստի կարող ենք ասել, որ «գեհեն» բառը իմաստով նման է «Հայտնություն» գրքում նշվող «կրակի լճին»։ Երկու արտահայտություններն էլ խորհրդանշում են հավիտենական կործանում, որտեղից հարություն ստանալու հույս չկա (Ղուկաս 12։4, 5; Հայտնություն 20։14, 15)։
[ծանոթագրություն]
^ պարբ. 5 Մեկնաբանելով այս մարգարեությունը՝ «Նոր կաթոլիկական հանրագիտարանն» ասում է. «Երուսաղեմի կործանման ժամանակ այնքան շատ մարդ էր մահանալու, որ նրանց դիերը չէին թաղելու, այլ թողնելու էին հովտում, որ փտի, կամ այրելու էին»։